Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

1999 թվականի հոկտեմբերի 27-ից օրեր էին անցել: Վաշինգտոնից զանգեց ամերիկյան թերթերից մեկին աշխատակցող հայաստանյան լրագրող Գայանե Աֆրիկյանը: Վազգեն Սարգսյանի մասին կարծիքներ էր հավաքում թերթի առաջադրանքով: Տարիներ են անցել, բայց իմ խոսքի մի հատվածը այդպես էլ դաջված մնաց հիշողությանս մեջ. «Հիմա նրան կսրբացնեն` որպես զոհաբերված հերոսի, հետո կգա մի ժամանակ, երբ կփորձեն սևացնել նրան ու նրա կենսագրությունը, գուցե լինի մոռացման ինչ-որ կարճ ընթացք, բայց այդ ամենը կանցնի, ու կգա Վազգեն Սարգսյանի իրական ժամանակը»:
Վազգենին ժողովուրդն անվանեց Սպարապետ ու նույն ժողովուրդն էր այպանում նրան, երբ զինվորահավաքի ծանր բեռն էր առել իր ուսերին: 1992-ի օգոստոսին մահապարտների պատմական կոչն անող Վազգենի համար աղոթում էին, իսկ 1996-ի սեպտեմբերին` նախագահական ընտրություններից անմիջապես հետո, տանկերը Ազատության հրապարակ իջեցնող Վազգենին ատում էին: Ասֆալտի ֆիդայիներից ոմանց քաղաքական ֆիգուր դարձրեց` արժանանալով հասարակության խուլ դժգոհությանը, բայց 1999-ի սեպտեմբերի 21-ի զորահանդեսին երեխայի հրճվանքով արտասվող ու տղամարդավարի իր արցունքներից չամաչող Վազգենի հետ անհնար էր չկիսել նրա հպարտ ուրախությունը… Հակասական է Վազգեն Սարգսյանի ապրած կյանքը, ինչպես հակասական է ցանկացած մեկինը, ով իր վրա է վերցրել պատմության վճռորոշ պահին կամք ու որոշում ընդունելու պատասխանատվությունը: Ինքն էլ գիտեր իր խաչի ծանրությունը, գրող էր ի վերջո և ի սկզբանե, և կարող էր խոստովանել. «Ինձ ժողովուրդը չի ճանաչում: Ինձ նորմալ ճանաչում են իմ նեղ շրջապատի մարդիկ: Մնացյալը գիտեն ինձ մորուքով, գիտեն ջղայնացած, գիտեն քրտնած, այսօրվա եղած կերպարը դա է»: Ու գուցե մտքում փայփայում էր թաքուն իղձը. մնացած կյանքն ապրել` ճանաչելի դառնալով շատերի համար: Չհասցրեց: Չթողեցին: Մնացին նրա գործերն ու գրածները: Ու կգա ժամանակը` դրանք կօգնեն հասկանալ ու ճանաչել իսկական Վազգենին: Հիմա մի հատված իրենից` մտորելու համար: Իսկ մտորել արժե` ասվածը Ազգային հերոսի խոսքն է.
«Այս երկիրը բառերով սիրվող երկիր չէ, նաև հեռադիտակով դիտվող երկիր չէ, քարի հետևում քար կա, մշուշի ետևում`մշուշ: Այս երկրի սահմանները գծվում են արյամբ և ամրանում` քրտինքով: Միջազգային գեղեցիկ ու հարթ նշանառության օրենքները դիպչում են մեր քարերին ու ցաք ու ցրիվ լինում:
Այս երկիրը անտրամաբանական սիրո և անտրամաբանական ատելության երկիր է: Օրենքներն այստեղ ծնվում են սահմաններում, ծնվում են անհրաժեշտաբար և խորհրդարան են մտնում լոկ հանդերձավորելու համար: Այս երկիրը բառերով սիրվող երկիր չէ, անհատական սիրո երկիր չէ: Այս երկիրը համընդհանուր սիրո երկիր է: Այս երկրի մայրաքաղաքը սկսվում է խրամատից: Այս երկրի ազգային ժողովի պատգամավորների խոսքը պետք է ճշմարտություն դառնա խրամատում:
Հազարամյակներ պետք եղան, որպեսզի հասկանանք, որ լալահառաչ մշակույթով ազգ չի ապահովվում: Ի՞նչ է, ևս մեկ հազարամյա՞կ է պետք, որպեսզի հասկանանք, որ ամենակատարյալ ստեղծագործությունն ազատագրված հողն է:
Աշխարհի ամեն անկյունում ապրող և իրեն հայ համարող մարդը պիտի շնչի այս երկրի, այս պետականության շահերով և իմանա, թե ինչպես օգտակար լինի նրան: Վստահ եմ, որ 21-րդ դարասկզբին ձևավորվելու է հայի մի տեսակ, որն իր ազգային գաղափարախոսության կրողն է լինելու` զերծ թերարժեքության մտավախությունից, համարձակ, լիասիրտ, թիկունքին` արժանապատիվ պատմություն, առջևում` տարածություն»:

Հ.Գ. Դժվար ժամանակներ են. մեռած հերոսի անունը կրող փողոցն են փորձում անվանափոխել, ապրող հերոսներին են բանտարկում… Հերոսին հերոս պահելը դարձել է ավելին, քան հերոսությունը:

Մեկ մեկնաբանություն

  1. Pingback: Ապրիլյան օրագիր | Մայրամուտից առաջ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.