Հանդիպում գրողների հետ

30008114_1639991856121161_2006310232_nՄանկական գրքի օրվա խորհրդին հավատարիմ, Արցախի գրողների միության մի խումբ ներկայացուցիչներ՝ նախագահ Վարդան Հակոբյանի գլխավորությամբ, հյուրընկալվել էին Ստեփանակերտի Եղիշե Չարենցի անվան թիվ 7 հիմնական դպրոցում: Հանդիպումը երկխոսություն էր գրողի և աշակերտի միջև:
Դպրոցի տնօրեն Անահիտ Պողոսյանը, ողջունելով ներկաներին, հպարտությամբ նշեց, որ մեծ պատիվ է չարենցյան կամարների ներքո տալ Մանկական գրականության շաբաթվա մեկնարկը:
«Մենք՝ գրողներս, ամբողջովին հունցվել ենք հայոց այբուբենով, մանկական գրականությամբ: Իմ խորհուրդն այն է, որ ձեր կարդացած թե՛ հեքիաթ, թե՛ բանաստեղծություն յուրացնեք ամբողջությամբ, լինեք բոլորանվեր, ամբողջ էությամբ սիրեք մայրենին ու հայրենիքը»,- իր խոսքում հորդորեց Վարդան Հակոբյանը:
Բան. գիտ. դոկտոր պրոֆեսոր, բանաստեղծ Սոկրատ Խանյանն իր հերթին պատգամեց գրքեր շատ ընթերցել: Նա իր բանաստեղծությունների միջոցով ներկաներին համակեց գարնանային ջերմությամբ, քաջալերեց դառնալ զինվոր, սիրո խոսք նվիրեց մեր աստղաժպիտ հայուհիներին:
Արցախյան գոյամարտի տարեգրության վավերագրող, ԱՀ ԱԺ պատգամավոր Վարդգես Բաղրյանը թիվ 7 դպրոցի շրջանավարտ է: Նա մանկության ու պատանեկության վառ հուշեր ներկայացրեց այս դպրոցից, որն այն տարիներին կրում էր Կիրովի անունը: «Ավելորդ չեմ համարում հիշեցնել չարենցյան մարգարեական խոսքերը՝ «…գրքերի աշխարհը տիեզերք է անեզր», այսինքն՝ այդ օվկիանում որքան էլ լողաք, տեղ կա: Հավատացնում եմ ձեզ՝ լավ գրքեր կան ոչ միայն համաշխարհային գրականության մեջ: Մեր գրողները ևս ստեղծել են գրական արժեքներ՝ հրաշալի գործեր՝ նվիրված հայրենիքին: Իմ խորին համոզմամբ, մենք վատ չենք ներկայացրել արցախյան ազատամարտը՝ միգուցե դեռ «Վարդանանքի» արժեքի գործ չի ստեղծվել մեզանում, բայց վստահ եմ, որ ստեղծվելու է: Մեր խնդիրն ենք համարել թողնել այն սկզբնաղբյուրը՝ իրական հենքը, որի վրա հետագայում պետք է ստեղծվեն գրական արժեքներ ունեցող վեպեր ու ֆիլմեր: Առանց մեր նորագույն պատմությունը՝ արցախյան ազատամարտի պատմությունն իմանալու, դժվար թե կարողանանք դառնալ լիարժեք քաղաքացի՝ անկախ նրանից, թե ինչ մասնագիտություն կընտրենք»,- նշեց Վ. Բաղրյանը:
Արձակագիր, մանկագիր Մարսել Պետրոսյանը ներկայացրեց իր և իր երեխաների հետ կապված ուշագրավ միջադեպեր, որոնք հետագայում դարձել են պատմվածքների թեմաներ: Վերծանելով ժողովրդական առածներն ու ասացվածքները` այն ևս դարձրել է պատմվածքի թեմա: Գրողը խորհուրդ տվեց աշակերտներին իրենց շուրջ տեղի ունեցած երևույթները, միջադեպերն ու զրույցները գրառել օրագրերում, որոնք հետագայում կդառնան պատմվածքի, նույնիսկ` վիպակի ու վեպի սյուժե:
Արձակագիր, բանաստեղծուհի Սոֆյա Սարգսյանը հորդորեց շատ ընթերցել, քանզի գրագետ, բարձրամակարդակ մարդուն հնարավոր չէ հաղթել ո՛չ գրչով, ո՛չ էլ պատերազմում: Նա իր մանկավարժական գործունեությունից մի հուզիչ դրվագ ներկայացրեց, որը ևս դարձել է իր պատմվածքներից մեկի սյուժեն: Ներկաները վայելեցին բանաստեղծուհու` հանդիպումից մեկ ժամ առաջ գրած «Գրքի հորդորը» և «Ոսկեձեռիկի գովքը» բանաստեղծությունները:
Արցախյան գոյապայքարի մասնակից, գրող Արիս Գրիգորյանը հանդես եկավ իր էքսպրոմտ բանաստեղծությամբ, կարդաց նաև իր «Նորիկի պատմածից», «Առաջին ուսուցչուհուս» բանաստեղծությունները:
Դպրոցի տնօրեն Անահիտ Պողոսյանը, ամփոփելով միջոցառումը, կրկին պատգամեց անաղարտ պահել մայրենին, աներեր պաշտպանը լինել հայրենիքի և սրբորեն պահպանել այն գրական արժեքները, որոնք ավագ սերունդներից փոխանցվում են իրենց:
Գրողներն իրենց գրքերը նվիրեցին դպրոցի գրադարանին:

Արևիկ ԲԱԲԱՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.