Եղիշե Չարենցի «Մահվան տեսիլ» պոեմը / Նորայր ՂԱԶԱՐՅԱՆ

Ցեղասպանության թեման Ե. Չարենցի ստեղծագործության մեջ առանցքային է, որի ամենածավալուն երկը «Գիրք ճանապարհի» ժողովածուի «Մահվան տեսիլ» պոեմն է, որը թելադրված է այդ գրքում միասնություն կազմող ազգային գոյաբանական՝ հեղինակի ապրած ժամանակաշրջանի հրատապ խնդիրներով: Հանճարը կանխազգաց նոր դժվարություններ ազգային մաքառումների ճանապարհին: Ըստ «Գիրք ճանապարհի»-ի «Պատմության քառուղիներով» պոեմի` «Ապագայի դրախտը անարատ» մտնելու համար հայ ժողովրդին մնում է հաստակող ուղտի նման անցնել «ասեղի նուրբ ծակով», սակայն որին խանգարիչ է նրա «տկլորությունը»:
Ժողովրդի «տկլորությունը» առավել ակներև է ցեղասպանության թեմայի չարենցյան ամենածավալուն երկում՝ «Մահվան տեսիլ» պոեմում: Նրանում բանաստեղծը ցեղասպանությունը վերապրում է որպես «անանցյալ անցյալ», երբ այն վերհիշելն անգամ արգելված էր:
Մի կողմ թողնելով «Դանթեական առասպելի» պատումի էմպիրիզմը՝ Չարենցն այս պոեմում դիմում է Հայոց ցեղասպանության սիամանթոյական լայնապատկեր կենդանագրություններին, նրա պատկերամտածողության ամբողջական ձևերին՝ ցուցանելով ժողովրդի հիշողության մեջ բնօրինակ մահապատկերներին վերստին անդրադառնալու, դրանք չմոռանալու անհրաժեշտությունը:
Չարենցը պահպանում է իր գրական հարազատությունը Սիամանթոյին՝ գերապատվությունը տալով ցեղասպանության վերաբերյալ նրա անփոխարինելի բնագրին:
Նոր, ծավալուն եղեռնապատումով Չարենցը դեմ գնաց ժամանակի պաշտոնական գաղափարախոսությանը՝ հաստատելով իր պատմությունը ճշմարտացի տեսնելու և գնահատելու ժողովրդի իրավունքը: Խորհրդային հետագա ժամանակների պոեմներում ցեղասպանության թեմային անդրադարձը սնվեց «Մահվան տեսիլ»-ի ուղենշային օրինակից:
«Մահվան տեսիլ»-ը թեմայով շարունակում է «Դանթեական առասպել»-ին, իսկ կրակահանդեսի ընդհանրացնող պատկերով՝ «Ազգային երազ» պոեմին: Կրակահանդեսը «Ազգային երազ» և «Մահվան տեսիլ» պոեմների բովանդակակառուցվածքային առանցքն է: Երկու պոեմներում, անարդյունավետ գաղափարախոսության պատճառով, փրկության սրբազան Ուխտը վերածվում է իր հակադրությանը՝ ողջակեզի: «Ազգային երազ»-ում ահազանգը տրվում է զանգակատնից, «Մահվան տեսիլ»-ում ողջակեզի է կանչում բլրի գագաթից գուժող շեփորը: Դեպի զոհասեղան է գնում մի ողջ ժողովուրդ:
Հեռանում է անվերադարձ//Մի արնաքամ ժողովուրդ… («Ազգային երազ»)
– Սրածված սերունդնե՜ր էին արդ անցնում,//քաղաքներ քանդած,//Հեղեղի պես պրծած, տեղահան, գնում էր//երկի՛ր մի ամբողջ… («Մահվան տեսիլ»)
Երկու պոեմներում ողջակեզի կանչող շեփորները շեփորում են ազգային ռոմանտիկ գաղափարախոսները («Ազգային երազ»-ում սիմվոլիկ կերպարներ, «Մահվան տեսիլ»-ում կոնկրետ պատմական անձինք):
«Մահվան տեսիլ»-ում շեփորողը Արքան է: Ո՞վ է նա: «Այն դեղին» «հրդեհի նման մորուքով» է. հիշենք բոց մորուսով Վահագնին, որին բանաստեղծը միֆազերծել էր 1916 թվականին գրած բալլադում: Չարենցը, այսպիսով, պսակազերծում է ազգային ռոմանտիկ գաղափարախոսությունը՝ չնայած նրա ազատագրական նպատակներին, քանի որ այն անուղղակի կերպով տարել է «դեպի ափը Մահվան ու Սարսափի», դեպի ողջակեզ:
«Մահվան տեսիլ» պոեմում ռոմանտիկ գաղափարախոսների և քաղաքական գործիչների կերպարները ստեղծվել են անդրշիրիմյան տեսլագծերով: Նրանք «մթին անտառում» են, որը Դանթեի լեզվով նշանակում է ճանապարհի դժվարություններ:
Չարենցից առաջ «անտառը» դանթեական իմաստով օգտագործել է Սիամանթոն.
– Հուսահատորեն ու պանդխտորեն//անտառը վերադարձա//Իմ վախճանած բարեկամին համբուրելու համար…// Բայց իմ հոգիս, բայց իմ սգավոր հոգիս…// Անտառներուն սարսափին մեջը//բանտարկված մնաց… («Թաղում»)
Չարենցը Սիամանթոյին հետևել է նաև գերեզմանոցային ուրվապատերներին դիմելու առումով: Սիամանթոյի «Հոգին» բանաստեղծության մեջ ասվում է, որ գերեզմանոցները «դեպի վեր պիտի շրջին»՝ ընկած մարտիրոսներին ճանաչել տալու համար, այն, ինչ «Մահվան տեսիլ» պոեմում անում է Չարենցը՝ ցուցադրելով ազգային երևելի մարտիրոսներին: Ահա մենք Րաֆֆուն տեսնում ենք խարույկի մոխրի վրա նստած (մոխրի վրա է պատկերանում Հոբը): Սիամանթոյի «Հոգին» բանաստեղծության մեջ հոգին է «իր մոխրին վրա ծնրադիր»:
Ի թիվս այլոց, գալիս է Ստեփանոս Նազարյանցը՝ բռնած մի գանձարան՝ վրան գրված «Քաղաքական անոթ»: Մակագրության առթիվ փորձենք մի քանի պարզաբանում տալ: Այսպես, Դանթեի «Դժոխք»-ում «ընտրության անոթ» է կոչվել Պողոս Առաքյալը, ինչպես «Գործք առաքելոց»-ում: Ըստ ավանդության՝ Պողոս Առաքյալը բարձրացել է Դրախտ, ապա՝ իջել Դժոխք: Չարենցը Ուխտի ելած Նազարյանցին է քաղաքական առումով վերապահում Դրախտ-Դժոխք անցումը:
Ստ. Նազարյանցի կերպարը հիշեցնում է Սիամանթոյի «Գիշեր մը» բանաստեղծության Ուխտավորներին, որոնց ձեռքերին արծաթե խնկամաններ են:
– Ու իրենց ձեռքերն արծաթե խնկամաններ բռնած…//Դեպի փրկարար Ուխտը ճամփա կ’ելլեն:
Նմանատիպ պատկերի հանդիպում ենք «Հանգրվանը և վաղորդայնը» քերթվածում.
– Ու ահավասիկ արծաթյա խնկամանները սրբազան…//Այսպես մեր անշարժ ձեռվըներուն բարձունքեն…
«Մահվան տեսիլ» պոեմի ծանոթագրություններում հետևյալ բացատրությունն է տրվում «քաղաքական անոթ» կապակցությանը. «քաղաքական հանգանակ է, որի վրա ճախրում է «Աղավնու կերպարանք առած// Սուրբ հոգու նման-մի փոքրիկ երկգլխանի արծիվ» (Նազարյանցը ռուսահայերին հռչակելու էր «քաղաքականապես ռուս»):
Սրանից հետևում է այն, որ Չարենցը Նազարյանցին երգիծում է, որ դեպի փրկարար Ուխտն է գնում որպես «քաղաքականապես ռուս»:
Ինչպես «Ազգային երազ»-ում, «Մահվան տեսիլ» պոեմի առանցքում ազգային ռոմանտիկ գաղափարախոսության պսակազերծումն է: Դաշնակցության հիմնադիրներից Քրիստափոր Միքայելյանը հանդես է բերված նպատակի և գործելակերպի խոր հակասություններով: Համիդին սպանելու համար նրա պատրաստած «երկաթե մեքենան» պայթում է վաղաժամ:
Պաթետիկ է հնչում Քր. Միքայելյանի որոշումը՝ «ըմպել մի բաժակ բռնակալ արքայի արյունից»: Չարենցը Միքայելյանի այդ իղձով նրան հակադրում է Սիամանթոյի «Քավությունը» բանաստեղծության թուրք ծերունուն, որը բաժակով ըմպում է հայ պարմանիի արյունը՝ որպես մեղքի քավության միջոց: Հիշենք նաև Սիամանթոյի «Իրենց երգը» բանաստեղծության թուրք արյունախումի կոչը. «Խմեցեք սա բաժակես, թարմագեղ կույսերու արյունն է այս…»:
Քր. Միքայելյանի Ուխտը մնում է անկատար: Անկատար էր ազգային ռոմանտիկ գաղափարախոսության ընդհանուր Ուխտը, որով պայմանավորված է ընդհանուր աղետը:
«Մահվան տեսիլ»-ում ծաղրանմանակվում են քաղաքական ու գաղափարախոսական բնագավառի «ազգային ջոջերը»: Բանաստեղծը միաժամանակ ցուցադրում է նրանց ապրած ողբերգությունը:
Պոեմի ծաղրանմանակված հերոսները կրում են Սիամանթոյի «Դյուցազնորեն» և «Հայորդիներ» շարքերի հերոսների որոշ գծեր՝ անկոտրում կամք, Զոհի պատրաստակամություն, ուժ, քաջություն, գաղափարին նվիրում և այլն.
«Ու ձեր նայվածքին ու հավատքին փայլակները գերբնական»,- ազդարարում է Սիամանթոն («Աստվածացումը»): Չարենցի պոեմում Րաֆֆին «Նայում է շանթող աչքերով…», «Աչքերում ամեհի մի հուր»:
«Ոսկեշեփորիս ունկնդրեցեք»,- Սիամանթոյի «Ճակատամարտը» քերթվածից է: «Մահվան տեսիլ»-ում Ռափայել Պատկանյանն այսպես է բնութագրվում՝ «Իր ձեռքի պղնձյա շեփորով շեփորեց նա պայքար ու կռիվ»:
«Ըսե, որ շեփորներս հինավուրց հերոսներու հագագովը շեփորել տամ»,- կրկին Սիամանթոյի տողն է («Դարերու վրեժը»): «Մահվան տեսիլ»-ի տողեր են՝ «Լսելով ձայնը շեփորի…», «Բայց շեփորը ռազմի ամպագոռ…», «Հռինդը ռազմի շեփորի»: Ռազմի շեփորը բլրի գագաթից «Ձայնում էր… ինչպես կոչ, երթի աղաղակ», «դեռ շեփորը կանչում էր, կանչում այն Մահու և Արյան բլուրից» («Մահվան տեսիլ»):
Փրկության Ուխտը ի չիք է դառնում Մահու և Արյան երթում: Ամբոխն ակամա զոհ է գնում «կարմիր կոնաձև» բլրի գագաթին կազմակերպված կրակահանդեսին, որտեղ նստած է «հրդեհի զարմից» սերած Արքան, «Որ բռնել է սեղմած բռունցքում – մի փոքրիկ եռագույն դրոշ»:
«Հրդեհի զարմից»-ով ակնարկված է կրակի երկիր Նաիրիի արքա լինելը («Երկիր Նաիրի» վեպում զուգահեռը Մազութի Համոն է, որի գլխավերևում կախաղանից հետո փակցվում է «Արքա Նաիրի» տախտակը): «Առաջնորդը նրանց կրակե» կապակցության մեջ «նրանց»-ը վերաբերում է ռոմանտիկ գաղափարախոսություններին և քաղաքական գործիչներին, ովքեր ժողովրդին առաջնորդեցին անստույգ ճանապարհով, անգո ուժի պատրանքով: Արքայի տեսքը փոխվում է. նա դառնում է «մի գայլի գլխով վարդապետ», որը համարժեք է սուտ վարդապետի, ուրեմն և նրա վարդապետությունը մերժելի է:
«Մահվան տեսիլ»-ում Սիամանթոյի և Վարուժանի սրտերը համարվում են «այն ստին» ողջակիզված, որն, ըստ Չարենցի, ազգային ռոմանտիկ, անպտուղ գաղափարախոսության Ուխտն է՝ «դժնի ու դաժան» կրակի նշանով: Ուխտը սնամեջ է, որովհետև զուրկ է փրկիչ զորությունից: Չարենցը նրանց «բոցավառ հանճարը» համարում է զոհաբերություն «այս պիղծ սեղանին» (Ուխտի սեղանին): Պիղծ, որովհետև զոհաբերումի նպատակը չի իրականանում և սերունդներին տանում է «Եղեռնի հնձանին» ընծա:
Ցեղասպանությունը վերջնականորեն փշրեց անպտուղ գաղափարախոսական պատրանքները (անտառի վերջում կորել էր «ուղի ու հավատ»): Կործանման վերջին պահին անգամ «կանչում» էր «մահագույժ շեփորը»՝ «դեպի նոր մի մեռյալ Երիքով»: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ Երիքով: Սա Հեսուի գրաված քանանացիների առաջին քաղաքն է, որի բնակիչները բնաջնջվել են: Հեսուն անեծք է կարդացել նրան, ում մտքով կանցներ նորից շինել այդ քաղաքը: Այսպիսով, Չարենցը Արևմտյան Հայաստանը ներկայացնում է որպես բնաջնջված Երիքով, որի վերականգնումը իր օրերում բանադրված է:
Չարենցի պոեմում տեսնում ենք նաև սուլթանին՝ արքային «այն գազան»: Նա «երկիրն արյամբ ողողեց տագնապած»: «Հանելով բարբարոս հորդաներ – նա քանդեց մեր շեները բոլոր», «Մեր մանկանց արյամբ արբեցավ՝ թաքնված որջում արքունի»:
Ցեղասպանության մահանկարների խորությամբ Չարենցը, ինչպես ասել ենք, հարազատ է սիամանթոյական պատկերահամակարգին, որն, այնուամենայնիվ, Եղեռնի չերկրորդվող վկայաբանություն է: Չարենցը պահպանում է Սիամանթոյի պատկերած նախճիրի մասշտաբայնությունը, ցույց տալիս ժողովրդի ճակատագրի վրա դրա ավանդական ներգործությունը: Ահա «Մահվան տեսիլ»-ից բնորոշ հատված.
– Սրածված սերունդնե՜ր էին արդ անցնում,//քաղաքներ քանդած,//Հեղեղի պես պրծած, տեղահան, գնում էր//երկի՛ր մի ամբողջ,-//Անցնում էր արմատից պոկած, անխնա//կտրած մի անտառ,-//Սարսափած նախիրի նման սպանդից փախած//մի ամբոխ…
Չարենցը հասնում է պատմության ամենաարյունոտ ողբերգության արտացոլման բարձրակետին:
– Դոփելով՝ բանակներն անցան,- սկսվեց տրտունջ մի անել,//Հուսահատ հեկեկանք ու լաց, խելագար հառաչանք ու քրքիջ://Մեր դեմից անցնում էին արդ մանուկներ մեռյալ և ծերեր,//Հաշմանդամ սերունդներ ամբողջ Եղեռնի հնձանին ընծա…
«Մահվան տեսիլ»-ում իշխում են գեղարվեստական ամենալայն ու ընդհանրացնող պատկերները՝ հարազատ Սիամանթոյի «Եղեռնի Նարեկի» պատկերահամակարգին:
– Ահա ձեզի իմ Ցեղես. վերջին սափորն իր արյունին…//Ըմպեցեք զայն ցմրուր. եթե դուք դեռ ծարավ եք… («Չարչարանքի տեսիլներ»)
– Դիակներ, դիակներ ու մարմիններե բաժանված գլուխներ,//Դևերու ամեհի ու անձայն նայվածքներով,//Ահեղորեն, սև պատերու երկայնքն ի վեր կաշտարակվին… («Գիշեր մը»)
Այսպիսով, ցեղասպանության սիամանթոյական կենդանագրությունը Չարենցին խորապես հարազատ էր: «Մահվան տեսիլ» պոեմում նա իր ապրած եղեռնուրաց ժամանակում հարազատ է մնում «բոցավառ հանճարի» «Եղեռնի Նարեկին»՝ ի վկայություն ներկայի ու գալիքի:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.