Լռության դափնիներով զինվորները / Հակոբ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

2014 թ. աշխարհը նշում էր Առաջին աշխարհամարտի 100-ամյա տարելիցը: Տարբեր երկրներում հուշահամալիրներ էին բացվում և հիշատակի խնկարկումներ արվում (ի դեպ, քանի որ պատերազմը չորս ու կես տարի տևեց, 100-ամյակը դեռ ընթացքի մեջ է):
Մենք` հայերս, լուռ ենք, դա կարծես մեզ չի վերաբերում: Այդ պատերազմում խայտառակ պարտություն կրած Թուրքիան 2015 թ. ապրիլի 24-ին տոնակատարություն էր կազմակերպել Գալիոպոլի ճակատամարտի հաղթանակի պատվին: Էրդողանը աշխարհին հրավիրել էր, որ համատեղ պանծացնեն թուրքական զինուժի, այսպես ասած, մեծագույն հաղթանակը: Հաղթված Թուրքիան աշխարհին էր ներկայանում Դարդանելում իր հաղթող զինվորով, և դիտավորյալ ապրիլի 24-ին, լավ իմանալով, որ հենց այդ օրը աշխարհի մարդասեր խիղճը հայերի հետ նշում է 20-րդ դարի առաջին ցեղասպանության 100-րդ տարելիցը: Չեմ ուզում խորանալ թուրքական քստմնելի բարոյականության խորդանոցը, բայց եկեք խոստովանենք՝ Թուրքիան լավ է հասկանում հաղթող զինվորի արժեքը և առիթը բաց չի թողնում մեր աչքը խոթելով այն իր ազգի ոգին կոփել: Ինչը, ավաղ, մենք չենք անում Առաջին աշխարհամարտի պարագայում՝ մոռանալով մեր հաղթող զինվորների սխրանքն ու գործը: Մենք լուռ ենք: Աշխարհի առջև զոհի կերպարից չենք կարողանում ազատվել: Այո՛, մենք մոռացել ենք, աշխարհն էլ, առավել ևս, մոռացել է հայերի ներդրումը Առաջին աշխարհամարտի ռազմական գործողություններում, որի արդյունքում դաշնակից ուժերն հաղթանակ տարան, և հայերն էլ համարվեցին փոքր դաշնակիցներ: Ի՞նչն է մեր լռության պատճառը: Կարող եմ միայն ենթադրել: Գուցե այն ինձ ոչ հասու, ազգային շահերից ելնող գաղտնի ռազմավարական ծրագիր է: Բայց ազգի ոգելքումը ինչպե՞ս կարող է ծրագիր լինել, ինչպե՞ս կարելի է ազգի մարտական ոգու հաղթանակները մոռացության քամու բերանը տալ, ինչպե՞ս կարելի է Առաջին աշխարհամարտում պաղեստինյան ռազմաճակատում կռված հայ զինվորների «Հայկական լեգեոն» կոչվող սխրանքն ու հայրենյաց նվիրումը անտեսել, չարժևորել: Սովորականի նման մենք լուռ էինք, երբ 2016 թ. լրանում էր Հայկական լեգեոնի (Արևելյան լեգեոն) կազմավորման 100 տարին: Ավելի քան 5000 զինվորով, ֆրանսիական դրոշի տակ ձևավորված հայկական զինուժը, ասես, պատահական, կյանքից ձեռք քաշած մարդկանց խումբ էր: 2018 թ. կլրանա Հայկական լեգեոնի հաղթական Արարայի ճակատամարտի 100-ամյակը: Հավանաբար նույնպես կլռենք, կանցնի կգնա: Ի վերջո, տեսնես երբ ենք հստակությամբ գնահատելու՝ Առաջին համաշխարհայինում արդյոք արկածախնդրությո՞ւն էր, թե՞ ոչ, հայերի համար Մեգիդոյի ճակատամարտի մաս կազմող Արարայի սխրագործությունը:
Ո՛չ, երիցս ո՛չ, դա արկածախնդրություն չէր: Դա ազգային-ազատագրական շարժման ընթացք էր, որը նպատակ ուներ ազատագրել Կիլիկիան և իրականություն դարձնել «Ամբողջական Հայաստանի» գաղափարը:
Պատմական գիտությունների դոկտոր Կ. Հարությունյանը, «Պատմաբանասիրական հանդեսում» (1999 թ. №2-3) վկայակոչելով գիտական աղբյուրները, փաստում է, որ Առաջին աշխարհամարտին մասնակցած հայազգի զինվորների քանակը անցնում է 850000-ը: Պատկառելի թիվ է, անգամ թվում է անհավանական, բայց փաստ է, որի հետ գոնե մենք՝ հայերս, պետք է հաշվի նստենք: Սակայն, ո՛չ, այդ ամենը հասարակական հնչեղություն չի ստանում, ժողովուրդը չգիտի, և պատմությունն էլ, ցավոք, աղճատված է: Դրա համար էլ, եթե 2-րդ աշխարհամարտը հայը իրենը համարում է, 1-ինի հանդեպ անտարբեր է: Կարծում եմ, հայի հավաքական ազգային շահը գերակա է դառնում նրա գոյության ծայրահեղ վիճակներում, մնացյալ դեպքերում անձնայինն է առաջնային, ընդհանրականի համար ժամանակ չկա (թող ուրիշները անեն, ինքը տարված է իր գործերով): Ահա, սրանով իսկ տրամաբանական է դառնում, թե ինչու մեր պատմությունը լեփ-լեցուն է ուշացած սխրանքներով ու հայրենասիրությամբ, հայրենիքը վերջին հանգստարան տեսնողների հուզաշաղ առասպելացված զրույցներով: Հետևաբար, քանի վերջնականապես չենք ուշացել գնացքից, Առաջին աշխարհամարտի հանդեպ մեր դիտորդի կեցվածքը փոխենք. ասենք՝ դա էլ մեր պատմության մասն է, ոչ միայն որպես ողբերգական իրողության պատճառ, այլև՝ հայի մարտական ոգու սխրանքի և խիզախումի ապացույց, որի կրողն էր Հայկական լեգեոնը, որը 1916 թ. կազմավորվելով, ռազմական գործողություններին սկսեց մասնակցել 1918 թվականին:
1918 թ. սեպտեմբերի կեսերին դաշնակիցների և թուրք-գերմանական բանակների շփման գիծն անցնում էր Երուսաղեմ ու Նաբլուս քաղաքների միջև ընկած շրջանով և ձգվում Հորդանան գետից մինչև Միջերկրական ծով: 1918 թ. մարտ-ապրիլ ամիսներին անգլիական զորքերը փորձել էին ճեղքել գերմանա-թուրքական պաշտպանական գիծը և շարժվել դեպի հյուսիս, սակայն գերմանա-թուրքական զորքերին հաջողվել էր կասեցնել անգլիական զորքերի առաջխաղացումը: Սեպտեմբերին Անտանտի զինված ուժերի թվաքանակը հասնում էր ավելի քան 76000 զինվորի, և նրանք անհամեմատ ավելի լավ էին զինված ու հանդերձված, քան գերմանա-թուրքական զորքը: Դրա դիմաց գերմանա-թուրքական հրամանատարությունը աշխատում էր օգտագործել որոշակի առավելություններ տվող բնական, Սամարայի լեռնային կտրտված ռելիեֆն ու արհեստական ամրությունները և կառչելով դրանց՝ փակել անգլո-ֆրանսիական զորքերի ճանապարհը: Թուրք-գերմանական ուժերը հիմնականում բաղկացած էին թուրքական 7-րդ, 8-րդ բանակներից և 2-րդ բանակի մի մասից, ինչպես նաև գերմանական 7000-անոց մի զորամասից, որոնք մտնում էին Լիման ֆոն Սանդերսի հրամանատարությանը ենթակա «Յըլդըրըմ» (կայծակ) զորամիավորման մեջ: Զորքի ընդհանուր քանակը հասնում էր 50 հազարի, որի տրամադրության տակ կար զգալի չափով պակաս հրետանի, քան անգլո-ֆրանսիական զորքերինն էր:
Պաղեստինյան ռազմաճակատը թուրքերը համարում էին 2-րդ Դարդանել: Թուրքական պաղեստինյան ռազմախմբի ամբողջական ոչնչացումը, Առաջին աշխարհամարտի վերջնափուլում կարևորագույն ռազմագործողությունը եղավ: 1918 թ. սեպտեմբերի 19-25-ը տեղի ունեցավ Մեգիդոյի ճակատամարտը (Մեգիդոյի դաշտը աստվածաշնչյան Արմագեդոնն է, ինչի համար էլ նաև ասում են Արմագեդոնի ճակատամարտ): Այս ճակատամարտը ռազմարվեստի պատմության մեջ մտած այն եզակի ճակատամարտերից է, որտեղ հնարավոր եղավ լիովին գաղտնի պահել գլխավոր հարվածի ուղղությունը, զորքերի տեղաշարժը և սերտ համագործակցություն ապահովել ավիացիայի և հեծելազորի միջև:
Ճակատամարտին մասնակցած Հայկական լեգեոնին վիճակված էր գրոհելու 95 կմ-անոց ռազմաճակատի Զեյվա-Ռաֆաթ 3 կմ հատվածը, որը հարձակման կեղծ գլխավոր հարվածի ուղղության ծանրագույն տեղամասն էր, Հաուարա լեռան հարևանությամբ: Հաուարան նմանեցնելով Արարատին (հնչյունորեն), հայերը իրենց մղած ճակատամարտը կոչեցին Արարա: Հայերը կռվեցին քաջաբար և առաջինը ճեղքեցին ռազմաճակատի գիծն ու ամրացան գրավված խրամատներում՝ տալով 23 զոհ և 70 վիրավոր: Դրանով իսկ իրենց նպաստը բերելով ընդհանուր ճակատամարտի հաղթանակին: Արժե հիշատակել դաշնակից ուժերի պաղեստինյան ռազմաճակատի գլխավոր հրամանատար Է. Ալեմբիի նամակից մի հատված, որը 1918 թ. հոկտեմբերի 12-ին նա գրել էր Հայ Ազգային պատվիրակությանը. «Ես հպարտ եմ, որ իմ հրամանատարության տակ ունեցել եմ հայկական զորամաս: Նրանք կռվեցին փայլուն կերպով և մեծ բաժին ունեցան հաղթանակի մեջ»:
Ճակատամարտում պարտվելուց հետո թուրքերը այդպես էլ ուշքի չեկան. կորցնելով Լիբանանը և Սիրիան, 1918 թ. հոկտեմբերի 30-ին Լեմնոս կղզու Մուդրոս նավահանգստում խարիսխ նետած անգլիական «Ագամեմնոն» ռազմանավի վրա ստորագրեցին զինադադար և դուրս եկան պատերազմից: Ես չեմ պատկերացնում, եթե հայերի փոխարեն ադրբեջանցիները լինեին այդ ճակատամարտի մասնակիցները, աշխարհով մեկ ինչ աղմուկ բարձրացրած կլինեին, իսկ մենք լուռ ենք:
Հարկ եմ համարում նշել, որ 1918 թ. հոկտեմբերի 6-ին Հայկական լեգեոնն էր, որ առաջինը մտավ Բեյրութ և այն ազատագրեց:
Երուսաղեմի Սուրբ Փրկիչ վանքի դիմաց հայկական ազգային գերեզմանոցում է գտնվում Արարայում զոհված հայ լեգեոնականների հիշատակը հավերժացնող հուշարձանը, որը նորոգման և բարեկարգման կարիք ունի (ականջդ կանչի Հայաստանի Հանրապետություն), ի դեպ, նրա կառուցման 90-ամյակը լրացավ այս տարի ապրիլի 24-ին: Սուրբ Փրկիչ այցելած հայ զբոսաշրջիկներին հորդորեցի այցելել նաև այդ սրբավայրը: Եկան: Ես հնարավորինս ներկայացրեցի Արարայի հերոսներին և նրանց վեհագույն գործը: Զբոսաշրջիկները հոգնած լսեցին, տարակուսած սպասեցին խոսքիս ավարտին, հետո կամաց-կամաց հեռացան: Նրանցից ոչ մեկի մտքով չանցավ նկարել հուշարձանը, այն դեպքում, երբ նրանք ամենուր, տեղի-անտեղի, հեռախոսներով նկարում էին աջ ու ձախ: Երբ այդ մասին նրանց ասացի, զարմացան՝ իբր, ի՞նչը նկարեին, ու ծիծաղեցին: Երուսաղեմում հայերի զբոսաշրջությունը կազմակերպող տուրիստական ընկերությունների ծրագրերում բացակայում է այցելություն Արարայի հուշարձան, բայց Թելավիվի Սուրբ Նիկողայոս հայկական եկեղեցին այցելություն կա, որպեսզի առանձնակի ոգևորությամբ պատմվի, թե Նապոլեոնի հիվանդ և վիրավոր զինվորները ժամանակին այդտեղ են բուժվել: Այսպիսի բաներ: Մենք մոռացել ենք կարծես մի պարզ ճշմարտություն, որ հիշողությունն էլ է հայրենիք, իսկ հայրենյաց զինվորը՝ նրա մարտական ոգին:
Ասելիքիս նպատակն է երախտապարտ հիշատակումով արժանին մատուցել այն հազարավոր զինվորներին, որոնց հերոսությունը հանիրավի անտեսված է ու հաճախ՝ մոռացված, բայց որոնց անունների ընդհանուր հայտարարը մեկն է՝ Հայկական Լեգեոն: Հայ լեգեոնականը վրիժառու էր և վրեժ լուծելու ամենավեհ կերպն էր ընտրել՝ հայրենիքին ծառայել որպես մահապարտ, որին էլ հավատարիմ մնաց մինչև վերջ: Նրանց ոգեղեն թռիչքը, ճիշտ է, հայրենյաց սահմանները չհաստատեց երկրի վրա, բայց ունեցավ հոգևոր ընթացք, որն առաջին հերթին արժանապատվության զգացումն է, իր համայնական հավաքականության մեջ՝ ազգային ինքնության դիմագիծը բնորոշող: Հայկական լեգեոնը չհասավ իր վերջնական նպատակին, բայց լեգեոնականները, որոնք լուռ ու մունջ, առանց ցուցադրության կատարեցին իրենց պարտքը, չտրտնջալով զոհողություններից, համեստորեն խոնարհվելով ընդհանուրի շահի առջև, արժանի են փառաբանման որպես հաղթող զինվորներ:
Ոնց որ շատ ենք հապաղում և արժանին չենք մատուցում ու գնահատում մեր պատմության այն երևույթները, որոնք հավաքական արժեք են, իսկապես անհրաժեշտ ու մշտական: Երբեք ուշ չէ աշխարհին ներկայանալ նաև Առաջին աշխարհամարտի հայ հաղթող զինվորներով: Մանավանդ այդ պատերազմի վճռորոշ ճակատամարտերից մեկում, որը թուրքը համարում էր «Երկրորդ Դարդանել», հայ զինվորի արյուն է հեղվել ճակատամարտի հաղթանակի համար:
Կարծում եմ, 2018 թ. ամբողջ աշխարհի հայությունը պետք է միասնաբար նշի Արարայի հաղթական ճակատամարտի 100-ամյակը՝ դրանով իսկ աշխարհին մեկ անգամ ևս ցույց տա մեր ազգի հավաքական ու միասնական անպարտելի ոգին:
Ինչ է, շարունակենք լռե՞լ:

Մեկ մեկնաբանություն

  1. Թեման հրատապ է և ավելի քան անհրաժեշտ` մեր ինքնությունը հասկանալու և ապրելու համար:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։