Դերենիկ Դեմիրճյան – 140

Գրականության և արվեստի թանգարանում (ԳԱԹ) տեղի ունեցավ գիտաժողով և ժամանակավոր ցուցահանդեսի բացում՝ նվիրված Դերենիկ Դեմիրճյանի ծննդյան 140-ամյակին: Միջոցառումը կազմակերպել էր Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանը՝ ԳԱԹ-ի հետ համատեղ:
Ցուցահանդեսի նյութերը ներկայացնում են Դ. Դեմիրճյանի կենսագրության, ստեղծագործության հանրածանոթ և նորահայտ էջեր, գրողի տուն-թանգարանի գործունեությանն առնչվող նմուշներ: Նյութերը համադրել են Դ. Դեմիրճյանի տուն-թանգարանի վարիչ Կարինե Ռաֆայելյանը և ֆոնդապահ Քրիստինե Ղազարյանը, ձևավորել է ԳԱԹ-ի գիտացուցադրական բաժնի վարիչ, գեղանկարիչ Դավիթ Պետրոսյանը: Առանձնահատուկ տեղ է հատկացված տուն-թանգարանի նախաձեռնությամբ հրատարակված երկու գրքի (Դերենիկ Դեմիրճյան, «Դատողություններ Ղարաբաղի և Նախիջևանի հարցի շուրջ», Երևան, Անտարես, 2016, «Դերենիկ Դեմիրճյանի հարկի ներքո», Երևան, ԳԱԹ, 2016): Ցուցահանդեսը կգործի մինչև մարտի 23-ը:
Գիտաժողովի մասնակիցներին ողջունեցին ԳԱԹ-ի տնօրեն Կարո Վարդանյանը, գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը, գրող, ՀԳՄ արձակի բաժնի վարիչ Ալիս Հովհաննիսյանը:
Գիտաժողովի ընթացքում հնչեցին հետևյալ զեկուցումները.
«Հայոց ցեղասպանության և վերապրումի թեման Դերենիկ Դեմիրճյանի ստեղծագործություններում» (Կարինե Ռաֆայելյան):
«Դերենիկ Դեմիրճյանի «Գիրք ծաղկանցը» և հայ միջնադարյան գրականությունը» (Աելիտա Դոլուխանյան, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բ.գ.դ., պրոֆեսոր):
«Դարձյալ Դերենիկ Դեմիրճյանի «Երկիր հայրենի» դրամայի մասին» (Ժենյա Քալանթարյան, բ.գ.դ., պրոֆեսոր):
«Աստծո կերպարանքով ու նմանությամբ». Դերենիկ Դեմիրճյանի «Դատաստան» դրամայի մեկնության փորձ (Մարգարիտա Խաչատրյան, բ.գ.դ.):
«Դերենիկ Դեմիրճյանի արձակի ռիթմը» (Անի Փաշայան, բ.գ.թ., դոցենտ):
«Նորահայտ էջեր Դերենիկ Դեմիրճյանի հասարակական-քաղաքական գործունեությունից (1917-1920 թթ.)» (Համո Սուքիասյան, պ.գ.թ.):
«Դեմիրճյանական էկրանավորումներ» (Սիրանույշ Գալստյան, ա.գ.թ., դոցենտ):
«Դերենիկ Դեմիրճյանի թատերագիտական հայացքների շուրջ» (Նաիրա Շահվալադյան, ԳԱԹ թատերական բաժնի վարիչ):
Ծննդյան 140-ամյակի շրջանակներում դասականի ստեղծագործության գիտական արժևորման այս կարևոր ձեռնարկումը, սակայն, չի մոռացնում այն անհանդուրժելի իրողությունները, որոնք առկա են Դերենիկ Դեմիրճյանի հիշատակը պահելու հարցում: Մասնավորապես, հրատապ ու կարևոր են 2008 թ. վանդալիզմի զոհ դարձած նրա շիրմաքարի վերականգնման, գրողի տուն-թանգարանի հնացած, ժամանակավրեպ ցուցանակի փոփոխության, տուն-թանգարան տանող ճեմուղու բարեկարգման և համապատասխան ցուցանակի տեղադրության խնդիրները:
Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանը հոբելյանական տարվա շրջանակներում հրատարակության է ներկայացրել ևս մեկ գիրք, մինչև տարեվերջ կկազմվի նաև 140-ամյակին նվիրված այս գիտաժողովի նյութերի ժողովածուն, որը կդառնա կարևոր ձեռնարկ դեմիրճյանագիտությամբ զբաղվող գիտնականների, ուսուցիչների, ուսանողների համար:
Դերենիկ Դեմիրճյանի ֆոնդում պահպանվում է գրողի՝ Հայոց ցեղասպանության թեմայով գրված «Հովնան մեծատուն» անտիպ դրամայի ձեռագիրը, որը նույնպես ներառված է ժամանակավոր ցուցահանդեսի նյութերում: Կարինե Ռաֆայելյանը հանձն կառնի այն տպագրության պատրաստելու գործը:
Տուն-թանգարանն առայժմ բաց չէ այցելությունների համար, քանի որ այնտեղ ավարտված վերանորոգման աշխատանքներին հաջորդելու է մշտական ցուցադրության նախապատրաստման գործընթացը: Ենթադրվում է, որ գրողի տուն-թանգարանը կբացվի այս տարեվերջին:

Անիկ ՏԱՇՉՅԱՆ
Բանասեր, մանկավարժ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.