Դարերի հետ կռվող բանաստեղծուհի Մարո Մարգարյանը

Մարո ՄարգարյանԱպրիլի 15-ին, ՀՀ մշակույթի նախարարության, ՀԳՄ-ի և Հայաստանի ազգային գրադարանի համատեղ նախաձեռնությամբ, Հայաստանի ազգային գրադարանի դահլիճում տեղի ունեցավ բանաստեղծուհի Մարո Մարգարյանի ծննդյան 100-ամյակին նվիրված գրական հանդիսություն:
ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանը բանաստեղծուհուն բնութագրեց իբրև նուրբ, էությամբ փխրուն մի անձնավորության, որի պոեզիան ասես այդ նրբության ու փխրունության արտահայտությունը լիներ: «60-ականներից գրականություն մտած սերնդի մեջ, որոնք էպիկական խառնվածք ունեին պոեզիայի մեջ և կյանքում, նա այդպես էլ նրբին ընկալումների բանաստեղծ մնաց մեր բոլորի հիշողության մեջ»,- ասաց Պ. Դեմիրճյանը և միաժամանակ ընդգծեց, որ այդ նրբության մեջ էպիկական մի խորություն կար, քանի որ Մ. Մարգարյանը կյանք էր մտել պատերազմից հետո, այն մթնոլորտում, երբ մեր պոեզիան արդեն երկու անգամ գլխատվել էր՝ 15 և 37 թվականներ, և այդ սերունդն ասես առաջին քայլերն էր անում՝ զգացմունքը, մարդուն բերելով պոեզիա: Նրա կարծիքով՝ գրականագիտությունը մեծ անելիք ունի Մ. Մարգարյանի պոեզիայի ներքին էպիկականությունը հիմնավորապես վերլուծելու ուղղությամբ: «Դարերի հետ կռվող բանաստեղծուհի Մ. Մարգարյանի պոեզիան մեր ամբողջ գրականության ինքնատիպ արտահայտություններից մեկն է և դիմանալու է ժամանակների փորձությանը»,- ամփոփեց Պ. Դեմիրճյանը:
Բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, գրականագետ Աելիտա Դոլուխանյանը «Բանաստեղծուհու հոգու փիլիսոփայությունը» խորագրով բանախոսության մեջ ներկայացնելով այն պատմական ժամանակաշրջանը, որին համընկավ Մ. Մարգարյանի ստեղծագործության հիմնական ընթացքը, նշեց, որ բանաստեղծուհին, չնայած ժամանակի քննադատությանը, միշտ հավատարիմ մնաց իրեն տրված աստվածատուր ձիրքին: «Էպիկական շունչը հատուկ չէ Մարո Մարգարյանին, նրան խորապես հուզում է ներքին մարդը՝ իր հարուստ հուզաշխարհով, որի խոհերում էլ հայտնվում են անցյալի լուսավոր ու ցավոտ կողմերը, հնամենի պատմության բիբլիական արձագանքները»,- ասաց Ա. Դոլուխանյանը և հանգամանորեն ներկայացրեց գրողի պոեզիան: Բանախոսն արժևորեց նաև թարգմանական գրականության մեջ Մ. Մարգարյանի ունեցած մեծ վաստակը:
Հրապարակախոս, արձակագիր Սեյրանուհի Գեղամյանի հավաստմամբ՝ Մ. Մարգարյանը գնահատված էր ժամանակի մեծ բանաստեղծների, գրականագետների, թարգմանիչների կողմից: «Եթե այս կամ այն բանաստեղծի ստեղծագործությունները կարդալուց հետո դրանք տեղ են գտնում հոգուդ և հիշողության մեջ, ուրեմն նա իսկական մեծ բանաստեղծ է»,- ասաց Ս. Գեղամյանը և կարդաց Մ. Մարգարյանի բանաստեղծություններից:
Մանկագիր Սուրեն Մուրադյանը, Մ. Մարգարյանի պոեզիան նմանեցնելով լեռնային մաքուր աղբյուրի, նշեց, որ նրա յուրաքանչյուր բանաստեղծություն ապրված զգացում է և հոգու մի ծալք է բացում ընթերցողի մեջ:
Ըստ բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, գրականագետ Ժենյա Քալանթարյանի՝ Մ. Մարգարյանը բանաստեղծական այն սերնդի ներկայացուցիչն էր, որը նոր փուլ բացեց հետչարենցյան պոեզիայի մեջ և հայտնի էր մի շարք տաղանդավոր բանաստեղծներով՝ Հ. Սահյան, Վ. Դավթյան, Պ. Սևակ, Ս. Կապուտիկյան և ուրիշներ: Նրանց հետ միասին ստեղծագործելը և՛ հեշտ էր, և՛ դժվար: Հեշտ էր, որովհետև նրանք գրական մթնոլորտ էին ստեղծում, դժվար էր, որովհետև պետք էր առանձնանալ այդ բույլի մեջ սեփական ձայնով: Անդրադառնալով Մ. Մարգարյանի պոեզիայի առանձնահատկություններին՝ Ժ. Քալանթարյանը նշեց, որ նա քիչ էր անդրադառնում արտաքին աշխարհի առարկայական երևույթներին: Վերջիններս հոգեկան նյութի վերածվելով էին մտնում ներաշխարհ և վերաձևվում իբրև բարոյական արժեքներ: Նրա պոեզիայի մյուս առանձնահատկությունը հուզական հագեցվածությունն է, որը բխում է ներքին էությունից: «Մ. Մարգարյանի բանաստեղծությունները հրապարակախոսական բնույթ չունեն, դրանք խոսում են մարդու հոգուց, նրա զգացմունքային աշխարհից»,- համակողմանիորեն ներկայացնելով Մ. Մարգարյանի պոեզիան՝ ամփոփեց բանախոսը:
Բանաստեղծ Լևոն Բլբուլյանը հպարտությամբ նշեց, որ գրեթե 40 տարի առաջ Մ. Մարգարյանն էր, որ նկատեց և խրախուսական խոսք ասաց իր բանաստեղծությունների մասին «Ավանգարդ» թերթում: Եվ հավելեց, որ նրա հետ հանդիպումներն առիթ են դարձել գրական դասեր ստանալու բանաստեղծուհուց և աստիճանաբար սիրել է նրա պոեզիան՝ բարությամբ, սիրով, բնության գեղեցկություններով լեցուն աշխարհը: «Երբ ասում են՝ պոեզիան հոգու երաժշտությունն է, դա շատ է սազում Մ. Մարգարյանի պոեզիային, երբ ասում են՝ պոեզիան բառերի նկարչություն է, առավել ևս շատ սազում է նրա պոեզիային»,- ասաց Լ. Բլբուլյանը:
Մարո Մարգարյանի բանաստեղծություններից ներկայացրին Գայանե Սամվելյանն ու ՀՀ վաստակավոր արտիստ Ամիրան Գալստյանը: Երաժշտական կատարմամբ ելույթ ունեցավ «Լիբերտա» քառյակը, կատարողների մեջ էր Մարո Մարգարյանի ծոռնուհին՝ Անիտա Բայանդուրը: Ցերեկույթը վարում էր Գայանե Սամվելյանը:

Շաքե ԵՐԻՑՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.