ԿԱՄԻԼԱ

ԽԱՂԱՂՈՒԹԻՒՆ՝ ԱՐԵԱՆ ԵՐԳԵՐՈՎ ՏՂԵՐՔԻՆ
Ա.
Նրանք հեռանում են,
Իսկ մենք դեռ ապրում ենք,
Քերթուած օրերի
Առաւօտներում:
Հողը պնդանում է,
Նստուածքը մե՛ր մէջ է,
Խօսքերը անտուն են
Անբառ յոյզերում:
Ականապատ կեանքի
Արնաքամ երկինքն է
Մաշկաթափ հեւքով
Անվերջ զառանցում:
Լոյսն ու խաւարն է,
Ընդհատուած սէրն է,
Ժայռակուռ ցաւն է
Հոգու խորանում:
Կրծքիդ խոռոչում
Անլեզու կեանքն է
Թոքերիդ վերջին
Օդը ներծծում:
Նրանք հեռանում են,
Իսկ մենք դեռ ապրում ենք
Այս փուչ աշխարհի
Անշունչ պատրանքում:
Բ.
Տղերքը գալո՛ւ են,
Վերադարձի կանչն է,
Յոյսի երակներն են
Երկիրը պտտում:
Երթը անվարան է,
Երգը արնավառ է
Հայրենիքը պահող
Տղերքի սրտերում:
Մռայլ քամիներ են,
Ժամանակը անսլաք է
Մահուան ու կեանքի
Սահմանագծում:

Շքերթը աննահանջ է,
Տղերքը անհա՛ղթ են,
Նորաշէն յոյզերն են
Անմար զրնգում:
Մանկանդ նոր ճիչն է,
Մայրական տաք սիրտն է,
Սիրածիդ լուռ սէրն է
Քո կողքին կռւում:
Տղերքը գալո՛ւ են,
Վերադարձի ձայնն է
Արեան երգերով
Երկիրը պտտում:

Գ. ՀԱՄԲՈՅՐՍ ՈՐՊԷՍ ՎԻՐԱԿԱՐ ԴՆԵՄ ՎԷՐՔԵՐԻԴ ՎՐԱՅ…
Իմ ձեռքերի մէջ
Քո տաք մարմինն է,
Կոկորդս սեղմող
Ցաւի փամփուշտը:
Դու տուեցիր մեզ
Խաղաղութիւնը
Ու հեռանում ես
Արեան երգերով:
Խրամատներից
Բարձրացող յուշն է
Մեր դեմքերի
Արիւնը մաքրում:
Գունատ երկնքի
Դալկադէմ աշունն է
Դեղնավիշտ փէշով
Հառաչը ծածկում:
Քո աչքերի մէջ
Յոյսի կանգառներն են
Հայոց բարձրադիր
Եզերքը պահում:
Իմ ձեռքերի մէջ
Քո տաք մարմինն է,
Համբոյրիս սպասող
Վիրակար վէրքեր:
Դու տուեցիր մեզ
Խաղաղութիւնը,
Իսկ հերթը մե՛րն է
Պատուով ապրելու:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.