Զինաիդա ԲԱԼԱՅԱՆ / Ցայգ ու այգերի խաղաղ դիմագիծը Արցախամուր աշխարհում

Ամուր պետության հիմքը ազգային միասնականության գաղափարախոսությունն է` բոլոր կարգի թշնամական դրսևորումների դեմ, ազգային միասնական ճակատ ստեղծելը` զերծ ներկուսակցական, ներքաղաքական առճակատումներից, օտարամուտ քաղաքական դավանանքներից, քաղաքական եսասիրական շահարկումներից:
Հատկանշական և ուսանելի մի երևույթ է նկատվում 18-րդ դարավերջի հնդկահայ համայնքի գաղափարախոսների` Հակոբ Շահամիրյանի և Մովսես Բաղրամյանի («Նոր տետրակ, որ կոչի հորդորակ») ու Շահամիր Շահամիրյանի («Որոգայթ փառաց») որդեգրած ազգային գաղափարաբանության և ընդհանրական դարձած ազգային հրապարակախոսության քաղաքական դավանանքի մեջ, որը կապված է արցախահայության ազգային-ազատագրական պայքարին. «Մենք ժողովրդավարություն և պետություն կառուցել ենք սովորում, որ կիրառենք այն ղարաբաղցիների ձեռքով ազատագրված Հայաստանում»: Իսկ 18-րդ դարի երկրորդ կեսի և 19-րդ դարասկզբի հայ հասարակական, գրական, քաղաքական մտքի ու պայքարի խոշորագույն գաղափարախոս ներկայացուցիչ Հովսեփ Էմինը, ընդգծելով Արցախի, արցախահայության առանձնահատուկ դերը տարածաշրջանում, թե ամբողջ Հայաստանի, Վրաստանի, Պարսկաստանի մեջ չկա այնքան բարեբեր երկիր, ինչպիսին Ղարաբաղն է, ներկայացնում է վերջինիս մի այլ առավել հատկանիշը, դիտելով. «Պատերազմի այնքան հարմար երկիր է, որքան` ազատության», ապա գերագնահատում է նրա ազգային խառնվածքի մեջ որակ կազմող կարևորագույն մասը` ազատասիրությունը, որոշելով հասնել Արցախ և կազմակերպել «վայրենի կատաղությամբ կռվող սև հայերի»` արցախցիների պայքարը հանուն ազատության:
Արցախամուր (Փ. Բուզանդ) աշխարհ. արցախահայության` համառ ու դժվարագնա ճանապարհի, քաղաքական ծանր ճակատագրի նկարագիր, վիպական դրվագներով լցված ազգային-ազատագրական պայքարի ու հաղթանակների ընթացք, որը համախմբել էր ամբողջ հայությանը, իր էջերում արձանագրել հանուն հայրենիքի ազատության իրենց ոգին ու մարմինը զոհասեղանին դրած խոլ-խիզախների կատարած սխրագործությունները:
1990-ականների ազգային-ազատագրական պայքարի ու հաղթության համար ելածների արժանի ժառանգորդը դարձավ այսօրվա երիտասարդ խիզախ սերունդը, ազատության, հայրենիքի ամբողջականության պաշտպանության համար ավազակաբարո թշնամու դեմ անձնվեր պայքարի ելած հայ արիության գենոֆոնդի զարմանահրաշ մարտիկները:
Իր անկախությունը երբեք չկորցրած Արցախի-Խամսայի մելիքությունները (Խամսայի` արաբերեն` հինգի երկիր), որ պետականության հուշ էր (Ս. Սարինյան) հիշեցնում, 19-րդ դարի առաջին տասնամյակներում ռուս անշնորհակալ ինքնակալների, ապիկար իշխանավորների կամայականությամբ վերացվեց` անտեսելով հայ մելիքների կայսրության հանդեպ ցուցաբերած մեծ ծառայությունները` նախապատվությունը տալով Ղարաբաղի անօրեն խաներին` սատանաներին գերազանցող, ժանտ ու ոխակալ Իբրահիմին և որդուն` հարբեցող ու բանսարկու Մեհտի Ղուլիին: «Ղարաբաղը ավազականոց դարձած է… այնտեղ տիրում է դեղին գլորը»,- իրավամբ նշել է պատմիչ Ապրես Բեկնազարյանը:
Ռուս ինքնակալների քաղաքականությունը որդեգրած Խորհրդային Միության անփառունակ ղեկավարների` Լենինի, Ստալինի քմահաճությամբ Հայաստանի մաս կազմող Արցախն ու Նախիջևանը բռնակցվեցին նորաբուս Ադրբեջան պետությանը: 1988 թ. արցախահայությունը, որդեգրվելով ԽՍՀՄ Կենտկոմի քարտուղար Մ. Գորբաչովի վերակառուցման հարցադրումներին, ինքնորոշմամբ փորձեց միանալ մայր հայրենիքին: 1992-94 թթ. ազգային-ազատագրական պայքարը ոտքի հանեց ամբողջ հայությանը: Ազատության հզոր ու ոգեղեն լիցքը պայքարի կոչեց մեծին ու փոքրին, արական ու իգական սեռին… Վաղուց սպասված ազատությունը ձեռք բերվեց խիզախ հայորդիների ցուցաբերած անօրինակ սխրանքների, սրբագործված նահատակությունների շնորհիվ, և այն այլևս բնավորվեց Արցախամուր աշխարհում, Շուշիում: Աշխարհի հայության համար ազատության էպիկենտրոն դարձած Արցախը, որն իր բարոյական լուսավոր հատկանիշներով, առաքինություններով, ազատասիրությամբ առինքնել էր թե՛ հարևան ժողովուրդներին, թե՛ աշխարհի առաջադեմ մարդկանցից շատերին, կռեց իր ազատությունն ու անկախությունը` կենդանի ու նահատակ հերոսների կատարած անօրինակ սխրագործությունների հանգույն:
Նույնն էին հայ ժողովրդի թշնամիները` Թուրքիան ու Ադրբեջանը, նույնն էր հայ ժողովրդի մեծ քաղաքականություն խաղացող ռազմավարական «ընկերը»` ՌԴ-ն, որն իր շահերից ելնելով, անընդհատ ճանապարհներ է որոնում հաղթանակ տարած երկրից` Արցախից, հայկական հողերը հանձնել-նվիրաբերել Ադրբեջանին:
Քանի՜-քանի անգամ Արցախի քաղաքական ճակատագրում գերլարումների նույն վտանգավոր շղթան էր տատանվում… Քանի՜-քանի անգամ ոգեղեն ու մարտեղեն ժայթքումների ու կորուստների զգացողության քմահաճ ստվերներն են սահել Արցախի քաղաքական դաշտում… Ու երևակվում են հայ ժողովրդի ծանրածանր ճակատագրի կրկնվող որոգայթները…
Պատմության հնաբույր, քրքրված ծալքերը ետ են քաշվում, նորից ու նորից երևում են Հայոց, Արցախի պատմության, հերոսամարտերի, միասնականության ներսն ու դուրսը… Քաջերը, արիները արիանում են որերորդ անգամ, խիզախումների սահմաններն այլևս բաց են մնում, տեսանելի, շղթան` ապշանքի ցոլանքներն իր ուսերին… Ժողովրդի` որերորդ անգամ քրքրված վերքերից արյունն է հոսում, թանկարժեք արյունը… որերորդ անգամ խշշում է հայրենի նարոտված, սրբացված հողը` Արցախա Տան հնաբույր ու բիբլիական հողը:
Քաղաքական նույն վտանգավոր խաղերի շարունակությունն արձանագրվեց 2016 թ. Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում: Այս անգամ սահմանապահ դիրքերում թշնամու դեմ պատնեշ կազմեց հայ երիտասարդության ոսկե սերուցքը` դիրքապահ մարտիկները, սպայական, հրամանատարական կազմը` արիականների ընտրանին` խիզախության, անձնազոհության հրաշքներ գործելով, ցուցաբերելով մարտական անօրինակ սխրագործություններ` ինքնակիզվելով, նահատակվելով, բայց ոչ մի քայլ ետ չգնալով` հայրենի թշշացող հողը ներկելով շառագույն արյան ծանրածանր ու կենարար-խորախորհուրդ շիթերով… Նրանք` դիրքապահ մեր քաջազուն տղերքը, որոնք հոխորտացող, թուլամիտ, վախկոտ թշնամուն մարտավարության բացառիկ, անքննելի դասեր տալով վախի ու սարսափի իշխանության մեջ թաղեցին…
Արցախամուր աշխարհում լուսաբացները մե՛րթ խաղաղվում, մե՛րթ խևոտվում են, անմեկնելի երանգներ արձանագրում ցայգալույսերին: Արցախամուր աշխարհում լուսաբացները կարմրավոր են դառնում` հագած նահատակ մարտիկների կիսատ թողած երազների վերջին պատառիկները, կարոտների անհաղթահարելի լեռնաշղթաները, անհաս սիրո անվերծանելի վերնագրերը, որոնք անվերնագիր դեգերում են սահմանամերձ գոտիներում… ու անառիկ են դարձնում դարպասները Հայաշխարհի, հայոց դիցուհիներին` սպասումների ու կարոտների մարտիկներ կարգելով` հալումաշ, հպարտ ու դողահար, կոփածո` Մեծ Մոր ու Հոր` Տատ ու Պապիկի ավանդական իմաստնախրատներով` «…Մեր պառը յըրգինքանա կաթալ», «Հայ ընք, վայ ընք, ըստծու թայ ընք», «Հըյավուր ընք, սըվավուր ընք, թըվավուր ընք», «Աստուծ, թա կարում չըս մեզ պահիս, վեր յեք, մունք քեզ ճուղուպուրու մաչու նման պահինք»: Ու այս խորհուրդները գործում են պատերազմական առաջնագծում գտնվող սահմանապահ հերոս տղերքի` 1992-94 թթ. Արցախյան ազգային-ազատագրական պատերազմում, Ապրիլյան քառօրյա պատերազմում ու ավելի հին ժամանակներում նահատակված ու կենդանի առյուծասիրտ հերոսների հավիտյան ներկա հրամայականով` Հայրենիքի ազատության, պաշտպանության սրբազան ուխտում մնալ միշտ պատրաստ` աչալրջության, կարգապահության, հայրենասիրության, ծնողասիրության, մարտական պատրաստակամության, ռազմական նոր գիտելիքների տիրապետման, միասնականության խորհուրդներով` ազգային ավանդույթների բարձրության վրա, որոնք նրանց լարված ու պատասխանատու կյանքի շուրջօրյա մասն են կազմում, և որը ժողովրդին խոստանում ու բերում է խաղաղ այգաբացներ, հասարակական, մշակութային, շինարարական կյանքի աշխուժացում` միշտ զգալով սահմանագծում զոհվող տղաների հիմնավոր և անհիմն կորուստները… Ճիշտ է ասված. «Երբ որոտում են ռազմի թնդանոթները, ամեն ինչ պատերազմական զգեստ է հագնում»:
Այդուամենայնիվ, զգալով պատերազմի այլանդակ ու անհեթեթ, ծանր ներկայությունը, վտանգը, արցախցին, ընդհանրապես հայրենասեր հայ մարդը, միշտ էլ մնացել ու մնում է սառնասիրտ ու մարտական զգացողությամբ` հավաքական պահվածքով, անչափելի ուժով` արիասիրտ, անհաղթ` ելնելու վախկոտ ու անհասկացող, նենգ ու խորամանկ ոսոխի դեմ, մարտիրոսվելու ու հաղթելու, պատերազմի դաշտում ընդմիշտ ներկա լինելու երդումով, ֆիդայիների երդումով` «Ով զարկվի` նա դավաճան է», բայց և վերջնական պատվաբեր հաղթանակի համար բարձրագույնից ռազմական ճիշտ լուծում ակնկալելով ու պահանջելով… Հայրենիքը ոչ մի թիզ հող հանձնելու մտադրություն չունի, բայց իր հողերը ետ վերցնելու` պարտադիր պահանջ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.