Ժողովրդի հետ, ժողովրդի մաս, ժողովրդից անբաժան… / Դավիթ Մկր ՍԱՐԳՍՅԱՆ

 

Գաղտնիք չէ, որ մտավորականության մի շերտ հեռացել է ժողովրդից և եթե նույնիսկ ապրում է նրա նման չարքաշ ու դժվար, համենայնդեպս, ոչ նրա կյանքով, համենայնդեպս այդ կյանքը, ըստ էության, չի արտացոլվում գեղարվեստական գրականության մեջ ո՛չ ամբողջական լայն կտավով, ո՛չ դրվագային, իրադարձային պատումներով: Շատերը, մոռանալով մասնագիտական սկզբունքային և ներքին հանձնարարականը, լքում են իրենց վերապահված պատվո դիրքերը առաջին իսկ նեղանձնական շահադիտական գայթակղության ընձեռած առարկայական հնարավորության դեպքում: Ամենայն Հայոց Հայրապետ երջանկահիշատակ Վազգեն Ա կաթողիկոսն արգելում էր ջեռուցել իր սենյակը՝ ցրտի էր մատնված իր համայն հոտը, իտալացի աշխարհահռչակ օպերային տենոր Մարիո Դել Մոնակոն համերգային տոմսեր չունեցող ունկնդրի համար ռուսական սառնաշունչ ձմռանը բացօթյա երգեց Մեծ թատրոնի բակում՝ արհամարհելով կոկորդին սպառնացող վտանգը… Բազմաթիվ են ժողովրդին նվիրումի անսասանությունն ապացուցած մտավորականների մասին պատմող փաստերը, նրանց, ովքեր գիտակցել են պարզ մի ճշմարտություն՝ իրենք պարտավոր են ամեն պարագայում լինել ժողովրդի հետ, կիսել նրա ուրախություններն ու դառնությունները, հուսախաբ չանել նրան և ապահովել սեփական խղճի խաղաղությունը: Դիպուկ է Վիլյամ Սարոյանի դիտարկումը ընթերցողների հետ երևանյան մի հանդիպման ժամանակ, երբ գրողը հետաքրքրվում է այն անձանցով, ովքեր չեն կարողացել տեղ գտնել լեփ-լեցուն դահլիճում: Նրա առաջարկով բացվում են փակ դռները, որպեսզի երկրպագուներին լսելի լինի դահլիճի անցուդարձը: Բարի հսկան խոստովանում է, որ այդ պահին ավելի շատ նրանց հետ է, քանի որ ինքը հաճախ է դրսում հայտնվել: Իհարկե, չափազանցություն կլինի բոլորից անխտիր անձնուրացության օրինակներ ակնկալելը, բայց ջայլամային կեցվածքը, նեղանձնական շահամոլության ծայրահեղ գերակայությունը ժողովրդի սպասելիքների նկատմամբ մերժելի է: Ընթերցողը սպասում է գրողի խոսքին ոչ միայն ստեղծագործական մտահղացումների, այլև հրապարակային ելույթի, կոչի, ֆիզիկական ներկայության առումով: Ասում են, գրողի խոսքն ամենահեղինակավորն ու ազդեցիկն է, այն ընկալվում է որպես ժողովրդի խղճի ձայն, գրողը՝ ուսուցիչ, նրա ստեղծագործական տաղանդը՝ աստվածային շնորհ: Պահպանվե՞լ է այդ հավատն ու վերաբերմունքը մեր օրերում: Չանդրադառնանք ծամծմված ու չարչրկված արդարացումների, թե աշխարհը նյութականացել է, մշակութային և հոգևոր արժեքները մղվել են ետին պլան, թե ընթերցանության խնդիր ունենք, և գրագիտությունն ամենևին բարեկեցիկ ապրելու գրավական չէ, իսկ կիրթ ու ազնիվ լինելը դիտարկվում է հոգեբանական շեղումների հարթության վրա: Սթափ հայացքը հուշում է, որ գրող-ընթերցող-ժողովուրդ և հասարակական կյանք երբեմնի անքակտելի փոխհարաբերությունները վերածվել են դասական, դասագրքային իրողությունների, այդ առնչություններում բույն են դրել անտարբերության, օտարացման քայքայիչ բացիլներ: Եվ դա այն հասարակության մեջ, որը տասնամյակներ շարունակ ապրում է ներքին մեծ ու փոքր ողբերգություններ, ալեկոծվում, ընդվզում, պայքարում՝ կեղեքման, թալանի և համատարած անօրինականությունների դեմ:

Գրողի և գրականության գլխավոր թիրախը մարդն է և նրա ապրած ժամանակաշրջանը: Մարդը տքնում է, լավագույն դեպքում՝ վարձատրվում սպառողական զամբյուղի թույլատրելի շեմից նվազ, երկրում թևածում է գործազրկությունը, չքավորությունը, անարդարությունը և մոլեգնում անպատժելիության, մարդու տարրական իրավունքների ոտնահարման փոթորիկը: Սով, չքավորություն, արտագաղթ՝ գրողն ու գրականությունը լռում են: Հասարակությունն ըմբոստանում, ընդվզում, ապստամբում, զոհեր է տալիս՝ քար լռություն է: Երկիրը հայտնվել է տնտեսական, ներքին և արտաքին տարաբնույթ լրջագույն մարտահրավերների առջև՝ գրական ընտանիքը պահպանում է համր կեցվածքը: Կարիքն ու հոգսը շատերին ձևախեղել՝ դարձրել է մանրախնդիր և մանրավաճառ, ազդարարելով իրենց վերապահված ազնիվ գրական գործունեության տխուր վախճանը: Հոգսը ներսից քայքայել է նրանց հավատամքը՝ ազնիվ մտածողությունն ու հոգեբանությունը, ժողովրդի հետ հանուն արդարության բարիկադները չլքելու սրբազան պարտքը: Լինում է և այնպես, երբ խոսում են թնդանոթները՝ չեն լռում մուսաները, եթե քաղաքացի ես, ապա նոր՝ պոետ, եթե ստեղծագործությանդ հումքն իրական կյանքն է՝ իր բոլոր երեսակներով, որից սնվել ես և պարտավոր ես պարկեշտորեն հատուցել պարտատիրոջդ: Հայրենական պատերազմի տարիներին Դ. Դեմիրճյանը «Վարդանանք» էր արարում, Ստ. Զորյանը՝ «Պապ թագավոր», Շիրվանզադեն ոսկե երիտասարդության Քաոսն  էր պատկերում անցյալ դարասկզբին և այլն: Վանի կռիվներում Փանոս Թերլեմեզյանը դիպուկահար էր, Սարդարապատում՝ Ակսել Բակունցն ու մտավորականության աստղաբույլը, Արցախյան ազատամարտում՝ մեր գրչակից ընկերներն ու տասնյակ մտավորականներ: Քաղաքացիական պարտքի բարձր գիտակցումը հասարակության կյանքը նմանեցնում է բրուտագործի ափերի մեջ հունցվող կավի հետ, որը ստեղծագործական երևակայության և վարպետության շնորհիվ վերածվում է գրական արժեքի: Միգուցե բնական գործընթաց է, և ոչ մեկին իրավունք չի վերապահված պահանջելու անձից այն, ինչը վեր է նրա ուժերից, բայց այդտեղ մարում է գրողի խռովքը, գրողը նահանջում է գիրը որդեգրած անձի մեջ, հուսախաբության գիրկը նետում ընթերցողին: Ընթերցողն առանց իր գրողի բարոյապես և հոգեպես աղքատանում է, ապրում հոգու և մտքի պապակը հագեցնելու անկարողության ճգնաժամ: Մինչդեռ երկարաձիգ ու համառ հանրահավաքներում, բողոքի ցույցերում և երթերում հանդիպում են իրենց համախոհների հետ գիշերներ լուսացնող տաղանդավոր երիտասարդ գրողներ՝ հավատարիմ իրենց գրչին և գրիչը՝ իրենց, նույնքան հաստատակամ տաղանդավոր և իմաստալից ապրելակերպի կանչին: Իհարկե, գրողը մենակ է սպիտակ թղթի առջև, նա անհատականություն է, որի ստեղծագործությանը միջամտելը, նրան քաղաքական պատվեր տալը խստիվ արգելված է՝ հուսանք, որ այդօրինակ հանձնարարականների դարաշրջանն անվերադարձ հուղարկավորվել է: Այսօր ստեղծագործողների հանրությունը, մասնագիտական ուղղվածությամբ և ընդհանուր առմամբ, համազգային և համամարդկային խնդիրների շուրջ միավորվելու կարիք ունի, բռունցքված հանդես գալու հասարակության և ժողովրդի շահերի պաշտպանությամբ՝ եթե ոչ ինքնաբուխ, ապա կազմակերպական նպատակներով իրենց գոյությունը կարևորող միությունների, ընկերությունների նախաձեռնությամբ: Ստեղծագործական և ստեղծագործողների բազմապիսի հարցեր, ավաղ, դուրս են մնացել նրանց աշխատանքային առօրյայից՝ բավարարելով միայն անդամատոմսը գրպանում կրելու փաստաթղթայնացված իրողությամբ: Դժվարանում եմ ասել, թե քանի ստեղծագործական հասարակական կազմակերպություն է այսօր առկա Արդարադատության նախարարության գրանցամատյանում և քանի անդամ է երջանկացել այդ վայելքով, բայց միայն Հայաստանի գրողների միությունն ունի 500-ից ավելի անդամ, գործում են նաև Երևանի գրողների միությունը, Հայ գրողների միությունը, Համահայկական գրողների միությունը… Անունները կան, ամանում ի՞նչ կա: Չգիտեմ: Հայտնի է, որ գրին նվիրված և գրչին ապավինող անձանց մի հսկա ներուժ և բանակ ունենք, որի արձակած հատուկենտ՝ խաբուսիկ փամփուշտներով և արկերով կամ ճշգրիտ նշանառությամբ կրակոցները համակարգման, միասնական համազարկի անհրաժեշտություն ունեն, թեկուզ հայտարարությունների, կոչերի տեսքով, ինչու ոչ, պատնեշի դեր ստանձնելու ցուցարարների և ոստիկանների միջև, առանց անձեռնմխելիության հաղթաթղթի: Նրանց է վերապահված ամենախնկարկելին՝ ժողովրդի տածած հարգանքը, վստահությունն ու հավատը անմար պահելու առաքելությունը… Նրանք պարտավոր են կրնկակոխ հետևելու հանրության կյանքում կատարվող իրադարձություններին, կողմնորոշելու անձին և հասարակությանը: Գրողն է ունակ պեղելու և պատկերելու կյանքն ու մարդուն՝ իր ամբողջության մեջ, հուսահատին՝ հուսադրելու, ջլատվածին՝ ջլապնդելու, մատը ցավոտ վերքին դնելու՝ որպես բալասան: Նա ի վիճակի է ներգործելու հասարակական գիտակցության, մարդու հոգեբանության վրա, կոչելու արժանապատիվ ապրելակերպի, վերհանելու կյանքն իր գեղեցկությամբ, և իմաստավորված ապրելու ուժ ներարկելու, նա կարող է հրաշագործ լինել, եթե իր խոսքն ուժ և արժեք ունենա… Խոսքի արժեզրկումը երկակի բովանդակություն ունի՝ ժողովրդավարության անվամբ սքողված ինքնապաշտպանական վահանների կիրառմամբ՝ ազատ քննադատության հարցադրումներն անպատասխան թողնելով կամ կցկտուր, ոչ կառուցողական և շինծու մեղադրանքներ շռայլելով, որի պատճառով տարիներ շարունակ խելամիտ ու արդարացի հարցադրումներն արժանացել են անհետևանք՝ անապատում բարբառող ձայնի հայտնի ճակատագրին:

Գրողին են վերագրում ժողովրդի խիղճն իր մեջ կրող ընտրյալի պատիվը: Նրա խոսքի արժանահավատությունն ընթերցողի համար վեր է բոլոր օրենսգրքերից: Խոսքի արժեզրկումը հոգու սովի ախտանիշ է: Գրողը գաղափարական-գիտակցական, գրական-մշակութային Վերնատան անդամ է, որն ավելի բարձր է դասվում ցանկացած պաշտոնական աթոռից ու գահից: Երբեմն կարիք է զգացվում այդ Տան անդամներին ներկա-բացակա անելու՝ ոչ ֆիզիկական, այլ խոսքի արժեքի չափանիշներով՝ բացականե՞րն են ներկա, թե՞ ներկաներից շատերն են բացակայում:

Գրողն իր ժամանակի տարեգիրն է, ժամանակակցի հոգու թարգմանը, միաժամանակ՝ գաղափարի զինվոր, որը դիտորդի կարգավիճակում չի կարող ընկալել իրականությունն իր գործող անձանցով, առավել ևս չլինել բարիկադների վրա, երբ ժողովուրդը խրամատներում է: Թե ինչպես, ելակետային ինչ մոտեցումներով նա կարտահայտվի՝ գեղարվեստական մտածողության, ոճի, նյութի հրամցման եղանակների անհատական տիրույթում է: Ժամանակի շունչը լինելու համար թոքերդ ժամանակակից թթվածնով պետք է լցվեն, շնչառությունդ ժամանակի զարկերակին համընկնի, միտքդ ժամանակի արյամբ սնուցվի. ամեն գրող յուրովի՝ իր պատկերացումների և աշխարհընկալման սահմաններում: Նա նաև վաղվա օրը կանխատեսելու և նախապատրաստելու շնորհը պետք է կրի՝ գիտակցական ազդակներ հաղորդելով ընթերցողին, թեկուզ մերժվի վերևների կողմից որպես ընդդիմադիր: Գոնե մինչև վերջերս այդ կերպ էր ընկալվում ճշմարտության մասին բարձրախոսելը, մինչդեռ առաջընթացի և զարգացման կարևորագույն նախապայման է շարունակական անբավարարությունը, որից և ծնունդ է առնում մղումը դեպի կատարելություն: Հնազանդ և համակերպվող մտավորականությունը, տուն և կոչում, կյանքի հարմարավետություն և սեփական անձի բարեկեցություն մուրացողը չի կարող հավակնել համաժողովրդական հարգանքի և պատվի, առավել ևս՝ նրա գրավոր կամ բանավոր խոսքը:

 Սպիտակ թղթի մաքրության վրա շարադրվում են մտքեր և պատմություններ, խոհեր և զգացողություններ, կերտվում կերպարներ, և գրողը պարտավորված է անկեղծ ու անկաշառ լինելու՝ ստեղծագործությունը ժամանակի դատին հանձնելիս, անվրդով իր և ընթերցողի խղճի առջև: Ճերմակ թղթին արված գրառումները գրողի մտքի և հոգու հայելին են, որտեղ բառերն ու նախադասություններն արտահայտում են հեղինակի էությունը, պատկերում ներաշխարհը, որտեղ փոթորկվում է իրականությունն ու մարդը՝ իր ամբողջական նկարագրով՝ ներկայով, անցյալով և բարի ու գեղեցիկ գալիքի ձգտումներով: Դեռ որքա՜ն ասելիք կա այս ամենի մասին, և որքա՜ն ծանր ու պատասխանատու բեռ են կրում սրընթաց փոփոխությունների ենթարկվող այս աշխարհում գրողն ու ստեղծագործ անհատը, եթե իսկապես, ըստ արժանվույն, հավատարիմ է մնում դավանած ճշմարտություններին, եթե իսկապես իր ժողովրդի հոգսերի և իղձերի հետ է, եթե անկաշառ է նրա խոսքը, եթե գրող է…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.