ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՂՋՈՒՅՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԳՄ 80-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ

 

Սերժ ՍարգսյանՋերմորեն շնորհավորում եմ Հայաստանի գրողների միության 80-ամյակի առթիվ£
Հայ գրողներին միավորող առաջին խոշոր կառույցի հիմնադրումը կապված է մեր գրականության այնպիսի նշանավոր անունների հետ, ինչպիսիք են Չարենցը, Բակունցը, Իսահակյանը, Դեմիրճյանը, Զորյանը… Անցած տասնամյակներին Միությունը համալրվել է նոր սերունդների բազմաթիվ տաղանդավոր անհատականություններով, որոնք չնայած ժամանակի հարուցած բոլոր դժվարություններին, ոչ միայն արժանիորեն շարունակել են անցյալի լավագույն ավանդույթները, այլև զարգացրել ու հարստացրել նոր իրականությունը ճշմարտացիորեն արտացոլող բարձրարվեստ երկերով£ Հատկապես գնահատելի է Գրողների միության գործունեությունը մեր երկրի անկախության վերականգնման ժամանակահատվածում, որի արդյունքում մեր գրականությունը հարստացել է Անկախության հաստատմանը, Արցախյան ազատամարտին, հայության համախմբմանն ու մեր պետականության կայացման ընթացքին վերաբերող արժեքավոր գործերով£ Համոզված եմ, որ այդ շարքը կշարունակվի՝ ամբողջացնելով մեր ժողովրդի նորագույն պատմության գեղարվեստական տարեգրու­թյունը£
Մեկ անգամ ևս շնորհավորելով նշանավոր հոբելյանի առթիվ Հայաստանի գրողների միությանը՝ բոլոր գրողներին մաղթում եմ ստեղծագործական անսպառ եռանդ, քաջառողջություն, նորանոր հղացումներ և իրագործումներ, ընթերցողներին՝ գեղագիտական վայելքի բազմաթիվ պահեր£

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.