ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Բաց նամակ / Սամվել ՄԱՐԳԱՐՅԱՆ

Մեծարգո վարչապետ, վերջին տասնամյակներին Հայաստանից գաղթել է շուրջ 1.5 միլիոն մարդ: Կիսով չափ դատարկվել են Գյումրին, Շիրակի, Լոռու, Տավուշի մարզերի մի շարք բնակավայրեր: Վերջին 30 տարում երկրի նախկին ղեկավարները Երևանը դարձրեցին քաղաք-պետություն` մոռանալով մարզերի, հատկապես` Շիրակի մարզի բնակչության սոցիալ-տնտեսական ծանր պայմանները:
Համայնքներում տեղական ինքնակառավարումը ուժեղացնելու փոխարեն, նախկին իշխանավորները առաջ քաշեցին համայնքների խոշորացման ծրագիր, որը դժգոհություն է հարուցել: Ի՞նչ իմաստ ունի խոշորացնել, ասենք, Շիրակի մարզի Արթիկ, Ազատան, Ոսկեհասկ, Առափի, Պեմզաշեն, Փանիկ, Մեծ Մանթաշ և այլ բնակավայրեր, երբ այդ բնակավայրերի համայնքները բնակչության թվով ու տարածքով խոշոր են: 1960-ական թվականներին բնակավայրերի խոշորացում կատարվեց, սակայն ցանկալի արդյունք չապահովվեց և կասեցվեց այդ գործընթացը:
Արտագաղթի կանխման հիմնական, գլխավոր միջոցը նոր աշխատատեղերի ստեղծումն է, ժողովրդի սոցիալական պայմանների բարելավումը: Մեր ուսումնասիրություններից պարզվեց, որ Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցների 80-90 տոկոսը ապահովված է բնակարանով և աշխատանքով: Կարծում եմ, զանգվածային հայրենադարձություն, ներգաղթ կլինի այն ժամանակ, երբ մեր հանրապետությունը դուրս գա սոցիալ-տնտեսական ճգնաժամից, երբ կրկնապատկվեն բնակչությանը տրվող թոշակներն ու աշխատավարձերը, երբ ապրենք իրավական, ազատ ու արդար երկրում, երբ մեր երկրից իսպառ վերանան կոռուպցիան, արատավոր մյուս երևույթները:
Մեր իրականությունում գնալով նվազում է գրողի, գրքի ու գրականության դերն ու նշանակությունը: Երբեմն մոռացվում են գրողները, որոնք եղել և մնում են մեր մշակույթի առաջատար ուժը: Երկրորդ տարին է, ինչ դադարեցվել է պետական պատվերով գրքերի հրատարակումը: Հուսանք, ՀՀ մշակույթի նախարարությունը պետական աջակցություն կցուցաբերի շնորհալի գրողներին:
Մեր մշակույթը կենտրոնացվել է քաղաքներում: Շուրջ 30 տարի է, ինչ Շիրակի մարզում մոռացության են մատնվել գյուղական մի շարք բնակավայրերի մշակույթի օջախներ, որոնք չեն գործում և նորոգման-վերականգնման կարիք են զգում: Լուծարվել են ազգագրական, ժողովրդական երգերի ու պարերի համույթներ, թատերական խմբեր: Ժողովուրդը հոգնել է 1000 և ավելի սերիանոց հնդկական ֆիլմերի դիտումից: Հարկավոր է մշակույթը հասցնել գյուղական բնակավայրեր, զբոսահանգրվաններ, վերականգնել գյուղերում գործող նախկին մշակութային օջախներն ու կազմակերպությունները, խրախուսել ժողովրդական արվեստի ու արհեստի վարպետներին:
Հնում հայոց թագավորները, պարսիկ շահերը իրենց խորհրդականներ էին ընդունում բարեպաշտ, իմաստուն և իմաստասեր, հարուստ կենսափորձ ունեցող հասուն այրերի, որ կարողանային նաև նրանց բարի խորհուրդներով երկիրը ճիշտ ղեկավարել: Կարծում եմ, լավ կլինի, որ Դուք էլ այդպես վարվեք` երիտասարդ, տաղանդավոր կադրերի հետ կառավարությունում խորհրականներ ընդունեք անվանի տնտեսագետների, ռազմագետների, դիվանագետների, գյուղատնտեսների, որպեսզի նրանք իրենց հարուստ կենսափորձը, գիտելիքները հաղորդեն շնորհալի երիտասարդներին:
Մեծարգո վարչապետ, ողջունում եմ Ձեր բարեփոխումները, ազգանվեր գործունեությունը, Ձեր անսահման սերն ու նվիրվածությունը ժողովրդի, հայրենիքի հանդեպ:
Աստված Ձեզ օգնական:
Սամվել ՄԱՐԳԱՐՅԱՆ
Բանաստեղծ, ՀԳՄ, ՀԺՄ անդամ, «Բագրատունյաց
ասպետներ» հ/կ նախագահ, անկուսակցական

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.