ՄԻ՛ ԹԱԼԱՆԻՐ / Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ՊԻՏԻ ԼԻՆԵՐ…

Իմ քաջ զինվոր
Հայ զինվոր, սրտի թրթիռով քեզ եմ գրում այս նամակը: Ես գիտեմ, որ դու ամենախիզախն ես այս աշխարհում: Դու քո կյանքի գնով պաշտպանում ես մեր հայրենիքը, մեր արևը, մեր երկինքը ու քո տունը: Եթե ձեռքդ զենք ես վերցրել, ապա քո Հայրենիքը պաշտպանելու համար ես վերցրել: Ես մաղթում եմ քեզ՝ առողջություն, ուժ և խիզախություն: Աստծո ձեռքը միշտ քո գլխին թող լինի:
Ն. Սաֆարյանի անվան հ. 164 հիմնական
դպրոցի 3-րդ դասարանի աշակերտուհի
Օհանյան Նատալի

Ընդամենը տասնութ գարուն ապրած զինվորի հայացքը պոկվեց նամակից, բարձրացավ վերև՝ փոքրիկ նամակագրի երկինքն ու արևը իր գլխավերևում է, իր տունը՝ շատ հեռվում… Զինվորի հայացքը իջավ ներքև. աջ ձեռքում նամակն է, ձախում՝ քաղցր կաթի տուփը: Հոգին ջերմացավ. թիկունքն ամուր է, այս ինչքա՛ն ամուր է, և երրորդ դասարանցի աղջնակի մաղթած խիզախությունը հանկարծ տասնապատկվեց, արյան մեջ եռաց. պարզվում է՝ Հայրենիքը կարող է անձնավորվել, դառնալ Նատալի, ում համար սահման է պահում ընդամենը տասնութ գարուն ապրած զինվորը…
Սա այն պատմությունն է, որ պիտի սկսվեր երեխայի ձեռքով գրված տողերով, տնից բերած քաղցր կաթով, ապրիլյան դժնդակ օրերի միջով հասներ առաջնագիծ ու դառնար Հայրենիք պահող զինվորի պահապան հմայիլը…

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ԵՂԱՎ…
Նատալիի պահապան հմայիլը մի օր կանհետանար, ինչպես անհետացել են շատ ու շատ երեխաների նամակները, երբ արջ ու վագր կերակրող ասունի ձեռքն առանց դողալու դեն կշպրտեր ինչ-որ գրություն, իսկ քաղցր կաթը կտաներ գեներալի գազանանոցը: Գրում եմ ու չեմ հավատում գրածիս, հին հույներն ասում էին. «Մարդկային ստորության դեմ անզոր են անգամ աստվածները»: Աստվածները՝ չգիտեմ, բայց հունիսի 17-ին Հայաստանի քաղաքացիները (հատուկ եմ շեշտում «քաղաքացին», նրանից առանձնացնելու համար անուն չունեցող նրանց, որոնք, ցավոք, ապրում են մեր կողքին) անզորությունից իրենց պատեպատ էին տալիս: Չէ՛, այնքան էլ միամիտ չենք, ամեն մեկս մեր չափով գիտենք, թե հանրապետական կոչվող վարչակարգի օրոք պետական գանձագողության ինչ վակխանալիա էր մոլեգնում երկրում: «Թալանում է» խարանը վերածվել էր «տուն պահելու» արդարացման, թույլին նսեմացնելը, ընտրակեղծիքն ու ընտրակաշառքը՝ «Մելիք-Ադամյանով անցնելու» միակ պայման: Թվում էր՝ այլևս զարմանալու տեղ ու իրավունք չունենք: Պարզվեց՝ ոչ միայն տեղն ու իրավունքն ունենք, այլև պիտի մեզ նախապատրաստենք՝ առջևում դեռ ի՜նչ բացահայտումներ կան…

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՆԱՏՈՄԻԱՆ
Երբ տեսախցիկը կադր կադրի ետևից բացում էր դեռ երեկ հերոս հորջորջվող անձի ամոթի ու պատվազրկության պատկերները, առաջին միտքը, որ շանթեց ուղեղս՝ միայն թե փոքրիկ նամակագիրները չտեսնեն իրենց լույս մատներով գրված տողերը: Մանկան փշրված հավատի համար ի՞նչ ինքնաարդարացում եք գտնելու, տիկնայք ու պարոնայք հանրապետականներ ու հատկապես ձեր «սերուցքը»՝ խորհրդարանում: Դուք, որ ամեն անգամ փակել եք խոսողների բերանը, երբ բողոքել ենք բանակի խեղճությունից, սպանություն-ինքնասպանություններից, երբ ձեր «լվացքի մեքենա, տուֆ քար կամ հազար դրամ» հավաքելը իրավացիորեն որակել ենք բոշայություն… քանի որ ամեն մեկս մեր չափով իմացել ենք, որ թալանում եք զինվորի հացը, խնայում եք փամփուշտն ու 80-ականների զենքերով եք նրանց տանում թշնամու դեմ: (Միայն հակամարդկային արարքը, երբ Ապրիլյան քառօրյայից մեկ տարի անց նույն օրը, հարյուրից ավելի հերոսաբար զոհված տղաների շիրիմներին խոնարհվելու փոխարեն, ընտրություններ կազմակերպեցիք ու միայն դուք գիտեք՝ ինչ զեղծարարությամբ մտաք խորհրդարան,- միայն այդ արարքը բավական է՝ պատմության առաջ հավերժ սևերես մնալու համար): Փակել եք մեր Ձայնը, իբր՝ թուրքը կուրախանա: Ու հիմա էլ լարել եք նույն պատեֆոնը, թե՝ կամա՛ց, զո՜ւսպ, թուրքը կուրախանա… Իսկ մեզ չի՛ հետաքրքում, թե ով կուրախանա, մեր երկիրը պիտի մաքրվի մեր կյանքին «պատվաստած» ձեր աղտեղությունից, փողը կուռք դարձրած ձեր «պետականամետ գաղափարախոսությունից»: Ու երբ «կաշառակեր» ասուններից կզզվի հասարակությունը, կվանի, դուրս կշպրտի իր միջից, ա՛յ, այդ ժամանակ տեսնեմ, ո՛վ կուրախանա… Իսկ թուրքը հաստատ կտխրի, որովհետև մեր զինվորները ոչ միայն 21-րդ դարի զենքով կկռվեն, այլև վստահ կլինեն, որ թիկունքում դավաճան չկա, երեխայի ուղարկած նամակն ու քաղցր կաթը գազանին կերակուր դարձնող չկա, վիրավորի բաժին շտապօգնության մեքենան սեփական ամառանոցում թաքցնող չկա և, ամենակարևորը, այդ անբարոյական մտածելակերպը պետական մակարդակով պաշտպանող-գուրգուրող չկա:

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՆԵՐԸ ԽԻ՜ՍՏ ԶԱՐՄԱՑԱԾ ԵՆ
Այո՛, պարզվում է՝ Աժ հանրապետական խմբակցությունը՝ առաջինից վերջինը, զարմացած է, շշմած է, հիասթափված է, մեծ ողբերգություն է ապրում… հերո՜ս է կորցրել: Ու հիմա ուրանում է՝ անմեղության դիմակ հագած, փորձում է հավատացնել (թե ո՞ւմ, երկրում այդ աստիճան անմեղսունակ մա՞րդ է մնացել), որ ինքը՝ ազնիվ հանրապետականը, միամիտ ապրել է՝ չտեսնելով Էջմիածինը ավատական կալվածք դարձնելը, ամեն մի ընտրությունից հետո կաշառքով, ծեծ ու ջարդով հավաքած, Հանրապետականի գրպանը դրած հազարավոր ընտրողների ձայները, չի տեսել «զինվորապահ» գեներալի ապարանքները, տասնյակ մեքենաները (շտապօգնության մեքենան գուցե ցույց տված չլիներ), գնացել-երգել է մանվելական քեֆ-հարսանիքներին, անգամ պարել է՝ արդեն ծիսակարգի վերածված պարերը ու ոչի՛նչ չի իմացել ազնիվ, զինվորի հոգսով օր ու գիշեր տապակվող գեներալի իրական տեսակի մասին…

ԵՌԱԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԳԵՆԵՐԱԼԸ
Հա՛, եզը որ ընկնում է, դանակավորը շատանում է: ԱԺ-ում անփառունակ գեներալին 81 դեմ քվեարկողների մեջ իր երեկվա զինակիցը, թիմակիցն ու սեղանակիցն էլ կա: Ու մինչ նրանք միակամ ու միաձայն (ընդամենը 3 դեմ-ով), սեփական դեմքը փրկելու հավաքական բնազդով կհանձնեն իրենց երեկվա հերոսին, ի պաշտպանություն նրան՝ ետ տանք նրա կենսագրության ժապավենն ու փաստենք՝ Արցախյան ազատամարտին գուցե և ազնիվ մղումներով մասնակցած (ասում եմ՝ գուցե, որովհետև օր օրի պատմություններ են, որ ջրի երես են գալիս) երիտասարդ ազատամարտիկի բախտը հաստատ չբերեց: Որովհետև երեք նախագահների օրոք էլ օգտագործվեց՝ քաղաքական խաղաթղթի վերածվեց, ու ինքն էլ հերթով նրանց խաղաթղթի վերածեց՝ ուրանալով ու ուրացվելով և հասավ մի սահմանագծի, որ այս օրերին նրա երեք «ստնտու» հայրերը նայեն ԱԱԾ-ի սահմռկեցուցիչ կադրերն ու… Տա Աստված, իրենք էլ սահմռկեն:

Ո՞Վ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ
Պարզվում է՝ այս պատմությունը պատկան մարմիններին հայտնի է դարձել… ընդամենը օրեր առաջ (իսկ ընդհանրապես «հայտնի կդառնա՞ր», եթե չհաղթեր Թավշյա հեղափոխությունը): Հավատա՞նք… Բայց հավատալուց առաջ հիշենք. տասնյակ տարիներ մամուլում քանի՛ անգամ է գրվել բանակում տիրող բարքերի, սպայական վերին էշելոնում՝ այդ նույն մամուլի կողմից բացահայտված աղմկոտ սկանդալների մասին (միայն տավարի միսը գոմեշի մսով փոխարինելու «ռազմական օպերացիան» քանի՞ միլիոն կկշռեր…): Իսկ եթե ոմանք գրածին չէին հավատում, մամուլը նրանց ցույց էր տալիս լուսանկարները՝ փառապանծ գեներալիտետի շքեղ առանձնատները: Միայն մեկ օրինակ վերն ասվածից: «Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ով չգիտի, թե Մոնումենտում, Ջրվեժում կամ այլ տեղերում որ գեներալը ինչ արժողությամբ առանձնատներ ունի, քանի քառակուսի մետրերով սեփականություն: Հենց էստեղից պետք է սկսել բացահայտել, թե այդ գեներալները ինչպե՞ս` աշխատավարձո՞վ, գողությա՞մբ, թե կոռուպցիայո՞վ են նմանատիպ դղյակներ ձեռք բերել, մենաշնորհային բիզնեսներ հիմնել»: (Արցախյան բանակի հրամանատար Վահան Բադասյանի հարցազրույցից: 30.11.2016 iravunk.com)
2016 թվականից առաջ էլ է ասվել, հետո էլ, բայց՝ խորհրդավոր լռություն, որը տարածվում էր հեքիաթի հայտնի «վիշապի անձավի» համարում ստացած Բաղրամյան 26-ից: Ի դեպ, մի նկատառում. ԱԺ-ում ով ասես, ինչպես ասես չորակավորեց Մանվելին ու մանվելիզմը, բայց նրան ամենաթողության ինդուլգենցիա շնորհած «հայրերին» ոչ մեկը չհիշեց, գոնե Սերժ Սարգսյանին, ով «վերջին բոլշևիկ» հորջորջմանն էր արժանացել տխրահռչակ գեներալի շուրթերով, և վերջինիս օրոք էր հերոս գեներալը Ապրիլյան քառօրյայի լուսավոր առաքելությունը վերածել սեփական ամառանոցի պահեստարանի:
Ես չեմ պատկերացնում, ինչպես է նա վերականգնելու իր պատիվն ու բարի անունը, բայց որ մենք՝ ազգովի, դեռ հանրապետականի քավարանով անցնելու դատապարտվածությունն ունենք՝ ավելի քան սթափ եմ գիտակցում: Որովհետև այս պատմությունը Մանվելով միայն սկսվում է: Իսկ եթե այն օրերի Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարում է. «Ես տեղյակ չեմ եղել՝ ինչպես է զինվորին հասանելիք սնունդը և հագուստը հայտնվել Մանվել Գրիգորյանի մոտ»,- մնացածներն էլ (դեռ) լռում են, ուրեմն՝ ՀՀ քաղաքացիներին մնում է պահանջել Ապրիլյան պատերազմի օրերին կատարված ամեն ինչի բացահայտումը: Թե չէ կստացվի, որ մեր նորագույն պատմության ամենաամոթալի էջի միակ «հերոսը» Մանվել Գրիգորյանն էր:
Մնում է՝ հետևողական լինենք նոր Հայաստան կառուցելու մեր երազանք-իրողությանն ու հասնենք այն օրվան, երբ մենք՝ ՀՀ քաղաքացիներս, դատաստան կտեսնենք երկիրը թալանող գանձագողերի նկատմամբ՝ պարզապես դուրս վանելով նրանց մեր իրականությունից: Նրանք պետք է ստանան արժանի պատիժը, իսկ նրանց սերունդը գողի պես (արդեն՝ ոմանց նման) փախչի երկրից՝ մաքրելով մեր ու նաև Նատալիի նամակը չստացած զինվորի Հայրենիքը:

ՀԳ. Պարզվում է՝ Նատալին նամակի մեջ նաև շղթայով խաչ էր դրել: Պատահակա՞ն է, որ Սուրբ քաղաքի Սուրբ տաճարի տիրույթում է խաչագողը գրպանում երեխայի ուղարկած խաչը…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.