ՀԱՆԴԻՊՈԻՄ (Ժողովրդական) / Հովիկ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

– Էս որտեղի՞ց հայտնվեցիր,- զարմացավ մարդը:- Ինչքան ուշադիր չորս կողմս էի նայում, բացի թռչուններից ու վայրի կենդանիներից, ոչ մի շունչ-կենդանի չէր երևում:
– Ես միշտ քեզ հետ եմ, բայց դու չես տեսնում: Ինչպես մարդն ինքն իրեն չի տեսնում,- ժպտած անծանոթը:- Եթե մեկն իր մեջ է, ոչինչ չի տեսնում: Հիմա, երբ դուրս եկար ու ինձ տեսար, որ նայես, քեզ էլ կտեսնես…
– Ասածիցդ այնքան էլ բան չեմ հասկանում,- ուսերը վեր քաշեց մարդը:- Բայց դու հայտնվեցիր ոչ մի տեղից, ուրեմն ինձ նման չես: Երկար ու ձյունաճերմակ մորուքիցդ էլ երևում է, որ ծերունի ես:- Մարդը քաշեց ետևից հանգիստ քայլող ձիու սանձը:- Արի նստիր, երևի հոգնած կլինես: Ես սովոր եմ սարերում ոտքով քայլելուն, չեմ ուզում ձի նստել:
– Թե դու սարերն ես շրջում, ես՝ ողջ աշխարհը,- նորից ժպտաց անծանոթը,- թող ձիդ հանգստանա, արդեն ինձ նման ճերմակել է:
Մարդը, ձիու սանձը քաշելով, անծանոթը՝ խոսելով, գնում էին:
– Ո՞ւր ես գնում,- հարցրեց անծանոթը:- Երկա՞ր է ճանապարհդ:
– Ողջ կյանքս էս սարերում ապրեցի, աշխարհից, կյանքից բան չհասկացա: Ամեն Աստծու առավոտ ոչխարներս ու այծերս դուրս եմ քշում փարախից, տանում արոտի, զրույցս ձիուս, ոչխարներիս, թռչունների ու սարի ծաղիկների հետ է: Համարյա ճգնավորի կյանք եմ վարում: Օրերս անցան, ծերությունը թակեց դուռս: Ասի՝ ա՛յ կնիկ, էս սարերում ապրեցի, բան չհասկացա ո՛չ կյանքից, ո՛չ աշխարհից: Ասի՝ գնամ քաղաք, տեսնեմ՝ ի՞նչ կա, ի՞նչ չկա աշխարհում, մարդիկ ո՞նց են ապրում: Մի քանի օրվա հաց ու ջուր վերցրի, գնում եմ…
Մարդն այդպես էլ չհասկացավ՝ ով է անծանոթը: Պարզապես խելացի, բարի մարդու տպավորություն էր թողել: Զրուցելով իջան քաղաք, միմյանց հրաժեշտ տվին ու բաժանվեցին: Մարդը ձիու սանձը պինդ բռնած քայլում էր քաղաքում:
Փողոցով մեքենաներ էին սլանում: Մայթերին խռնված մարդիկ, միմյանց առաջկտրուկ անելով, գնում էին: Մեքենաների ձայնային ազդանշաններից, արտաժայթքող ծխից, բարկությամբ միմյանց հրող մարդկանցից շունչը կտրվում էր: Զարմացած նայում էր փողոցների խաչմերուկներում կանգնած ոստիկաններին, որոնք փայտիկի մի շարժումով մեքենաներին ճանապարհ էին գցում կամ կանգնեցնում: Մայթերին քայլող մարդկանց չխանգարելու համար ձին քաշեց փողոց: Քայլում էր ու զարմացած նայում, թե ինչո՞ւ են մարդիկ վազում, ո՞ւր են շտապում, ի՞նչ են կորցրել, ինչի՞ց են ուշանում: Ինքն իր մեջ քննելով, կռիվ տալով չիմացավ, թե ինչպես եկավ, կանգնեց եկեղեցու առաջ: Ներսից մեղմ երաժշտություն էր լսվում, հետո սկսեցին երգել: Ուրախացավ: Փողոցի աղմուկ-աղաղակից, շունչը կտրող ծխից հետո հաճելի էր մտնել եկեղեցի, ազատ շունչ քաշել: Ձին կապեց բակի ծառից, ներս մտավ, կանգնեց մի անկյունում: Զարմացած նայում էր հավատացյալ մարդկանց ու քարոզող քահանային: Եկեղեցին դուր էր եկել: Հաջորդ օրը գնաց շուկա, էշի փալան գնեց, կապեց մեջքին, նորից եկավ եկեղեցի: Երբ ներս մտավ, մարդիկ սկսեցին նայել նրան ու ծիծաղել: Դրանից ավելի զարմացավ: Բոլորը մատնացույց էին անում իրեն ու ծիծաղում էին: Կարգ կատարող քահանան ընդհատեց քարոզը, մոտեցավ մարդուն և ժպտալով հարցրեց.
– Ինչո՞ւ ես մեջքիդ ավանակի փալան կապել, նոր եկել եկեղեցի: Չգիտե՞ս, որ եկեղեցին գոմ չէ, փալանն էլ ավանակների համար է, իսկ դու մարդ ես:
– Գիտեմ,- խեղճ-խեղճ պատասխանեց մարդը:- Ես էլ միշտ փալանն էշիս վրա եմ կապել: Բայց օղորմածիկ պապս ասում էր՝ եթե գնաս մի գյուղ ու տեսնես բոլորը կույր են, դու էլ կույր ձևացիր:
– Ինչպե՞ս, օրհնյալ,- զարմացավ քահանան,- դու բոլորի կռնակին ավանակի փալա՞ն ես տեսնում:
– Տեսնում եմ,- պատասխանեց մարդը,- նույնիսկ մարդիկ կան, որոնք յոթ փալան են կապել: Փող չունեի, թե չէ ես էլ յոթը կկապեի:
– Իմ կռնակին է՞լ փալան կա, օրհնյա՛լ,- վախեցած հարցրեց կարգը կատարող քահանան:
– Չէ՛, տե՛ր հայր, քո շալակին փալան չկա:
– Հապա՞…- ուրախացավ քահանան:
– Քո մարմնին օձեր են փաթաթված: Իսկ վզիդ մի մեծ վիշապ օձ կա:
– Մեղա քեզ, Տե՜ր,- հառաչեց կարգ կատարող քահանան: Ապա մոլոր քայլերով բեմ բարձրացավ և նվաղուն ձայնով դիմեց եկեղեցում ծնկի իջած, աղոթք անող և փալանը շալակած մարդու վրա ծիծաղողներին.
– Մի՛ ծիծաղեք, Աստծու զավակներ: Այս մարդն այնքան մաքուր է, որ տեսնում է մեր մեղքերի բեռը: Ամեն օր, ամեն կիրակի եկեղեցի ենք գալիս, մոմ վառում, «Հայր մեր» ասում, բայց թաղված ենք մեղքերի մեջ: Ուրեմն մեր աղոթքները սուտ են և չեն հասնում Աստծուն: Ծնկի իջեք, օրհնյալնե՛ր, և ապաշխարեք:
Եկեղեցում կատարվող կարգը խանգարվեց: Հավատացյալների ամբոխը քամուց ճկվող հասուն արտի նման խշշում էր:
Քահանան խաչակնքեց դեմքը և դիմեց կռնակին էշի փալան կապած մարդուն.
– Ո՛վ մարդ, գնա, կռնակիցդ հանիր փալանը և եկեղեցի արի առանց փալանի: Քո աչքերն այնքան մաքուր են, որ Աստծու հետ են խոսում:
Մարդը դուրս եկավ եկեղեցուց, ձին արձակեց և սանձը բռնելով՝ հեռացավ: Մի քանի հավատացյալներ դուրս էին եկել եկեղեցուց, ատելությամբ լեցուն հայացքով նրան էին նայում: Մեկը կռացավ, քար վերցրեց ու նետեց մարդու ուղղությամբ: Ծիծաղեցին: Ապա մի քանիսն էլ կռացան, քար վերցրին: Մարդը չպատասխանեց, քայլերն արագացնելով հեռացավ, կորավ փողոցում խռնված, միմյանց հրելով վազող մարդկանց մեջ: Շունչը կտրվում էր: Նման էր ալեկոծվող ծովում հայտնված մարդու, որը լողալ չգիտեր: Դուրս եկավ քաղաքից, գնաց դեպի սարերը:
Երբ բավականին հեռացել էր, նորից անծանոթը հայտնվեց:
– Օ՛րդ բարի, Աստծու մարդ,- ողջունեց անծանոթը:
– Աստված պահապան,- պատասխանեց մարդը,- մեր ճանապարհներն անընդհատ խաչվում են: Ո՞վ ես դու…
– Ես միշտ քեզ հետ եմ,- ծիծաղեց անծանոթը:- Եկեղեցում էլ քեզ հետ էի: Մի՞թե չճանաչեցիր…
– Բան չեմ հասկանում,- նեղվեց մարդը,- ավելի լավ կլինի՝ գնամ, իմ սարերում հանգիստ ապրեմ:
– Իսկ հասկացա՞ր, թե միմյանց ոտնատակ անելով ուր են վազում մարդիկ: – Իրենք գիտե՞ ն, թե ուր են վազում…
Լռեցին: Մարդն անընդհատ շրջվում, նայում էր կողքից քայլող անծանոթին, մտածում էր, թե հիմա կանհետանա, ինչպես որ անսպասելի հայտնվել էր: Քամին խաղում էր դաշտերն ու բլուրները զարդարող կանաչի ու գույնզգույն ծաղիկների հետ: Զովը շոյում էր երեսը: Երկնքի կապույտի վրա ճերմակ բամբակի նման ամպերը բռնոցի էին խաղում: Օձագալար ճանապարհը գնում, կորչում էր սարերի լանջերին: Ձորով հոսող գետակն անվերջ փառաբանում էր Արարիչ Աստծուն: Մարդն զգաց, որ ծարավել է, թեքվեց դեպի աղբյուրը: Մոռացել էր անծանոթին: Երբ շրջվեց նրա կողմը, տեսավ, որ այնտեղ չէ: Նայեց չորսբոլորը՝ գնացել էր:
Կռացավ, մի քանի բուռ ջուր խմեց ու շարունակեց ճանապարհը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.