ՄԻՔԱՅԵԼ  ԱԽՏՅԱՆ

Կյանքի 78-րդ տարում վախճանվել է բանաստեղծ, թարգմանիչ, ՀԳՄ անդամ Միքայել Ախտյանը:
Միքայել Ախտյանը ծնվել է 1938 թ. փետրվարի 20-ին, Վրաստանի Թեթրիծղարոյի շրջանի Դաղեթ Խաչեն հայաբնակ գյուղում: Ավարտել է Մոսկվայի թեթև արդյունաբերության ինստիտուտի հեռակա բաժինը: Մի շարք բանաստեղծական ժողովածուների հեղինակ է, այդ թվում՝ «Հոգու արցունք» (Եր., 2000), «Կրակե շատրվան» (Եր., 2008), «Հատընտիր» (Եր., 2011): Նրա բանաստեղծությունները թարգմանվել են ռուսերեն, վրացերեն, ուկրաիներեն:
Մեծ է նրա ավանդը հայ-վրացական գրական կապերի ամրապնդման գործում: Մ. Ախտյանի թարգմանությամբ հայերեն են հնչել Գենո Կալանդիայի, Մուրման Լեբանիձեի, Դավիթ Մճեդլուրու երկերը:
Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով, ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալով:
Միքայել Ախտյանի հիշատակը վառ կմնա նրան ճանաչողների ու գնահատողների, ընթերցողների սրտերում:

ՀԳՄ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

ԽՈՍՔ ՀԻՇԱՏԱԿԻ

Հայ  գրական ընտանիքը  մի   տաղանդավոր  բանաստեղծով ևս  որբացավ.  Թբիլիսիում, կարճատև հիվանդությունից  հետո  իր  մահկանացուն կնքեց   Հայաստանի և Վրաստանի   գրողների միությունների, Վրաստանի  Հայ գրողների  «Վերնատուն» միության  վարչության անդամ.  արդի  վիրահայ  գրականության   առաջատար  ուժերից  մեկը`   Միքայել Ախտյանը:

Գրական մկրտությունը  Միքայել Ախտյանը ստացել էր  Վրաստանի գրողների միության հայկական մասնաճյուղի նախագահ, մեծանուն գրող Բենիկ Սեյրանյանի անմիջական հովանու ներքո, ով վաղ էր նկատել  նրա բանաստեղծական բնատուր շնորհը և ճանապարհ տվել նրա  գրական ընթացքին:  Ու թեև Ախտյանն ավարտել էր  Մոսկվայի   թեթև արդյունաբերության ինստիտուտը, բայց նրա հոգին անմնացորդ  շնչում էր պոեզիայով, գրականությամբ, ինչին հավատարիմ մնաց  մինչև կյանքի վերջը:

Միքայել Ախտյանի  գրական երախայրիքը Թբիլիսիի  «Մերանի» հրատարակչությունում լույս տեսած «Կապույտ երազ» ժողովածուն էր՝ դեռևս 1970-ական թվականներին, որ հաջորդել էր նույն հրատարակչությունում լույս տեսած  «Վեցաձայն խմբերգ» ժողովածուի  մեջ նրա առաջին ներկայացմանը ընթերցողին: Մինչ այդ էլ նրա ստեղծագործու- թյունները  տպագրվում էին «Կամուրջ» տարեգրքում, «Վրաստան» թերթում:  Ավելի ուշ նա սկսեց տպագրվել նաև Երևանում՝ պարբերականներում և առանձին գրքերով:

Բեղմնավոր  գրող էր Միքայել Ախտյանը: Նա մեր գրականությանը ժառանգեց   շուրջ  երեսուն բանաստեղծական ու  թարգմանական ժողովածուներ:  Մեծ էր նրա վաստակը նաև հայ-վրաց գրական կապերի հարստացման պատմության մեջ. նա վրացերենից հայերեն է թարգմանել վրացի մեծանուն գրողների ստեղծագործություններ, այդ թվում՝ Մորիս Փոցխիշվիլու, Մուխրան Մաճավարիանու, այլոց,  իսկ առանձին գրքերով  Թբիլիսիում և Երևանում հրատարակել է Դավիթ Մճեդլուրու,  Նոդար Գուրեշիձեի,  Գենո Կալանդիայի և Մուրման Լեբանիձեի   բանաստեղծական ժողովածուները: Նրա ստեղծագործական գործունեության  լուրջ  գնահատականներից է վիրահայ գրակա- նագետ, պրոֆեսոր Էմմա Ախտյանի «Բանաստեղծի ժողովածուների հետքերով» գիրքը:

Նրա վաստակը  գնահատվել է ըստ արժանվույն.  Վրաստանի բարձրագույն քաղաքացիական պարգևի՝  «Պատվո շքանշանակիր» էր և ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալակիր: Տարիները նրա վրա չէին ազդել, արդեն ապրելով և՛ Երևանում, և՛ Թբիլիսիում, ծառայելով իր երկու հայրենիքներին,  շարունակում էր  հայ գրական  անդաստան բերել  քնարական ու խոհափիլիսոփայական շնչով հայրենասիրական, սիրային, քնարական   հիանալի բանաստեղծություններն ու քառյակները, և տրտմելով հանդերձ աշխարհի բազմապիսի անկում-վայրէջքներով,  շարունակում էր որոնել լավն ու բարին, գեղեցիկն ու վեհը, ճշմարիտը  և աշխարհին նայել  լավի,  բարու, մաքրության և ճշմարտւթյան դիտանկյունից…

…Այս հայացքով էլ  նա  հունիսի 12-ին  վերջին անգամ  փակեց  իր աչքերը՝ ո՛չ ինքը զգալով մահվան սարսափը, ոչ էլ հարազատներին՝  հրաշալի  կնոջը,  ծնողամեծար որդիներին, հարսներին ու թոռներին (այս գեղեցիկ ընտանիքն էլ   նրա վաստակն է) զգացնել տալով, որ ինքը գնում է  արդեն, գնում  է դեպի հավերժություն՝ որպես Հավերժի  երախտավոր  ճամփորդ… Գնում է խաղաղ ու հանգիստ… Ինչպիսին էր կյանքում…

Իսկ ընդամենը  մի  քսան օր առաջ Թբիլիսիի  հայոց թատրոնում նա հրաժեշտի խոսք ասաց՝  դերասանուհի Լեյլա Մկրտչյանի  հոգեհանգստի ժամանակ… Հիմա իր մասին կասենք  հրաժեշտի ցավի ու նաև  վաստակած գնա- հատանքի   խոսքեր՝ նույն թատրոնից իրեն  հրաժեշտ տալիս:

Իսկ  Թբիլիսիի  քաղաքապետարանի Հայ գրողների  ու հասարակական  գործիչների պանթեոնում մի թարմ  շիրմաթումբ էլ կավելանա հունիսի 16-ին՝ Միքայել Ախտյան-Բանաստեղծ (1938-2016)…

Գնաս բարով,  իմ  հին  ու բարի,  միշտ  հյուրընկալ, միշտ աղուհացով, գրքերիդ ու տանդ դուռը միշտ բաց,  իմ տաղանդավոր  գրչեղբայր..

Անահիտ ԲՈՍՏԱՆՋՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.