Մելս ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ / ԻՄ ՎԵՐՋԻՆ ԳՈՎՔ

Իմ վերջին գովք`
վեհաշքեղ, սիրահորդ,
Ծաղկածիծաղ քրիզանթեմ,
դու իմ խինդ,
Արի՜ գիրկս, ես քեզ պաշտեմ
սիրով հորդ,
Գիրկդ գրկիս, ես քեզ պաշտեմ
սիրով հորդ:

Մնա նեկտար, իսկ ես՝
մեղու ծաղկասեր,
Քեզնից քամեմ աստվածահամ
մեղր բորբ,
Մինչև մահս լինեմ կողքիդ ու քեզ հետ,
Անցնեմ սիրո ճանապարհս հրաբորբ:

Մնա՜ մոտս, որ ձմեռս գարունքվի,
Երազանքս սուտ ու ցնորք չդառնա,
Լույսով, հույսով ու հավատով ահելի
Սերս հորդի կարոտախեղդ ու վարար:

Իմ վերջին գովք, անհաս
պատրանք հրաբորբ,
Ցնորքների իմ տիրակալ մշտահորդ…

***
Լոկ մի բառ է հարկավոր, թե՛ լավ,
թե՛ վատ լոկ մի բառ,
Որ խինդ բերի և կամ լաց, լոկ մի
բառ է հարկավոր,
Այն բերանին ես մատաղ,
որից լա՛վ բառ դուրս կգա,
Անեծք պիտի մրմնջամ այն բերանին
դառնահամ,
Որից հաճախ կհորդի վատ բառերի
շարք-շարան…

ԱՅՆՊԵՍ ՀՄՏՈՐԵՆ
Այնպես հմտորեն, այնպես նազանի
Ու հաճախ այնպես
ես խորամանկում,
Որ հավատալ քո
սուտ խաբկանքներին
Չեմ կարողանում:

Աչքերդ շենշող, ժպիտդ գերող,
Օ, քեզ այնպես են մատնում, սիրելի՛ս,
Որ քո մերժումին՝ անգամ ճշմարիտ,
Ա՜խ, ես հավատալ
Չեմ կարողանում:

Եթե մի օր դու անդարձ հեռանաս
Ու օտարանաս,
Ու էլ չուզենաս անունս լսել,
Դարձյալ, սիրելի՛ս, քո հեռանալուն,
Ինձ մոռանալուն էլի հավատալ
Չեմ կարողանում:

Զի չարաճճի ու խենթ ես այնքան,
Բայց այնքան քնքուշ,
այնքան խորամանկ
Ու այնքան հմուտ քո խաբկանքի մեջ,
Որ քո սպանիչ դավերին անգամ,
Ա՜խ, ես հավատալ
Չե՜մ կարողանում:

ԷԼ ԱՌԱՋՎԱ ԽԵՆԹԸ ՉԿԱ
Էլ առաջվա խենթը չկա,
իմաստնացած այր եմ արդեն,
եկող ու անցնող օրերս են վկա,
որ բոլորի հանդեպ մնում եմ անքեն:

Վիճակս բավ է, որ ինձ հասկանան`
սեր եմ բաժանում անսեր սրտերին,
ինչ էլ ունեի` տվեցի տարան,
ու չգիտեմ, թե էլ ինչ մնաց ինձ:

Ու փնտրում եմ իմ մեջ
մասունքներ չնչին,
հոգնածությունս է մնացել միայն,
ու չեմ հավատում ոչ մեկի կանչին`
ա՜խ, նրանք ինձնից
հավատս էլ տարան:

Հավատս, որով ապրել եմ անվերջ,
միշտ երազելով գալիքի մասին,
հազար գաղտնիք եմ պահել
սրտիս մեջ,
հազարն էլ շքեղ, թանկ ու թանկագին:

Հավատս ինչո՞ւ խլեցին-տարան,
որ տեղը մնաց ավեր ու թալան…

***
Հրաչյա Սարուխանին
Կրակից ջուր է քամում,
Արևի աչքից` արցունք,
Հողից` ճառագայթ ու լույս
Ու միշտ անքուն է մնում:

Տառապանքից ժպիտ է քամում,
Ցավից խնդում է հանում,
Մահից կյանք է արարում,
Ու ինքն… աղքատ է մնում:

***
Փորձում եմ հավետ էլ չկարոտել
Ու մինչև անգամ մոռանալ նրան,
Անգին հուշերը մտքիցս հանել
Ու գուցե, ավա՜ղ, նրա մոտ տանող
Իմ մտքի ճամփան անգամ մոռանալ:

Փորձում եմ սակայն,
տալիս եմ գլխիս`
Հիմա՞ր ես, ի՞նչ է,
այդ ի՞նչ ես խորհում,
Նրա կարոտը քեզ քաղցր ցավ է,
Որը նստած է քո հոգու խորքում,
Ու որից երբեք դու չունե՜ս բուժում…

Իրավ, ի՞նչ բուժում ու ի՞նչ մոռանալ,
Երբ փորձը վաղո՜ւց տերն է
խենթ սրտիս:
Չկարոտել ու մոռանալ նրան,
Ասել է` տունս թող փուլ գա գլխիս…

***
Անունդ շուրթիս՝ քնքուշ վարդի թերթ,
Անունդ աղոթք` սուրբ ու հարազատ,
Անունդ շուրթիս՝ համբույր սիրախենթ,
Առանց անունիդ սուտ է ամեն բան:

Անունդ ինձ լույս ու ինձ կյանքի գին,
Երգ ու մեղեդի՝ սրտացո՜ւնց, գերո՜ղ,
Հազար անվան մեջ քո անունն է, որ
Սեր է, Կարոտ է, Կյանք է լուսաշող:

Քո անվան համար
աղոթքս առ Աստված`
Արժե չմեռնել… անունդ շուրթիս
պահելու համար…

***
Դո՛ւ պատճառ դարձար,
որ ես տիրանամ
քո սրտի դողին,
ու իմ մեջ առնեմ, ու իմ մեջ պահեմ
խինդն ու թրթիռը քո տագնապների,
որ մինչև անգամ
քարի քար սրտից արցունք է քամում:

Դո՛ւ պատճառ դարձար,
որ ես խենթանամ
ու չդիմանամ քո կարոտներին,
որոնք անխնա, անսկիզբ, անվերջ
ցավեր են տալիս ցավաշատ սրտիս…

Դո՛ւ պատճառ դարձար,
որ ես մոռանամ
սերերս` սրտիս հավերժ խինդ բերող,
իմ գոյությունը քաղցրությամբ լցնող,
երազանքներիս երազներ բերող
այն չքնաղ կանանց,
որոնք շա՜տ վաղուց փոխել էին իմ
կացությունը սուրբ…

Դո՛ւ պատճառ դարձար,
որ ես ուրանամ
հույսի, հավատի օրենքը հզոր
ու գամ քեզ փարվեմ,
իսկ դու… ցավ տալով
ինձնից հեռանաս…

Դու ինչո՞ւ, ինչո՞ւ այդպես վարվեցիր…

***
Փակում եք դուռ ու լուսամուտ, ու
գնում եք անհասցե,
Հայրենիքը ո՞ւմ եք թողնում,
որ գնում եք անհասցե,
Մեղավո՞ր եք, թե ձեր մեղքը,
ախ, ուրիշ տեղ մենք փնտրենք,
Ա՜խ, ետ դարձեք,
մեղավորը կպատժվի… միգուցե…

***
Սուրբ հայրենիք դրախտադուռ,
մարդաթափ ես լինում, ավա՜ղ,
Հեռանում են մեծ ու փոքր, ու
լքում են քեզ, ավա՜ղ,
Թուրքի առջև ո՞նց ես բացում
դռները քո դրախտի,
Երբ անհավատ գորշ գայլը բիրտ
ծարավ է քո արյունին:

***
Դատարկվում է տունս հայոց,
հեռանում են բոլորը,
Ա՜խ, անդարձ է նրանց ճամփան,
հեռանում են բոլորը,
Իշխանավոր, միտքդ անկուշտ քո
գրպանի վրա է,
Գեթ մի վայրկյան, ա՜խ, սթափվիր,
դատարկվում է
Հայաստանս… Հեռանում են բոլորը…

***
Անուններն են փոխվում միայն,
երեկ նա էր, այսօր` սա,
Թալանչի են ու գռփող, երեկ նա էր,
այսօր` սա,
Կուզես փոխիր, կուզես թող,
ոչ մի բան չի փոխվելու,
Անունները փոխելով,
որակը չես փոխի դու:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.