ԴՐԱԽՏԻ ՈՒ ԴԺՈԽՔԻ ՍԱՀՄԱՆԱԳԾԻՆ / Հայարփի ԽԱՉԱՏՐՅԱՆ

Սեդրաք ՊաղտոյեանԱսում են՝ երկնքում են դժոխքն ու դրախտը.
Երբ իմ ներսն եմ նայում, տեսնում եմ, որ սուտ է.
Մի՛ փնտրիր ուրիշ տեղ շինությունն այդ երկու,
Քո հոգու երկու կեսն են դրախտն ու դժոխքը:
Օմար Խայամ

Իրավացի է Խայամը և ասես հայ մարդու մասին է գրել իր իմաստուն այս քառյակը: Այդ ե՞րբ է եղել, որ հայի համար խիստ սահմանազատված լինեն դրախտն ու դժոխքը: Դժոխային 1915 թվականի օրերի մեջ անգամ դրախտ է եղել. վկան այն հազարավոր փրկված մանուկներն են, որոնք ուժ ունեցան հայ մարդու տեսակի առողջ արմատները տարածել աշխարհով մեկ: Վկան սփյուռքահայ անվանի մտավորական, գրող, մանկավարժ, հրապարակախոս, քղեցի Սեդրակ Պաղտոյանի «Երբ դրախտը դարձաւ դժոխք…» ինքնակենսագրական գիրքն է, որ գրականագետ, գրող Ֆելիքս Բախչինյանի գրականագիտական մեկնության, խոհուն մտքի, բարեխիղճ գրչի մեկնությամբ մեզ է ներկայանում իբրև Հայոց Ցեղասպանության ականատեսի, վկայի հավաստի սկզբնաղբյուր:
Ամենևին էլ բանաստեղծական կամ գեղագիտական հնարանք չէ այն հանգամանքը, որ Ֆ. Բախչինյանի «Անպատմելի պատմությունը հայի» խոհագրությունը սկսվում է մեծ նահատակ Դանիել Վարուժանի «Ջարդ»-ից մի հատվածով: Իսկապես, մինչև վերջերս Եվրոպան դեմքը շրջել էր մեր պատմությունից և միայն «կոպերը թաց կը շփէր մեր այրուող հայրենիքի «ծուխէն աչքն իր բոզի կսկծալուն համար լոկ»: – Հենց այդ անտարբերությունն է այն աններելի պատճառը, որ այսօր Ցեղասպանության 100-ամյակը նշում ենք առանց Թուրքիայի՝ իր պատմության հետ առերեսման:
Այս իմաստով Ֆելիքս Բախչինյանի վերլուծությունը վեր է բարձրանում զուտ գրական ստեղծագործության մասին ասվող գնահատանքի խոսքից՝ ձեռք բերելով մարդասիրական, ազգային խոր դրսևորումներ: Ցեղասպանության թեմային վերաբերող ցանկացած միտք ի վերջո հանգում է պատմական արդարության վերականգնման աղաղակող գերխնդրին: Այլևս ի՞նչ է պետք աշխարհին, Եվրոպային կամ հենց Թուրքիային՝ հասկանալու այս ցավալի ճշմարտությունը: Բոլորը, յուրաքանչյուրը ասել են ու ասում են դա իրենց լեզվով, իրենց մտքի ու սրտի խոսքերով: Ցեղասպանության ճանաչման, դատապարտման թեմայի շուրջ Ֆ. Բախչինյանի դատողությունները կարմիր թելի պես անցնում են ամբողջ խոհագրության միջով և տեսանելի դարձնում մեզ Հայոց Մեծ Եղեռնից մազապուրծ լուսավոր ժառանգներից մեկի անամոք ցավը: Նրա դատողությունները ներծծված են բնավեր ու տառապյալ հայի՝ նախնիներից ժառանգություն ստացած զգացմունքների, խոհերի ներկապնակի վառ ու տխուր գույներով: Այնքան տեսանելի ու շոշափելի է հենց գրականագետի բաց վերքից մնացած սպին: Սեդրակ Պաղտոյանի ողբերգությունը նա հասկանում ու զգում է որպես սեփական ճակատագիր, թեև ծնվել ու մեծացել է բոլորովին այլ միջավայրում:
Սեդրակ Պաղտոյանի անցած ուղին հար և նման է հայ մարդու ամբողջ պատմության երթին. այնտեղ և՛ պոեզիա կա, և՛ ողբերգություն, և՛ առեղծված, և՛ հրաշք: Մեջբերելով Պաղտոյանի գրքի ամենախոսուն հատվածներից մեկը՝ Ֆ. Բախչինյանն ասես երևակում է մեր բոլոր մեծերի ճակատագրի ոգեղեն ծիրը. «Չեմ գիտեր ինչո՛ւ կեանքիս բոլոր շրջապտոյտներուն մէջ` միշտ սիրած եմ բարձրութեանց գագաթները, եւ այն ճամբաները, որ անոնց կը տանին: Հակառակ դիւրագնաց լեռնուղիներու, կը մագլցիմ խոշոր բլուրէ մը` անկ», գծելու համար բռնելիք ճամբուս ուղղութիւնը: Չեմ խաբուիր…»,- գրում է Պաղտոյանն իր գրքում:
Դյուրության մեջ անգամ դժվարինն ու բանաստեղծականը պաշտող մեր ժողովրդի անմահության ևս մի մատյան է դրվում ընթերցողի սեղանին՝ նորից ու նորից մեզ հաղորդակիցը դարձնելով հայ մարդու հավերժության հրաշքին:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.