ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱԼՅԱՆՍԻ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ԿԵՂԾԻՔԸ / Ռուզան ԱՍԱՏՐՅԱՆ

Երբ Հիսուս ասաց՝
«Սիրիր թշնամուդ», այնժամ
թուրքը չկար աշխարհում:
Ավ. Իսահակյան

Հայ ազգի բնաջնջման՝ նրա էթնիկ տարածքներին տիրանալու, նրա աշխատասեր զավակների ունեցվածքը հափշտակելու, նրա գեղանի դուստրերի առևանգման միջոցով իրենց ճապաղած սերնդի գենը ազնվացնելու, հայոց բազմադարյա մշակույթը իրենց կենսա­գրության չոր ու ցամաք անապատում՝ նախնիների «տաղանդի» կեղծ վկայություն դարձնելու շատ լուջ ու ազգասպան ծրագիրը սկիզբ է առել 1890-ականների սկզբներին և շարունակվում է մինչև այսօր: 1909 թ. Ադանայի կոտորածներից մինչև Մեծ և Փոքր Հայքերի ու Կիլիկյան թագավորության կործանում, հայերիս ձեռքից օտարեցին 320 հազար քառակուսի կիլոմետր տարածություն, որը ոչ միայն 1,5 միլիոն հայության ֆիզիկական բնաջնջում էր, այլև միլիարդավոր հարստության կուտակում, որն իրականացվում էր, այո՛, դաշնակիցների՝ Իսրայելի, Անգլիայի և Գերմանիայի բարձր հովանավորչության ներքո՝ տգետ և արյունարբու քրդերի ու թուրքերի ձեռամբ: Սա միայն հայրենազրկում չէր, այլ էթնիկ բնակիչների սեփական հողը սեփական արյունով ողողելու հրեշավոր ծրագիր: Սիրելի՛ ընթերցող, ես աշխատում եմ հազարավոր հատորներից մի փոքրիկ ծվեն ներկայացնել ձեզ որպես ուղեցույց այն ճանապարհի, որի ճշմարտության բանալին չորս տերությունների գրպանում է, նրանց արխիվներում և Արարատի ու նրա թիկունքում՝ ամպերին թիկն արած լեռների փեշերին գտնվող հայոց սուրբ հողի խորքերում՝ որպես իրեղեն ապացույց: Ճշմարտությունը չի մեռնում, նա գլուխ է բարձրացնում այնտեղ, ուր նրան բոլորովին չեն սպասում: Ազգասպանությունից 100 տարի հետո Վատիկանի արխիվները սկսեցին բարբառել՝ 1,5 միլիոն զոհերը սրբադասվեցին, հոգևորը գլուխ խոնարհեց արդարության առաջ, զգացվեցինք, հուզվեցինք, սակայն եթե սրբադասվում է զոհը, ո՞վ և ովքե՞ր են մի ողջ ազգի զոհաբերության տանող հանցագործները, և ժամանակն ինչո՞ւ է խնայում նրանց, որոնք անպատժելիության մեջ գտնվող իրենց չարագործ ձեռքերով 100 տարուց ավելի լեռների շրջափակման մեջ են պահում ընդամենը 29 հազար քառակուսի կիլոմետրի վրա շնչող Արևելյան Հայաստանը: 100 տարի հետո մենք ցավով պիտի իմանայինք, որ Մեծ երգահան Կոմիտասը ոչ թե խելագարվել է, այլ Փարիզի հոգեբուժարանում, խոր վշտից, իրեն փակել է իր ներսում՝ սգալով Գրիգոր Զոհրապի, Ռուբեն Սևակի, Սիամանթոյի… մեկ և կես միլիոն անմեղ զոհերի կորուստը…
100 տարի հետո Նոբելյան մրցանակակիր, ԱՄՆ 18-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի՝ հայերին դեպի Տրապիզոն ճանապարհի ելք տալու «Իրավարար վճիռը» դեռ ձեռքից ձեռք է անցնում ու մնում ամերիկյան գզրոցներում: Ինչո՞ւ, որովհետև Ամերիկան Թուրքիայի բարեկամն է, Իսրայելի հովանավորը, Գերմանիայի դաշնակիցը և այլն:
Մեջ եմ բերում Մեծ Բրիտանիայի պրեմիեր մինիստր Հերբերտ Հենրի Ասկվիտի՝ 1918 թվականին Հայաստանի նկատմամբ կնքված Մուդրոսի զինադադարի որոշման հետ կապված գրառումը. «Հնչեց Օսմանյան կայսրության թաղման կանչը ոչ միայն Եվրոպայում, այլև Ասիայում, և դրանում ոչ թե մենք, այլ օսմանյան բռնապետությունն է մեղավորը: Թուրքական տիրապետության չքացումով կվերանա այն խոցը, որն ուտում է երկրագնդի գեղեցկագույն մարզերը: Թուրքական կայսրությունն ինքնասպանություն գործեց և սեփական ձեռքերով փորեց իր գերեզմանը»: Այո՛, Թուրքիան 1918 թվականին մեռնում էր, նա պարտություն էր կրել, սակայն Լենին-Աթաթուրք նորաստեղծ բարեկամությունը շունչ տվեց մեռնող գազանին, և հետագայում հենց նոր հառնող Հայաստանի հողերը հանձնելով՝ հանձինս Արցախի, Նախիջևանի և Գանձակի, ստեղծվեց մի դոնդող գոյակցություն՝ Ադրբեջան, որը հետագայում դարձավ Օսմանյան կայսրության արժանի հրոսակ հետևորդը՝ խախտելով մեր անդորրն ու ապահովվածությունը: Թուրքիան ու իր դաշնակից պետությունները շարունակում են ժխտել Հայոց եղեռնը: Նրանց թվում է՝ ժամանակը կարող է մոռացության մատնել անցյալ դարի սկզբի, ինչու ոչ, նաև դարավերջի սումգայիթյան եղեռնը, որը իրականացվում էր ճիշտ նույն ձեռա­գրով, որովհետև առաջադեմ կոչվող մարդկության շահերն ավելին են, քան փոքր ազգերի խաղաղ գոյակցությունը: Այսօր էլ նրանք, Թուրքիայի շահերին ընդառաջ գնալով, պաշտպանում են իրենց շահերը: Ժամանակը սպիացնում է վերքերը, չի բուժում: Հայոց վերքերը ամեն գարնան հետ ծաղկում են, քանի դեռ հողը գերության մեջ է: Համոզված եմ, գալու է այն սերունդը, որի համար Հայոց եղեռնի հուշարձանը կդառնա միայն պատմական հաղթանակների երդմնադուռ-աղոթարան: Սակայն Ապրիլի 24-ն է առջևում, և ճիշտ պահն է Ծիծեռնակաբերդում ասելու Հովհ. Շիրազի խոսքերը.
«Անցորդ, խոնարհիր գլուխը քո սեգ,
Այստեղ հանգչում է մի ողջ տիեզերք»:

Մեկ մեկնաբանություն

  1. Pingback: Մայիսյան օրագիր | Մայրամուտից առաջ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.