Մենք ու Հայաստանի աղճատվող բնության հրամայականը / Մովսես ՄԱՆՈՒԿՅԱՆ

Մովսես ՄանուկյանՇրջակա միջավայրը մեր լեռներն են, ինչով հարուստ ենք, անտառներն են, ինչով աղքատ ենք, մեր ջրերն են` գետերը, լճերը, աղբյուրները, մեր կենսոլորտն է, նաև մեզ չհանդուրժող կենդանական աշխարհը, որոնց կենսապահովման միջավայրը խաթարում ենք: Բնապահպանությունը յուրաքանչյուր մարդ-անհատին բնորոշ հատկություն է, որովհետև մարդն ինքը բնության մի մասնիկն է՝ ընդամենը մասնիկը և ոչ երբեք` տերը: Ուղղակի մարդկանց մի մասի մոտ հարստանալու մարմաջը և անձնական շահը առաջնային է, ինչը և մղում է նրանց բնության անխնա շահագործմանն ու ոչնչացմանը` հետին պլան մղելով տարրական պատասխանատվությունը սերունդների հանդեպ: Բարեբախտաբար, բնապահպանական ոլորտում այսօր Հայաստանում ունենք լուրջ մարդկային ներուժ, սակայն պետական նախկին ապաշնորհ կառավարման պայմաններում նրանց ձայնը հնչում էր որպես «ձայն բարբառոյ յանապատի»: Ցավոք, այսօրվա կառավարողների հասցեին էլ առայժմ այս առումով դրվատանքի խոսքեր չկան ասելու:
Հայաստանում ամենաաղետաբեր ու հրատապ լուծումներ պահանջող բնապահպանական մարտահրավերը հանքարդյունաբերությունն է, ի մաս-նավորի՝ մետաղական հանքերի շահագործումը: Այս ոլորտը կարելի է բնութագրել որպես հանքահումքային էքսպանսիայի կատարյալ օրինակ: Այն ամբողջովին կոռումպացված է: Այստեղ, տնտեսության այլ ոլորտների հետ համեմատ, մեկ միավոր եկամուտը ունի ամենասահմանափակ բաշխվածությունը: Բոլոր հանքահենները մեզանում օտարերկրյա ծագում ունեն, ուստի՝ փաստը կարելի է բնութագրել որպես էկոգաղութացում: Ամուլսարը ասվածի ամենացցուն օրինակն է: 15-20 տարի հետո այն հարստահարողները, առած իրենց ավարը, կհեռանան, իսկ նրանց թողած ավերածությունն ու աղտոտված թունավոր միջավայրը, հոծ թթվային զանգվածը, ցիանիդով, ցրված ուրանով, սնդիկով և այլ ծանր մետաղներով հագեցած պոչանքներն ու պոչամբարները հարյուրավոր տարիներ մեզ ու մեր սերունդների համար գլխացավանք ու պատիժ են դառնալու: Խաթարված լանդշաֆտը, թունավորված Ջերմուկ քաղաքը, Կեչուտի ու Սպանդարյանի ջրամբարները՝ իրենց ջրահավաք ավազաններով, քայքայված Արփա-Սևան թունելը և աղտոտված Սևանա լիճը որպես խարան առհավետ կդրոշմվեն մեր հանդուրժող ճակատներին:
Խելամիտ չէ, պարոնա՛յք: Սրտացավության պակաս կա հողի, երկրի, նրա այսօրվա ու վաղվա քաղաքացու հանդեպ: Սիրո պակաս կա:
Հայաստանում նոր մետաղական հանքեր շահագործողներն ու թույլատրողները միաբերան՝ իբրև արդարացում, հակադարձում են, թե բնավերման այս արշավը հույժ անհրաժեշտություն է ու երկրի տնտեսության զարգացման նպատակ է հետապնդում, ինչը տնտեսական որևէ հիմնավորումից զուրկ է: Երկիրն ունի այլընտրանքային զարգացման բազմաթիվ այլ ուղղություններ, մասնավորապես՝ արդյունաբերության գիտատար ճյուղերը, ոչ մետաղային հանքարդյունաբերությունը. հատկապես առանցքային կարող են լինել քարերի և սիլիկատների վերամշակումն ու դրանց արդյունքում ստացվող պատրաստի արտադրանքը՝ թեթև արդյունաբերության որոշակի ճյուղերը: Վերջին տարիներին արագ տեմպերով զարգանում են տեղեկատվական տեխնոլոգիաներն ու գյուղատնտեսության որոշակի ճյուղերը, այդ թվում պտղաբուծության, բանջարանոցային մշակաբույսերի արտադրության, անասնապահության, նաև սրանց հետ սերտորեն առնչվող սննդի արդյունաբերության ճյուղերը, ինչպես նաև զբոսաշրջությունը: Թե ինչ ավերիչ ազդեցություն կարող է ունենալ գյուղատնտեսության վրա մետաղական հանքարդյունահանումը, կվկայեն Թուխմանուկի, Կապանի, Շնողի ու դրանց հարակից գյուղերի բնակիչները:
Ես կցանկանայի մի փոքր անդրադարձ-վերլուծություն կատարել հանքարդյունաբերության ու զբոսաշրջության ճյուղերի զուգահեռ զարգացման հնարավորություններին՝ սահմանափակ տարածք ունեցող մեր երկրում:
Հայտնի է, որ ՀՀ կառավարությունը զբոսաշրջության զարգացումը Հայաստանում դիտարկում է որպես առաջնահերթություն և հռչակել է զարգացման գերակա ուղղություն: Ներգնա տուրիզմի ցուցանիշները վերջին տարիներին, ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության տվյալների, անշեղորեն աճում են: Այս ոլորտի զարգացման համար Հայաստանն, իրոք, ունի մեծ ներուժ, հատկապես էթնիկ, կուլտուր-մշակութային, էքստրեմալ, առողջարանային, սպորտային, գիտակրթական, գործարար, գյուղական, էկոտուրիզմի և այլ սեգմենտներում: Այնուհանդերձ, փաստ է, որ զբոսաշրջության զարգացման համար ամենածանրակշիռ կռվանը, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեր տարածաշրջանում, եղել և մնում է անաղարտ բնության գրավականը: Համացանցի առկայությունն այսօր աշխարհի ցանկացած անկյունից հնարավորություն է ընձեռում յուրաքանչյուր պոտենցիալ զբոսաշրջիկի` ուղևորություն նախաձեռնելուց առաջ, մանրամասն ուսումնասիրել ընտրված տարածաշրջանը: Այս առումով, այսօր (խուսափում եմ «առայժմ» բառից) մեր տարածաշրջանը շահեկան վիճակում է:
Վերջին տարիներին Հայաստանում` մայրաքաղաքից զատ, հստակ ուրվագծվում են տուրիզմի զարգացման որոշակի կենտրոններ, որոնց գրավչությունը պայմանավորված է առանձնահատուկ բնակլիմայական ու պատմամշակութային միջավայրով, մասնավորապես` Ջերմուկը, որտեղ առկա է առողջարանային, սպորտային և էկոտուրիզմի զարգացման լուրջ պոտենցիալ, և որտեղ արդեն ներդրվել ու ներդրվում են հսկայական ֆինանսական միջոցներ: Ծաղկաձորը, որտեղ գործում են բարձրակարգ և միջին կարգի բազմաթիվ հյուրանոցներ, հարմարավետ ճոպանուղին, կահավորված սահուղիներ և Կեչառիսի վանական համալիրը: Առկա է զարգացած ինֆրաստրուկտուրա, սուպրաստրուկտուրա, և իրականացվում են նորանոր մեծամասշտաբ ներդրումներ: Աղվերան-Արզական ձորը, որտեղ նույնպես վերջին տարիներին սկսել են իրենց ծառայություններն առաջարկել մի քանի բարձրակարգ հյուրանոցներ: Հանքավանի ձորը, որի թերմալ ջրերի, ցեխերի, անզուգական բնաշխարհի ու Մարմարիկի ջրամբարի ընձեռած առավելությունները զբոսաշրջության զարգացման հեռանկարային լուրջ խթան կարող են դառնալ: Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի կողմից իրականացրած Տաթևի և հարակից շրջանների զբոսաշրջային զարգացման իրողությունը` արդեն կյանքի կոչված Տաթևեր ճոպանուղիով ու նոր հետաքրքիր մտահղացումներով, Արենին ու շրջակայքը՝ իր գինեգործության պատմական ավանդույթներով, պատմամշակութային հուշարձաններով ու արդեն՝ որպես կայացած բրենդ աշխարհին ճանաչելի դարձած իրենց գինիներով:
Այս ոլորտը ՀՀ էկոնոմիկայի նախարարության և նրա կազմում գործող զբոսաշրջության վարչության գործունեության տիրույթում է իր զարգացման գուցե դանդաղ, բայց հաստատուն ընթացքով: Սակայն, ի հեճուկս այս ամենի կամ գուցե «ի ձեռամբ չարոյ», այսօր արդեն ուսումնասիրության կամ շահագործման փուլում են հայտնվել հանքարդյունահանման որոշակի նախագծեր, դրանք Ջերմուկում՝ Ամուլսարի ոսկու հանքի արդյունահանման (ինչին անդրադարձ կատարեցինք հոդվածի սկզբում), Ծաղկաձորի հարակից երկաթահանքի արդյունահանման ու երկաթաձուլարանի շահագործման, Հանքավանում՝ մոլիբդենի, ալյումինի արդյունահանման, և մոտ յոթ նոր ոսկու հանքերի շահագործման, Տաթևում՝ Սվարանցի երկաթահանքի, երկաթաձուլարանի շահագործման, Գլաձորում՝ ոսկու և բազմամետաղային հանքավայրի հնարավոր շահագործման ծրագրերն են:
Թեղուտն ու Թուխմանուկը դեռ չմարսած՝ սկսվել է Լիճքի ավերակումը:
Ի՞նչ է սա: Նախարարությունների ու նրանց ենթակառուցվածքների համագործակցության պակա՞ս, կարապի, խեցգետնի ու գայլաձկան սինդրո՞մ, թե՞ Հայաստանում էկոնոմիկայի զարգացման վեկտորների փոփոխության՝ արդեն նախկին կառավարության քողարկված որոշում: Ինչպես էլ մեկնաբանվեն նման գործառույթի դրդապատճառները, միևնույն է, դա խիստ մտահոգիչ գործելաոճ է:
Զբոսաշրջության և հանքարդյունաբերության ճյուղերը միևնույն տարածաշրջանում, մեր դեպքում` կողք կողքի, զարգացնելու միտումը անհեռանկար, եթե չասենք, անմիտ նախաձեռնություն է: Տխուր է նկատել, բայց փաստ է, որ զարգացող հանքարդյունաբերությունը տվյալ տարածաշրջանում կդառնա զբոսաշրջության «գերեզմանափորը»: Ինչ-որ անտեսանելի, բայց հզոր մի ուժ մաս առ մաս անդառնալիորեն «մատաղի է քաշում» Հայաստանի դեռևս անխաթար մնացած տարածքները:
Վերջապես ո՞ր ոլորտին պետք է տրվի առաջնահերթությունը, հանքարդյունաբերությա՞նը, թե՞ զբոսաշրջությանը: Որոշողը երկու տարբեր նախարարությունների գործունեությունը համակարգող ՀՀ կառավարությունն է` հիմնվելով ժողովրդի կամարտահայտության և առողջ տրամաբանության վրա: Իսկ առողջ տրամաբանությունը, աներկբա, զբոսաշրջության զարգացման ջատագովն է, քանզի այն, հանրության ընդգրկվածության առումով, էկոնոմիկայի ամենաէֆեկտիվ ճյուղն է, որտեղ միավոր արդյունքի ստեղծման և հասույթի բաշխման գործընթացին մասնակցում են առավելագույն թվով մարդիկ` ստանալով փոքր, բայց կայուն ու երկարատև եկամուտներ: Մեզ այցելած զբոսաշրջիկները` որպես մեր մշակույթի պոտենցիալ կրողներ, Հայաստանն ու Արցախը ավելի ներկայանալի և ընկալելի են դարձնում աշխարհում:
Երկրում անընդհատ զարգանում է ինֆրաստրուկտուրան, մշտական ուշադրության ու խնամքի են արժանանում պատմական ու բնական հուշարձանները: Զբոսաշրջության զարգացումը չի հարուցում բնապահպանական խնդիրներ: Հանքարդյունաբերությունը, հակառակ այս ամենի, եկամտի բաշխման առումով ընձեռում է խիստ անհավասարաչափ ու սահմանափակ հնարավորություններ: Ոլորտի գործունեությունը, անգամ ամենաառաջավոր տեխնոլոգիաների կիրառման պարագայում, ամբողջովին չի բացառում բացասական ազդեցությունները բնության վրա: Թունավորվում է օդային ավազանը, աղտոտվում են խմելու և ոռոգման ջրային համակարգերը, խաթարվում է բնական միջավայրը: Հանքերի ու պոչամբարների, ինչպես նաև դրանց հարակից տարածքների լանդշաֆտն ամայանում է, թունաքիմիկատներով ու ծանր մետաղներով հարուստ պոչանքներն ու պոչամբարները ահռելի վտանգ են պարունակում իրենց մեջ, և հարյուրավոր տարիներ դրանց պահպանության համար պետական բյուջեն հսկայական միջոցներ է վատնելու: Ոլորտը, գոնե այսօր, ամբողջովին գտնվում է քրեաօլիգարխիկ համակարգում: Պոչամբարները ստրատեգիական առումով իրենցից լուրջ վտանգ են ներկայացնում` դառնալով պատերազմական կամ դիվերսիոն հարձակումների հարմար թիրախներ: Հանքարդյունաբերության զարգացումն արդեն կայացած զբոսաշրջային կենտրոնների հարակից տարածքներում, ուղղակի նշանակում է խաչ քաշել ներգնա և ներքին զբոսաշրջության ապագայի վրա: Այս ամենի արդյունքում զգալիորեն կկրճատվեն ռեալ տարադրամային մուտքերը Հայաստան ներգնա տուրիզմից: Էկոնոմիկայի նախարարության 2017 թ. տվյալներով` օտար երկրներից Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը գերազանցել է մեկ միլիոն մարդը: Խիստ մոտավոր հաշվարկներով, յուրաքանչյուր այցելու մեր երկրում թողնում է 500 ԱՄՆ դոլարին համարժեք գումար, այսինքն՝ տարվա կտրվածքով ոլորտից հասույթը միայն ներգնա տուրիզմից կազմել է մոտ 500 միլիոն ԱՄՆ դոլար: Եթե սրան հավելենք ներքին տուրիզմից ստացվող հասույթը, պատկերը տպավորիչ կլինի: Անտեսել այս ամենը, իմաստազրկել ոլորտում ցայսօր արդեն փաստացի իրականացրած բազմամիլիոն ներդրումներն ու վտանգել ստեղծված հազարավոր երկարաժամկետ աշխատատեղերը` չանսալով առողջ տրամաբանությանը, ապավինել հանքարդյունաբերության ոլորտին, ինչը տարածքով շատ փոքր մեր երկրի համար կարճաժամկետ և խիստ կասկածահարույց զարգացման հեռանկար ունի, կնշանակի զոհաբերել հանրային շահը անձնական, նեղ խմբակային նկրտումներին:
Թե՛ ազգաբնակչության մեջ, արդեն իսկ զգալիորեն առկա, մեր երկրից օտարվածության առավել խորացման վտանգը, թե՛ երկրի բնականոն զարգացումը տրամաբանական ընթացքի մեջ դնելու անհրաժեշտությունը և թե՛ սերունդներին` որպես ելման կետ, մեր նախնիների ավանդած այս դժվար հայրենիքը ժառանգություն թողնելու մեր սրբազան առաքելությունը, մեզ բոլորիս հրամայելով հուշում են. պետք է կա՛նգ առնել, քանզի հայրենիքի շինարարության առումով մետաղական հանքերի նմանօրինակ բարբարոսաբար շահագործումը տանում է փակուղի:
Հաշվի առնելով վերոհիշյալ նկատառումները, ինչը հասարակության մեջ լուրջ մտահոգություններ է առաջացնում հանքարդյունաբերության զարգացման ներկա գործընթացների առնչությամբ, ՀՀ կառավարությանն առաջարկում ենք ժամանակավորապես դադարեցնել Հայաստանում նոր մետաղական հանքերի շահագործման բոլոր նախագծերը՝ լրջագույնս ուսումնասիրելու համար ոլորտում ծավալվող գործընթացները և մշակելու մի հայեցակարգ, որը համակողմանի կհամակարգի Հայաստանի բոլոր տարածաշրջանները` ըստ իրենց առկա ռեսուրսների, զարգացման հեռանկարների ու բնապահպանական խնդիրների, բացառելու համար հարուստ բնաշխարհ, տուրիզմի ու գյուղատնտեսության զարգացման լուրջ հեռանկարներ, քաղցրահամ, հանքային և ոռոգման ջրերի ահռելի պաշարներ ունեցող տարածքներում տնտեսական կասկածելի էֆեկտ խոստացող հանքարդյունաբերության զարգացման իրողությունը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.