Հովիկ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ԻՄ ՀՈԳԻ
Մի՛ վրդովվիր, սիրելիս,
Մի՛ նեղանա, իմ հոգի,
Ես այսպիսի խենթությամբ
Դեռ չեմ սիրել ոչ ոքի…

Թող որ հպվեն ձեռքերս
Քո քնքշաբույր նռներին,
Թույլ տուր դիպչեմ հմայքիդ
Գաղտնարանի դռներին:

Ծաղիկներին քո հոգու
Ցողեմ կարոտն իմ երգի,
Ու վիրավոր սիրտս հեգ
Թող սրտիդ հետ համերգի:

Մի՛ վրդովվիր, սիրելիս,
Մի՛ նեղանա, իմ հոգի,
Ես այսպիսի խենթությամբ
Դեռ չեմ սիրել ոչ ոքի…

ԱՅՍ Ի՞ՆՉ ՑԱՎ Է ԱՇԽԱՐՀՈՒՄ
Մարդն էլ մարդու սպանի՞,
Այս ի՞նչ ցավ է աշխարհում,
Երբ պատիժը կա վերին,
Այս ի՞նչ ցավ է աշխարհում:

Բանակները զինավառ
Գալիս, իրար են բախվում,
Փշրում են ու փշրվում,
Այս ի՞նչ ցավ է աշխարհում:

Ո՞վ է տերը աշխարհի,
Ո՞վ է խաղը այս վարում,
Ո՛չ բժիշկ կա, ո՛չ բուժում,
Այս ի՞նչ ցավ է աշխարհում:

***
Ում համար եղել ես,
Քեզ համար չես եղել…

Սարքել ես օտարի տունը,
Օտարը քանդել է տունդ,
Տվել ես քեզ բան ու խոսքին,
Տարել են հանքերիդ ոսկին,
Կերտել ես տաճարներ, վանքեր,
Կերտել ես…
Թողել անտեր…
Քանդել են ցեղերը բարբարոս`
Լափել են, ավերել, տարել…
Ընկել ես, ելել ես կրկին`
Սարքել ես քո տունը ավեր:

Չարի դեմ կռվել ես անհաշտ,
Կռել ես հաղթություն և փառք,
Քեզ վայել փառքը չես պահել,
Հաղթողի դափնին չես պահել…

ԹՈՂՆԵՄ ՊԻՏԻ ՁԵԶ
1.
Թողնեմ պիտի ձեզ
Սրտիս սերը մեծ,
Որը բաշխեցի
Ես առատորեն…
Ում պիտի հասներ,
Նա չդարձավ տեր,
Ով որ տեր դարձավ,
Օրհնվի թող նա…
Բայց մեկն ինձ չեղավ
Վարդաբույր մայիս,
Որ ճեղքեր պիտի
Կորիզը ցավիս…
2.
Հայացքս սահում,
Գգվում է անձայն`
Ծաղկամարգերը
Ջրող աղջկան…
Աղջիկն անաղմուկ,
Հմայքով անհուն`
Պապագ մարգերի
Տենչին տալիս է
Անուշ հագեցում,
Շուրջն իր փռելով
Ե՛վ սե՜ր, և՛ կարո՜տ…
Իսկ ծաղիկները
Օրհնանք են շրշում
Բարի աղջկան:
3.
Բացվող արշալույսի նման
Կլինի իմ մայրամուտը,
Նորից պիտի ես վեր հառնեմ,
Տեսնեմ բարի այգուս կութը…
Այրվող սրտի թրթիռ ու կանչ,
Սիրո գարուն պիտի լինեմ
Ու առաջին սիրո կանչով
Սերն առաջին` ծաղկաձոնեմ:
Ու առաջին սիրո խոսքից,
Անմեղ խոսքից շառագունեմ,
Փառք տամ աշխարհն արարողին,
Որ աշխարհում աշխարհ ունեմ:

ՎԵՐԱԴԱՐՁԵՔ
Հավատամքիս լուսե
Ոսկե ձեռքը բռնած`
Ոգու կանչով կրկին,
Արյան հզոր կանչով`
Իմ սրբազան լեռան
Գագաթն եմ բարձրացել
Ու երկինք եմ նայում
Համբերությամբ հալչող…

Պանդուխտ որդիներս,
Հեռու աստղերի պես`
Երկնքով մեկ ցրված,
Աշխարհով մեկ` փռված,
Ինձ նայում են հեռվից
Լուս հավատով` ոգու,
Կարոտանքով բեռնած…

Ես նրանց կանչում եմ`
Երկնային մեծ սիրով,
Կարոտով մայր հողի`
Տուն եմ կանչում նրանց.
– Հողմերը կուլ կտան,
Ձեր տուն վերադարձեք,
Բավական է ապրենք
Աշխարհով մեկ ցրված:

ԵՐԳ ԼՈՒՍԱԲԱՑԻ
Դանիել Վարուժանին
Հաղթանակի հզոր
Ծափ-ծիծաղով
Ալեկոծեմ պիտի
Ձեզ`
Եղեգան փողեր,
Իմ` եղեգնյա գրչի,
Իմ որբացած տողեր…

Ձեռքիս հունդին կարոտ,
Վար ու հունձքին կարոտ`
Իմ սուրբ, երված հողեր…
Հաղթանակի հզոր
Ծափ-ծիծաղով`
Մեջքիս կապեմ պիտի
Արաքս գոտիս,
Ալեկոծեմ պիտի
Իմ` Վրեժ… ողբացող,
Աշխարհներս իրար
Կապող սիրտը գետիս:

Իր ծովերին ձգվող,
Օվկյաններ մյուռոնող
Իմ սուրբ` ակն աղբյուրի
Լեռնածոցից վազող
Մի բուռ ջուրն իսկ հրաշք,
Աստվածատուր ուժի,
Արդարության անհաղթ
Հերոսներ է սերում…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.