Մանվել ՄԻԿՈՅԱՆ

Խառը երազ
Ես քայլում եմ
ծաղկապատ հովիտներով,
մոռանում ժամանակի
ու տարածության զգացողությունը:
Հանկարծ ճեղքվում է հողը,
փախչում ոտքերիս տակից,
և ես հայտնվում եմ
խառնիճաղանջ բավիղներում:
Նայում եմ ներքև՝ անդունդ է,
նայում եմ առաջ՝
թեք ու սորուն մանրաքարերով
մի արահետ է,
որով ստիպված եմ քայլել՝
մինչև հասնեմ լեռան գագաթը:
Սայթաքում եմ և վերջին պահին
բռնում ինձ մեկնված ձեռքը,
որը վեր է բարձրացնում
և բաց չթողնելով՝
տանում դեպի լեռը:
Նայում եմ՝ հարազատ դեմք է,
ժպտում է ներողամիտ:
Լեռան գագաթին անձրև է սկսվում,
հուրհրատում են
փայլակն ու կայծակը,
հրե մի գունդ սլանում է
իմ ուղղությամբ:
Տագնապներն այրվում են
լույսի արագությունից,
դեմքս այլայլվում է
անհեթեթ վախճանի
անխուսափելիությունից:
Հենց այդ պահին
մի ձեռք է հայտնվում
իմ գլխավերևում,
իսկ հրե գունդը ետ է վերադառնում
և պայթեցնում
երկնքում պատսպարված
վերջին ամպը:
Նայում եմ՝ ինձ ժպտում է
մեկ այլ հարազատ դեմք՝
դարձյալ ներողամիտ ժպիտով,
որը փոխանցվում է ինձ:
Ես անսովոր թեթև եմ զգում,
արագ շարժում եմ
ձեռքերս ու ոտքերս
և թռչում ծաղկաշատ դաշտերի
ու բարձրաբերձ լեռների վրայով,
իջնում իրականության
փափուկ խոտերին,
հետո սկսում քայլել դեպի
արթնացած կարոտներիս
բազմաթիվ հանգրվանները…
Մի՛ վախեցեք ոչնչից
երազներում ու կյանքում,
քանզի մեր նախնիների
սուրբ հոգիները
հսկում են մեզ ամենուր:

***
Մի անանուն տագնապ
պտտվում է շուրջս,
հարմար պահ է գտնում
և սողոսկում իմ մեջ,
ես չեմ գտնում տեղս,
միտքս դեգերում է
հեռուներում անդարձ,
իսկ երբ հորդորում եմ,
չի վերադառնում,
մոռանալ եմ ուզում
հոգուս թռիչքները՝
մտքիս նժույգներին,
որ ինքնիրեն ետ գան
հանգրվանեն իմ մեջ,
սակայն մրջյունները
երակներիս միջով
նույն տագնապները լուռ
քարշ են տալիս դեպի
ծալքերն իմ ուղեղի,
տեղավորվում հարմար,
վահանները բռնած՝
պաշտպանում են, որ հար
մնան «իրենց տեղում»:
Երբ գիշերվա մթում
լռությունը հանդարտ
իր թմբիրն է փռում,
աչքերս են փակվում,
գծագրվում է ջերմ
քո ժպիտը, հայր իմ:
Դու գալիս ես դանդաղ,
նստում ես իմ կողքին
ու գլուխս ես շոյում՝
անխոս, գորովալից,
հետո հեռանում ես…
Արթնանալուց առաջ
անթիվ ու անհամար
մրջյուններ եմ տեսնում,
որոնք դուրս են գալիս
իմ աչքերի միջից
ու հեռանում, գնում…
Բացում եմ աչքերս,
– Առավոտն է բարի,
ու բարի լույս, հայր իմ:

* * *
Լռությամբ քողարկված
հղացման լույսերից
մի շե՛րտ էլ բացիր,
որ զգաս նորածիլ բույրը
ննջացող գույներից անդին,
կլանես ռունգերով ու աչքերով
ու թռչես կուսական ոլորտներ
և հասնես երկինքներ ուրիշ,
նրանց հայելու մեջ անբիծ
քեզ տեսնես թափանցիկ այնքան,
որ հոգիդ ճառագի վերջապես՝
ախտազերծ, մաքո՜ւր, նախնական,
մաքրվեն աչքերդ էլ մուժից,
որ նայես Տիրոջ աչքերին,
ընդունես լույսի քո բաժինը,
Նա ասի. «Դե, գնա հանգիստ,
քանզի դու արդեն ԴՈՒ ես…
Կարոտի լուսածիր շավիղով
գնա՛ ու լսիր թրթիռը հոգուդ,
իսկ երբ շնչահեղձ ես լինում,
լռությամբ քողարկված
հղացման լույսերից
մի շե՛րտ էլ բացիր»:

* * *
Ես վարանման բացակայությունն եմ
այն մեղմ քամու,
որը հպվում է դեմքիդ ու զիստերիդ,
երբ առավոտյան
պատշգամբ ես դուրս գալիս
բարակ, շղարշանուրբ
գիշերազգեստով:
Ես փոշու և աղմուկի
բացակայությունն եմ
ցայգալույսի միջով քեզ հասած
մաքրամաքուր օդի,
որը շնչում ես դու՝
բերանիդ մեջ զգալով
երեկվա համբույրի քաղցրությունը:
Ես թարթումի բացակայությունն եմ
քեզ ամբողջ մի օր չտեսած իմ աչքերի,
որոնք կլանել են
քո մարմնի ու էության
բոլոր մանրամասներն անթերի՝
հիշողությանս գանձարանը
կենսունակ պահելու համար
կարոտի հյութալի մեղրամոմի մեջ…
Ես բառերի բացակայությունն եմ
քո շուրթերին,
որոնք հաջորդ հանդիպման
դողահամն են արդեն զգում…
Ես զանգերի ղողանջների
բացակայությունն եմ
այն եկեղեցու,
որի ներսում մեզ համար
մշտարթուն վառվում են մոմերը՝
Բարձրյալի ձեռքով անտեսանելի:

* * *
Ես ամեն անգամ
մի լուսաշերտ եմ ավելացնում
մատներիս հպումների հիշողությանը,
և դեմքդ ու մարմինդ ճառագում են
ջերմության նորանոր երանգներով՝
կլանելով ինձ ամբողջովին,
լիցքավորելով մեղրածոր հևքերի
անկրկնելի բաբախյուններով:
Իմ դեմքն ու մարմինը նույնպես
շնչում են նորանոր լուսաշերտերով:
Երբ փողոցում քայլելիս
մարդիկ մեզ են նայում,
կկոցում են իրենց աչքերը
և ակամա ժպտում
անբացատրելի մի բարությամբ:
Ես ամեն անգամ
մի լուսաշերտ եմ ավելացնում
մատներիս հպումների հիշողությանը…
Մենք հաճախ պետք է հանդիպենք,
որպեսզի շատ լինեն
մեզ ժպտացողները:

* * *
Երբ քեզ տեսնում եմ,
լայնանում են աչքերիս բիբերը,
որպեսզի արագ թափանցես ներս
և նորից տեսնես դրախտային
պատկերները
հոգուս միակ օազիսում,
որտեղ ծաղիկները քեզ նայում են
քո հայացքի լույսով ցողաթարմ,
հետո բարձրանաս թեթև՜
ներշնչանքի թափանցիկ
օդապարիկով,
որ վերևից նայես
ծաղկանոցներին՝ բնական
գազոններով,
որոնցով գրված է քո անունը՝
ամենօրյա խնամքով
վերաշնչավորվող,
նիրհես ծաղիկների ու խոտերի
անկրկնելի բույրերի մեջ
ու չվերադառնաս,
առանց կասկածելու անգամ,
որ դու միշտ այնտեղ ես,
իսկ դրսում շնչում ու ապրում է
քո ճշգրիտ կրկնօրինակը…
Երբ քեզ տեսնում եմ,
չեմ ասում, որ դու այնտեղ ես վաղուց,
որպեսզի քո կրկնօրինակները
շատ լինեն, անհամար,
իսկ դու ամեն անգամ ներս
թափանցելիս
կարծես, որ առաջին անգամն է,
քանզի մշտապես այնտեղ
փոխվում են
գույներն ու բույրերը՝
դառնալով ավելի փխրուն
ու առաձգական…
Դու չգիտես, չես էլ իմանալու,
որ քո շնորհիվ եմ ես
դարձել իսկական ԵՍ:

* * *
Քո ոտնահետքերն
անտեսանելի են,
քանզի դրանց տեղերում
անսովոր բույրերով
ծաղիկներ են աճում,
և ներսուզման պահերին
ես դեպի քեզ եմ քայլում
այդ անիմանալի
բույրերի միջով,
հասնում մինչև խորքերը հոգուս,
թափանցում քո աչքերից ներս:
Ու գրկախառնվում են
մեր հոգիները,
որոնք անգթորեն
թափանցելի են դարձել,
դարձել դյուրավառ:
Մեր աչքերը
հրաժարվում են բացվել,
մեր ունկերը լի են
ծաղիկների գաղտնաբարբառ
շրշյուններով,
որոնք երբեք չեն կրկնվում,
զի ամեն անգամ
քո ոտնահետքերի տեղերում
նորատեսիլ ու նորաբույր
ծաղիկներ են աճում:
Ես քեզ երկնային կյանքում
ծաղիկներ չեմ նվիրում,
քանի որ քոնն են
Տիեզերքի նոր բացված
ու բացվելիք
բոլոր ծաղիկները:

* * *
Ես ինձ «մոռացել եմ» քեզ մոտ,
իսկ իմ փոխարեն քայլում է,
աշխատանքի գնում և «ապրում»
իմ ռոբոտացված ուրվապատկերը:
Երբ դու տանը չես,
քո կարոտն առնում եմ
սենյակիդ բոլոր առարկաներից,
որոնք լիցքավորված են
քո հպումների ջերմությամբ:
Ուր էլ լինեմ,
իմ աչքերը քեզ մոտ են,
քեզ են նայում ու ֆիքսում
բոլոր շարժումներդ՝
բազմապատկելով
հղացումները կենսառիթմերիս…
Մեր բոլոր հանդիպումները
(ես, ուրվապատկերս ու դու)
միշտ ուշացած են,
քանզի անցնող ամեն վայրկյանը
գուժում է ուշացման մասին:
Բայց դու գիտես, լավ գիտես,
որ ես ընդմիշտ
ինձ «մոռացել եմ» քեզ մոտ:
– Վարվի՛ր ինձ հետ՝ ինչպես ուզում ես,
թեկուզ ես չիմանամ այդ մասին:

* * *
Մեր համբույրը՝ վերելակի մեջ,
նման էր ակվարիումի մեջ
ձկների զուգավորման
կապույտ հրաշքին:
Սակայն կոտրվեց ապակին,
մենք հայտնվեցինք
«անջուր տարածքում»,
իսկ մեր սրտերը բաբախում էին
թպրտացող ձկների նման,
երբ ինչ-որ մեկը
սեղմեց կոճակը չարաբաստիկ,
ու բացվեցին դռները:
Դրանից հետո
ես վերելակ չեմ նստում,
իսկ ոտքով բարձրանալիս
անխաթար եմ պահում
ձկների զուգավորման
կապույտ հրաշքի
եզակիությունը:

Փորձիր ճանաչել նաև ինձ

Դու ինձ չես սիրում: Դու սիրում ես իմ մասին քո պատկերացումները:
Այնքան ես սիրում, որ չես էլ ցանկանում ինձ ճանաչել, քանզի կարծում ես, որ իմ անձնական հատկանիշները կարող են չհամընկնել քո պատկերացումների, քո հղկված ու լաքապատված խորհրդանիշերի հետ, որոնց շրջապատում դու քեզ հարմարավետ ես զգում` առանց հասկանալու, որ իրականությունը կարող է ավելի գրավիչ ու հետաքրքիր լինել:
Փորձի՛ր ճանաչել նաև ինձ: Գուցե ինձ նույնպես սիրես:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.