Ի հեճուկս շարունակվող մահվան / Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Խաչիկ Մանուկյանի «Շարունակիր մեռնել…» ժողովածուն գոյապայքար է` ի հեճուկս շարունակվող մահվան և ի փառս անզիջում կյանքի: Ինքն այսպես է բնութագրում վերնագրի ու դրա տակ ամփոփվածի էությունը. «Շարունակիր մեռնել», այստեղ երկվություն կա. եթե շարունակում ես մեռնել, ուրեմն դեռ ապրում ես, բայց նաև սա այն ապրելը չէ, որ կյանք համարես, սա, իսկապես, մահվան ընթացք է դարձել, մեռնել շարունակելու ընթացք: Շատ եմ ուզում, որ կարողանանք այն շրջանցել, հասնել ապրելու ժամանակներին: Ու հույս ունեմ, որ կգան այդ ժամանակները, որովհետև ես ոգեղենությանն եմ ապավինում»:
Ոգեղենությանն ապավինած պոետը իր ուղեցույցներն ու կռվաններն ունի թե՛ պոեզիայի մեջ, թե՛ իրականության: Նա ապրում է սիրով` առ մոլորակը, առ հայրենիքը, առ մերձավոր ու հեռավոր մարդը, առ կինը, որը նրա բանաստեղծական պատումներում ռոմանտիկ-եթերային նկարագրով ի հայտ գալուց զատ, ունի մի կարևոր, ճակատագրական առաքելություն. երբ պոետի առաջ գոցվում են բոլոր հնարավոր դռները, երբ նրա ուղին, թվում է` անխուսափելիորեն տանում է դեպի փակուղի ու մահ, իբրև հրաշագործ աճպարար` նրա առջև հառնում է կինը, որ պոետին վերադարձնում է կյանք և ասես պարտադրում է ապրել, ապրել` իմաստավորելով ու սիրելով կյանքը.
Մակընթացության արդյունքում եղար,//Վազող ջրերի հետ երևացիր,//Ես անցնում էի Աստծուց սրտնեղած,//Որ դառնություն էր խառնվել հացիս://Ինքնասույզ, ներսիս տարածքներում թաց`// Կորուստներիս հետ երկա՜ր մնացի,//Ես կանգնել էի Արարչի դիմաց,//Ասում էի` ա՛ռ, ինչ որ տվեցիր://Ասում էի` ա՛ռ ու խաչիր ի՛նձ էլ,//Բայց թռիչքները հոգուս մի՛ սանձիր,//Օրերս հասկի նման ես հնձել`//Հագուրդ տալով քո քմայքի քաղցին://Ես գնում էի, որ հեռվում մնամ,//Կորուստներիս շուրջ խոկամ առանձին,//Բայց ալյակների թևին եկավ նա,// Թարմ շունչ հաղորդեց իմ լքված անձին. //Դրոշի նման թափահարվեցի,//Պաստառիս` գունեղ պատկերը նրա.//Սե՛ր, եկար ու նույն խենթը մնացի`//Նորից քայլում եմ ջրերի վրա:
Սիրելիի նկարագիրը ոչ հազվադեպ դառնում է նատուրալիստորեն բաց, մերկապարանոց, ինչպես, օրինակ` «Որովհետև» բանաստեղծության մեջ, բայց սա ընթերցողին չի խանգարում որսալ բանաստեղծի հուզական-ռոմանտիկ ապրումի երանգները սիրո նյութականացող անբռնազբոս նկարագրի ենթատողերում:
Բանաստեղծը նաև կատակել գիտի իր ու սիրելիի ամենանուրբ զգացումների հետ, չարաճճիորեն խաղալ` ասես ցանկանալով լիցքաթափել ծանրախոհ ու լրջմիտ մթնոլորտը: Ասվածի վկայությունները բազում են նրա ողջ պոեզիայում, իսկ այս ժողովածուում, թերևս, ամենաբնութագրականը «Հյուրերը գնացին, մնացինք երեքով» տողով սկսվող բանաստեղծությունն է:
Հայրենիքը միշտ էլ առանձնահատուկ կերպավորում է ստանում Խաչիկ Մանուկյանի բանաստեղծության մեջ: Ես, և վստահ եմ` ոչ միայն ես, հոգուս ամենազգայուն թրթիռներով եմ միաձուլվում «Գոյամարտ» բանաստեղծության տողերին ու ենթատողերին: Եվ նույն այդ տրամադրության կենսոլորտում է շարունակում պահել իր ընթերցողին բանաստեղծը «Շարունակիր մեռնել…» ժողովածուի հայրենասիրական երգերում:
Ինչպես յուրաքանչյուր մտածող ու անաչառ մարդ, տեսնում ու ի ցույց է դնում իր ու մեր երկրի խոտորումները: Դրանց բեռան տակ բոլորս ենք կքած ու բոլորինս է Խ. Մանուկյանի մատնանշած դառն իրականությունը.
Եվ ավելորդ է դարձել անձն իմ,//Իր հայրենիքում` չփլախ կենվոր:
Բայց սա ո՛չ փախուստի կոչ է ծնում, ո՛չ օտար փայլփլանքներին գերվելու հորդոր: Ընդհակառակը, հայրենիքի ցավին հաղորդակից լինելու մեջ անգամ բանաստեղծը շեշտադրում է ինքնաբավության փաստը:
Քեզ չեմ շրջանցի, քեզ ապրելու եմ`//Իմ հրաշք երկիր, իմ խինդ ու ցավ,//Քեզանից հեռու` ինձ ատելու եմ//Բոլոր պահերի մեջ ուրացյալ://Քեզանից հեռու` ինձ կապելու են//Անորոշության պոչից անծայր,//Փայլփլանքներով ինձ խաբելու են`//Անսեր, աններկա ու անանցյալ…//Նրանց համար, որ քեզնից հեռու են,//Քո կարոտի տաք արցունքը կա,//Քեզանից հեռու` ես մեռնելու եմ`//Ինքս իմ էության մեջ բացակա:
Խաչիկ Մանուկյանը փիլիսոփա է, վերլուծող, հետազոտող: Նրա վերլուծությունների ծիրում բավական հաճախ հայտնվում է հենց իր անձը: Նա ասես վերացարկվում է ինքն իրենից, տրվում ինքնազննումի գայթակղությանը.
Ես խոսքի մեջ արված մեջբերում եմ.//(Աստված ինչ-որ մեկին բան էր ասում),//Կիսով` ձեզ հետ, կիսով` եթերում եմ,//Սիրափետուր ճա՜խր եմ ամեն մասում:
Խաչիկ Մանուկյանի բանաստեղծության մեջ կան մշտամնա կերպարներ, պատկերներ, արտահայտություններ ու արտահայտչաձևեր: Նա սիրում է իր խոսքն ու կոչն ուղղել չկոնկրետացող մատռվակին, իբրև սեփական գաղափարների վավերացում` անսպասելի, բայց օրգանապես ներդաշն` մեջբերել դասական պոետների տողերը, ապավինել ոչ գրական բառաշերտի օգնությանը ամենառոմանտիկ ու ամենախոհուն ասելիքը մատուցելիս: Զորօրինակ.
Համբույրներ են շարում կյանքի պարանոցին,//Սերը նորից գյո՜լ է տվել երկրի վրա,//Բարուրվում ու ձայնն եմ լսում օրորոցիս.//Վա՜յ քու, արա՛…:
Անալիտիկ հայացք ունի աստվածաշնչյան ճշմարտությունների հանդեպ: Սկսած «Ջրհեղեղ» բանաստեղծությունից մինչև այս ժողովածուում ամփոփված համապատասխան գործերը` Խաչիկ Մանուկյանը վերլուծում, ժխտում, վերաիմաստավորում ու վերակերտում է կյանքի, գոյության, մահվան, հետկյանքի տիրույթները կարգաբերող Աստծուն ու նրա տեսությունը: Մե՛րթ վիճում է Աստծու հետ, մե՛րթ հնազանդվում, մե՛րթ ընկերանում է, մե՛րթ կատակում.
Բա որ գնամ ու երկնքում ասեն պետք չես,// Գնալ-գալուս ծախսերը ո՞վ կվճարի,//Հրեշտակաց մռութները հերթով պաչեմ,//Թաշկինակներ թափահարեն ճանապարհիս:// Անմահության ձևը միակ վաղուց գիտեմ`//Հոգիդ երբեք սիրուց չպիտի բաժանվի,//Արարչական անցումների մասնագետ եմ,//Ուշք դարձրեք չսնգուրված իմ բառերին:
Բացարձակ ճշմարտությունների հանդեպ կասկածներն ունեն իրենց պատճառները, որոնք հենց այդ բացարձակությունների խաթարումից են սնվում.
Հրեշտակները լավ չեն հսկել,//Շուրջս չարության արտահոսք է:
Եվ քանի որ բանաստեղծը չի կարող ինքնաբավ և ինքնագոհ լինել` իր ներշնչանքի, իր հոգու ներքին տարուբերումների, կյանքին իր տվածի ու նրանից ստացածի ծանրաբեռ թանձրույթի բազմաշերտերում, կանոնիկ ու պարականոն գոյաձևերը նրան բերում-հանգեցնում են դատարկ «Ոչմիբանի» փաստին:
Խաչիկ Մանուկյանը, ինչպես իր ու մեր կյանքը պրպտող յուրաքանչյուր քննախույզ բանաստեղծ, ինքն իրեն կանգնեցնում է զրոյական ելակետի առջև և պրպտումների հաջորդ մեկնարկը տալիս հենց այդ կետից, քանզի մոլորակիս բոլոր ժամանակների իմաստունների նման վստահ է, որ ամեն ինչի նախասկիզբը մեկն է, ու որ ինչ-որ տեղ հասնելու ճանապարհները պետք է սկսել, գուցե և ավարտել միշտ միևնույն կետից` «Ոչմիբանից»:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.