ԷԹԻՈՒՆՅԱՆ ԱՂԱՀԵՃ ԱՄՐՈՑԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ / ԲԱԿՈՒՐ

Բակուր Բակուր-1 Բակուր-2– Շատ շոգ է,- ասաց հնագետ Գագիկ Սարգսյանը,- ավտոմեքենայի շարժիչը տաքանալու է:
Գագիկի 20-ամյա «Նիվան» այնքան էլ հարմար չէր ո՛չ նոր մայրուղուն, ո՛չ էլ Քաշաթաղի լեռներին: Սակայն մեքենայի հռնդյունի տակ հնագետ, ԵՊՀ դասախոս Արտակ Գնունու հետ խոսակցության թեման անընդհատ Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղի մոտ Գագիկի հայտնաբերած կիկլոպյան ամրոցի Զիկկուրատն էր, նրա պեղումներն ու ավելի խորացված ուսումնասիրությունը: Գագիկի հետ, ՀՀ ԳԱԱ Հայագիտության հիմնադրամի ֆինանսավորմամբ, «Արցախի նորահայտ ամրոցների ուսումնասիրություն» ծրագրով այցելում էինք Քաշաթաղի հինավուրց ամրոցներն ու բնակավայրերը, երբ Բերձորի հյուրատանը մի երիտասարդ` Ստեփան Սարգսյանը, հետաքրքրվեց մեր գործերով: Նա մի քանի տարի առաջ էր ԱՄՆ-ից ընտանիքով Հայաստան վերադարձել, կնոջ` Նելլի Մարտիրոսյանի հետ ձեռնարկել Քաշաթաղի շրջանի բնակավայրերում դպրոցների նորոգումն ու հիմնադրումը: Մանրամասն տեղեկանալով Միրիկի մոտ ամրոցի մասին, պատրաստակամություն հայտնեց հովանավորել ամրոցի տարածքում պեղումների գործը: Ստեփանի հետ պայմանավորվել էինք, որ արշավախումբը կղեկավարի ԵՊՀ Հայագիտության ամբիոնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր Հայկ Ավետիսյանը: Քանի որ վերջինիս համար անակնկալ էր այս առաջարկությունը, ու նա կարող էր արշավախմբին միանալ մեկ շաբաթ հետո, Ստեփանակերտում պեղումների թույլտվության (բաց թերթիկ) համար Գագիկը Հայկ Ավետիսյանից նոտարով հաստատած լիազորագիր վերցրեց «Բաց թերթիկը» ստանալու համար: Գորիսի խանութներից պեղումների համար երկու սայլակ ու անհրաժեշտ գործիքներ ձեռք բերելով` մեկնեցինք Բերձոր: Քաշաթաղի վարչությունը մեզ տեղավորեց Միրիկ տանող ճանապարհին գտնվող մելիքական ապարանքում: Դա լավ առիթ էր ամեն երեկո զգալու ուշ միջնադարում ապրած սյունյաց մելիքի շունչը, մտովի խոսելու նրա հետ:
Արշավախմբի անդամներս համոզված էինք, որ այլևս ոչ մի խոչընդոտ չի կարող լինել մեր առջև, ու առավոտյան մեկնեցինք Միրիկ գյուղը: Շտապում էինք օր առաջ սկսել աշխատանքները, քանի որ Հայկ Ավետիսյանն ու Արտակ Գնունին օգոստոսի վերջերին պետք է համալսարան վերադառնային: Գագիկի «Նիվայով» խորդուբորդ ու քարապատ ճանապարհով ամրոց բարձրացանք: Խոտհարքներ տանող ճանապարհ բացելու նպատակով մոտ 50 տարի առաջ բուլդոզերով բարձունքի թեքությունը հատել էին, ամրոցի ստորոտին ոչնչացրել հին դամբարանների շարքը: Ընդհանրապես, ամենուր ջարդած տապանաքարերի, խաչքարերի բեկորների, հիմնովին կամ մասամբ ոչնչացած եկեղեցիների էինք հանդիպում: Ադրբեջանական իշխանությունները հրահանգել էին 18-19-րդ դարերում այս տարածքներում բնակություն հաստատած քրդական ցեղերին ոչնչացնել հայկական կյանքի հետքերը: Այստեղի բնիկները բռնագաղթի են ենթարկվել Պարսից Շահ Աբասի հրամանով: Մնացած հայերին էլ դուրս են մղել եկվոր քրդերը:
Մեքենան անընդհատ կանգնում էր, շշերի ջրերով հովացնում էինք շարժիչը, ապա շարունակում վերընթացը: Սյունիքին յուրահատուկ ժայռակերպ բնական սյուներ նկատելով, իջա մեքենայից` նկարահանելու: Դեռևս վիպասան Րաֆֆու հետքերով ճանապարհորդելիս ինձ վրա խոր տպավորություն էին թողել զանգեզուրյան բնական սյուները, որոնք հազարամյակներ շարունակ բնակիչների համար թե՛ տուն և թե՛ ապաստան էին ծառայել: Ու ես «Հարյուր տարվա երկխոսություն» գրքում համոզված գրեցի, որ հենց այս սյուներից է հայոց երկրամասը ստացել իր անունը` Սյունիք, սյուների երկիր: Ինձ այստեղ գրավեցին ժայռերի պլաստիկ ձևերը, որոնք անձեռակերտ քանդակներ էին: Հողմերից, անձրևներից փխրուն հողը քշվում, հեռանում էր, մնում էին ժայռեղեն կերտվածքները: Հիշեցի հանճարեղ Միքելանջելոյի խոսքերը. ինքը իր պատկերացրած քանդակից ազատում է ավելորդ քարաբեկորները: Այստեղ ևս նման մի երևույթ էր տեղի ունենում, միայն թե այս դեպքում «քանդակագործը» բնությունն էր: Զննելով կենդանակերպ արձանների դեմքերը` մտածեցի, որ նրանք պահպանում են այս ամրոցի տերերի կերպարները: Գիշերները նրանք արթնանում են, իրար ձայնելով հաղորդակցվում: Համբերությամբ սպասել են, որ կվերադառնան ամրոցի իսկական տերերի ժառանգները, ու այն ժամանակ նրանց առջև կբացեն ամրոցի գաղտնիքները:
Գագիկը Ստեփանակերտից վերադարձավ խիստ դժգոհ և տխուր: Քարտը ստորագրվել էր, մնում էր` Էկոնոմիկայի նախարարության կնիքով հաստատվեր: Սակայն վերջին պահին մերժել են, ասելով, թե Հնագիտության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը պետք է երաշխավորագիր տա հայտնի հնագետ պրոֆեսոր Հայկ Ավետիսյանին, այդպես հաստատելով, որ նա իրավունք ունի պեղումներին մասնակցելու:
Զիկկուրատից ցած իջնող քարակարկառը զննելիս տեսանք, որ հստակ երևում էին դեպի տաճար բարձրացող կիկլոպյան շարվածքով աստիճաններն ու հարթակները: Սակայն ավերածությունները այնքան մեծ ընդգրկում ունեին, որ միայն հնագետի հայացքը կարող էր տեսնել, թե երեք հազար տարի առաջ այն ինչ էր ներկայացնում իրենից: Վերականգնման համար արդեն պետական մոտեցում է պետք և հռչակավոր զբոսաշրջավայր դարձնելով` անպայման կարդարացվեն ցանկացած ծախսեր: Այս խնդրով կարող է զբաղվել նաև «Հայաստան» հիմնադրամը` ծրագրին մասնակից անելով ողջ հայությանը:
Զիկկուրատից անցանք Ագորա-տաճարից դեպի Մոշաթաղ գյուղն իջնող թեքությանը: Այստեղ ևս քարակարկառով էր ծածկված: Այն մոտ քսան մետր ցած իջնելով, թեքվում էր աջ: Բայց ավերածություններն այնքան մեծ էին, որ որևէ կառույցի հետքեր գտնել ո՛չ մեզ, ո՛չ էլ հնագետներին չհաջողվեց: Սակայն շատ հարցերի պատասխան պետք է տային պեղումները: Գագիկը պեղում էր միջնաբերդի գլխավոր մուտքի մոտ, ժայռերի մեջ ճեղքված խորշը, որը, ըստ ամենայնի, պահապան զինվորներին հանգստյան սենյակ է ծառայել: Միրիկցի բանվորները ամենայն ուշադրությամբ էին զննում դուրս բերվող հողն ու գտածո բեկորները հրամցնում հնագետին: Կավե սափորների, կենցաղային իրերի բեկորները հիմնականում երկաթե դարից էին: Արտակ Գնունին պեղում էր Ագորայի տաճարի տարածքը: Այն շրջանակված էր ցից քարերով: Պատերը, բնականաբար, փլուզվել էին: Նա աշխատանքը սկսեց դրսի կողմից պատերի հիմքը մաքրելով: Այստեղ ևս հնագիտական հիմնական նյութը երկաթե դարից էր: Հնագետները հպանցիկ հայացքով էլ զանազանում էին, թե հողի շերտից դուրս բերած նյութը որ դարաշրջանին է վերաբերում: Երբ մեր արշավախմբի ջրբեր երեխան` Վանյան, կարմիր բեկոր գտավ, Արտակը հափշտակությամբ զննեց այն, ապա ասաց.
– Սա յուրահատուկ է Վանի թագավորությանը: Ուրեմն նրանք առնչվել են Ուրարտու պետության հետ:
Սակայն դա Վանի մշակույթի միակ վկան էր, ինչը վկայում է այն մասին, որ Աղահեճք գավառը չի կրել Վանի թագավորության մշակույթի ազդեցությունը: Հայտնի է որ Վանի կայսրությունն իր տարածքներն ընդարձակել է դեպի Արարատյան նահանգ, Սյունիք, Արցախ և Ուտիք: Այդ է վկայում Սևանի ափին Ծովինար գյուղի մոտ Գանձադռան սեպագիր ժայռափոր արձանագրությունը, որտեղ Վանի Ռուսա Ա թագավորը (մ.թ.ա. 735-713 թթ.) նկարագրելով մ.թ.ա. 751 թ. դեպքերը, հայտնում է, որ արշավանքի ընթացքում իրեն է ենթարկել 19 թագավորություններ: Արձանագրության երրորդ շարքի վերջից երրորդ երկրի անունն է Աղահեճքը: Այդ մասին գրում է հայտնի ուրարտագետ Հովհաննես Կարագյոզյանն իր «Հայկական լեռնաշխարհը սեպագիր աղբյուրներում» գրքում:
Միջնադարի հայ պատմիչների մոտ ևս հիշատակվում է Աղահեճք գավառը: Ստեփանոս Օրբելյանը Աղահեճք գավառի հարկացուցակում նշում է 44 բնակավայրերի անուններ, որտեղ բացակայում է գավառակենտրոնի անունը: Կարելի է ենթադրել, որ երկաթե դարաշրջանից հետո այն որպես տարածաշրջանի վարչական ու հոգևոր կենտրոն այլևս գոյություն չի ունեցել: Ելնելով այս ամրոցի գրաված դիրքից, նրա կառույցների ծավալից ու անպայման հոգևոր ու վարչական կենտրոնի կարևոր դերից, ու երկաթե դարաշրջանից հետո Հայկական լեռնաշխարհի քաղաքական կյանքում նրա բացակայության փաստից, կարելի է ենթադրել, որ այն հենց Աղահեճ բերդավանն է, որից էլ ստացել է գավառանունը: Էթիունյան ֆեդերատիվ պետության կազմում լինելով, դիմակայել է Վանի թագավորությանը, ոչնչացվել:
Ստեփանակերտից հայտնեցին, որ երկուշաբթի կկայանա գիտական խորհրդի նիստը, պետք է զեկուցի Արտակ Գնունին: Զգացվում է, որ Արցախի հուշարձանների վարչությունում հատուկ բացասական մթնոլորտ է ձևավորվում հնագետ Գագիկ Սարգսյանի նկատմամբ: Դա արդարացի չէր, քանի որ ամրոցի պեղումները ՀՀ ԳԱԱ հաստատած Արցախի նորահայտ ամրոցների ուսումնասիրման ծրագրի մի մասն է: Ի վերջո, Գագիկ Սարգսյանը Արցախում հայտնաբերել է 74 ամրոց, որը լուրջ ներդրում է երկրամասի պատմության ուսումնասիրության գործում: Այդ ամենը գնահատելու փոխարեն, նեղ անձնական հաշիվներից ելնելով, հալածել նվիրյալ գիտնականին` վայել չէ հայ մարդուն, առավել ևս` պաշտոնյային: Ստեփանակերտ մեկնեցինք: Նիստի անդամները բարյացակամ էին մեր աշխատանքների նկատմամբ, բացի նիստը նախագահող Սլավա Ազիզբեկովիչ Սարգսյանից, որը մեր արշավախումբը «գանձախույզների խումբ» անվանեց: Որոշվեց, որ արշավախմբի ղեկավար պրոֆեսոր Հայկ Ավետիսյանը պետք է գա ու անձամբ ստանա «Բաց քարտը»: Նիստից հետո Սլավա Սարգսյանը մոտեցավ ինձ և ասաց.
Եթե Հայկ Ավետիսյանը համապատասխան թույլտվություն չունենա Հնագիտության ինստիտուտից, գարնանը թույլ չեմ տա, որ պեղումներ անեք:
Չգիտեմ, թե այս սպառնալիքը ինչքանով է համապատասխանում Էկոնոմիկայի նախարարի տեղակալի կարծիքին, որի ենթակայության տակ է գտնվում Հուշարձանների վարչությունը, ուստիև այդ խնդիրը թողեցինք լուծելու պրոֆեսոր Հայկ Ավետիսյանին: Վերջապես, եկավ արշավախմբի ղեկավարը ճարտարապետ Անժելա Դավթյանի հետ: Հաջորդ օրը արշավախմբի ղեկավարը մեկնեց Արցախի մայրաքաղաք, ստացավ պեղումներ անցկացնելու պաշտոնական թույլտվությունը: Ճարտարապետ Անժելա Դավթյանը անմիջապես գործի անցավ և սկսեց պեղավայրերի, ինչպես և Զիկկուրատի ու Ագորա-տաճարի չափագրումը:
Ես բանվորների աշխատանքը հսկելուց, կենցաղային հարցեր լուծելուց զատ անընդհատ գրառումներ էի կատարում: Նման ձևով 90-ական թվականներին, ճամփորդելով ազատագրված տարածքներով, գրել էի «Երկխոսություն Քարվաճառի ճանապարհին» վավերագրական-հրապարակախոսական գիրքը, նպատակ ունենալով ընթերցող լայն շրջանակներին, ինչպես և երկրի ղեկավարությանը ցույց տալ, թե ինչ կարևորություն ունի այս տարածաշրջանի զարգացումը, որը պետք է սկսել Հյուսիս-հարավ ձգվող ժամանակակից ճանապարհի շինարարությունից: Այս անգամ իմ ուշադրությունը գրավեցին գետի երկայնքով կառուցվող յոթ էլեկտրակայանները: Մի քանի կիլոմետր գետի երկայնքով շարած խողովակներով ջուրը հասցնում են տուրբինին: Անշուշտ, այդ տարածքները էկոլոգիական վնասներ կկրեն: Եթե դա արդեն անխուսափելի է, ուրեմն պետք է պարտադրել այդ էլեկտրակայանների տերերին, որ յուրաքանչյուրն իր ներդրումն ունենա ճանապարհի շինարարության գործում: Եթե ժամանակակից ճանապարհ չունենա տարածաշրջանը, ապա հազիվ թե արտադրած էներգիան իմաստ ունենա զարգացման համար: Ցանկացած ներդրում պետք է միտված լինի, շահույթ ստանալուն զուգահեռ, տարածաշրջանի զարգացմանը: Իսկ որպես հուշարձան` առանց ժամանակակից ճանապարհի, ամրոցը զբոսաշրջիկների համար անհեռանկար է:
Գրառումներին զուգահեռ` ամրոցի ուսումնասիրության դրվագները տեսագրում էի և լուսանկարահանում: Մտադիր եմ այս աշխատանքների մասին պատմող ֆիլմ ստեղծել և լուսանկարչական շրջիկ ցուցահանդես կազմակերպել: Նկարահանմանը զուգահեռ` գրում եմ ֆիլմի սցենարը: Իհարկե, համապատասխան հովանավորություն է պահանջում այս աշխատանքը նպատակին հասցնելը, որն այսօր դժվար լուծելի խնդիր է:
Արշավախումբը ամրոցի նախնական ուսումնասիրման փուլի ավարտին իսկական նվեր ստացավ. դա Միրիկ գյուղից վեր, շուրջ 10 կմ հեռու, արոտավայրերում ժայռափոր ապառաժն էր: Այն մոտ հինգ մետր երկարության, երկու մետր լայնության սպիտակ ապառաժ է, որի վրա գծեր ու փոսորակներ էին փորագրված:
Գագիկ Սարգսյանն ասաց, որ իր կարծիքով դա կոնկրետ կիրառական նշանակություն է ունեցել անասնապահ մարդկանց համար, ուստիև ենթադրում է, որ տեղանքի քարտեզն է:
– Ես եղել եմ այս տարածքներում,- ասաց նա,- տարբեր չափերի փոսորակները լճակներն են, որտեղ ջուր են խմում հոտերը: Նշված են փարախները, ճանապարհներն ու առվակները:
– Նման քարաքարտեզ հայտնի՞ է գիտությանը,- հարցրի ես:
– Ես այդպիսի տեղեկություն չունեմ, մանավանդ բրոնզե դարից` չեմ կարծում:
Ճարտարապետ Անժելա Դավթյանը սկսեց չափագրել եզակի հուշարձանը:
Մենք հոգնած էինք, բայց և երջանիկ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։