ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԽԻՂՃՆ ՈՒ ՀԱՅ ՈԳՈՒ «ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ» Թումանյանի 150-ամյա հոբելյանին ընդառաջ / Սուսաննա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Մշակութային կյանքի յուրաքանչյուր երևույթ ունի իր խորհուրդն ու դերը, սակայն կան ազգային, հոգևոր կյանքի առավել կարևոր ու նշանակալից իրադարձություններ, որոնք իրենց համազգային վիթխարի արժեքով կարող են և պետք է ունենան միջազգային արձագանքներ, բարձրացնեն մեր ժողովրդի վարկը, աշխարհին ցուցադրեն հայի ոգու զորությունն ու գեղեցկությունը, հայ ամենից ազգային մեծությունների արվեստի համամարդկայնությունը: Մշակութային այդպիսի երևույթներից են Հովհ. Թումանյանի և Կոմիտասի` երկու տարեկից հսկաների 150-ամյա հոբելյանները: Երկու ամենահայ հանճարներ՝ Ամենայն Հայոց երգի վեհափառ և Ամենայն Հայոց բանաստեղծ, որ արարեցին ամենաազգային երգն ու բանաստեղծությունը, «Երկուսն էլ համազգային կարոտ ու մորմոք, հրեղեն կանչ և մեր «Երգ երգոց»…» (Պ. Սևակ): Հիրավի, երկու «հոգեղբայրները» հայ մշակույթի երկու հսկա վեմերն են՝ հայ երաժշտության և հայ գրականության գագաթներն ու հիմնաքարերը:
Երկու տարին թեև ոչ մեծ, սակայն բավարար ժամանակ է նախապատրաստվելու այդ մեծ, կազմակերպչական վիթխարի ջանքեր պահանջող հոբելյաններին: Թերևս արժե մի փոքրիկ ակնարկով հիշել Թումանյանի 50 և 100-ամյակների տոնակատարությունները, որպեսզի 150-ամյակն էլ մեր մշակույթի պատմության մեջ առանձնանա իր շուքով ու բազմախորհուրդ նշանակությամբ:
Պոետի 50-ամյակի ամենամեծ խորհուրդը բանաստեղծի ներկայությունն էր և այն, որ նշվեց ինքնաբուխ, ներքևից, պոետի կամքին ու տրամադրությանը հակառակ: Հայ բոլոր թերթերն ու ամսագրերը ամբողջական համարներ նվիրեցին Թումանյանին: Ոչ միայն Հայաստանի, այլև Վրաստանի Հանրապետության առաջին դեմքերը՝ վարչապետներն ու նախարարները, բազմաթիվ այլազգի մշակույթի գործիչներ շնորհավորեցին նրան՝ իբրև ոչ միայն հայ ժողովրդի բանաստեղծ, այլև հայ ժողովրդի խիղճ (Սոկոլով) և նրա տեսակի ու գոյատևման, նրա ապագայի խորհրդանիշ: 1919 թ. փետրվարին պոետի պատուհանի տակ պարբերաբար հավաքվում էին Թիֆլիսի բոլոր դպրոցների ու որբանոցների երեխաները իրենց ուսուցիչների հետ: Ճիշտ է, հազարավոր մանուկներ չէին կարող միանգամից սեղան նստել ամենահյուրընկալ հայի տանը, սակայն Թումանյանի որդեգիր որբերի համար միշտ էլ տեղ գտնվում էր: Նրանք էին բանաստեղծի ամենաթանկագին հյուրերը: Այո՛, բանաստեղծը չէր կամենում իր հոբելյանի առթիվ «ղալմաղալ» անել, սիրտ չուներ, մեկ-երկու տարում հայրենազրկվել էր իր ժողովուրդը, ինքն ապրել էր հայոց վշտի մեծ ծովում, ազգային ողբերգությանը գումարվել էր անձնական անփարատ վիշտը, թուրքի դավադիր յաթաղանից Մեծ եղեռնի զոհ էր դարձել որդին՝ Արտավազդը՝ Վանի վերջին հայ պարետը (1918 թ.), պատերազմում դարձյալ թուրքի գնդակից զոհվել էր զինվորական եղբայրը, մյուս եղբայրը սրախողխող ընկել էր դավադիր ներքին թշնամուց: Սակայն պոետը չկարողացավ խանգարել իր հոբելյանի հետ կապված համաժողովրդական խանդավառությանը: Տարբեր պատրվակներով նրան հրավիրում էին Թիֆլիսի ամենամեծ դահլիճները, վերցնում թևերի վրա, ողջունում հոտնկայս: Սրահները թեև բազմամարդ էին, բայց չէին կարող տեղավորել բոլոր ցանկացողներին, և կանգնած բազմության մեջ ուշագնացության դեպքեր էին լինում: Բավարարվենք այսքանով, քանի որ նրա 50-ամյակի մասին մի ամբողջ մենագրություն կարելի է գրել: Փաստենք միայն, որ արդեն բանաստեղծի կենդանության օրոք նրա հոբելյանը դարձավ համաժողովրդական սիրո ցույց, հայության կենսունակության, նրա կողմից հոգևորի արժևորման ապացույց, նաև գրողի անվան շուրջ այլ ազգերին համախմբելու հնարավորություն:
Աննախադեպ էին Թումանյանի 100-ամյա հոբելյանի տոնակատարությունները, որոնք կայացան աշխարհի ամենատարբեր մասերում «Յունեսկօ»-ի հովանու ներքո: Կազմվել էր 61 անձից հոբելյանական կառավարական հանձնաժողով Անտոն Քոչինյանի՝ Կենտկոմի առաջին քարտուղարի նախագահությամբ: Հանձնաժողովի կազմում էին նախարարներ, ակադեմիկոսներ, անվանի գրականագետներ, ռուս, վրացի և այլ ազգերի գրողներ, նկարիչներ, ժողովրդական դերասաններ: Հոբելյանական հանձնաժողով էր գործում նաև Ղարաբաղում: Մարտակերտի շրջանի բոլոր դպրոցներում սովորություն էր դարձել ամեն երկուշաբթի կարդալ և քննարկել Թումանյանի ստեղծագործությանը վերաբերող այն հոդվածները, որոնք լույս էին տեսնում «Գրական թերթում»:
Սփյուռքում և Հայաստանում 1969-ը հռչակվեց Թումանյանի տարի: Տիրում էր համընդհանուր խանդավառություն: Կամավոր սկզբունքներով 150 ուսանող մեկնում է Թումանյանի ծննդավայր և բարեկարգում Բարձրաքաշի Ս. Գևորգ եկեղեցին, մաքրում Հաղպատի, Սանահինի տաճարների շրջակայքը: Չկար սփյուռքահայ որևէ օջախ, որտեղ տեղի չունենային թումանյանական օրեր (Բուխարեստ, Մարսել, Լոնդոն, Բուդապեշտ, Հալեպ, Բեյրութ, Փարիզ, Պոլիս, Կահիրե, Վառնա, Սոֆիա, Պլովդիվ, Նյու Ջերսի, Չիկագո, Բուենոս Այրես, Կալկաթա, Բեյրութ, Լոս Անջելես, Նյու Յորք, Դետրոյթ, Միլան): Վիթխարի զարթոնք ապրեց թումանյանագիտությունը. գրականագիտական աշխատություններ լույս տեսան թե՛ հայրենիքում, թե՛ նրա սահմաններից դուրս (Բոնդո Արվելաձե, Երեմիա Քարելիշվիլի, Վ. Իմեդաձե և այլք): Հենց 1969-ին տպագրվեցին թումանյանագիտության համար մնայուն արժեք ներկայացնող Էդ. Ջրբաշյանի, Ա. Ինճիկյանի, Լ. Հախվերդյանի, Մ. Ջանփոլադյանի և այլոց մնայուն ու չափազանց արժեքավոր մենագրությունները. ընդ որում անտիպ չմնաց Թումանյանի մասին գրված ոչ մի հոդված ու հաղորդում, ոչ մի նախադասություն: Միայն 1969 թ. բանաստեղծի երկերը լույս տեսան աշխարհի 35 լեզուներով, այդ թվում՝ անգլերեն, արաբերեն, գերմաներեն, իսպաներեն, հունարեն, չեխերեն, ճապոներեն, շվեդերեն, չինարեն, պարսկերեն և այլն: Թումանյանը ներկայացավ աշխարհին Դեսանկա Մաքսիմովիչի, Բելլա Ախմադուլինայի, Վ. Բրյուսովի, Կ. Բալմոնտի, Ս. Մարշակի, Մարիետա Շահինյանի, Վերա Զվյագինցևայի, Ն. Գրեբնևի, Ալեքսանդր Մարտինովի, Ն. Վերների, Ռուբեն Մելիքի, Մ. Գյուտյանի և այլ գրողների թարգմանությամբ: Ոմանք էլ չհասցրեցին թարգմանել, քանի որ ձեռքի տակ չունեին տողացիները: Կուբացի ժողովրդական բանաստեղծ Նիկոլայ Գիլիենը գրում է. «Ես շատ կցանկանայի Թումանյանի ստեղծագործությունները թարգմանել իսպաներեն, դրանք սրտամոտ կլինեին Կուբայի ժողովրդին, բայց հայերեն չգիտեմ… կսպասեմ ինձ ուղարկեն մեծ բանաստեղծի տողացի թարգմանությունները, որպեսզի չդավաճանվի Թումանյանը: Չէ՞ որ ասված խոսք է՝ թարգմանիչը դավաճան է»: Իսկ Թումանյանին «դավաճանելը» շատ հեշտ է, որովհետև ազգային մեծություններին, այդ թվում, առաջին հերթին, Ամենայն Հայոցին թարգմանելը դժվարին գործ է: Դեռ պոետի կենդանության օրոք կատարված թարգմանություններին ծանոթանալիս հեղինակը նկատեց, որ իր «Անուշը» շեկ է դուրս եկել: Թումանյանի այլազգի թարգմանիչների հետ աշխատանքը երբեք չպետք է ընդհատվի, որպեսզի աշխարհին ներկայանա ու ընկալելի լինի բանաստեղծի իրական մեծությունը: 150-ամյակը հարմար առիթ Է Թումանյանին հնչեցնելու հարյուրավոր լեզուներով: Քանակից շատ ավելի կարևոր են արժեքավոր, բնագրին հարազատ թարգմանությունները: Բավական էր Մարշակի և Գրեբնևի մի քանի հիանալի թարգմանությունները, որ ռուս ընթերցողին սիրելի դառնար բանաստեղծի իրական մեծությունը: Ինչպես արձանագրեց Կ. Չուկովսկին. «Նրան, ով գրել է «Մի կաթիլ մեղրը», «Շունն ու կատուն», «Մուկիկի մահը», իրոք որ չի կարելի համաշխարհային արվեստի առաջնակարգ վարպետների շարքը չդասել»:
Բանաստեղծի երկերը տեղ գտան «Զադրուգա», «Ստուդենտ», «Պրավդա», «Ժովտեն» և աշխարհի հարյուրավոր այլ հեղինակավոր պարբերականներում: Փարիզում «Էրեբունի», Թբիլիսիում «Մերանի» և այլ արտասահմանյան հրատարակչություններ լույս ընծայեցին պոետի երկերը, մասնավորապես մանկական երկերի մատենաշարերը: Ստեղծվեցին վավերագրական ֆիլմեր Հայաստանում և նրա սահմաններից դուրս: Տեղի ունեցան գիտական նստաշրջաններ ակադեմիայում, կոնսերվատորիայում (ապրիլի 18), Արվեստի աշխատողների տանը («Թումանյանը կինոարվեստում», փետրվարի 17), Թբիլիսիի օպերայի դահլիճում (սեպտեմբերի 21), Սունդուկյանի թատրոնում (սեպտեմբերի 21), Երևանի օպերայի դահլիճում (սեպտեմբերի 24), Թբիլիսիի Ռուսթավելու անվան ակադեմիական թատրոնում (սեպտեմբերի 26), Կիևում Ճարտարապետների տան դահլիճում, Վառնայի «Մակեդոնիա» սրահում: Ամենուր մասնակցում էին տարբեր ազգերի առաջին դեմքերն ու ամենահեղինակավոր մշակույթի գործիչներն ու արվեստագետները. Վրաստանում ներկա էին Կոմկուսի առաջին քարտուղար Վ. Մժավանաձեն, մինիստրների խորհրդի նախագահ Գ. Ջավախիշվիլին, Գերագույն խորհրդի նախագահության նախագահ Գ. Ձոծենիձեն, Ուկրաինայում Գրողների միության նախագահ Օլես Գոնչարը, Պավլո Տիչինան, Վիկտոր Կոչևսկին, Մոսկվայի Մեծ թատրոնում (հոկտեմբերի 3)՝ Լ. Բրեժնևը, Ա. Կիրիլենկոն, Ն. Պոդգոռնին, Բ. Պոնոմարյովը: Բուլղարիայում 1969 թ. հոկտեմբերի 20-ին Թումանյանի մեծարմանը մասնակցում էին հյուպատոս Վ. Գուսևը, քաղկոմի քարտուղար Ցոնևը, քաղխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ Վ. Վիչևայը և այլք:
Ի թիվս այլ հաստատությունների, Թումանյանին Մոսկվայում մեծարել են Պատրիս Լումումբայի անվան ժողովուրդների բարեկամության համալսարանի ուսանողները՝ Ասիայի, Աֆրիկայի ու Լատինական Ամերիկայի 86 երկրների ներկայացուցիչներ: Նորացված «Ալմաստ» և «Անուշ» օպերաները հնչեցին Մոսկվայի Մեծ թատրոնի բեմահարթակում: Ուկրաինացի կոմպոզիտորները երաժշտական գործեր ստեղծեցին Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա (հոկտեմբեր): Մոսկվայի Դիմիդրովսկի խճուղու և Սելիգերսկայա փողոցի մոտ «Երևան» կինոթատրոնի դիմացի հրապարակը կոչվեց Թումանյանի անունով:
Բազմաբնույթ միջոցառումներին թիվ ու համար չկար. նկարչական դպրոցների սաների մրցույթ (180 մասնակից), ասմունքի հանրապետական մրցանակաբաշխություն, «Թումանյանը և Կոմիտասը երեխաների աչքերով» ցուցահանդես Նկարչի տանը (մարտի 28), գրքի շաբաթ (մարտի 25), Դրամատիկական թատրոնների ստուգատես (սեպտեմբերի 5-15), նկարիչների ցուցահանդես (սեպտեմբերի 21)՝ հանրապետության առաջին դեմքերի՝ Անտ. Քոչինյանի, Ա. Միկոյանի, Ս. Շերվինսկու ներկայությամբ և մասնակցությամբ 160 նկարիչների, ովքեր ներկայացրել էին 350 ստեղծագործություններ: Կառուցվեցին հուշարձաններ Երևանում և Դսեղում: «Յունեսկօ»-ն Եվրոպայի և Ամերիկայի ժողովուրդների համար կազմակերպել էր պոետի երկերի ռադիոհաղորդումներ:
Վաղուց է ասված. «Եթե մի օր աշխարհի բոլոր ժողովուրդների բանաստեղծությունների ցուցահանդես լինի, հայ ժողովուրդը ուրիշ ոչ ոքի չի կարող ուղարկել, բացի Թումանյանից՝ իբր օրինակ զտարյուն հայ բանաստեղծի» (Ստ. Զորյան): Թումանյանի հոբելյանը հացի տոն է, հոգևոր հացի, ազգային լավաշ հացի (Պ. Սևակ), «ամենեն հայեցի» (Մ. Իշխան) մարդու, «մեր գրականության անմահ փառքի» (Ավ. Իսահակյան), «գրականության մի հսկայի» (Կ. Չուկովսկի), մի բանաստեղծի, որի աշխարհը ցույց է տալիս՝ որքանով է մեծ իր ազգը (Լ. Օզերով):
Մեծարել Թումանյանին, նշանակում է մեծարել հայ ժողովրդին. վաղուց է ամրագրված նրանց բացարձակ նույնությունը, մեծարել Թումանյանին, նշանակում է խոսել աշխարհի հետ հայի բարոյական-հոգեկան ուժի մասին: Հայրենիքում և Սփյուռքում գտնվող ողջ հայության պարտքն է աշխարհին ցույց տալ հայ ազգի ազնվության վկայականը՝ Թումանյանին, վկայական, որի վրա «բնությունն ու աստված են դրել իրենց կնիքը»:
Համախմբենք ողջ հայության ուժերն այնպես, որ 150-ը նշանավորվի ավելի շատ հրատարակություններով, նոր երգերով ու երաժշտական ամենատարբեր ժանրի նոր գործերով, գեղանկարչական նոր կտավներով, նոր ֆիլմերով ու բեմադրություններով, ավելի մեծ հանդիսություններով: Հույս է ներշնչում այն, որ կարծես թե մեկնարկն արդեն տրված է: Մշակույթի նախարար Ա. Ամիրյանն արդեն բարձրաձայնում է բանաստեղծի մեկուկեսդարյա հոբելյանի համազգային նշանակությունը: Դսեղի տուն-թանգարանը գտել է իր հովանավորին: Ամերիկահայ երաժիշտ բարերար Աշոտ Տիգրանյանը 8 միլիոն դրամ է հատկացնում Թումանյանի Դսեղի տուն-թանգարանի կարիքների համար: Ուշագրավ է, որ առաջին ծիծեռնակը բարերարների շարքում արվեստագետ է: Կարծում ենք, հայ մեծահարուստները միմյանց չեն զիջի իրենց շռայլությամբ, որովհետև չկա ավելի մեծ ու գեղեցիկ շռայլություն, քան շնորհակալության շռայլությունն է մեր ամենամեծի, մեր պատմության կենսագրի հանդեպ: Սակայն միայն Մշակույթի նախարարության ջանքերն ու միջոցները բավարար չեն:
Համազգային տոնը համազգային համախմբում է պահանջում, քանի որ դա Թումանյանի տոնը չէ, այլ հայ ժողովրդինը: Ազգովի աշխարհի տարբեր անկյուններում արժանավայել նշենք ա՛յն պոետի հոբլյանը, ում մենք ընկալում են իբրև Ամենայն Հայոց բանաստեղծ, իսկ օտարները՝ իբրև հայության խիղճ և հայ հոգու «Աստվածաշունչ»:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.