«ՄԱՐԴՆ ԱՌԱՆՑ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ԿԱՄ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՌՄԱՆ ՓՈՐՁ / Աշոտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Ռոբերտ Էդլեր ֆոն Մուզիլը ապրել և ստեղծագործել է Ավստրո-Հունգարական կայսրության հզորության և փառքի, 1918 թվականին նրա փլուզման, մեկ տարի անց՝ Հանրապետական Ավստրիայի հռչակման և 1938-ին վերջինիս Գերմանական Երրորդ Ռայխին բռնակցման ժամանակաշրջանում, 20-րդ դարի երկու ճակատագրական նշանակության աշխարհամարտերի միջնահատվածում:
Ավստրիայի և Գերմանիայի մշակութաբանական նույնության ընկալումը, ապա թե հասարակապետական այս երկվորյակ միավորների քաղաքական միությանը հասնելու մուզիլյան իդեալը ոչնչացվեց իր իսկ աչքերի առաջ, ավելին, նրա զույգ հայրենիքների վարած ինքնակործան և արտաքին ախոյան տերությունների կողմից ինչ-որ իմաստով նրանց պարտադրված քաղաքականության արդյունքում ավստրոգերմանական ցանկալի միության զույգ բաղադրիչները՝ առանձին-առանձին և միասնաբար խորթացան գրողի հոգուն, դառնալով «հոգեխորթ օտարներ», իսկ 1919 թ. Գերմանիային և Ավստրիային պարտադրված Վերսալի հաշտության ստորացուցիչ պայմանագիրը, ըստ Մուզիլի՝ որպես նորօրյա «տրոյական հաղթանակի» խորհրդանիշ, վերջնականապես սպանեց նրա մեջ հույսը նաև Անտանտի ժողովուրդների՝ եվրոպական երկրների ու Միացյալ Նահանգների ողջախոհության հանդեպ:
Վեպի գաղափարը Մուզիլը հղացել է դեռևս 1905 թվականին, սակայն բուն ստեղծագործական աշխատանքին հիմնովին և հետևողականորեն լծվել է 1922 թվականից սկսած, գրելով 20 երկարուձիգ տարիներ շարունակ, մինչև իր կյանքի վերջին օրը: «Այս վեպի պատումի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այդ պատմություն կոչվածը, որն այստեղ պետք է պատմվի, չի պատմվում», այսպես է արտահայտվում հեղինակն իր այս ստեղծագործության մասին, և այս խոսքերն հնչում են իբրև նախապես ծրագրված պերճաշուք ձախողման ինքնախոստովանանք: Գրողի գեղագիտական մտածողությունը, ի դեմս իր իսկ վերահայտնագործած և վերակերտած էսսեիստական սկզբունքի, հակադրվում է գեղարվեստական պատումի ընդունված նկարագրական ոճին: Գրողը նախապատվությունը տալիս է տրամախոսությունների և խորհրդածությունների հանդեպ իր նախասիրությանը, դրանով իսկ՝ տեղ չթողնելով աշխարհի մշտապես ընդարձակվող նկարագրականությանը:
Վիպական գործողության վայրը Ավստրո-Հունգարական կրկնակի միա­պետությունն է՝ Ավստրիայի և Հունգարիայի կայսրությունն ու թագավորությունը, ժամանակը՝ 1913 թվականի օգոստոսից սկսյալ մինչև Մեծ Համաղետի նախօրեն, իրադրային աստառը՝ կայսրության փլուզման օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքների վերհանումն ու դրանց հետևողական քննությունը՝ գերազանցապես մարդկային ուղեղներում նախապատրաստված: Վեպի առաջին գլխում գրողը ներկայացնում է գործողության վայրը՝ Վիեննան: Քաղաքը սակայն չի նկարագրվում, բնութագրվում է ոչ իրեն բնորոշ առանձնահատկություններով, այլ անուղղակիորեն՝ փոխաբերությունների միջոցով:
Վեպի գլխավոր հերոսի, ինչպես և վեպի վերնագրի ընտրության հարցում Մուզիլը 1921-ից մինչև 1929 թվականներն ընկած միջակայքում մի քանի փուլ է հաղթահարել: Սկզբնապես նա որոշել էր վեպը վերնագրել «Լրտեսը», իսկ գլխավոր հերոսին անվանակոչել Աքիլլես, սրանով իսկ փորձելով հեռահար, բայց անմիջական կապ հաստատել իր երկի նախածին նախատրամադրության և հոմերոսյան ժամանակաշրջանի հերոսականության ոգու միջև: Սակայն աշխատանքի պրոցեսում՝ 1920-ականների կեսերին, նա հրաժարվում է «Աքիլլես» անվան գաղափարական ծառայություններից, այն վերափոխելով «Անդերս»-ի, գերմաներեն նշանակությամբ՝ այլը կամ ուրիշը: Հրաժարվում է նաև «Լրտեսը» վերնագրից և, Անդերս անվան համաբանությամբ և բացելով նրա էությունը՝ մյուսներից տարբեր մի բան, վեպը վերնագրում է «Մարդն առանց հատկությունների», գլխավոր հերոսին էլ անվանակոչում է ավելի չեզոք տարբերանշանով՝ Ուլրիխ:
Այսպիսով, վեպի գլխավոր հերոսը Ուլրիխն է, որի ազգանունը «իր հոր նկատմամբ ակնածանքից դրդված՝ լռությամբ շրջանցվում է», հեգնում է Մուզիլը: Ուլրիխը 32 տարեկան է, 1913 թ. հետնահաշվարկով՝ գրողի տարեկիցը, և արդեն երեք անգամ փորձեր է ձեռնարկել նշանավոր մարդ դառնալու ուղղությամբ, ընդսմին՝ փորձելով, հեղինակի բնորոշմամբ, 20-րդ դարի բոլոր երեք գլխավոր մասնագիտությունները՝ սպա, ինժեներ և մաթեմատիկոս: Տղամարդու մասնագիտական այս երեք հիմնարար տիպերն արտացոլում են դարաշրջանի վեհությունն ու, միաժամանակ, ողբերգականությունը, դիմակազերծելով նրա իրական դեմքը, որ նշանակնքված է զինվորականության, տեխնիկայի և բնագիտության տիրապետությամբ՝ լավագույնս ի ցույց դնելով մարդուս հնարավոր ինքնաոչնչացմանն ուղղված հատկանշական գծերը: Ուլրիխի բոլոր երեք ձեռնարկումները անհաջողության են մատնվում, և, ի վերջո, նա հասկանում է, որ իր համար հնարավորը ավելի մեծ նշանակություն ունի, քան իրականությունը: Եվ որոշում է կայացնում «մեկ տարով արձակուրդ վերցնել սեփական կյանքից»՝ փորձելով հասկանալ տրված իրականության «պատճառներն ու թաքուն մեխանիզմը»: Այդպիսով՝ վեպի գլխավոր հերոսը վերադարձ է կատարում դեպի կրավորական դիրքորոշումը: Նա իրեն ընկալում է որպես մարդ՝ առանց հատկությունների, քանի որ նա այլևս ոչ թե մարդուն, այլ նյութն է դիտարկում որպես ժամանակակից իրականության կենտրոնական բաղկացուցիչը: Ուլրիխն ընդհարվում է իր ժամանակի խնդիրների հետ, բախվելով այն հակասականությանը, որ առկա էր տրամաբանության ու զգացմունքի, պատճառականության և համաբանության սկզբունքների, գիտական հավատարժանության և մշակութային հոռետեսության անհաշտ երևույթների միջև:
Իր երկարատև դիտարկումների և ուսումնասիրությունների արդյունքում Ուլրիխը հանգում է «մարդուս կերպարանազրկության թեորեմի» անթրոպոլոգիական գաղափարին. մարդս չունի հիմնարար մարդկային հատկանիշներ, նրա ինքնությունը որոշարկում են արտաքին հանգամանքները: Այդ իսկ պատճառով՝ ինքնության ըմբռնման հարցը պետք է հնչի ո՛չ թե այնպես, ինչպես մինչև այժմ է եղել՝ «ի՞նչ եմ ես», այլ հետևյալ կերպ՝ «որտե՞ղ եմ ես»: Դրանով իսկ մարդու ինքնությունը կախման մեջ է դրվում արտաքին գործոններից, որոնք Մուզիլը «իրավիճակներ» է անվանում, վերջինիս տակ հասկանալով աշխարհագրական տարածության և պատմական ժամանակի հատման կետը, որը նույնական է հասարակական կարգի և քաղաքակրթական կամ մշակութային իրադրությանը: Ըստ Մուզիլի` հասարակությունը միայն այն ժամանակ է կերպարանք ստանում, երբ որ նա մեկ- միասնական գաղափարախոսություն է դավանում, որի գործնական նպատակն է՝ նույն այդ հասարակությունը բաղադրող մարդկանց մի ամբողջական աշխարհայեցություն հրամցնել և այդպիսով ուղղորդել նրանց գործնական կյանքը, նրանց գործողությունները: Երբ նման գաղափարախոսություն գոյություն չունի, ապա մարդուս մնում է երկու հնարավորություն. կա՛մ հետնահայաց դիմել ոչ արդիական, անցյալ ժամանակների կորուսյալ գաղափարախոսություններին, կա՛մ էլ ճանաչել, ընդունել հասարակության անկերպարանությունը, կերպարանա­զրկությունը և նոր հնարավորություններ որոնել իր գործողությունների օրինականացման համար: Այս առումով, Մուզիլի հերոսի՝ Ուլրիխի հատկութենազրկությունը պետք է մեկնաբանել որպես ռեակցիա, հակազդեցություն հասարակության կերպարանազրկությանը: Այստեղից էլ, Նիցշեի օրինակով, Ուլրիխի կողմից ավանդական բարոյական արժեքների վերարժեքավորման պահանջը և «այլության» ներկայացումը որպես նոր բարոյականության ձևակաղապար՝ մանրակերտային իրավիճակի ցուցիչ: Սակայն այստեղ առկա է մի հիմնարար տարբերություն Ուլրիխի և Նիցշեի պատկերացումներում: Եթե Նիցշեի համար հակադրության հիմք են հանդիսանում երկու տարբեր արժեքային համակարգերն ու մշակույթները, ապա Մուզիլի դեպքում՝ տարբերակումը կատարվում է համաժամանակյա մեթոդի սկզբունքով, ընդսմին՝ գեղագիտական հիմքի վրա, ասել է թե՝ նույնականացման սկզբունքով, առանց դույզն-ինչ մետաֆիզիկական զուգակշռի: Այս իմաստով, Մուզիլի համար «այլությունը» կամ «այլ կացությունը» կազմավորում է «մի դատարկ աշխարհ», ուր ցանկացած իմաստ կամ նշանակություն վերառված է:
Ուլրիխի այլությունը դրսևորվում է նաև նրանում, որ նա նորահայտ, օտարոտի մարդկային տեսակ է, որը, մի կողմից, ձգտում է բանտից ազատել սեռագար մարդասպանին և, մյուս կողմից, սեռական արկածի մեջ մտնել իր քրոջ հետ, որն, ըստ էության, հանգեցնում է դեպի ինքնասպանությունն առաջնորդող համաձայնության կայացմանը: Հատկությունները սահմանվում են ըստ սոցիալական գործառույթի ամենալայն սանդղակի, ընդսմին՝ Ուլրիխի մասին ասվում է նաև, որ «նա անկասկած հավատացյալ անձնավորություն էր, ով, սակայն, ոչնչի չէր հավատում»:
Վեպի առաջին հատորում Ուլրիխն հանդես է գալիս որպես «Հայրենասիրական ձեռնարկի» քարտուղար: Պետական և հասարակական բարձր շրջաններից կազմված մի հանձնախումբ նախապատրաստական աշխատանքներ է տանում գալիք՝ 1918 թվականին նշելու կայսր Ֆրանց Յոզեֆ Առաջինի գահակալության 70-ամյակը՝ ի հակադրություն դաշնակից և մրցակից Գերմանիայում Վիլհելմ Երկրորդ կայսեր կառավարման 30-ամյա հոբելյանի առիթով այդ նույն թվականին նախատեսվող տոնակատարությունների: Ընդսմին՝ այդ ձեռնարկը կամ ակցիան պայմանական անունով կոչվում է «զուգահեռ գործողություն»: Վերջինիս հեգնականությունն արտահայտվում է նրանում, որ հենց այդ նույն՝ 1918 թվականն էլ դառնում է երկու կայսրությունների կործանման տարեթիվը: Ծրագրված հոբելյանական տոնակատարությունն ի սկզբանե ձեռք է բերում հուղարկավորության սգահանդեսի բնութագծեր: Ժամանակի ընթացքում, սակայն, զուգահեռ գործողությունը, այն պատրաստող մասնակիցների կամքից անկախ, նույնիսկ հակառակ նրանց հետապնդած բարի, խաղաղասիրական նպատակների, պատերազմական նախապատրաստության է վերածվում՝ դրանով իսկ ի հայտ բերելով «իր մեծագույն գաղափարը»: Թափած բոլոր ջանքերն ապարդյուն են, քանզի, ըստ Մուզիլի, տվյալ դարաշրջանը բնութա­գրվում է մարդկային գաղափարների և արարքների միջև գոյավորված ճակատագրական խզվածությամբ, երբ մարդասիրությունը կարող է նույնքան դաժան լինել, որքան մարդատյացությունն է:
Զուգահեռ գործողության նախաձեռնության շրջանակում Ուլրիխը հանդիպում է հարյուրավոր կերպարների, ընդհարվում ու հարաբերություններ հաստատում նրանց հետ: Այսպես նա ծանոթանում է գերզգայուն հոգու տեր Էրմելինդա Թուցցիին, որին հեգնանքով անվանում է Դիոթիմա, (Պլատոնի «Խնջույքից» սերող սիրո համանուն քրմուհու համաբանությամբ, որ փոխառված է նաև Հյոլդեռլինի «Դիոթիմա» բանաստեղծության մեջ), նրա ամուսնուն՝ բարձրաստիճան դիվանագետ Թուցցիին, Զուգահեռ գործողության հոգևոր հայր Կոմս Լայնսդորֆին, բանակի գեներալ Շթումին, ինչպես նաև «մեծն գրող» և գերմանացի խոշոր արդյունաբերող, ձեռնարկատեր Առնհայմին, որի հանդեպ Դիոթիման պլատոնական սեր է տածում, մինչդեռ Առնհայմը, օգտվելով դրանից, հեռահար նպատակ է հետապնդում՝ Դիոթիմայի ամուսնու միջոցով ձեռք գցելու Բոսնիայի ու Գալիցիայի նավթահորերը: Մինչ Ուլրիխը պատեպատ է խփվում ճշմարտության որոնման չարչարանաց ճանապարհին, նրան իբրև հակընդդեմ կերպար ներկայացող Առնհայմը, որի համար հոգին ևս շուկայական ապրանք է, ամենուր տարփողում է բանախոհության և հոգու համադրման իր հայտնագործած նորագույն բարոյականության մասին: Տեղախախտված աշխարհի ծայրահեղ շեղվածության խորհրդանիշն է հանդիսանում խելացնոր պոռնկասպան Մոոսբրուգգերի կերպարը, որի գործով ընթացող դատավարությանը մասնակցելով՝ Ուլրիխը հասկանում է, որ Մոոսբրուգգերի անողջախոհ պատկերացումները հիմնական գծերով համապատասխանում են իր կենսական փորձառություններին: Բոլոր այս կերպարների հետ շփման արդյունքում ձեռք բերած փորձառությունը Ուլրիխին ստիպում է քննադատորեն վերաիմաստավորել իր ճանաչողական ունակությունները:
Ինքնակենսագրական բնույթի իր մի դիտարկման մեջ, սեփական անձի մասին երրորդ դեմքով խոսելով, Մուզիլը հետևյալ կերպ է բնութագրում «Մարդն առանց հատկությունների» վեպի տարբերությունն իր մյուս ստեղծագործություններից. «Այս վեպում Մուզիլը հրաժարվում է իրականության հողեղեն խորխորատներում պեղած մանրուքները դուրս կորզելու սկզբունքից և նկարագրում է իր ներաշխարհը՝ նրա համընդգրկուն լայնքուերկայնքով մեկ»: Շարունակելով նա ասում է, որ «նովելները մարդուս հայտանիշային արարքներն են», իսկ ժամանակակից վեպը, ըստ իր հասկացողության, «կյանքի սուբյեկտիվ փիլիսոփայական բանաձևումն է», որը մարդուն համընդգրկում-կլանում է իր ամբողջության մեջ՝ ժամանակի, ինչպես նաև պատմության ու պետության հետ վերջինիս փոխհարաբերությունների ողջ բազմաբարդությամբ հանդերձ:
Ընդսմին՝ «առանց հատկությունների մարդը», իր ամբողջության մեջ, դրական ծրագիր է: Ուլրիխն իբրև «առանց հատկությունների մարդ», ո՛չ միայն ժամանակակից մարդու ներքին «կերպարանա­զրկությանն» առնչվող մուզիլյան հայտնի նախազգուշացումների տեսանելի մարմնացումն է, այլև փորձ է՝ գիտակցելու դրա «անխուսափելիությունը», այսպես կոչված, դրական հեռանկարում, հասարակության և մարդու համար նրանից կառուցողական դասեր քաղելու իմաստով: Ուլրիխը մի մարդ է, որն օժտված է ո՛չ թե «իրականության զգացողությամբ», այլ, ընդհակառակը, «հնարավորության զգացողությամբ», այսինքն՝ այնպիսի մեկը, որի ֆիզիկաքիմիական հատկությունները դեռևս չեն քարացել մի ինչ-որ եզակի, կոնկրետ վիճակի սահմաններում: Նա կերպարանազուրկ մեկն է, ժամանակակից մարդուն հատկանշող մի հատկություն, գտնվում է մշտական շարժման, արարչագործության մշտատև ակտի իրավիճակում: Նա գիտի, որ կարող է ամեն ինչ դառնալ, ամեն ինչի փոխարկվել, և այդ իմացությունը հետ է պահում նրան եսակենտրոնությունից, սեփական տեսակետների ու արարքների հանդեպ ծայրաստիճան լրջմիտ վերաբերմունքից, ինչը բնորոշ է այն մարդկանց, որոնք բանտարկված են սեփական «բնավորության» բանտախցում: Ուլրիխն օժտված է «ինքն իր կողքով» ընթանալու ձիրքով, ինչպես և՝ իր բնության քմահաճույքների հետ հաշվի չնստելու ունակությամբ: Կյանքը նրա համար ոչ թե «բեմ» է, ուր ինքնադրսևորվում է «եսը», այլ զարդանախշերի մեծաքանակ բազմություն հնարաստեղծող գեղադիտակ, յուրաքանչյուր շրջադարձին՝ տարբեր: Ուլրիխի համար, ըստ Մուզիլի, «աշխարհը մի մեծ հետազոտական փորձասենյակ է, ուր փորձարկվում ու վերստեղծվում են մարդկային լավագույն կաղապարները»:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.