ԵՐԵՔ ՄԱՆՐԱՊԱՏՈՒՄ / Աշոտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ԽՈՒՓ ԵՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ
ԱՆՑՔԵՐԸ
Ո՜ տայր ինձ զծուխ ծխանի
եւ զառաւօտն նաւասարդի…
1058 թվականի հրոտից ամսի 11-ն էր, Հայոց միջնաշխարհի լուսապայծառ առավոտներից մեկը: Բարձրաբերձ լեռնաստանում, գիտատեխնիկական հեղաշրջման ժամանակներից շատ ու շատ դարեր առաջ, ապրում ու իրեն բաժին հանված կյանքի մայրամուտն էր վայելում Հայոց Մամիկոնեից տոհմի և Կամսարական ցեղի վերջին ներկայացուցիչներից Գրիգոր Մագիստրոս Պահլավունին՝ Վասակ սպարապետի որդին, հայ գիտնական, բյուզանդական կրթությամբ: Արդեն վաղուց նա հրաժեշտ էր տվել խաչ-պատերազմին՝ սուր ու մկունդին, հազարավոր քոչվոր հրոսակների ու բնիկ թոնդրակեցիների կյանքերը խլած, և հիմա, առաջացած տարիքում, բյուզանդական արքունիքից ստացած պատիվներից շլացած ու ընդարմացած, իր ազգանվեր առաքելությունը ավարտված համարելով, անձնատուր էր եղել իր քաղաքական երբեմնի տվայտանքների ու ռազմական անուրանալի վաստակի պտուղների վայելքին:
Անին այլևս չկար… Նրան տիրացել էին հավատակից բյուզանդացիները, որ առանց մի նետ իսկ արձակելու, քաղաքի բանալիներն էին ստացել Պետրոս Գետադարձ կաթողիկոսից ու Վեստ Սարգսից: Իր անունը ևս հոլովվում էր այս հույժ կասկածելի հայրենանպաստ գործարքի ծիրում: Այժմ նա Հայոց Միջագետքի, Վասպուրականի ու Տարոն-Տուրուբերանի կուսակալն էր, բյուզանդական պաշտոնյա, և ամենայն օր, փափուկ բարձերին ընկողմանած միջոցին՝ խոր­հրդածում էր անցած-գնացած օրերի, քաղաքական ձեռնարկումների, այլակրոն օտարազգիների ու դավանակից, բայց քրիստոնեական ճշմարիտ հավատից շեղված հերձվածող ազգակիցների դեմ մղած կրոնախև կռիվների մասին, Հայաստանի տարբեր գավառներում կրթական գործի կազմակերպման ու ձեռնարկած շինարարական աշխատանքների մասին:
Իր հեղինակած թղթերից ակնհայտ է դառնում, որ մեր այս վաստակաշատ Գրիգորը զերծ չի եղել մարդկային բնական թուլություններից, նաև որկրամոլական ու գինու ընդարմացնող թմբիրին տրվելու մեծ հակում է ունեցել և ժամանակ առ ժամանակ իրեն այցի եկող եղբորորդուն մշտապես նույն հրահանգներն էր տալիս. «Շերանի՛կ, քանի գաս ձո՛ւկն բեր, կարմրախայտ տեսակի կամ Վանա տառեխ, և կամ գինի բեր՝ հոգեպարար ու զգլխիչ, կամ այլևայլ խրախճանական պիտույքներ»:
Իր զավակներին բյուզանդական կրթու­թյան էր տվել և պատրաստվում էր նրանց ուղարկել կայսրության հարավային գավառները՝ արտագնա աշխատանքի բերումով Հայոց Ոստանից պանդխտած և Միջերկրեայքի կիլիկյան ափերին հաստատված նորաշեն գաղթավայրը:
Նա, ըստ ամենայնի, գոհ էր իր ապրած կյանքի, դավանած գաղափարների ու գործունեության արդյունքից, չէ՞ որ իրեն հաջողվել էր հայոց արևելից աշխարհի սահմաններն ասպատակող այլադավան քոչվոր ցեղերի՝ սելջուկ հորդաների վտանգի դեմն առնել ու հայրենիքի արևելյան հատվածների կառավարումը հանձնել քաղաքակիրթ ու աշխարհակալ Բյուզանդական կայսրու­թյան ողորմածությանը: Տարածքներ՝ անվտանգության դիմաց գործարքը ապահով ներկա և հուսալի ապագա էր խոստանում: Բայց երկիրը գնալով մարդաթափ էր լինում, շեներում մնացածներն էլ տարագրվելու ճամփան էին բռնել: Իր սերունդներն ու ընդոծինները ևս հետագայում դարձան տարագիր, ոմանք էլ, բյուզանդասիրությունը քիչ համարելով, Հռոմի հետ կրոնական միություն գլուխ բերելու նպատակներ էին հետա­մտում ու «Պատճառ խնդրոյ միաբանութեան» ձեռնարկներ հղանում Սիսում, հռոմկլաներում ու լամբրոններում, չնայած Հայոց Արևելյան կողմանց տեղա­բնիկների կատաղի հակառակությանը:
Արդյունքում պատահեց այն, ինչը պատմության շուռտիպ դասագրքերում հաճախ է սպրդում. երկիրը, բոլորի աչքի առաջ, մարդաթափ եղավ, ուժից ընկավ և հետագայում այլևս չդիմացավ պատմական անցքերի աշխարհավեր, խստադաժան հարվածներին: Հռոմն ու Արևմուտքը, Բյուզանդիոնի հանձնումից հետո, ի վերջո վերածնվեցին ու բարեփոխվեցին, Բյուզանդիան թուրք-սելջուկների, սարակինոսների, մամլուկների ու թաթար-մոնղոլական ցեղերի կողմից զավթվեց ու ներքինացվեց, իսկ հայության մնացած փշրանքներն էլ հետզհետե ձուլվեցին ու փոշիացան այլադավան ու հոգեխորթ միջավայրի պարտադրանքից: Մի բուռ կղզիացած հայերի ճակատագիրն էլ ամեն անգամ հենց միայն մի վերջին դիմակայության հրաշքին և Աստծու ողորմածությանը թողնվեց:
Եվ մի լուսապայծառ օր էլ Գրիգորի վրա իջավ իր ավագ ժամանակակից Հովհաննես Կոզեռնի մարգարեանալու շնորհը, և նրա աչքերի առաջ հառնեց իր բոլոր հայրենասիրական ձեռնարկների վերջնահաշիվը՝ թերահաշվարկի սկուտեղի վրա մատուցված, ճշմարիտ ճանապարհից վրիպած ու հեռանկարի սղմամբ դրոշմակնքված…
Պատմությունը թեև, ինչպես հաճախ է պատահում, չի հավաստել, սակայն մերօրյա բազմափորձ ու ամենատես աչքը հազարամյա հեռավորությունից պարզորոշ տեսնում է Մեծն Գրիգորին պատուհասած վախճանականը: …Նրան գտան իրեն առանձնաշնորհված ժամանակավոր կացարանի երդիկից կախված: Միայն թե միանշանակ պարզ չէ, նա զոհ գնաց իր ապրած խուժադուժ ժամանակներում ամենուր վխտացող ու ասպատակություններ սփռող հեների, հրոսակների ու ելուզակների ավարառությունների՞ն, թե՞ ինքնադատաստանի անլուր սոսկանքին:
Պատմությունը, ինչպես այս դեպքում, սովորաբար լռում է մեծերի վերջին մտածումների մասին, նրանց կյանքի, հավակնոտ մտածումների, ժամանակավոր հաղթությունների ու փառքի անհոգի անցքերը լոկ շարադրելով:
Խուփ են պատմության անցքերը: Ժամանակի հեռվից՝ օդի մեջ երևակվող նրանց թույլ ու նվաղկոտ լուսացոլքը գնալով ավելի է խամրում, մգլում ու մթագնում:

ՓԱՐԻԶԻ ՀԱՅԿԱԿԱՆ
ՁԱՅՆԱՍՓՅՈՒՌԸ ԿԱՄ
ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆ
ԻԲՐԵՎ ՈՒՂԻՂ ՃԱՆԱՊԱՐՀ
Ֆրանսիայում հերթական անգամ քննարկվում էր Հայոց ցեղասպանությանը վերաբերող հերթական օրինագիծը: Հայությունը վերստին իր տարերքի մեջ էր՝ ի Սփյուռս և ի Հայաստան աշխարհի: Արդարության հաղթանակի ու վիրավորված ազգային արժանապատվության զգացողության հատուցման սպասելիքով:
– Տեսնես ինչո՞ւ ենք հայերս միշտ ինչ-որ բանի սպասում և միշտ էլ նույն բանին՝ բավարարվածություն գտնելուն: Ե՞րբ է լինելու, որ մենք մեզ բավարարված զգանք ոսոխի գործողություններից ու ներենք նրան: Բայց մենք կարծես նրան վաղուց ներել ենք, և մե՛զ է, որ ներել չենք կարողանում: Գուցե ինքներս մեզ այպանում ենք, որ թշնամուն այդքան շատ ներեցինք, այն աստիճան, որ նրան մեր մեջ, մեր հոգու մի անկյունում բնավորեցրինք ու պատսպարեցինք, և մեջներս էլ շատերը կան, որ նույնիսկ սիրում ու ընդունում են թշնամացած հարևանի լեզվամշակութային ու պարերաժշտական ինչ-ինչ արժանիքներ: Հայերս, կամ մեր մի մասը, թուրքին ընդունել է իր մեջ: Ճիշտ է, դրանով ոմանք հիմնովին չեն թուրքացել, բայց հաստատապես հայությունն է պակասել տեղ-տեղ:
– Իսկ ո՞րն է քո ասած այդ հայություն կամ հայկականություն կոչվածը, որի պակասն այդքան տանջում է քեզ, բայց որի համար ոչ ոք այդպես էլ մինչև օրս անուն չի կարողանում գտնել: Ո՞րն է հայի մեջ եղող այդ հայկականություն կոչվածի հայտանիշը, տարբերանշանը, համախտանիշը, շոշափելի՞ է արդյոք դա, թե՞ երևակայածին մի բան:
– Դե, դու էլ ձև ես անում, թե չգիտես խոսքն ինչի մասին է: Հայի տեսակն է պակասել հայի մեջ, մարդու, կյանքի ու աշխարհի իմաստավորման մեզ ներհատուկ պատկերացումն ու կենսըմբռնումը:
– Դու երևի ուզում ես ասել, որ հայերս մի ժամանակ ուրիշ հայեր ենք եղել ու հիմա փոխվել՝ ուրիշ ենք դարձել, և որ ապագայում էլ փոխվելու ենք ու վերջնականապես հեռանալու ենք ինքներս մեզանից, դառնալու ենք հայկականության պաճուճապատանքի մեջ ներփակ օտարոտի գոյություն: Կներե՛ս, բայց պարզ տրամաբանությունը հուշում է, որ յուրաքանչյուր ազգ էլ իր տեսակը ֆետիշացնելու, բացարձականացնելու բարդույթով է տառապում: Եվ անգամ Հռենոսի զույգ ափերին կենցաղավարող գերմանացին ու ֆրանսիացին, որ թվում է՝ գնալով նմանվում են իրար, դարձյալ ու դարձյալ իրենց անցյալի փառքից նետված փշրանքներով են կերակրում իրենց նյութապաշտ ու հոգեմերժ որկորը, էլ չասած վերջին սելջուկ ազերին ու օսմանցի թուրքը:
– Բայց գերմանացին ու ֆրանսիացին գոնե իրենց համար տանելի, անգամ ուրիշների նախանձը շարժող բարեկեցիկ կյանք են ստեղծել ու կարող են դրանով փառավորվել: Իսկ մենք և մեզ նման դեռևս չկայացած հասարակությունները, որ չունենք գովելի ներկա, ուզած-չուզած հենց միայն անցյալի հիշատակների մեջ ենք փնտրում մեր հավակնությունների բավարարման հեռանկարը և կառչած ենք մնում այդ նույն անցյալի ողորմելի փշրանքներից: Ողորմելի ասելով՝ նկատի ունեմ այն գերիմեծ հոգևոր ժառանգությունը, որից միայն մանր-մունր հիշատակներ են մնացել՝ ազգագրական պարերաժշտության պատառիկների տեսքով:
– Դո՛ւ ես ասում, որ հոգևոր հարուստ ժառանգություն ենք ունեցել, բայց հենց դրա շնորհիվ էլ մինչև օրս պահպանել ենք մեր ինքնատիպ գոյությունը:
– Բանն էլ այն է, որ ազգերը անցյալից հենց միայն հոգևոր ժառանգություն են ստանում, նյութական ժառանգություն չի՛ լինում կամ լինում է, բայց ժամանակի ընթացքում փոշիանում է, գնում: Նյութական արժեքների (նաև կենսատարածքի) համար ազգերն ու ժողովուրդները մշտատև կռիվ են տալիս, շահում են ու կորցնում, լինում է, որ նորից զրոյից են սկսում կերտել իրենց ներկան:
– Դե, հա՛, ես էլ ասում եմ, որ մերն ուրիշ է: Հոգևոր ժառանգությունից ինչ-ինչ բաներ պահպանել ենք և հիմա դրա հիմքի վրա մեր նյութին հակված պետության հիմքերը պիտի դնենք…
Այսպես զրուցելով՝ քայլում էին Սենայի ափին երկու հայ մարդիկ, մինչև որ հասան ափամերձ կանգառին ու իրար հրաժեշտ տվեցին, մեկը մեկին հակադրվելով և այդ հակադրության մեջ լրացնելով իրար: Մի խոսքով, փոխլրացնելով մեկը մյուսի թերի ասածը կամ իմացած, բայց չհայտնածը, ու նաև չիմացածը: Եվ դարձյալ ու նորից վերադարձան այն նույն կետին, ինչից սկսել էին իրենց զրույցը. Հայությանն անհրաժեշտ է նոր համախմբող գաղափար, այնպիսի մեկը, որ բոլորի սրտով լինի և բոլորին միավորի, առաջնորդի ու բարձրացնի, այլև՝ պանծացնի: Հազար դարում հազար անգամ ծեծված ու հնամաշ խոսակցություն: Լավ է, որ զրույցն ընդհատվեց, ու նրանք բաժանվեցին: Թե չէ, ուրիշ էլ ի՞նչ էին խոսելու, ի՞նչ պիտի իրար ասեին, որ չհասցրեցին ասել: Մի երկու պատմական անուններ կվկայակոչվեին, մի երկու ժամանակակից, գերարդիական աշխարհաքաղաքական հասկացություններ կհնչեցվեին՝ այստեղից-այնտեղից լսված, հետո մի քիչ կհոխորտային, կհանդարտվեին, կգժտվեին, կհաշտվեին կամ չէին հաշտվի ու այնուհանդերձ, ի վերջո, նորից կբաժանվեին:
Նրանք վերադառնում էին Փարիզի հայկական ձայնասփյուռի տաղավարից, ուր հրավիրված էին ամփոփելու տեղի հայկական ակումբներից մեկում կազմակերպված հայկական շոուբիզնեսի հերթական աստղի համերգը, միջոցառում, որի հասույթի մի մասը տրամադրվելու էր Հայաստանի և Արցախի սահմանամերձ բնակավայրերի ոռոգման համակարգի վերականգնման աշխատանքներին:

ՍԵՐ ԵՎ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ
Դրամա՝ խաղ
(կը խոսակցին մեծահասակները)
– Հը, ո՞նց կարողացար գործը գլուխ բերել: Բա ասում էիր մեջքից թույլ ես: Երևում է ինձ միամիտի տեղ ես դրել: Նման հարցերը առանց մեջքի չեն լուծվում:
– Էղածն ի՞նչ է որ, մի հատ քնձռոտ բենզալցակայան, էն էլ հրեն հա՜ քաղաքի ծայրամասում, աչքից հեռու, սրտից հեռու:
– Աչքից որ հեռու է՝ վատ չի, բայց որ սրտից էլ է հեռու՝ ո՞նց պիտի գրպանդ տաքացնես, ընտանիք պահես, մարդամեջ մտնես:
– Գիտե՞ս, էսքան տարվա թափած ջանքերս կարծես փոխհատուցվելու վրա են: Հիմա կարող եմ թեթևացած սրտով ու լիքը գրպանով կյանքը վայելել, մի բան հասկանալ էս կյանքից:
– Դե, դու արդեն սեփականատե՛ր ես, դու էլ անցար կյանքից գոհերի շարքերը: Հիմա դու արդեն կորցնելու բան ունես: Տեսնում ես, որ կյանքը կամաց-կամաց լավանում է: Ըսենց որ գնա, ամեն մարդ մի-մի դուքանի տեր դառնա, հենա կյանքն էլ կլավանա, դժգոհողներն էլ կպակասեն… նաև փողոցներում բողոքողները, բոլորը կգնան իրենց տները:
– Աչքով չտաս, հիմա ամեն ինչ իր տեղը կընկնի, ազատ ժամանակ էլ կունենամ գիրք կարդալու, թատրոն, կինո հաճախելու համար: Թե չէ, ի՞նչ էր իմ օրը մինչև այսօր. դեռ լույսը չբացված՝ գործի, երեկոյան՝ գործից տուն, հոգնած-ջարդված` հոգսերի բեռի տակ: Էսքան տարի մի կերպ ծայրը ծայրին հասցնելով յոլա գնացինք: Հիմա այդ ամենին վե՛րջ: Հիմա ես եմ լինելու դրության տերը: Թող ո՛չ ոք մտքով չանցկացնի իշխանություն բանեցնի վրաս: Հիմա ե՛ս եմ իմ գլխի տերը: Կապրեմ, ինչպես վայել է մարդուն: Նոր տուն-տեղ կդնեմ, ծովափներում կհանգստանամ, թե չէ, մեռանք հար ընկած կռնակով օրվա հացը մուրալ, ու դեռ ազգի հարցերն էլ` վերադիր:
– Հիմա դու կարող ես հայրենասիրությանը նաև ուրիշ ակնոցով նայել. կուշտի ակնոցով, մեքենայիդ մգեցրած ապակիների միջից: Այնտեղից հայրենիքն, իսկապես որ, ավելի անհրապույր գույն պետք է ունենա:
– Դո՛ւ ասացիր, ես մունջ եմ: Չի կարելի մարդուց պահանջել հայրենիքին տալ այն, ինչը նա չունի կամ անկարևոր է համարում, նկատի ունեմ սերը: Ո՞վ ասաց, թե մարդուս բոլոր գործողությունների համար գլխավոր խթանիչը սերն է, բոլորովին էլ ոչ: Դա միայն նեղմիտ, անողջամիտ հասարակաբանների հորինած ցնորամտությունն է, թե, իբր, տեսե՛ք-տեսե՛ք մարդս ինչ անում է, դրա հիմքում սերն է ընկած, որ է թե` ինքնանվիրաբերումը:
– Ասել կուզի դու չե՞ս ընդունում, որ մարդս սիրում է իր ծնողներին, ծնողներն՝ իրենց զավակներին, մարդիկ իրար սիրում են և ամուսնանում, ընտանիք կազմում, սիրում են նաև այն տեղը, ուր նրանք ծնվել են, այլ խոսքով` սիրում են իրենց հայրենիքը:
– Կներես, բայց այդ ամենի մեջ մարդս ինքն իրե՛ն է սիրում և այդպիսով իրեն պաշտպանված զգում: Եթե այդպես է, եթե ամեն ինչի հիմքում սերն է ընկած, ինչո՞ւ չես ասում, որ մարդս սիրով է զրկանքներ կրում, ծանր ու անցանկալի աշխատանք կատարում, ժամանակ անցկացնում անախորժ մարդկանց միջավայրում, ստում, վիրավորում կամ ճնշում դիմացինին` իր նմանին, կամ կուլ տալիս վիրավորանքը և վերջապես` ատում: Այո՛, սիրով է ատում…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.