Թադևոս ՏՈՆՈՅԱՆ

Հայաստան
ՔԵԶԱՆԻՑ ՀԵՌՈՒ ՈՒՐԻՇ ՈՉ ՄԻ ՏԵՂ
Քեզանից հեռու ուրիշ ոչ մի տեղ
Չունեմ գնալու՝ Երկնքից բացի,
Հո՛ղ իմ, չունեցար սրտացավ մի տեր՝
Մի քիչ աղ խառներ քո ցամաք հացին:

Քեզանից հեռու ուրիշ ոչ մի տեղ
Չունեմ գնալու՝ Երկնքից բացի,
Հո՛ղ իմ, ծնվե՞լ է Մանուկդ միթե,
Որ մանկանց ջարդ է
ու այսքան կացին:

Քեզանից հեռու ուրիշ ոչ մի տեղ
Չունեմ գնալու՝ Երկնքից բացի
Քանզի ուզում եմ ապրե՛լ, ապրե՛լ դեռ
Հացով արդար ու ո՛չ միայն հացիվ:

Հայաստան
ՈՐ ԴԱՌՆԱՍ ՆԱԵՎ Ի՛Մ ԵՐԿՐԻՆ ԵՐԿԻՆՔ
Ինձ հարստությամբ փորձեցիր, Երկի՛նք,
Սակայն երկրին իմ՝
աղքատությամբ սոսկ,
Գին ունի՞ արդյոք հոգին մեղսակիր,
Որ մատուցվեմ քեզ՝
որպես վերջին զոհ,

Կամ դեռ պայքարեմ ապաշխարության
Կանոնների սառն արճիճների տակ
Եվ հուսա՜մ, հուսա՜մ,
հուսահատ հուսա՜մ,
Որ կյանքս Երկրիս ինչ-որ բան կտա,

Որ ես կարող եմ շռայլածդ ինձ
Իմ հոգով աղքատ Երկրին դարձընեմ
Եվ այս տխրության համաճարակից
Ուրախությունը իմ երկրի ծնեմ

Այն օրերում, երբ գին չունի հոգին,
Բայց մատուցվում է դեռ քեզ՝
որպես զոհ,
Որ դառնաս նաև ի՛մ երկրին Երկինք
Մի օր… ի՜նչ-որ մի… հեռավո՜ր մի օր:

Հայաստան
ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ
Դժվարը անցավ,
ավելի դժվարն առջևում է դեռ,
Որ արեգակը ծիլերն իր ծնած հանկարծ չխանձի,
Դժվար գարուն է, ձյունը չի հալչում,
ու թվում է, թե
Նահատակվել են քո բոլո՜ր,
բոլո՜ր նվիրյալ անձինք,
Եվ մնացել են տափաստաններում խորշակվող հոգու
Քարե նշաններն անցյալ տքնանքիդ,
Որ ճաքճքել են սիզախոտերի բռնությամբ կույտ-կույտ
Ու շաղկապվել են մոռացման քամու
անորոշ հանգին:

Դժվար գարուն է, ձյունը չի հալչում,
ու թվում է, թե
Դեռ էլի՛, էլի՛ ձյուներ են գալու,
Բայց եթե արևն հանկարծ կամենա
քո հոգին թերթել,
Կզգա, որ ամեն էջդ պատրաստ է՝ ծաղկելու գարուն:

Հայաստան
ՄՈԳԵՐԻ ՆՈՐ ԵՐԿՐՊԱԳՈՒԹՅՈՒՆԸ
Մոռացված ես դու, մոռացվու՜մ ես դու,
Մոռացվու՜մ էիր նաև, երբ կային
Գրերդ, որոնք դարձյալ չեն կարդում
Տիրակալները քո թեքված գահի:

Հիշատակ ես լոկ մայրերիդ սրտում,
Մի թանկ Վիրավոր՝ թևերի վրա
Ալեհերներիդ, ովքեր հավատում,
Ու քայլում են դեռ
Ճամփադ անվարան:

Որդիքդ՝ ցրված, օտար պարտքերին
Գերի՝ ուզում են ոտք դնել հողին
Արշակիդ հուշի, ու ճամփակեռին
Տունդարձի ցավն է անվերջ խաչվողի,

Որի աչքերում՝ մանկան, շառափայլ,
Դու ես՝ փաթաթված բարուրի նման,
Ու… երեք Մոգեր ելել են ճամփա,
Որ գան նոր ծեսին քո երկրպագման:

Հայաստան
1915 ԹՎԱԿԱՆԻՑ ԱՌԱՋ ՈՒ ՀԵՏՈ

Այստեղ հնարն է Աստծուն տեսնելու,
Նրա հետ մի կյանք ապրելու նաև,
Այստեղ ապրում են հին-հին ծեսերում,
Բայց և ուզում են հավերժին հայել:

Եվ երկնքին են այստեղ վստահում,
Նաև հույս դնում քարերի վրա,
Ու միշտ կյանքն այստեղ
գտնելու է հուն,
Որպեսզի դարձյալ մահից հեռանա:
Հայաստան
ԴԵՊԻ ՏԵՐ ԱՍՏՎԱԾ ՈՒ ԴԵՊԻ ՋԱՋՈՒՌ
Դասընկերներին՝ Մեծ նկարիչ Մինասին ու Մեծ այգեպան հորս

Մեղավորության ցավ ու պատանում
Հորըս եմ հիշում աստծո ամեն օր,
Հրեշտակը նրան դեռ վեր է տանում՝
Շուրջը երգերի ծաղիկներ մեռնող:

Հրաժարվեմ գուցե իմ բաժին խոսքից՝
Հորս ծառերը մնացին անջուր,
Հեռանամ-գնամ էս թաղման հոսքից
Դեպի Տեր Աստված ու դեպի Ջաջուռ:

Ինձ այնտեղից է Մուշը երևում,
Ուր հայրս ժամի պահակ է հիմա,
Ձեռքն իր Այնտեղից էլ չի երերում,
Որ ինձ հայրական իր ապտակը տա:

…Շուրջը երգերի ծաղիկներ փթթող՝
Հրեշտակը նրան դեռ վեր է տանում,
Հորըս եմ հիշում աստծո ամեն օր
Մեղավորության ցավ ու պատանում…

Հայաստան
1915 ԹՎԱԿԱՆԻՑ ԱՌԱՋ ՈՒ ՀԵՏՈ ՆՐԱՆԻՑ ԲԱՑԻ
Նախքան Ապրիլը, նաև Ապրիլն անց,
Արաքսից այս կողմ ու նաև անդին,
Երկրից հետո, բայց երկնքից առաջ,
Ե՛վ ապագայում, և՛ վաղուց անտի,

Նախքան նյութն ու իր
տրոհը նախքան,
Երբ որ խուճապն է սկսվում հոգու,
Նախքան կլինեն վերստին Աղքատ
Հետո այն Սիրուց, որ Կյանք է մոգում,

Կանցնի Սահմանը հողին, ու հողից
Կելնի ծառերով Անեզրը Ձրի,
Կիջնի երկնքից, կնստի տողիդ,
Որ քո կասկածը վերստին ցրի,

Թե Հայաստանը էլ քեզ չի փնտրի,
Չի գտնի էլ քեզ իր սև արևով:
Ձեռքդ ճակատիդ, հետո սրտիդ դիր.
Նրանից բացի՝ ոչինչ կարևոր

Չկա ո՛չ վաղը, ո՛չ վաղուց անտի,
Երկրից հետո ու երկնքից առաջ,
Արաքսից այս կողմ ու նաև անդին,
Նախքան Ապրիլը, նաև Ապրիլն անց:

Հայաստան
ՀՈԳՈՒՆ՝ ՏԵՂՅԱԿ, ՆՅՈՒԹԻՆ՝ ԱՆԳԻՏԱԿ
Բաց են դռները Մայր եկեղեցուդ.
Ներսից ելնում են, դրսերից՝ մտնում,
Տե՛ր, դու գառներիդ պահիր և կեցո՛
Ու մեկ-մեկ մեզ էլ հիշիր մեր խցում:

Տե՛ր, դու գառներիդ պահի՛ր և կեցո`
Մի քանի մոմ ենք բաց երկնքիդ տակ
Ու չենք ապրում սոսկ
մեր մարմնի խեցում,
Հոգուն տեղյակ ենք,
նյութին՝ անգիտակ:

Հայաստան
ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔԸ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է ՀԱՅ
Իմ հայրենիքը ժողովուրդն է հայ,
Որ աշխարհով մեկ ցրված է հիմա,
Իսկ ինչ աշխարհ է՝
փռված ոտքիդ տակ,
Իմ նախնիների աճյուններն են թանկ,

Որ հողանալու ձևից անարդար
Սփռվել են միշտ դաշտերում վառված,
Սրերը հանած լեռներում մթար
Ու սերունդների հայացքում անթարթ,

Որ ամեն գարուն ծաղիկն են բացաչք,
Ու ամեն ամառ՝ արևի փոշին,
Իսկ աշնան խորքում՝
ծառից հերարձակ
Թափված տերևն են՝ գույներով գոշի,

Հետո վերևն են՝ Աստծո կողմում,
Որ ձմռան ծալ-ծալ ձյուներով դարձյալ
Աշխարհին հպված արարչադողում
Ծնվեն, մարդանան, նորից իջնեն ցած:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.