Գևորգ ԹՈՒՄԱՆՅԱՆ

Գևորգ Թումանյան
Երկու նկատառում, թե ինչու նախօրոք գրեցի այս փնթփնթոցները.
Առաջին. կարող է` ես շատ երկար չապրեմ, ինչպես շարքի բիձուկը, որի անունից խոսում եմ, որը, իբր, ես եմ լինելու: Այդ դեպքում ես պարզապես հնարավորություն չէի ունենա սա գրելու:
Երկրորդ. եթե ես հասնեի այդ բիձուկի երանելի տարիքին, որ 40-50 տարի հետո է լինելու, ես հաստատ չէի գրի այս շարքը. ինչիս էր պետք:

Հ.Գ. 1
Ստացվում է` ես, ինչ-որ հրաշքով, այս փնթփնթոցները փրկել եմ չգոյությունից:

Հ.Գ. 2
Չգիտեմ, հետմահու բանաստեղծություններ գրե՞մ, թե՞ ոչ:
Ծերունական ենթադրվող փնթփնթոցներ
1.
մարմինս
այլևս տաք չէ
գոլ էլ չէ
ժամանակին
կրակս թեժությունս
ուղղակի բխում էին ափերիցս
ախ
ինչպես էր կինս
մարմանդ խարկվում
պեծին տալիս

2.
երկու տարի առաջ
ձախ աչքս փչացավ
աջին էլ փառ է իջնում
գիրք չեմ կարդում
լսում եմ
թեպետ
ականջներս մի հանգի
անիմաստ խշշում են

3.
գիշերները
հանգիստ խորը չեմ քնում
թեև
երբեք չեմ սիրել քնել
նաև ջահել օրերիս
անցած-գնացած ընկերներիս եմ մտաբերում
հարազատներիս կորսվող դեմքերը
մինչև լույս
կողքից կողք դառնալով
դեմքիս ձեռքերիս
ամեն օր ավելացող
բծերը ցաներն եմ հաշվում

4.
պառավիցս թաքուն
օրը երկու-երեք հատիկ
փստացնում եմ
տնաշենը
հոգեպահուստներս միշտ հայտանաբերում է
բայց ոչ բոլորը
հո հո
կեցցեն ամենահաս
ցմփոր բառարաններս

5.
մարմնիս մազերը
սպիտակեցին ու թափվեցին
թափվեցին ու սպիտակեցին
բացի
ճեփ-ճերմակ մորուքիցս
հա
հիմա մորուք եմ պահում
պառավս արդեն
դեմ չէ

6.
երկրաշարժից
անցել է արդեն
յոթանասուն տարի
մի պուճուր ալիք
որ էն օրերից
ծվարեց իմ մեջ
մինչև հիմա
ցնցում ճեղքում է ինձ
7.
ոտքերս ուժասպառվել են
տոտիկ-տոտիկ եմ քայլում
երեկ կռացա
որ ընկած գրիչս վերցնեմ
չկարողացա բարձրանալ
կինս օգնության հասավ
չկարողացա բարձրանալ
հարևան պառավի հետ
փորձեցին
չկարողացա բարձրանալ
հազիվհազ չոքեչոք
բազմոցին հասա
ես ոչ թե քայլում էի
այլ սուրում
տրտինգ տալով ճխալով էի ընթանում
վարարած գետի պես
սփռվելով համատարած էի հոսում
ամեն ինչ կլանելով սանրելով
ներսումս փայփայելով էի քայլում
երկար տարիներ
մեր քաղաքի անհասանելի չեմպիոնն էի
ինչ քայլող էի
ինչ

8.
առավոտյան
կնոջս արհեստական ատամները պահեցի
ու իր բաժակի մեջ իմը գցեցի
ուղիղ հինգ րոպե
փորձում էր
ծնոտներին հարմարեցնել
չէր ստացվում

9.
երբեմն
մոռացվածիս այցելում են
ասում են
բանաստեղծներ են
գրականությունից չենք խոսում
խմում ենք
ես արդեն շատ քիչ
կումերով
միամիտ
անհեթեթ բաներ եմ ասում
նեղսրտած
հիասթափված հեռանում են

10.
ամողջ կյանքում
ոչ ինքնաթիռ նստեցի
ոչ նավով
օվկիանոսներ ու ծովեր ճեղքեցի
սովետի ժամանակ
հորս հետ գնացքով Բելառուս գնացինք
ու վերադարձանք
երկու անգամ եղա Վրաստանում
աշխարհը ճանաչեցի
միմիայն երազներում

11.
մտածում եմ
ինչ դիրքով
դեմքի ինչ արտահայտությամբ
ինչ վերջին խոսքերով մահանամ
որ խեղճուկրակս շատ չվախենա
ճիշտը
ոտի վրա հեռանալն է
լուռ
ժպիտը դեմքիս
առանց հոգեվարքի ցնցումների
ծամածռությունների
մեկ օր առաջ կլողանամ
կմաքրվեմ
ջահել օրերիս պես
մի լավ կհարբեմ

12.
այլևս
շախմատ չեմ խաղում
խաղատախտակի վրա
հին խաղաքարերին
հիմա փոխարինում են
ճնշումս կարգավորող հաբերը
ախորժակս խթանող դեղաբույսերը
սրտիս առողջ ռիթմը
պահող կոճակները
լնդերիս քսուքները
տեսնող աչքիս կաթիլները
գլխուղեղիս արյան շրջանառությունը
ապահովող դեղերը
ցավազրկողները
քնաբերները
ջերմիջեցնողները

13.
երբ երեխեքը փոքր էին
ես ոչ աշխատանքային սենյակ ունեի
ոչ գրասեղան
իսկ ընդհանրապես
մենակ մնալու բախտավորություն
երբ երեխեքը փոքր էին
մեր տունը
մի իսկական գազանանոց էր
մի խելացնոր կրկես
շատ ընտանիքների պես
մի կերպ
ծերը ծերին հասցնելով էինք ապրում
երջանկություն էր
եթե ձմեռները չէինք մրսում
իսկ ընդհանրապես
եթե անոթի չէինք
երբ երեխեքը փոքր էին
մեր երկիրը մեր երկիրը չէր
մեր դաշնակիցը մեր դաշնակիցը չէր
մեր թշնամին մեր թշնամին էր
իսկ ընդհանրապես
մենք մեզ էինք ավելի թշնամի
երբ երեխեքը փոքր էին
Ադրբեջանը մեզ հետ տևական
հոգեմաշ պատերազմի մեջ էր
Թուրքիան դեռ ամբողջական էր
չէր տրոհվել նոր պետությունների
իսկ ընդհանրապես
աշխարհը վերաձևվում էր
երբ երեխեքը փոքր էին
բնավ ծեր չէինք
ուրախ էինք
կյանքով լեցուն
իսկ ընդհանրապես
շատ չէինք փնթփնթում

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.