Մանկական գրքի հանրապետական շաբաթ

ԵՐԿՆՔԻՑ ԵՐԵՔ ԽՆՁՈՐ
ՉԸՆԿԱՎ ՈՒ ԸՆԿԱՎ
Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

Լինում է, չի լինում մի հեքիաթ, այդ հեքիաթը շատ տարօրինակ է լինում, ասենք` սկզբից սովորական է թվացել, իսկ վերջում, այ, տարօրինակը վերջում է ի հայտ եկել և…
Իհարկե, այնքան էլ լավ չէ, երբ հեքիաթի վերջը սկզբում ասվում է, էլ ի՞նչ հեքիաթ, ո՞վ կլսի նման պատմություն, հատկապես երեխաները, որոնք այնքան խաղեր են թողնում, որ լսեն հետաքրքիր, արտառոց հեքիաթներ:
Ուրեմն լինում է մի պապ, անունը` Ասացող, լինում է մի թոռ, անունը` Լսող, լինում է մի ծառ, անունը` Սաղարթախիտ:
Պապն ու թոռը նստում էին այդ ծառի հովասուն ստվերում, և Ասացող պապը պատմում էր իր հերթական հեքիաթը, և սովորաբար ամենավերջում ընկնում էր երեք խնձոր, մեկը` պատմողին, մյուսը` Լսողին և երրորդն էլ` բոլորին, հեքիաթ սիրող, հավատացող մարդկանց:
Բայց ահա եղավ մի օր, երբ հեքիաթի ավարտից հետո ոչ մի խնձոր չընկավ:
– Վա՛հ,- զարմացած ասաց Ասացող պապը:
– Ա՛հ,- ասաց Լսող թոռը:
Անցուդարձող մարդիկ ոչինչ էլ չասացին, կարծես ոչինչ էլ չէր պատահել:
– Երևի խնձորները մնացել են ծառի սաղարթի մեջ,- ասաց պապն ու կանգնեց` ճյուղերի մեջ ուշադիր փնտրելու:
Թոռն էլ վեր թռավ, սևեռուն դիտեց տերևների խորքը: Ոչ մի խնձոր: Սաղարթախիտ ծառը կաղնի էր, տանձենի չէր, որ շփոթեին, ասենք, այդ տարի տանձն էլ էր սակավ, մի խոսքով` խնձոր չկար ու չկար:
– Զարմանալի է,- մրմնջաց պապը:
– Այո՛, այսպիսի բան չէր եղել,- ասաց Լսողը,- ես պիտի ստուգեմ:
– Ո՞նց,- հարցրեց պապը:
– Կթռչեմ երկինք, կհասնեմ երկնային խնձորենուն, տեսնեմ ի՞նչ է պատահել, գուցե չորանում է, պետք է ջրել:
– Լավ միտք է,- ասաց պապը,- բայց մեր թռչող գորգը մաշվել է, այդքան էլ պիտանի չէ հեռու թռչելու:
Լսողը աչքերը կկոցեց և ժպտալով ասաց.
– Ա՛յ պապ, հո հին ժամանակները չեն, հիմա ամեն ինչ շատ է հեշտացել, մարդ ուզում է` թռչում է, չի ուզում` չի թռչում, ամեն ինչ մարդու մտքով է կառավարվում, հիմա կարող եմ թռչել ինքնաթիռով, արբանյակով, սակայն նրանք այդքան վեր չեն բարձրանում, ես իմ գյուտն եմ արել` ինքնավերացում:
Պապը չհասցրեց տեսնել, թոռը թռչնի պես հասավ կաղնու կատարին, ապա սրընթաց խորացավ մոտակա ամպի ծվենի մեջ և անհետացավ:
Պապը ձեռքերը խփեց ծնկներին ու ցավագին քրթմնջաց.
– Իմ հեքիաթներն են մեղավոր, ես եմ մեղավոր, այնքան բան բստրեցի, որ թոռս հավատաց ու հավքի պես թռավ: Ի՞նչ անեմ, ո՞նց հասնեմ նրա ետևից:
Փորձեց մտքի մեջ թռչել, բայց չհաջողվեց գետնից պոկել ծերացած մարմինը, ճիշտ է, միտքը թռավ ամպերից վեր, որտեղ չկար թոռը:
– Ի՞նչ անեմ, ո՞ւր գնամ, ո՞վ կօգնի,- ինքն իրեն հարցնում էր պապը:
Անցորդները, եղածին տեղեկանալով, մտածեցին` ցնդել է ծերուկը: Ոչինչ էլ չասացին, միայն «ախ ու վախ» արին ու հեռացան:
Նրանցից մի քանիսը չզլացան ասել.
– Այնքան հեքիաթ պատմեց ու հավատաց, որ ծռվեց,- ու հետո, իբր ցավակից, հառաչեցին,- խեղճ բիձա…
Ասացող պապը տուն չգնաց, առանց թոռան ո՞ւր գնար, նա մտքում հավատաց, որ թոռը շուտով կգա, և իրար հետ կգնան տուն:
Կաղնու վրա իջավ մի կաչաղակ, պապը հարցրեց.
– Չե՞ս տեսել իմ թոռ Լսողին:
– Չակ-չակ,- պատասխանեց Կաչաղակը:
Պապը հասկացավ թռչնի դրական պատասխանը, կաչաղակներն այդպես են արձագանքում, հակառակ դեպքում ոչ մի ձայն չեն հանում:
Այդ ժամանակ Լսողն արդեն երկնքի այն հատվածում էր, որտեղ կախարդական ծառերն են աճում և նրանց մեջ` խնձորենիներ: Այգեպանն էլ, Ասացող պապի պես, բարի աչքերով ծերուկ էր, որը, պարզվեց, հասկանում է բոլոր լեզուները, քանի որ եթե մրգի լեզուն ըմբռնում ես, մարդու լեզուն կամ ամպերի, կամ ծիածանի լեզուները չհասկանալ չես կարող, այսինքն` բնության մեջ ամեն արարածի լեզու դյուրին տրվում է նրան, ով մրգի պես անուշ խոսք ու լեզու ունի:
Եվ Լսողը ծերուկին բարևեց.
– Ողջույն երկնային այգեպանին:
Ծերուկը շոյեց տղայի գլուխն ու պատասխանեց.
– Բարի գալուստ, երկրային հյուր արքայազնին:
– Ես արքայազն չեմ,- շտապ ասաց Լսողը:
– Ամեն հեքիաթ լսող ու ըմբռնող ինքնին թագավոր է և արքայազն,- ասաց ծերուկը և երկար, ճերմակ մորուքը սղալելով` տղայի ձեռքից բռնած տարավ խնձորենիների կողմը:
Լսողը հարցրեց.
– Ինչո՞ւ պապիս պատմած հեքիաթից հետո խնձորներ չընկան, խնդրում եմ, եթե տեղյակ եք, ճիշտը ասեք:
– Մեր այգում մշտապես ճիշտ են խոսում, կեղծ խոսելուց փարթամանում են մոլախոտերը, ուրեմն լսիր, ձեր երկրում վերջերս շատացել են մեքենաները, սարքավորումները, ռոբոտներն ու տարատեսակ սմարթֆոն, տելեֆոն և այֆոններն ու այլֆոնները, մարդիկ ժամանակ չունեն…
Ծերուկի խոսքը կիսատ մնաց:
Այդ պահին պարզ երկնքում դղրդաց ու ճայթեց, փայլատակեց ու շանթեց կայծակը: Այդպիսին Լսողը դեռ չէր տեսել: Երկնքում ահեղ տարուբերվեցին կրակվորած, հանկարծակի հայտնված ամպերը:
Ծերուկը խլացել ու ահաբեկված նայում էր մե՛րթ կայծակին, մե՛րթ տղային.
– Չվախենաս,- գոչեց նա,- ես եղան ունեմ:
Նա վազեց դեզի մոտ, խոտերի միջից արագ դուրս քաշեց եղանն ու հարձակվեց կայծակի վրա:
Կայծակը կարծես չարախնդում էր ու առավել ուժգին շամփրում:
Լսողը բարձր գոչեց.
– Ես նրան կհաղթեմ:
– Ինչո՞վ,- հազիվ լսելի հարցրեց ծերուկը:
– Հեքիաթ պատմելով,- գյուտ արածի պես պատասխանեց տղան:
– Դե, քեզ տեսնենք,- եղանով պայքարը չդադարեցրած` գոտեպնդեց ծերուկը:
Եվ տղան սկսեց.
– Հե՛յ, Կայծակ, լինում է, չի լինում մի բալետի պարուհի, անունը` Էա, նա այնքան…
Տղայի խոսքը կտրեց Կայծակը.
– Դու միամիտ այծիկ ես, չգիտե՞ս, մենք բալետ-մալետ չգիտենք, մերը հզոր կրակե պարն է ու կատաղի շանթահարումը:
Եվ այնպես բոցկլտաց, որ տղային թվաց, թե նրա կայծերից ու կրակե լեզվից այրվում է Էայի նրբագեղ զգեստը:
Լսող տղան գոռաց.
– Է՛յ, Կայծակ, հիմա քեզ կթրատեն սուսերով տղերքը, լսի՛ր:
Եվ անմիջապես հնչեց Արամ Խաչատրյանի «Սուսերով պար» երաժշտությունը, ու երկնային ասպարեզ մտան հզոր մկանունքով, սուսերակիր պարող տղաներ:
Անպատմելի գոյամարտ էր Կայծակի և պարողների միջև, Էան էլ իր կրակոտ պարն էր բորբոքել:
Կայծակը վիրավոր գազանի պես վեր էր սլանում, իջնում, զարկում էր քաջ պարողներին, իսկ սուսերակիր տղերքն անխնա թրատում էին Կայծակ վիշապին, բայց միևնույն ժամանակ շարունակում էին գեղեցիկ պարել: Այնքան հետաքրքիր է, երբ պայքարը գեղեցիկ է լինում, դա պարտվողին անգամ հաճույք է պատճառում: Եվ այդպես խոցված վիշապի պես ընկած Կայծակը ճայթեց մարդկային լեզվով.
– Շնորհակալ եմ, դուք լավ պարեցիք, իսկ Էա գեղեցկուհին իր հմայքով ինձ խոցեց մինչև հոգուս խորքը:
Ողբերգությունը չհասցրեց իրականանալ, բարի ավարտ ունեցավ:
Երկնային ծերուկը դիմեց տղային.
– Սիրելի տղա, անունդ ասա:
– Լսող է իմ անունը, իսկ Ձե՞րը:
– Իմն էլ Համայն է, Լսող տղա, դու հրաշք հեքիաթով հաղթեցիր հրեշ Կայծակին, դա ոչ միայն գեղեցիկ էր, վեհ, այլև զավեշտալի ու զվարթուն, ո՞վ է քեզ ուսուցանել չարի դեմ պարով պայքարելու գաղափարը:
– Իմ պապը, Համայն պապիկ: Նա իր հեքիաթները հաճախ պարելով է պատմում, մեր հայկական հին պարերը հիմնականում մարտապարեր են,- հպարտացավ Լսողը:
– Դու հիշո՞ւմ ես, որ իմ խոսքը կտրեց Կայծակը, կարո՞ղ ես ասել, թե որն էր իմ վերջին միտքը,- հարցրեց Համայնը:
– Այո՛, մինչև Կայծակի հայտնվելը ձեր վերջին բառերն էին` մարդիկ ժամանակ չունեն:
– Ճիշտ է, տղաս… Մարդիկ ժամանակ չունեն հեքիաթ լսելու և, նամանավանդ, հավատալու հեքիաթային բաների, նրանք շատ են խրվել գործի-մործի, հոգսի-մոգսի, առ ու ծախի ճահիճը, ծաղրում են մեր ու ձեր նմաններին: Գնանք խնձորենիների մոտ:
Լսողը տեսավ ոսկեփայլ խնձորների հրավառություն, նրանք փայլփլում էին ու կանչում դիտողին:
– Լսող տղա, դու հասկացա՞ր, թե ինչու պապիդ պատմած հեքիաթից հետո խնձոր չընկավ, խնձորներն էլ են խռովել մարդկանցից, մարդիկ իրար գլխի ռումբեր են գցում:
Այս խոսքերից հետո տխրեց Համայնը: Ապա ժպտաց ու ասաց.
– Լսող տղա, ես չեմ ճանաչում քո հեքիաթի Էային, բայց հասկացա, որ նա քեզ շատ է ոգևորել:
– Սխալ կլինի հակառակը ասել, իմ մտքում Էան պարում է և կարծես թռչկոտում է ամպերի վրա,- ամաչելով ասաց տղան:
– Տա Աստված, Էան քեզ այցելի երկրի վրա,- աչքով արեց Համայնը:
Լսողը հավատաց, որ նրա խոսքը իրականությանը մոտ է:
Ապա Համայնը Լսողին մեկ-մեկ ծանոթացրեց խնձորենիների հետ. նրանք շատ առողջ էին, տերևներին ցող էր, ճյուղերը` դալար:
– Մի հատ չե՞ս ուտի,- հարցրեց Համայնը:
– Չէ՛, ես միշտ պապիս հետ եմ ըմբոշխնում, մենակ չեմ կարող: Համ էլ, պապս սպասում է, երևի գնամ, կանհանգստանա:
– Սիրելի Լսող տղա, ես քեզ լիովին ընկալեցի, ինչպես հանկարծակի եկար, այդպես էլ իրավունք ունես հեռանալու, հեքիաթային է կյանքը և երբեմն անհասկանալի ու հանկարծական, սակայն մշտապես հավատը հաղթում է:
Լսողը լսում և խելոք տղայի պես գլխի շարժումով հաստատում էր Համայն ծերուկին և ասաց.
– Պապս էլ է նման խոսքեր ասում:
– Դրանք համատիեզերական պարզ խոսքեր են, խնձորն էլ է այդպես մտածում, ամպն էլ, որ ուզում ես իմանալ` կայծակն էլ, տեսա՞ր ինչ հանկարծակի հայտնվեց, բայց չար էր նրա միտումը. պարտվեց` պարից ու հավատից, Լսող տղայի հավատից: Դու հիմա թռիր, մի՛ ուշացիր, պապդ անհանգիստ է: Հաջողություն:
– Հաջողություն, Համայն պապիկ, ես նոր հասկացա, թե ինչ լավ է, որ կան պապիկներ ու թոռներ, պարուհիներ ու կայծակներ, քաջեր ու եղաններ և ինքնաթիռներ ու ինքնավերացումներ,- ասաց տղան:
– Հա՛, վերջինը քո գյուտն է, տեղեկացա կաչաղակից,- խորամանկ ժպտաց,- միշտ հորինող լինես, ապրես, տղաս, ես էլ ինքնաիջեցում եմ հորինելու, մի օր գամ քեզ ու պապիդ հյուր:
Նա համբուրեց տղայի ճակատը: Լսողը բռնեց նրա եթերային ու եռանդ հաղորդող ձեռքը և ինքնավերացվեց, չէ՛, ինքնավարացվեց, այսինքն` ասես վերելակով իջավ երկիր:
Կաղնու տակ կանգնել էր պապը, ու նրա սրտի ուժգին բաբախյունից ոչ մի թռչուն չէր թառում ճյուղերին:
Թոռանը տեսնելով, ճչաց.
– Ա՛յ տղա, էս ո՞ւր էիր, հոգիս հանեցիր:
– Գնացի, տեսա խնձորենիները և Համայն պապիկից իմացա, թե ինչու քո հեքիաթներից հետո այլևս խնձոր չի ընկնում:
– Ինչո՞ւ,- սրտատրոփ հարցրեց պապը:
– Հիմա կպատմեմ,- ասաց տղան ու սկսեց պատմել գլխով անցածը:
Երբ նա վերջացրեց, պապը, ամեն ինչ հասկացողի պես հառաչելով, բեղերը սղալեց, ու հենց այդ պահին երկնքից երեք խնձոր ընկավ, մեկը` պատմողին, այսինքն` թոռանը, մյուսը` Լսողին, այսինքն` պապին, իսկ երրորդը` բոլորին, ովքեր հավատում են հեքիաթներին:
Այս հեքիաթից հետո էլ ո՞վ կխիզախի չհավատալ, Կայծակը վերից հանկարծ կհայտնվի:
Հա՛, մոռացա ասեմ, որ Լսող տղան և Էա պարուհին հետո ամուսնացան, այ, սա հեքիաթ չէ, իրականություն է կամ իրական հեքիաթ:

Սուրեն
ՄՈՒՐԱԴՅԱՆ

Ծաղիկներն ու պարտիզպանը

ՁՆԾԱՂԻԿ

Գարնան բույրն եմ ես առաջին,
Բախտավոր եմ բոլորից ես,
Դաշտն առանց ինձ չի կանաչի,
Ո՞ր ծաղիկն է, ասե՛ք, ինձ պես:

ՆԱՐԳԻԶ
Գլխիս ունեմ դեղին պսակ,
Վերև ձգված երկար հասակ,
Թերթեր ունեմ նրբին ու հեզ,
Գարուն բերող նարգիզն եմ ես:

ՎԱՐԴ
Թագուհին եմ ողջ բնության,
Վարդն եմ, զարդն եմ ես ամեն տան,
Այնքան հպարտ եմ ինձ զգում`
Ունեմ գարնան արևի գույն:

Լիպարիտ ՍԱՐԳՍՅԱՆ

ԵՍ ՈՒ ՏԱՏԸ
Առավոտյան հենց արթնանում,
Տատիկիս եմ իսկույն ձայնում.
– Բարի լո՜ւյս, տա՛տ, ի՞նչ կա-չկա,
Ո՞ւր ես, հիմա մոտդ կգամ…
Իսկ հայրիկը վաղ արթնացել,
Մայրիկի հետ
աշխատանքի է գնացել:
Եվ տանն` ամեն օրվա նման,
Ես ու տատն ենք տեր-տիրական:
Դե ինչ, մենք էլ պարապ հո չենք,
Հազար ու մի գործեր ունենք…
Տատն, ինչպես միշտ`
սիրուն, կարգին,
Անկողինը կհավաքի
Եվ հատակը կլվանա,
Իսկ ես խանութ կսլանամ,
Որ գնեմ կաթ, հաց ու կարագ
Եվ տուն դառնամ արագ-արագ:
– Տան գործին վերջ, ավարտ չկա,
Տատը մատաղ իր աղջկան,
Իմ օգնական, իմ Լուսինե,
Տուն ու տեղը մեր հույսին է:
Աման-չաման լավ փայլեցնենք,
Ճաշ եփելու գործին անցնենք,
Որ երբ մերոնք վերադառնան,
Նայեն շուրջն ու ուրախանան,
Ասեն` տատն ու աղջիկը մեր
Այս ինչքա՜ն շատ գործ են արել:

Անահիտ ԹԱՐՅԱՆ 

ԵՍ ՔՈ
ԶԻՆՎՈՐՆ ԵՄ,
ՀԱՅԱՍՏԱ՛Ն

Ես քո բռունցքն եմ,
Քո վաղվա հունձքն եմ,
Գալիքն ու նորն եմ, Հայաստա՛ն,
Քո կուռ զրահն եմ,
Փառքիդ սրահն եմ,
Ես քո զինվորն եմ, Հայաստա՛ն:

Սեգ լեռներիդ պես
Անխոց եմ ու վես,
Հաղթ ու հզոր եմ, Հայաստա՛ն,
Քեզնով անպարտ եմ,
Մարդ ու գերմարդ եմ,
Ես քո զինվորն եմ, Հայաստա՛ն:

Քո խաղաղ քունն եմ,
Բերդ դարձած տունն եմ,
Բացվող ջինջ օրն եմ, Հայաստա՛ն,
Ինձ համար կյանք ես,
Կյանքից էլ թանկ ես.
Ես քո զինվորն եմ, Հայաստա՛ն:

Դու` մատյան ու գիրք,
Արմատն եմ քո պիրկ,
Դարերում խորն եմ, Հայաստա՛ն,
Քո վաղվա հույսն եմ,
Հոգուդ վառ լույսն եմ,
Ես քո զինվորն եմ, Հայաստա՛ն:

Մյուռոնն ես բախտի…
Ինձ ո՞վ կհաղթի,
Հայկի քաջ թոռն եմ, Հայաստա՛ն,
Իմ գործն արդար է,
Մեր լույսն անմար է.
Ես քո զինվորն եմ, Հայաստա՛ն:

Վարդգես ԽԱՆՈՅԱՆ

ՀԱՅՐԵՆԻ
ԵԶԵՐՔ

Քո լեռները
ժպտադեմ
Արևին գիրկն են առել,
Աղբյուրներդ արծաթե
Զնգուն լարեր են դառել:

Ծաղիկները ցողաթաց
Բուրում են ջերմ, սրտագին
Եվ նոր գույներ են խառնում
Իմ երազի ծփանքին:

Արտերդ ծով, ոսկեբերք,
Մեղմ օրորվում են անծայր,
Իմ հայրենի լույս եզերք,
Կա՞ քեզ նման անուշ վայր:

Արմեն ՇԵԿՈՅԱՆ

ԱՆՁՐԵՎ, ԱՆՁՐԵՎ, ՄԻ՛ ԱՐԻ

Սովորել եմ դասերս,
Անձրև՛, անձրև՛, մի՛ արի,
Ես ընկերներ շատ ունեմ`
Տղաներ քաջ ու արի:
Կռիվ-կռիվ ենք խաղում,
Բայց դու վատ բան չկարծես,
Իրար վնաս չենք տալիս:
Շատ եմ խնդրում, մի՛ արի:
Անձրև՛, անձրև՛, մի՛ արի,
Թե չէ մայրիկս էլի
Կվախենա քեզանից
Ու սարսափած կկանչի.
-Աշո՜տ, Աշո՜տ, տուն արի:

Յուրի ՍԱՀԱԿՅԱՆ
ՄՐՋՅՈՒՆԸ
Հենց լուսաբացը հնչում է՝
Ոտի վրա է մրջյունը:

Գիտի, երբ է ելնում քնից,
Գիտի, երբ է ելնում բնից,
Գիտի, թե երբ ուր է գնում,
Գիտի՝ ինչ է պակաս բնում,
Գիտի, թե որ դաշտից բերրի
Շալակն առած ինչ կբերի,
Ուր կդնի, կմշակի՝
Ըստ մրջնային իր ճաշակի…

Գիտի, թե ինչ է պետք պապին,
Գիտի, թե ինչ է պետք տատին,
Գիտի՝ ինչով պիտի գերի
Ցեղակիցներին հարգելի,
Երբ որ փակեն դռները տան
Ու վայելեն երանությամբ
Մեկիկ-մեկիկ կուտակածը,
Ձմռան համար ամբարածը…

Հենց լուսաբացը հնչում է՝
Ոտի վրա է մրջյունը:

Օլգա ԴԱՐՅԱՆ

ԿՌԿՌԱՆԸ

Մի օր գորտը կռկռաց,
և ինձ թվաց, թե ասաց.
– Իմ անունը Գո՛րտ է, Գո՛րտ…
սա իմ ճահիճն է տիղմոտ,
սիրում եմ ես լողանալ
և ցամաքին ծուլանալ…
Դուրս եմ գալիս ես ջրից,
պառկում ճիմե բազմոցիս
ու սկսում կռկռալ…
Թե անձրևը չուզի գալ,
մե՛կ արևին կնայեմ,
մե՛կ լողացող ամպերին…
Ահա՛, մորեխն էլ ընկավ
կռկռացող բերանն իմ…
Պատահում է և թիթեռ`
բեղիկնե՜րն են շատ համեղ,
պատահել է և մեղու,
որ… փուշ ունի խայթելու.
փուշը բեղիկ չէր բնավ`
լեզուս հազիվ լավացավ…
Ահա սա՛ է կյանքը իմ`
շուրջս ճահիճ, ցեխ ու ճիմ,
որտեղ մեկ բան կա ծաղկուն`
Ջրաշուշա՜նը սիրուն…
Բայց այսօր նա չի բացվել,
տեսնես ի՞նչ է իմացել,
հանկարծ մրսած չլինի՞,
գնա՛մ, հարցնեմ երևի…
Հարևանիս նկատմամբ
հո անտարբեր չե՞մ լինի…
Գորտը ցատկեց, ջուրն ընկավ
և իմ մասին մոռացավ:

Նիկոլայ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
ՁՆԾԱՂԻԿ
Դու ես բացում ճամփան
Բոլոր ծաղիկների,
Անձնազոհ ծաղկամայր,
Դու գարնան բանալի…

Ձնաբույր ու խոնարհ`
Զարթոնքի արշալույս,
Քիչ սառա՜ծ, ցրտահա՜ր,
Հեզ ծաղիկ` նրբահյուս…
Ձնծաղիկին մի պոետ
«Գարնան նամակ» է ասել,
Եկ չվիճենք նրա հետ,
Խոսքը ճի՛շտ է տեղ հասել…

Արի հիմա ծաղկին մենք,
Որ գարուն է ավետում,
Քաջ Լրաբեր անվանենք`
Հաղթանակով եկած տուն:

Ձնծաղիկ կապուտաչ,
Սիրելի բոլորին,
Դու գարնան ջերմ հառաչ,
Սիրո խոսք մտերիմ:

Դու ծաղի՜կ վախվորած,
Հեզանա՜զ ու քնքուշ,
Գալիս ես դու… հանկարծ,
Ավետմա՜ն լույս-անուրջ:

Գոհար
ԳԱԼՍՏՅԱՆ

ԺԱՄԱՊԱՀ
ԱՔԼՈՐԸ
– Կուկուրիկո՜ւ,
կուկ-րիկո՜ւ,
Պոչիս ունեմ յոթ
փետուր`
Շիկակարմիր, սևորակ,
Աչքերս` մուգ կլորակ:
Ելնեմ բլրի կատարին,
Ձգեմ կարմիր կատարն իմ:
Չկա կողքիս հավասար
Ուրիշ թռչուն մի կտցան,
Որ երգելու էլ վարպետ`
Լուսածագի ժամի հետ
Կուկուրիկուն ավետի,-
Ամեն մեկը դա գիտի:
Տեսեք, ելավ արեգակ,
Կուկուրիկո՜ւ, ելեք բակ…

Անուշ ՎԱՐԴԱՆՅԱՆ
ՀԵՔԻԱԹԱՅԻՆ
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Մի օր իմ չարաճճի բալիկը չէր քնում, և վերջ: Ճիշտը որ ասեմ, արդեն դատարկել էի իմ իմացած հեքիաթների տոպրակը: Ես Վիքիմեդիայից գտա աշխարհի ժողովուրդների օրորոցայինները: Մանկիկը քնեց մեքսիկական սիրունիկ երգի հնչյունների ներքո…
Իհարկե, նեպալականն էլ լավն էր, մանավանդ որ հնչում էին նանի, նանի… ծանոթ բառերը:
Ես խորհուրդ եմ տալիս աշխարհի բոլոր-բոլոր մայրիկներին. գտե՛ք այդ մեղեդիները, և ձեր բալիկները անուշ-անուշ (իմ անունից է) կքնեն…
Բայց… ա՜խ, այդ բայցը: Ցնցողը մեքսիկականի կուչի-կուչի բառն էր: Պարզ է, դա նշանակում էր փոքրիկ: Զարմանալի է, որ մեր բարբառներից մեկում պստիկ բառը նույնահունչ է` կուճի-պուճուր: Փորձեցի մի փոքր (կուճուր) ծանոթանալ Մեքսիկայի մշակույթին: Հանկարծ հայտնվեցի տատիկ Էսմերալդայի պանդոկում: Այն գտնվում էր Մեքսիկայի սրտում, մի անծանոթ, փոքրիկ ավանում: Բայց այդ ավանն արդեն հռչակվել էր ողջ երկրով մեկ: Էսմերալդա տատիկը ճաշ էր եփում, գիտե՞ք ինչից` քարից…
Ճաշի բաղադրատոմսը նրան սովորեցրել էր իր տատիկը, նրան` իր տատիկը, իսկ նրան էլ` իր տատիկը, մինչև մեքսիկացի առաջին տատիկը…
Սա, իմ ընթերցող, իրականություն է: Որովհետև երբեմն իրականն ավելի անհավատալի է, քան հեքիաթը…
Մեծ, չուգունե կաթսայի հատակին Էսմա տատիկը դնում էր մի խոշոր գլաքար: Ջուրը լավ եռալուց հետո ավելացնում էր լոբի, կարտոֆիլ, համեմունքներ, հետո՝ միս, ձիթայուղ, և մի քանի ժամից աստվածային ուտելիքը պատրաստ էր: Ավանի բնակիչները շատ էին սիրում այդ սննդարար ուտելիքը: Չմոռանամ ասել, որ մատուցվող ամանի մեջ դրվում էր փոքրիկ գլաքար և հետո լցնում էին գունագեղ ապուրը, որն առավոտյան հանքափորներն ուտում էին, և մինչև ուշ գիշեր նրանց չէր լքում ուժը…
Ահա այդպիսի ապուր:
Ապուրի փառքը հասավ մայրաքաղաք Մեխիկո: Եվ նախագահը հրաման տվեց այդ ապուրից բերել պալատ, չէ՞ որ միայն Էսմա տատիկը գիտեր, թե որ քարերն են ուտելի…
Այդ կախարդական ապուրը ևս մի գաղտնիք ուներ: Էսմերալդա տատիկի թոռնիկը` գեղեցկուհի Էսմա կրտսերը, սիրահարվել էր մի պատանու: Այնպես եղավ, որ պատանին մեկնեց հեռավոր երկրներ: Աղջկա սիրտը կոտրվել էր, ոնց այն բաժակը, որ երեկ կոտրեց իմ բալիկը:
Տատիկը բացեց կախարդական ապուրի գաղտնիքը: Հիմա դա ձեզ կպատմեմ: Լսեք ուշադիր: Էսմա գեղեցկուհի թոռնիկն ախորժակով կերավ ապուրը, իսկ վերջում լպստեց կախարդական քարը, ինչպես ուտում են սառնաշաքարը: Եվ ի՞նչ, նրա սիրտը բուժվեց: Դե, երբեմն ես էլ եմ սոսնձով ամրացնում կոտրված սիրելի բաժակը:
Ահա այսպիսի հեքիաթ թե իրական պատմություն: Որոշիր ինքդ, իմ սիրելի ընթերցող:

Ստեփան ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

ՏԱԿԱՌՈՎ ՇՆԻԿԸ
Մի օր պապը մտավ մառան,
Տեսավ` ընկած տակառ կա հին,
Գրկեց ու դուրս հանեց նրան,
Որ չմնա մութ անկյունում:

Սուր կացինը գնաց բերեց,
Որ կոտորի փայտերն հերթով,
Հանկարծ թոռը տեսավ, վազեց,
Մի բան անցավ նրա մտքով:

Պա՛պ, տեսնո՞ւմ ես, որ մեր շունը
Անձրևին դուրսն է մնում,
Հենց տակառն էլ կլինի բույն,
Ներկենք, դառնա տեսքով, սիրուն:

Պապն հավանեց թոռան մտքին.
«Խելքի ծով է այս երեխան»,
Այդ օրվանից տակառը հին
Կլոր տունն է մեր դռան շան:

Անդրանիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

***
Երբ որ Շուշանն է լալիս,
Ասես անձրև է գալիս.
Դրսում գայլուկն է ոռնում,
Ներսում երկինքն է գոռում,
Հաստատ անձրև է գալիս,
Երբ որ Շուշանն է լալիս:

Հետո փոխվում է օրը,
Արև է շուրջբոլորը,
Իրենց սենյակ-աշխարհում
Խաղալիքներն են պարում:
Առաստաղն է ճաճանչում,
Ու հատակն է կանաչում,
Ու պատերն են ծաղկում, տե՛ս,
Երգում են բակ ու պարտեզ:

– Այս ի՞նչ բան է, ինձ կասե՞ս,
Գարո՞ւն եկավ մեր թաղում:
– Չէ՛, գարուն չէ, պարզապես
Մեր Շուշանն է ծիծաղում:

Սուքիաս ԱՂԱԼԱՐՅԱՆ

ՊԱՊ ՇՈԳԵՔԱՐՇԸ
Իր գիրկն առած փոքրիկ
թոռին
Պապը նստել էր աթոռին:

Անչափ բարի պապիկը մեր
Շոգեքարշ է մի ալեհեր:

Ծունկը վեր ու վար է անում,
Շոգեքարշի սուլոց հանում:

Կյանքի ճամփով
տանում է վեր,
Տալիս խորհուրդ ու խրատներ:

Բայց հանկարծ կանգնեց
Շոգեքարշն անուժ,
Քնեցին գրկված
Պապն ու թոռն անուշ:

Շնորհիկ ՇԱՀԻՆՅԱՆ

ԱՆԻՆ ԳՆՈՒՄ Է ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ
Անին այսօրվանից մանկապարտեզ է գնալու: Դեռ վաղ առավոտից տատիկի հետ ընտրում են հագուստները, մե՛կ հավանում են վարդագույն բանտիկով, ժանեկազարդ փեշերով շրջազգեստը, իր զարդերով, մե՛կ մանուշակագույնը, մե՛կ էլ սպիտակ օձիքով ու թիկնոցով կապույտ շրջազգեստը: Անին շատ անհանգիստ է, հագնում է ու հանում, պտտվում հայելու առաջ: Բա գլխարկները, էլ թիթեռնիկաձև, էլ վարդագույն հովհարով, մի խոսքով, մի խառնաշփոթ է տիրում տատիկի ննջասենյակում:
– Տատիկ, ես անպայման շրջազգեստ պիտի հագնեմ, որ պարելու ժամանակ, ա՛յ, այսպե՛ս բռնեմ փեշերս ու պտտվեմ:
Անին ձեռքերով ձգում է շրջազգեստի փեշերը աջ ու ձախ և վարդագույն հոլի նման պտտվում հայելու առաջ:
Սև խոպոպիկներին մի մեծ վարդակակաչ ժապավեն են կապել, իսկ կոշիկները` կարմիր ժապավեններով, ատլասից փափուկ ու սիրուն:
– Իսկական հրեշտակ ես, իմ Անի,- հիանում են պապիկն ու տատիկը` նայելով հայելու դիմաց թռվռացող թոռնիկին:
– Հա՛, հրեշտակ եմ, պարող հրեշտակ եմ,- երգում է Անին և փոքրիկ պայուսակը ուսին գցած` կանգնում է դռան մոտ:
– Դե գնանք, ուշացանք,- իսկ պայուսակի մեջ լցրել են գունավոր մատիտներ, ալբոմ, գրքեր:
Անին չի մոռացել նաև Չուչի տիկնիկին: Նրանք նախապես փոխել են հագուստները, զուգել-զարդարել: Չուչին ընկերակցում է Անիին:
– Տանը մնա, ի՞նչ պիտի անի, ո՞ւմ հետ պիտի խաղա,- ասաց Անին ու որոշեց նրան տանել իր հետ:
Սկզբում տատիկը դեմ էր:
– Ախր, մանկապարտեզում շատ ուրիշ տիկնիկներ կան, գուցե քո տիկնիկը խռովի, որ նրանց հետ խաղաս, կամ էլ չի ցանկանա, որ ուրիշ երեխաներ իր հետ խաղան,- մտահոգված ասաց տատիկը:
– Չէ՛, տատիկ ջան, մի՛ վախեցիր, ես Չուչիին կսովորեցնեմ լինել բարի, ուրիշներին չնեղացնել, չէ՞ որ նրանք էլ իր ընկերներն են,- հուսադրեց Անին, ու ճանապարհ ընկան:
Երթուղային տաքսին վերջապես կանգ առավ, և տատիկն ու Անին շտապ իջան: Մանկապարտեզը գտնվում է Յոթ Վերք եկեղեցու դիմացի շենքում: Տեսնելով եկեղեցու գմբեթները` Անին, հետևելով տատիկին, արագ-արագ խաչակնքեց:
– Անի ջան, ներս մտնելիս բարձր ձայնով կբարևես,- հիշեցրեց տատիկը,- հարցերին կպատասխանես, որ մեծերի խմբում քեզ ընդունեն:
Մանկապարտեզի միջանցքում նրանց դիմավորեց ընկեր Գոհարը: Նա ժպտալով ընդառաջ եկավ ու ասաց.
– Տեսեք, թե ով է եկել, մեր Անին է եկել, բարև, Անի:
Նա ձեռքը մեկնեց Անիին, իսկ Անին զարմացած ասաց.
– Տատիկ, մանկապարտեզն ինձ ճանաչում է:
– Իհարկե, ընկեր Գոհարը քեզ վաղուց է ճանաչում,- ասաց տատիկը, իսկ դաստիարակչուհին նրան խմբասենյակ տարավ:
Տատիկը հոգնած նստեց միջանցքի բազմոցին և սպասեց:

Ժաննա ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

ՀԱՅՐԵՆԱՍԵՐԸ

– Ասա, ո՞վ է նկարել,
Ո՞վ է, հայրիկ, այս տղան,
Ձեռքին այդ ի՞նչ է բռնել,
Իսկ սա տա՞նկ է իսկական:

– Նա զինվոր է քաջազուն
Ու հերոս է նա մարտում,
Իսկ ձեռքինն էլ եռագույն
Մեր դրոշն է փողփողում:

– Եռագույնը ի՞նչ է, հայր,
– Դա պատիվն է, ոգին մեր,
Հայրենիքի շողն անմար,
Մեր ոստանն է, տունը մեր:

– Թե այդպես է, հայր, արի՛,
Որ շողշողա ամենուր,
Որ նմանվեմ զինվորի,
Մի դրոշ էլ դու ինձ տուր:

ԱՐՋԻ ՁՄԵՌԸ
Անտառի բացատում հավաքվել էին Արջը, Գայլը, Աղվեսն ու Նապաստակը:
– Վա՜-այ, վերջապես գարունը բացվեց,- ասաց Նապաստակը: – Մենք` նապաստակներս, այնպես չենք սիրում ձմեռ: Ձմռանը ո՛չ կաղամբ կա, ո՛չ գազար, ո՛չ էլ խոտ: Միայն ծառի կեղևն է մնում ուտելու, այն էլ սառած, կոշտ, ինչքա՞ն ուտես, որ կշտանաս:
– Այո՛, այո՛,- ասաց Աղվեսը, մենք` աղվեսներս էլ ձմեռ չենք սիրում: Մինչև հասնում ենք մոտակա գյուղերը, շները ձյան վրա տեսնում են մեր ոտնահետքերը և ետևներիցս ընկնում: Ձմեռն էլ այնքան երկար է տևում: Սպասում ես, սպասում, բայց գարունը չկա ու չկա:
Աղվեսը հառաչեց ու լռեց:
– Ի՞նչ է, կարծում եք մենք` գայլերս, շա՞տ ենք ձմեռ սիրում: Օրերով սոված-ծարավ թափառում ենք անտառում, մրսում ու սպասում, որ գարուն գա: Ասում են, թե մենք` գայլերս, ուժեղ ենք, բայց այդ երկարատև բուք ու բորանին, սառնամանիքին ուժն ի՞նչ կարող է անել: Շոգին կարող ես մտնել առվակը, հովանալ, պառկել ծառերի ստվերում: Իսկ ի՞նչ անես ձմռանը, որ տաքանաս: Ո՞ւր մտնես: Սովն էլ մյուս կողմից: Չէ՛, ձմեռը սիրելու բան չէ:
– Հա՜-հա-հա-հա,- ծիծաղեց Արջը:-
Ձմռան մասին այնպես եք խոսում, կարծես ամիսներ է տևում: Բա մի գիշերվա կրած նեղության համար կարելի՞ է այդքան դժգոհել:
– Ինչպե՞ս թե մի գիշերվա,- զարմացած միաժամանակ բացականչեցին Նապաստակը, Աղվեսն ու Գայլը:
– Այո՛, երբ ձմեռ է գալիս, ես պառկում եմ իմ որջում, թաթս դնում եմ բերանս ու քնում: Իսկ առավոտյան, երբ արթնանում եմ, տեսնում եմ` արդեն գարուն է:
– Երանի՜ քեզ,- նախանձով ասացին բոլորը և զարմացած բաժանվեցին, այդպես էլ չհասկանալով, թե ինչպես է Արջի ձմեռը մեկ օր տևում:

Սաթենիկ ՂԱԶԱՐՅԱՆ

ԽՆՁՈՐԵՆՈՒ
ԳԱՂՏՆԻՔԸ
Մի մարդ հեռանում է իր հայրենի օջախից: Ամայի տարածքում հող է վարում, ծառեր տնկում: Անցնում են տարիներ: Այգին ամրանում է, ծառերը մեծանում են: Ամեն գարնան ծաղկում և աշնանը պտուղ են տալիս: Միայն խնձորենին չի ծաղկում և պտուղ չի տալիս: Նա որոշում է կտրել անպտուղ խնձորենին, բայց ձեռքը չի բարձրանում, իսկ տարիներն անցնում են:
Ամեն անգամ գարնանը, ծաղկած ծառերի շուրջ պարում են ճերմակազգեստ փերիները, երանությամբ լցնում շրջապատն ու մարդու հոգին: Իսկ խնձորենին տխրում է:
Այդ անգամ, երբ մարդը կրկին որոշում է կտրել խնձորենին, երազ է տեսնում: Այն բոլոր սպիտակազգեստ փերիները, որ պարում էին ծաղկող ծառերի շուրջ, լեզու են առնում և խոսում են նրա հետ.
– Դու չես կարող կտրել ծառը: Այն կծաղկի, երբ ինքդ կկատարես պայմանները:
– Եվ որո՞նք են դրանք,- հարցնում է մարդը:
– Դու կգնաս քո ծննդավայր, կբերես այն, որը քեզ շարունակություն կտա, և կհանես այն, ինչը կխանգարի քեզ:
Մտածում է մարդը, մտածում և հասկանում է, որ տարիներ շարունակ չի հիշել իր ծնողներին: Վերադառնում է ծննդավայր, գտնում է արդեն ծեր, հիվանդ ծնողներին: Նրանց բերում է իր տուն: Ապա ամուսնանում է: Եվ երբ ծնվում է առաջնեկը, հասկանում է, որ կատարել է փերիների երեք պայմանները: Վերադարձել է իր արմատներին, ամուսնացել, որդի է ունեցել` ապահովելով շարունակությունը և, ամենակարևորը, հանել հոգու դատարկությունն ու մենությունը: Առավոտյան երբ դուրս է գալիս այգի, տեսնում է` այգին շողշողում է կաթնավարդագույն ծաղիկների առատությունից:
Խնձորենին ծաղկել և բուրում էր իր կաթնաբույր հմայքով: Ծաղկած խնձորենու շուրջ պարում էին հմայիչ փերիները:
Մարդը գրկում է կնոջն ու որդուն և երջանիկ ժպտում խնձորենուն:

ԵՍԹԵՐ

ԷԹԵՐԻՆ ՈՒ ԱՍՊԵՏԸ…
Դա պետք է պատկերացնել, ոչ թե տեսնել: Դա պետք է երևակայել, ոչ թե հորինել: Ու ես դա չեմ հորինում, այլ դա իմ երևակայության արդյունքն է:
Մի երկրում, յոթ սարից ու յոթ ծովից այն կողմ, ապրում էր գեղեցկուհի Էթերին, որին Աստված երևակայելու շնորհ էր տվել: Բայց երևակայելը դեռ ոչինչ: Ինչ Էթերին պատկերացնում էր, իրականություն էր դառնում:
Մի օր էլ երևակայում է, թե սիրահարվել է մի ասպետի, ու որ էդ ասպետը պետք է հաղթահարի մի քանի փորձություն, որ հասնի Էթերիին:
Եվ ահա, ասպետը իմանում է Էթերիի մասին ու որոշում է տեսնել աղջկան: Հենց տեսնում է Էթերիին, հիանում է նրա գեղեցկությամբ: Բա ինչ է կատարվում ասպետի հետ, երբ աղջիկը սկսում է խոսել: Էնպիսի կիրթ ու գեղեցիկ բառեր է օգտագործում, որ ասպետի լեզուն կապ է ընկնում:
Էթերին ասում է.
– Եթե դու ուզում ես ինձ հետ ամուսնանալ, պետք է պատասխանես 3 հարցի:
Ասպետն ասում է.
– Ես պատրաստ եմ:
Աղջիկն ասում է.
– Ինչո՞ւ աշխարհում արդարություն չկա:
– Որովհետև ես աղքատ եմ, իսկ դու` հարուստ,- պատասխանում է ասպետը:
– Ինչո՞ւ են ասպետները միայն հեքիաթներում լինում:
– Որովհետև հեքիաթներն իրականանում են:
– Իսկ ինչո՞ւ իրականում հեքիաթ չկա:
– Որովհետև մարդիկ չեն հավատում հեքիաթներին: Իսկ ես հավատում եմ հեքիաթներին: Ամուսնացիր ինձ հետ, դարձիր իմ կինը:
Էթերին միանգամից համաձայնում է ու հարսանիքի օր է նշանակում: Նրանք շատ երջանիկ էին, որովհետև հավատում էին հեքիաթին, որն իրականություն դարձավ:

Զեմֆիրա ԵՆՈՔՅԱՆ

ՋԱՆԳՅՈՒԼՈՒՄ
Հին ժամանակներում, երբ հին հեթանոսական աստվածներն էին հաստատում օրենքները և տնօրինում մարդկանց ճակատագրերը, ստեղծվել են ավանդույթներ, ծեսեր և բազմաթիվ ժողովրդական տոնակատարություններ` մարդկանց ուրախացնելու և կյանքը գեղեցիկ դարձնելու համար:
Այսպես մեր գեղեցկության աստվածուհի վարդամատն Աստղիկը, որը վարդեր շատ էր սիրում, հրամայեց©
– Երբ գարունը գա, ոչ մի ծաղիկ չփորձի բացվել, բացի իմ սիրելի գեղեցկագույն վարդից:
Երբ եղանակները տաքացան, ձմեռը կորցրեց իր իրավունքները, ձնհալի ջրերը մերկացրին սարերն ու ձորերը, որոնք կամաց-կամաց ծածկվեցին թավշե կանաչով: Եվ ոչ մի ծաղիկ չհամարձակվեց բացվել և գեղեցկացնել բնությունը: Հայր մեծագույն աստված Արամազդը երբ դուրս եկավ շրջելու հայրենի բնաշխարհում, սկզբում զարմացավ, հետո զայրացավ, կանչեց իր դուստր Աստղիկին©
– Ո՞ւր են մեր չքնաղագեղ, գույնզգույն ծաղիկները, այս ո՞ւր են անհետացել, չէ՞ որ դո՛ւ ես պատասխանատու ծաղիկների համար:
– Մի՛ զայրացիր, հայրի՛կ,- իրեն մեղավոր զգալով՝ կմկմաց Աստղիկը:- Այդ ես եմ հրամայել, որ ոչ մի ծաղիկ չբացվի, որ դաշտերն ու ձորերը զարդարվեն իմ սիրելի գեղեցկագույն վարդերով:
– Իսկ ո՞ւր են քո սիրելի վարդերը, Աստղի՛կ, այնտեղ տեսա նոր-նոր ամրացող վարդի շիվեր, որոնք անգամ բողբոջներ չունեին:
– Հայրի՛կ, դեռ ժամանակ կա, արևը պետք է ջերմ տաքացնի բնությունը, որ բողբոջները պայթեն, իսկ վարդատոնին բոլոր վարդերը բացված կլինեն:
– Աստղի՛կ, ի՞նչ ես կարծում, այդքան ժամանակ մեր սարերն ու ձորերը պետք է անզարդարանք ու անհրապո՞ւյր մնան, հենց հիմա հրամայիր, որ բոլոր ծաղիկները բացվեն, դու ինձ զայրացնում ես, աղջի՛կս, հաջորդ անգամ երբ որոշում կայացնես, անպայման ինձ հետ խորհրդակցիր:
– Ձեր հորդորը ճշմարիտ է, հայրի՛կ, ես իմ սխալը կուղղեմ,- Աստղիկը դուրս եկավ հոր մոտից և դիմեց բնությանը:- Իմ սիրելի՛ ծաղիկներ, ես ներողություն եմ խնդրում ձեզանից իմ անհիմն հրամանի համար և նորից հրամայում եմ՝ բացվեք և ձեր գունավոր զգեստներով զարդարեք բնությունը:
Բնությունը անմիջապես արձագանքեց հրամանին, թավշյա կանաչի մեջ շողշողացին գույնզգույն ծաղիկները, օդում տարածվեցին անուշահոտ բույրերը: Ծաղիկները այնքան էին ուրախացել, որ սկսեցին խաղալ մեղուների ու թիթեռների հետ: Ծաղիկները` զանգակը, մանուշակը և գինարբուկը, մի քիչ նեղացել էին աստվածուհուց և գլուխները կախել: Իսկ գինարբուկը տրամադրություն չուներ, ճիշտն ասած, նա այնքան էլ չէր սիրում իր անունը, չէ՞ որ ինքը համարվում էր «Համբարձման» տոնի խորհրդանիշ ծաղիկը, և մտածում էր խնդրել աստվածուհուն` իր համար նոր, գեղեցիկ անուն ընտրել:
Այդ մտորումների մեջ էր գինարբուկը, մեկ էլ հանկարծ լսեց երեխաների ձայնը: Գյուլնարան ու Զարուհին եկել էին դաշտ` ծաղիկ հավաքելու, Զարուհին և մյուս երեխաները Գյուլնարայի անունը կրճատել, Գյուլում էին ասում:
– Վա՜յ-վայ, ջա՜ն, Գյուլում ջա՜ն, տե՛ս, «Համբարձման» տոնի ծաղիկը բացվել է,- հանկարծ նկատեց Զարուհին:
Գինարբուկը որ լսեց «ջան Գյուլում», միանգամից հասկացավ, որ իր հավանած անունն է Ջանգյուլում:
Երեկոյան, երբ աստվածուհի Աստղիկը ոտաբաց անցնում էր իր կողքով, որ գնա Արածանի գետի ջրերում լողանալու, նա դիմեց աստվածուհուն©
– Վարդամատ աստվածուհի, խնդրում եմ իմ անունը փոխել և դնել Ջանգյուլում, այդ անունը ինձ շատ է սազում, «Համբարձման» տոնին այդ անունով շատ երգեր կերգվեն, երեխաները կուրախանան:
– Բարի, իմ արևագույն փոքրիկ հրաշք, այսուհետև դու կկոչվես Ջանգյուլում:

Սուսաննա
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ԻՆՉՈՒ ԿՈՉՎԵՑ
ԾՈՎԱՁԻ

Հազարավոր տարիներ առաջ, հրաբխից առաջացած Սանտորինի կղզու ափերը ողողում էին Էգեյան ծովի պարզ ու կապուտակ ջրերը: Կղզու լանջին անհամաչափ փռված էին միհարկանի, սպիտակ պատերով «խաղալիք» տները, որոնց բաց կապույտին տվող կլորավուն տանիքներն ու պատուհանափեղկերը համահունչ էին ծովի ջրերին: Այդ «խաղալիք» տնակներն օրվա վերջում արևի շառագունումից կարմրին էին տալիս և կամաց-կամաց վերածվում գորշ մոխրագույնի` ընկղմվելով մթության մեջ:
Ծովափնյա այդպիսի մի տնակում իր ընտանիքի հետ ապրում էր Աուլ անունով մի տղա: Ծովի ալիքների քամուց և արևի ուղիղ ճառագայթներից Աուլի դեմքը մգացել էր, իսկ ձեռքերին կոշտուկներ կային, որոնք առաջացել էին ցանցը ծովից քաշելուց: Բայց դա չէր անհանգստացնում տղային. արևը, ծովը, սպիտակ ու սև մանրիկ, տաք ավազահատիկները նրա անբաժան ընկերներն էին:
Հայրը ձկնորս էր, իսկ մայրը կարկանդակներ էր վաճառում քաղաքի տոնավաճառում: Աուլը հոր հետ, ամեն օր լուսաբացին ծով էր դուրս գալիս ձկնորսության: Նրանք մի քանի ժամ անցկացնում էին ծովում, որպեսզի ձուկ որսային, հետո տանեին շուկա` վաճառելու: Այսպես էին վաստակում իրենց օրահացը:
Սովորական մի օր Աուլը հոր հետ դուրս եկավ բաց ծով: Ցանցերը գցեցին ծովը և սկսեցին սպասել իրենց ավարին: Երբ եկավ ցանցերը ջրից հանելու ժամանակը, Աուլը հանկարծ նկատեց, որ ցանցերից մեկում, ձկների հետ դուրս է եկել ձիու շատ փոքրիկ ձագուկ:
Տղան անմիջապես գիրկն առավ ձիուկին: Ինչպե՞ս էր ձիուկը հայտնվել ջրում, կամ գուցե ինչ-որ մե՞կն էր նրան գցել ջուրը. հարցերը մնացին անպատասխան:
Աուլն ուշադիր նայում-զննում էր կենդանուն, որն իր տեսած ձիերից տարբերվում էր տարօրինակ տեսքով և գույնով: Նա շագանակագույն շերտավոր մարմին ուներ` կապտավուն բծերով, փորի հատվածը բաց սպիտակ, իսկ պոչի վերջին հատվածը պարուրաձև էր:
Տղան որոշեց կենդանուն տուն տանել և խնամել, մեծացնել, ձիու տեսք ու շնորհքի բերել, ինչպես իր տեսած ձիերն էին:
Ձիուկը ծիծաղելի տեսք ուներ, բայց Աուլը հավատում էր, որ ձիուկ հիշեցնող կենդանին կմեծանա, ինքը կհեծնի նրան և կայծակի արագությամբ կսլանա ծովափով:
Որոշ ժամանակ առանց ջրի մնալուց ձիուկը սկսեց խեղճանալ, արդեն դժվար էր շնչում: Աուլը հասկացավ, որ կենդանին առանց ջրի չի կարող ապրել. մեծ դույլի մեջ ջուր լցրեց, ձիուկին դրեց մեջը և շարունակեց խնամել:
Անցան շաբաթներ, ամիսներ, բայց ձիուկը չէր մեծանում և իրական ձիու չէր նմանվում: Տղան հասկացավ, որ իր բռնածն ամենևին էլ ձիու ձագ չէ, այս ծովային կենդանին առանց ծովի չի կարող ապրել:
Աուլը տխրեց, բայց որոշեց ազատություն տալ իր ձիուկ ընկերոջը: Տարավ նրան և բաց թողեց ծովի խայտող ալիքների մեջ:
Այդ կենդանին, որ պատահաբար ցանցն էր ընկել ձկների հետ, ամենևին էլ կապ չուներ ձիերի հետ, պարզապես տեսքով, հատկապես գլուխը, շատ նման էր ձիու գլխի և մտրուկի պես լողում էր:
Այդ օրվանից մարդիկ այդ ջրային կենդանուն կոչեցին ԾՈՎԱՁԻ:

Ղուկաս ՍԻՐՈՒՆՅԱՆ
ՏԱՏԸ
Տատը թախտին դանթում է
ու դանթելով էլ` գործում,
տեսեք, քանի՜ գուլպա է
լցվել նախշուն իր գոգում:

Մենք ընտրում ենք մեզ համար
տաք, գույնզգույն գուլպաներ…
ձմեռն եկել-անցել է, վաղուց
հիմա ամառ ու տապ է…

Իսկ տատը դեռ դանթում է
ու դանթելով հա՜ գործում…
բայց գուլպայի փոխարեն
ցատկապարան է գոգում:

Երվանդ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Թե Լուսինը չլիներ,
Օ՜, ի՜նչ տխուր կլիներ.
Գիշերները` անսովոր
Ոչ լիառատ լուսավոր…

Էլի վատ բան կլիներ`
Թե Լուսինը չլիներ.
Այդպես ո՞վ կկատակեր`
Քիչ-քիչ, քիչ-քիչ բարակեր

Ու հետո էլ` նորից նոր,
Ուռչեր ու դառնար կլոր.
Ոնց որ ֆուտբոլի գնդակ.
Մեկ տեսար` նոր, մեկ էլ` ծակ:

Կամ` ձմերուկ հյութալի,
Մեկ` չկտրած, մեկ` դիլիմ…
Շա՜տ-շատ վատ բան կլիներ,
Թե Լուսինը չլիներ…

Հենրիկ ՍԵՎԱՆ
ՏՂԱՆԵՐՆ ՈՒ
ԱՂՋԻԿՆԵՐԸ
Գիտե՞ք ինչից են
պատրաստված
Տղաները երես առած.
Ծույլ խխունջից, գորտից կանաչ
Ու շլդիկից երկարականջ:
Ա՛յ թե ինչից են պատրաստված
Տղաները երես առած:

Գիտե՞ք ինչից են պատրաստված
Աղջիկները չափած-ձևած.
Կարկանդակից, մեղրից անուշ,
Ծաղիկներից, վարդից քնքուշ:
Ա՛յ թե ինչից են պատրաստված
Աղջիկները չափած-ձևած:
(փոխառություն)

Մեկ մեկնաբանություն

  1. Ափսոս, վրիպակները։ Էս տողերը երկրորդ անգամ կրկնելու կարիք չկար։
    Գիտի՝ երբ է ելնում քնից,
    Գիտի՝ երբ է ելնում բնից,
    Գիտի, թե երբ ուր է գնում,
    Գիտի՝ ինչ է պակաս բնում…
    Գիտի, թե ինչ է պետք պապին,
    Գիտի, թե ինչ է պետք տատին,
    Գիտի՝ ինչով պիտի գերի
    Ցեղակիցներին հարգելի…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։