Հովհաննես ՊԱՊԻԿՅԱՆ

1. Հայաստանի ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումը: Անշուշտ, սա միայն դեռ նոր հնարավորության ճանապարհի սկիզբն է: Աստված տա, մենք այդ ճանապարհն արագ անցնենք` Եվրոպայի հսկողության տակ մեր երկրի ներսում մենաշնորհների և կոռուպցիայի դեմ իրական (իրակա՜ն) պայքարի հնարավորությամբ հաստատուն քայլեր կատարելով: Ես կուզենայի, որ իմ այս ցանկությունն իրականացնելուն կոչված պետական այրերին հասանելի լիներ արժանահիշատակ Վազգեն Վեհափառի հորդորը. «…Մարդ-անհատի հոգու գերագույն զարդը, գերագույն պարծանքը բարոյական գիտակցության հրամայականն է, որով իր հոգուց արմատախիլ պետք է անի մնացած արատները, եսակենտրոն մղումները, ինչպիսիք են շահամոլությունը, ընչաքաղցությունը, կաշառակերությունը ու այլ և այլ զերծարարություններն ու մոլորությունները»:

2. Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի հետ հաճախակի իմ հանդիպումների ընթացքում մեր զրույցի ամենաառանցքային թեման եղել է Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ» աղոթքաշարի երաժշտական խոշորակտավ գործը` մեներգչի, երգչախմբի և սիմֆոնիկ նվագախմբի համար, որը ձեռնարկեց ու, ամիսների տքնաջան աշխատանքի արդյունքում, իր լրումին հասցրեց անվանի երգահանը: Շնորհալու 24 աղոթքներից այս 7-ի հրաշալի երգաշարի ստեղծումն ինձ համար 2017-ի ամենանկատելի իրադարձությունն է: Երանություն կունենանք` 2018-ին ունկնդրելու 7 աղոթքների այս շարքը, որ ես համարում եմ 2017-ի մշակութային ամենակարևոր ձեռնարկումը:

3. 2017-ն ինձ համար Ուխտի տարի էր, որ խոստացել էի իմ վաղամեռ լրագրող, բանաստեղծ ընկերոջս` Ֆելիքս Պետրոսյանին, երբ նրան 1983-ին Երկնային կյանք ճանապարհեցինք: Խորհրդային տարիներին չներեցին ՆԳՆ կառույցի թերությունները հեռուստատեսությամբ ներկայացնող այդ համարձակ լրագրողին և սուտ մատնությամբ կալանավորեցին, ու բանտում էլ նա կնքեց իր մահկանացուն: Երեք տասնամյակից ի վեր այդ հրաշալի բանաստեղծի անունը մոռացության էր մատնված, և ես կարողացա նրա անտիպ գործերն ու բանտում անցկացրած տարիներին մեր նամակագրությունները ընթերցողին ներկայացնել երեք գրքով` «Կիսատ անուրջներ» (19 մամուլ), «Մահարու վերադարձը» (5 մամուլ), «Նեղ դուռ» (13 մամուլ):
Իմ այս ուխտը չէր կատարվի, եթե գրքերի տպագրությունների հովանավորությունը չստանձներ գերմանաբնակ մի հրաշալի հայուհի` Ալիս Սողոմոնյանը, ով սիրեց Ֆելիքսի պոեզիան ու ազնվորեն աջակցեց, որ կատարվի իմ ուխտը: 2017-ն ինձ ու Ալիսի համար Ֆելիքսի տարի էր, ինձ համար` նաև ներշնչանքի ու ստեղծագործական բուռն տարի:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.