Ճանապարհ, որ տանում է թափառող լույսը

Ապրիլի 13-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ Դավիթ Ավետիսյանի «Թափառող լույս» ժողովածուի շնորհանդեսը:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ներկայացնելով վեց գրքի հեղինակ Դ. Ավետիսյանին, նշեց. «Դավիթը աշխարհին նայում է ջինջ, փայփայող հայացքով, ինչ կա ընծայված, որպես բնություն ու մարդկային հարաբերություն, գնահատվում է թանկ, հարազատորեն»,- ասաց նա և հավելեց, որ բանաստեղծությունը պետք է մագնիս ունենա՝ սրտեր, հոգիներ ձգելու:
Ըստ Շանթ Մկրտչյանի՝ եթե նախորդ գրքերից ակնհայտ է, որ տեղանքը, որտեղ ծնվել է հեղինակը, իր կնիքը դրել է բանաստեղծությունների վրա, ապա այս գրքով հակվում ենք դեպի իր ներսը տանող ճանապարհին: «Ճանապարհ, որ տանում է թափառող լույսը: Իսկ էության լույսը թափառում է այն ժամանակ, երբ արդեն անհատի ինքնաճանաչման, ինքնախորացման, խորությունների մեջ իրեն տեսնելու խնդիրներ կան».- ասաց նա:
Արևշատ Ավագյանի հավաստմամբ՝ բնության զգացողությունները, Ապարան ծննդավայրի բնության պատկերումը բանաստեղծական կերպարանքով ներկայացնելու Դ. Ավետիսյանի բոլոր փորձերը հաջողվել են:
ԵՊՀ բան.գիտ. դոկտոր, պրոֆեսոր Աննա Աբաջյանը նկատեց. «Հեղինակի՝ թափառող լույս հասկացության շուրջ ծնունդ առնող, ծավալվող մտորումներն ու կյանքի քննությունը բռնած դատողությունները՝ ողողված լույսով ու հավատով, պարուրում են ընթերցողին վարակիչ կենսասիրությամբ»:
Բանաստեղծուհի Լիլիթը խոսեց գրողի մարդկային էության մասին՝ բնութագրելով նրան որպես չափազանց բարի, հումորով լեցուն մարդու, ով կյանքին նայում է փիլիսոփայորեն և ինչի մասին էլ գրում է, գրում է մեծ հուզմունքով, լավատեսությամբ, անմիջականությամբ ու անկեղծությամբ:
Ելույթ ունեցան նաև Անուշ Վարդանյանը, Հայ-ռուսական համալսարանի դասախոս, բան. գիտ. թեկնածու, դոցենտ Ռոլանդ Ավետիսյանը, բանաստեղծ Արմեն Աշրաֆյանը, Սերգեյ Վարոսյանը, իրավաբան Սերժիկ Ավետիսյանը, Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը և ուրիշներ: Բանաստեղծություններից կարդաց Գայանե Սամվելյանը: Շնորհակալական խոսքով ելույթ ունեցավ Դավիթ Ավետիսյանը:

Շաքե ԵՐԻՑՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.