Հրաշք Սիլվա Կապուտիկյանը

Մարտի 22-ին Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի հարկի ներքո հավաքվել էին մտավորականներ, Ս. Կապուտիկյանի պոեզիան սիրող ու գնահատող մարդիկ: Իսկ հրավիրյալներ դրամատուրգ, արձակագիր Կարինե Խոդիկյանն ու բանաստեղծուհի Հռիփսիմէն Ս. Կապուտիկյանի մասին իրենց հուշերին մասնակից դարձրին ներկաներին: Ինչպես նշեց Արմենուհի Դեմիրճյանը՝ հրավիրվել են այն մարդիկ, ովքեր ճանաչել ու սիրել են Սիլվա Կապուտիկյանին: Նա միաժամանակ նշեց, որ հանդիպման համար առիթ է հանդիսացել նաև շենքի ճակատին վերջերս տեղադրված՝ Սիլվա Կապուտիկյանի և Արա Շիրազի անունները կրող հուշաքարերը:
Սեյրանուհի Գեղամյանը տեղեկացրեց, որ նպատակ կա Ս. Կապուտիկյանի հարկի ներքո ժամանակ առ ժամանակ հրավիրել մեծ բանաստեղծուհու հետ շփված, առնչված մարդկանց, քանի որ այդպիսով բնակարանն է՛լ ավելի է լցվում կապուտիկյանական շնչով: «Այս հանդիպումները նաև գրողի հիշատակը վառ պահելու կերպերից են: Հրավիրել ենք Կարինե Խոդիկյանին ու Հռիփսիմէին ոչ միայն, որ նրա մտերիմն ու ընկերուհին են եղել, այլև իրենք ուղղակիորեն նաև շարունակում են վառ պահել կապուտիկյանական ջահը թե՛ իրենց ստեղծագործություններով, թե՛ իրենց քաղաքացիական դրսևորմամբ, քաղաքացիական կերպով»,- ասաց Ս. Գեղամյանը: Ապա ներկայացնելով Հռիփսիմէին՝ ընդգծեց նրա ազնիվ կռվազանությունը, երբ չի հանդուրժում կեղծիքը, սուտը, քծնանքը:
Այնուհետև Հռիփսիմէն և Կ. Խոդիկյանը պատմեցին իրենց հուշերը Ս. Կապուտիկյանի մասին: Հռիփսիմէն հիշեց Ս. Կապուտիկյանի հետ Ծաղկաձորի Գրողների ստեղծագործական տանն անցկացրած օրերը, իսկ Կ. Խոդիկյանը տեղեկացրեց, որ իրենց ընկերությունը սկսվել է հիմնականում «Գ.Թ.»-ի խմբագիրը դառնալուց հետո: «Շնորհավորանքը զսպաշապիկ հագցնելու էր նման: Ասաց. «Հույս ունեմ «Գ.Թ.»-ն կնոջ ամուր ձեռքերում կհայտնվի»,- հիշեց նա: Ապա պատմելով Ս. Կապուտիկյանի` «Մեսրոպ Մաշտոց» շքանշանը վերադարձնելու մասին՝ Կ. Խոդիկյանն ասաց. «Գրողը միայն փղոսկրյա աշտարակում պետք է ստեղծագործի՞, թե՞ նաև մասնակիցը լինի հասարակական կյանքին: Կյանքը փորձություն է՝ փառքի, տառապանքի, ուրախության, սիրո, ցավի: Սիլվային քիչ թե շատ ճանաչած մարդիկ, նրա կյանքը մտովի հիշելով, կհասկանան, որ նա բոլոր փորձություններին դիմացել է բանաստեղծի և կնոջ ուժով»:
Շ. Երիցյան

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.