ԻՄ ԹՈՌԸ, ԻՄ ԹՈՌՆՈՒՀԻՆ… / Անտոնինա ՄԱՀԱՐԻ

Շոգ ամռան օր է: Այգի գնացի: Տեսնեմ` մի խումբ կանայք նստած զրուցում են: Միացա նրանց խմբին:
– Գիտե՞ք թոռնիկս սկսել է ազատ խոսել, ինչ հարց ասես` չի տալիս, օրինակ, հարցնում է` ինչո՞ւ մայրիկի փորը մեծ է: Ինչո՞ւ մայրիկի մազերը սև են, իսկ տատիկինը` ճերմակ: Անունը հարցուփորձիկ եմ դրել:
– Իսկ իմ թոռնիկը ի՜նչ գեղեցկուհի է, ամբողջ օրը հայելու առաջ հիանում է ինքն իրենով,- կողքի կինն է շարունակում առաջինին:
Երրորդն ասում է.
– Թոռնիկս շատ լուրջ երեխա է, ասում է` սեպտեմբերին որ դպրոց գնամ, միայն գերազանց պիտի ստանամ:
– Իսկ դուք գիտե՞ք, որ Գոհարիկս արդեն ստեղծագործում է: Այնքան գեղեցիկ ու ճիշտ հանգերով, որ զարմացա: Ուսուցչուհին կարդացել էր նրա ոտանավորներն ու ասել, որ անպայման բանաստեղծուհի կդառնա:
– Իսկ իմ թոռը պատրաստվում է բանակ գնալ: Նրան հարցնում եմ, չե՞ս վախենում, իսկ նա. «Ինչո՞ւ պիտի վախենամ: Պետք է, ուրեմն` պետք էե:
– Պատկերացնո՞ւմ եք, թոռս համալսարան է ընդունվել, իրավաբանական ֆակուլտետ: Ասում է` պետք է պայքարի արդարության համար: Մանկուց շատ ազնիվ ու խելացի երեխա է, իսկական արդարության մարտիկ:
– Իսկ իմ թոռն ուզում է զինվորական դառնալ, ասում է, որ գեներալ է դառնալու: «Բանակում շատ են խիստ, բայց դաժան գեներալները, իսկ ես կլինեմ խիստ, բայց ոչ դաժանե:
Եվ այսպես շարունակ… Իմ թոռը, իմ թոռնուհին…
Թանկագին կանայք, գիտե՞ք, ինչպես ասում էին բոլշևիկները` չկա իմը և քոնը, կա մերը, ընդհանուրը, ուստի` ձեր թոռներն ու թոռնուհիները ոչ միայն ձերն են, նրանք նաև իմն են, ու ես էլ եմ նրանց սիրում ու ցանկանում բարի, լուսավոր ապագա, որպեսզի հասնեն մեծ հաջողությունների ու լինեն երկրի արժանավոր քաղաքացիներ, որպեսզի Մայր Հայաստանը հպարտանա իր զավակներով: Իսկ ձեզ, թանկագին կանայք, շատ եմ սիրում ու հարգում, քանի որ դուք ձեր կյանքը նվիրաբերել եք նոր սերնդի հոգևոր ու ֆիզիկական ներդաշնակ զարգացմանը: Ձեզ ցանկանում եմ ամուր առողջություն, որպեսզի տեսնեք ու ուրախանաք ձեր թոռների հաջողություններով ու նվաճումներով:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.