ԳՈՂԸ ՏՆԻՑ՝ ԵԶԸ ԵՐԴԻԿԻՑ / Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ԳԻՇԵՐԱԹՌՉՈՒՆԸ
Ուղիղ ժամը 5.30-ից հյուրանոցը շրջապատող ծառերի մեջ նա երգեց, դայլայլեց, հրճվեց, սրտանց պատմեց իր սերը, հուզումները… մոտ կես ժամ: Դա իր երգելու ժամն էր… Դեռ մութ էր, բայց արդեն գիտեր, ավետում էր գալիք լույսը… Երգեց իր ասելիքը, լռեց: Հերթով, առանց միմյանց խանգարելու, երբեմն նաև երգչախումբ կազմելով թռան, եկան մյուս թռչունները, երգեցին իրենց ասելիքը, գնացին իրենց գործերին… Եկավ նաև մի թռչուն՝ իր ճտճտոցով: Նա էլ գիտեր իր ասելիքը, իր խոսքի տերն էր, հենց այնպես ոչինչ չասաց… Թռավ…
Արփան գիտե իր հունը, երգով, խշխշալով վերցրել է իր հետ այն ամենը, ինչ անընդհատ, օրնիբուն պետք է բաժանի իր ափերին, գիտի՝ ում ինչ է տալու, մնացածը տանի-հասցնի լճին: Դեղին մատնունին դանդաղ բացում է քնատ աչիկները, բզեզը շտապում է երգել իրենը, խխունջը կարողացածի չափ շտապում է գտնել իր սիրած աղջիկ խխունջին: Ջրվեժը շառաչող հրճվանքով իջնում է բարձունքներից… Եղջերուն, արջը, դաշտամուկը զարթնում ու անցնում են իրենց օրվա գործերին:
Իսկ սարերը… միայն մակերեսից են այսքան հանդարտ, այսքան կանաչ, այսքան զմրուխտ, միամիտ, հպարտ:

ՍԱՐԵՐԸ
Դրսից այսպես շքեղ, նայողի հոգու մեջ, շուրջբոլորը անդորր հոսեցնող, իսկ ներսում անդուլ աշխատանք ունեն, իրենց մեջ զտում, իրենց մեջ տեղաբաշխում են բոլոր այն ապարների էներգետիկ կենսանյութը, որ միլիոնավոր տարի դարձել են ոսկի, արծաթ, լեռան շնչառություն… Այս ամենը պահել են իրենց մեջ, ագահ աչքերից հեռու և միայն քչքչան, զտված աղբյուրներին են ելք տալիս: Նրանք մարդուց լավ գիտեն՝ ջուրը ոսկուց շա՜տ, բազմաբազմապատիկ թանկ է: Սրա արժեքը գիտի կամ կիմանա ամեն մի կենդանի գոյություն, որ հանկարծ հայտնվել է կամ կհայտնվի անհույս ծարավի վիճակում ու տագնապի մեջ՝ չլինի՞ այսպես էլ շարունակվի. ի՞նչ կանեմ ես:
Թռչունը, սարը, ծաղիկը, խոտը, աշխարհի անցուդարձից անտեղյակ, զարթնում ու շարունակում են իրենց գործելակերպը:

ԲՈՒՅՍԵՐԸ
Նրանց համակեցությունը բյուրավոր դարերի փորձառություն ունի: Փոքրիկ խոտն անգամ հողի տակից ծլելու պահին գիտի՝ ով է իր հարևանը, ինչպես է նրան բարևելու: Հարաբերվելու հարցը շա՜տ վաղուց է լուծել՝ մեծ դժվարություններ ու փորձություններ հաղթահարելու գնով: Եթե իրար հետ լեզու չեն գտել, իրենց սերմն առել, հեռացել են մի այլ հարևան գտնելու: Ինչպես արել են ժողովուրդները… մինչև գտել են աշխարհի վրա իրենց վայել տեղը: Հաճախ էլ դրսի ու ներսի թշնամիները ձեռք ձեռքի են տվել, կոտորել են իրար, ներսինները շատը տվել են թշնամուն, քիչը մնացել է իրենց…

ՍԱՐԸ
– Ո՞րն է Ամուլսարը:
Վարորդը ցույց տվեց հորիզոնի ամենաբարձր ու մյուս սարերի համեմատ մուգ լեռը:
– Քանդրտում են, փոշիացնում են… Սարը փոշիացնում են: Փոշին արդեն սկսել է նստել ամեն ինչ վրա: Ձմռանը նարնջագույն ձյուն եկավ: Ուզում են սարը էսպես քանդել, հավասարեցնել, ա՛յ, էս ճանապարհին:
Գուցե ստեղծման ընթացքի մեջ գտնվող ժողովրդական բանահյուսությո՞ւն է:
Սարը լռում է, չի բողոքում, չի ասում. «Ինչո՞ւ եմ ամուլ… մի՞թե իմ մեջ չեն զտվում ինձնից բխող աղբյուրները, որ գնում, առանց գլուխ գովելու, առանց եկեղեցիներ կառուցելու, առանց կուրծք ծեծելու, հագեցնում եմ բոլորի ծարավը, չեմ գոռգոռում, թե արևի օգնականն եմ, նրա հետ շուրջբոլորս կյանք եմ ապահովում:

ԳՈՂԸ, ԵԶԸ…
Որպես լրագրող՝ հասկանում եմ, որ տագնապ հնչեցնող խոսքը պետք է միանգամից նշանակետին խփի, քանի որ հասցեատերերը սովորաբար երկարաբանությունների «զահլա» չունեն: Բայց այս նախաբանը քնարական զեղում չէ, այլ՝ զուտ ճշմարտություն: Գանք գողին, մինչև եզանը հասնելը:
Մեր այս հեղափոխական օրերին, երբ ամեն մարդ ոչ միայն ամեն ինչ գիտի, չարժե նորից ու նորից կրկնել, թե ով է նա, որ ուզում է ոչ թե սիրել, այլ ավելի շատ, անչափ շատ սիրել ՀԱՅՐԵՆԻՔԸ, և ովքեր են, որ առհասարակ հոգնել են իրենց հայրենիքից, և հայրենիքն էլ կշտացել է սրանցից արդեն: Որպեսզի հանկարծ ՀԱՅՐԵՆԻՔԸ ավելի շատ չսիրեն, քան իրենց են սիրում, չեն էլ ուզում ճանաչել նրան… Ու սա բնական է: Բնական մի անբնականություն, երբ մանավանդ անխոհեմություն ունենանք՝ այսքան մեծ անբնականությունը կամ բնության սխալը համեմատենք Մայր Բնության հետ, որի համար իր մեջ ծնվող ամեն ինչի հանդեպ խնամք տածելն է բնական ու սովորական:
Եթե կողոպուտի ելած գողը սկսի տեսնել տան բնակիչների առաքինությունները, տեսնի մուշ-մուշ քնած երեխաներին ու սկսի զմայլվել նրանցով, ժամանակի կորուստ կունենա… Սա դեռ գողն է, իսկ եթե արյունակալած աչքերով մեկն է, որ միայն գողոնին հասնելու կարճ ճանապարհն է տեսնում ու տակնուվրա է անում ամեն ինչ, սպանում քնած երեխային… նրա ամենամեղմ անվանումը ոճրագործն է:
Ամուլսարը թալանելու եկածները հենց ոճրագործներ են: Երբ նայում եմ արդեն հորատված, բացված նրա մարմինը ներկայացնող նկարներին, որ արված են ուղղաթիռից, հիշում եմ կենդանաբանության դասը, երբ Թոխմախից բերված կենդանի գորտին գամում էինք տախտակին, ու նրա չռված մարմնի վրա նշտարով գիծ էր քաշվում… ու նրա ներսում տեսնում էինք սարսափից տրոփող սրտիկը: Մեր մեջ ապագա բժիշկներ ու կենսաբաններ էլ կային: Պատռվածքը կարելու մասին ոչ ոք չէր մտածում: Թոխմախում շատ-շատ էին գորտերը…
Նկարներն արված են ուղղաթիռից, որովհետև այն 2008 թվականից արգելված տարածք է կամ գողական լեզվով՝ «զօն»: Սա կարծես կապ չի կարող ունենալ Տարկովսկու հանրահայտ ֆիլմի зона-ի հետ, քանի դեռ այնտեղ չի ընկել երկնաքարը: Իսկ եթե ընկնի՞… Եթե «ցանկությունների կատարման» երազը հաջորդում է երկնաքարի ընկնելուն, ապա Ամուլսարում այն հենց սկզբից է տիրապետող դարձել: «Ստալկերի» գիտնականը իր հետ ռումբ էր բերել, որ պայթեցնի այդ «իղձերի կատարման» սենյակը: Նա, իր կյանքը վտանգելով, ուզում էր չարագործների «իղձերից» փրկել անմեղ մարդկանց:
Գնդեվազ գյուղի կենտրոնում այն «Լիդիան ինթերնեյշնլ»-ի գրասենյակն է, որ ինքը ոնց որ թե «գող» չէ, բայց, «տանու գողերին» հրապուրելով, տիրացել է Ամուլսարին ու նրան հարող մի մեծ տարածքի՝ 1805,3 հեկտարի: Կազմակերպության բացեիբաց հաշվարկներով Ամուլսարի հանքավայրի շահագործման դեպքում մոտ 4000 հա տարածք ենթարկվելու է տարբեր աստիճանի ազդեցությունների: Բացի այդ, Նախագծում ասվում է, որ անուղղակի ազդեցությունները կարող են լինել շատ ավելի ընդարձակ տարածքում, որն անհնար է հաշվել (ընդգծումը Հակոբ Սանասարյանինն է): Գրասենյակի ճակատին շլացուցիչ փայլող տառերով գրված է «Ոսկու նախագիծ», նաև՝ «ՀՀ ոստիկանություն»: Այստեղ մուտք գործելը նույնքան անհնար է, որքան «զօնը»: Ոսկին միշտ էլ ձգողական ուժ է ունեցել, բայց այստեղ այդ գայթակղությունն սկսվում է տառերի շողարձակումից: Միամիտ գնդեվազցիք իրենց պատկանող հողերը վաճառել են այս կազմակերպության հայազգի (միայն անունով հայ) գործարարներին, քանի որ ՀՀ հողի մասին օրենքով օտարերկրացին չի կարող այստեղ հող գնել: Ու քանի որ գողը սովորաբար ոչ թե ամուր փակված դռներին է մոտենում, այլ փորձում է գտնել կողոպուտի վայրի թույլ կետերը, անջատում է ազդանշանային համակարգը, ուսումնասիրում է սողանցքները, ու քանի որ տանու մարդուն ավելի լավ է հայտնի այդ ամենը, «գնել են» նրանք և վարձակալությամբ երկա՜աաաար, շատ երկար ժամկետով մատուցել են դրսի անմեղսունակներին: Ահա և եզը՝ երդիկից:
«Գնդեվազցին չի հասկանում, ինչպե՞ս բացատրես նրան, որ այս հողերը, Ամուլսարը ոչ միայն հարստահարվում է, այլ նաև շահագործվելու դեպքում սպառնալիք է հենց իր համար: Ասում են՝ «Մեզ համար մեկ է՝ սովի՞ց կմեռնենք, թե՞ ռակից»,-թղթակցին բացատրում է Ջերմուկի քաղաքապետը՝ Վարդան Հովհաննիսյանը: Իսկ թե ինչո՞ւ է հայ հողագործը հանքափորի ծանր ու անծանոթ աշխատանքը գերադասում իր սեփական հողը մշակելուց, դարձյալ ցավոտ բացատրությունների կարիք ունի:
Իսկ Գնդեվազը գարնանային հրճվանքով ծաղկունքի մեջ է, երբեմն աչքի պոչով նայում է ճանապարհի այն կողմում ձգվող «զօն»-ին, որտեղ նախկինում իր ծիրանի բերքառատ այգիներն էին, իսկ հիմա արտեզյան ջրերը դուրս բերող սարքերն են տեղակայված, որոնց դերը ճանապարհի փոշին փոքրիշատե նվազեցնելն է: Քիչ այն կողմում ցիանիդի միջոցով հանքալվացման հարթակն է, որի գործարկման վերաբերյալ բացատրությունները էլի հեքիաթի ժանրից են, իսկ իրականում՝ սարսափ-ֆիլմի:
Ջերմուկի քաղաքապետարանի ավագանու անդամ, «Արմենիա» առողջարանի ֆիզիոթերապևտ Հասմիկ Սարգսյանն ասաց. «Արդեն ոչխարները գլխի են ընկել, չեն ուտում այդ տարածքների խոտը և չեն խմում ջուրը: Սա դեռ այն դեպքում, երբ դեռ չեն սկսվել հանքի շահագործումը, ցիանիդով լվացումները, ուրանի, սնդիկի և ծանր մետաղների դուրսբերումը»:
Ճիշտ տեղն է՝ հիշատակելու տիբեթյան մի պատմություն: Հայտնի է, որ չինացիները վաղուց արդեն իրենց կարգերը հաստատելու մտասևեռումով ուզում են Տիբեթում ոչնչացնել ամեն ինչ, որ տիբեթցուն պահում է տիբեթցի, և այն ամենը, ինչ հիշեցնում է նրա հազարամյակների խորհրդավոր մշակույթը: Տիբեթյան ոսկով հարուստ մի հանքավայրի մասին տարածված է եղել զգուշացում, որ այն պահպանում է զորեղ աներևույթ մի ոգի: Չինացիները բանի տեղ չեն դրել և կաշառելով տաճարի հոգևոր այրերից մեկին (եթե Տիբեթում էլ կարելի է հոգևորականին կաշառել, ինչո՞ւ դա չի կարելի անել որևէ այլ երկրում)՝ սկսում են հանքափորման աշխատանքները, հանքախորշը պատրաստում են շահագործման, և առաջին իսկ աշխատանքային օրը ամեն ինչ փլուզվում է երկրաշարժից, փլատակների տակ են մնում բոլոր չինացիներն ու տիբեթցի մատնիչ հոգևորականը, փրկվում են միայն տիբեթցիները:
Երբ «Լիդիան ինթերնեյշնլը» հավաք է կազմակերպել ավելի շատ համոզելու, քան խորհրդակցելու համար, տիկին Հասմիկ Սարգսյանը հիշեցրել է, որ Հայաստանը սեյսմիկ գոտում է գտնվում, և չի իմացվի, թե պայթեցումները ինչ հետևանքներ կունենան:

ՀԱԿՈԲ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԻ «ԱՄՈՒԼՍԱՐԸ ԶՈՀԱՍԵՂԱՆԻՆ» ՀՈԴՎԱԾ-ԶԵԿՈՒՅՑԸ
Այստեղ այնքան ճշգրիտ, հանգամանալից ու մասնագիտական փաստարկներով է արձանագրված Ամուլսարին, նրա ճակատագրին վերաբերող ամեն ինչ, որ միանգամից երևում են «տանու գողերի» պոզերն ու պոչերը: Կարծես նրանք առանձնապես չեն էլ մտահոգվել թաքնվելու մասին: Հատուկ մոռացել են «Կանաչների միության»՝ տարիների փորձ ունեցող նախագահին, միջազգային մակարդակի մեր մյուս բնապահպաններին: Հ. Սանասարյանը մեկ առ մեկ անդրադառնում է ոչ միայն Ամուլսարին, այլև Հայաստանի կենսոլորտին սպառնացող այն բոլոր վնասներին, որ «Լիդիան ինթերնեյշնլը» սառնասրտորեն թվարկում է «Նախագծում»: Մատնանշում է Նախագծի այն կետերը, որտեղ կազմակերպությունը մոռանում է նշել իր պարտականությունները կամ սքողում է դրանք անհավանական հատուցումներ խոստանալով: Մի երկու օրինակ, որոնցից եփած հավի ծիծաղը կգա. «Եթե հետազոտությունների մշտադիտարկումների ու մոդելավորման արդյունքում պարզվի, որ հնարավոր չէ վերականգնել մինչև հանքի շահագործումը եղած պոպուլյացիայի թվաքանակը, ապա կուսումնասիրվեն փոխհատուցման տարբերակներ»: Սառցի վրա գրված այս խոստումը, եթե անգամ լիներ մինչև Նախագիծն ընթացքի մեջ դնելը, դարձյալ իմաստազուրկ կլիներ: Նախագծի ան­իրագործելի խոստումներից մեկն էլ այն է, որ այս տարածքում գոյություն ունեցող, իրենց բնական միջավայրն ունեցող բույսերին ու կենդանիներին պետք է տեղափոխեն մի այլ վայր, մինչև կորզման աշխատանքները վերջանան, բուսատեսակները կոնսերվացվեն՝ հետագայում իրենց տեղը վերադառնալու պայմանով: «Տարածքի շահագործման ժամանակ արդյունավետ բնապահպանական միջոցառումներից են սողունների հազվագյուտ տեսակների հավաքն ու վերաբնակեցումը անվտանգ տեղամասեր» (ընդգծումը՝ Հ. Ս.): Երբ «Լ.Ի.» մասնագիտական հավաքի ժամանակ Հ. Սարգսյանը հարց է տվել, թե կազմակերպությունը երկրագնդի որևէ վայրում արդեն իրականացրե՞լ է նման ծրագիր, պատասխանը եղել է՝ ոչ… Այսինքն, երկիր են գտել, որտեղ կարելի է մարդկանց փորձնական ճագարների տեղ դնել, իսկ «անտեր» հողն էլ վարել իրենց ուզածի պես: Իսկ ամենազավեշտականը «անգղների ռեստորանն» է: Գիշատիչ այս թռչունները պետք է ամեն օր սպասեն, թե ինչով են կերակրելու իրենց, երևի նաև իրենց քաղցը հաղթահարելու ժամը պետք է որոշեն ուրիշները: Նախագծում «ազնվորեն», բայց իրականում լկտիաբար նշվում է, որ Ամուլսարի հանքավայրում և դրան հարող տարածքում 148 աղբյուր կա: Այս տարածքում քամված թունավոր ջրերը Կեչուտի ջրամբարով կլցվեն Սևանա լիճ:
Ամուլսարին և երկրին սպասվող անդառնալի կորուստները մեկ առ մեկ թվարկելով՝ Հ. Սանասարյանը եզրակացնում է. «Իրականում այդ նույն փաստաթղթից («Նախագծից») պարզ երևում է, որ «Լ.Ի.» ընկերության համար կենսոլորտի կայունության ապահովումը և բնության ու մարդու կենսագործունեության ներդաշնակության պահպանումը որևէ արժեք չունեն. նույնիսկ կարելի է ասել, որ ատելությամբ է լցված բնության և մարդու նկատմամբ: Ընկերության նպատակը շահույթ հետապնդելն է, և դրան հասնելու համար դիմում է ցանկացած քայլի»: «Նաև չի բացառվում, որ ՀՀ համապա­- տասխան գերատեսչությունները չեն ուսումնասիրել, անգամ չեն կարդացել «Նախագիծը»: Այստեղ Նախագծի հեղինակները նշել են գրեթե բոլոր այն ռիսկերը, որոնց տեղեկանալուց հետո մանկապարտեզի կրթություն ունեցողն անգամ կտեսներ, թե ուր կարող է հասցնել Ամուլսարի հանքավայրի շահագործումը»: Ուրեմն գոնե հավատանք, որ չեն կարդացել, թեև չգիտես՝ սրանից թեթևանո՞ւմ է նրանց հանցագործությունը, թե՞ ծանրանում: Նրանց երևի միայն փրկի անմեղսունակի «թուղթ» հանելը:
Ամուլսարի խնդրին լուծում տալու ճանապարհները գրեթե բոլորը նշված են Հ. Սանասարյանի այս հոդվածում, մնում է կարդալ (bnaban.am «Ամուլսարը զոհասեղանին») և հետևություններ անել:

ՋԵՐՄՈՒԿԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ ՔԱՂԱՔ Է
Սա մեր ունեցած բնական չքնաղ հարստություններից մեկն է, որի միայն տեսքը կարող է առողջացնել հիվանդին… Տեսք ասելով՝ այս դեպքում հասկանում ենք այն ամենը, ինչ բնությունն է շռայլաբար արարել: 1925 թ. այստեղ դեռ առողջարաններ չկային: Հետո սկսել է ուսումնասիրվել, կառուցապատվել: Դարձել է կոկիկ, մաքուր, փոքրիկ առողջարանային քաղաք: Հիմա, հատկապես Ամուլսարի հետ կապված աղմուկի պայմաններում, խիստ նվազել է հանգստացողների թիվը: «Վերոնա» հյուրանոցը՝ գեղատեսիլ լճակի ափին, որի տանտեր Ռուբեն Մարկոսյանը մեզ՝ հայ երկու գրողներիս ընդունեց ջերմորեն, 3 օրերի ընթացքում գրեթե դատարկ էր: Առհասարակ, այս չքնաղ լեռների գոգում, որտեղ ամեն թփի տակից հանքային ջրեր ու սառնորակ աղբյուրներ են բխում, կարծես կիսով չափ մեռած լինի ամեն ինչ: Էժան գնով թանկ շինություններ, առողջարաններ գնելու մոլուցքի տարիներին մեծ թվով պետական պաշտոնյաներ, նաև մականունավոր փողատերեր ավար բաժանողի հոգեբանությամբ ձեռք են բերել բազմաթիվ առողջարաններ, բայց դրանք բարենորոգելու «հավես» կամ փող չունենալու պատճառով թողել են ինքնահոսի, և հիմա դրանց մեծ մասը անշունչ է կամ «բերաններում իսկի շունչ չկա»: Փոխարենը, քաղաքի ամենաերևացող տեղում փռվել է գիգանտոմանիայի արդյունք «Հայաթ» նորակառույց հյուրանոցը, որն իր տիրոջ անճաշակության, ագահության արտահայտությունը լինելով՝ բնության և հարակից շինությունների հետ որևէ ներդաշնակություն չունի: Իսկ մենք գիտենք, թե մեր նախնիները ի՜նչ խորամտություն ու գեղագիտություն էին դրսևորում շինության տեղը, չափերը, գույները… ընտրելիս:
Կիսախարխուլ հյուրանոցներից շատերի տերերը հայտնի են, իսկ մի շարք էլ կա, որ ոչ ոք չգիտի, թե ում սեփականությունն է: Դրանցից քանի՜ քանիսը կարող էին անտուն մարդկանց համար գոնե ժամանակավոր օթևաններ դառնալ… Եվ որքա՜ն բարի գործ արած կլինեին այս «հայապահպանները», եթե այդ հսկա շինություններից մի քանիսը կարգի բերելով, նվիրեին փախստական սիրիահայերին, որ գուցե նրանք էլ բնավորվեին, նպաստեին քաղաքի ծաղկմանը, չբռնեին կանադաների ճամփան… Չէ՞ որ Սիրիան հարուստ երկիր չէր, բայց Եղեռնից հետո պատսպարեց ու իր երկրի լիարժեք քաղաքացիներ դարձրեց մեր այսօրվա փողատերերից շատերի նախնիներին:
Հետաքրքիր իրավիճակներից մեկն էլ այն է, որ Ամուլսարում բարձր աշխատավարձով ընդունված բանվորների քիչ տոկոսն է, որ ջերմուկցի է, գնդեվազցի կամ մոտակա գյուղերի բնակիչ: Այստեղ նույնպես մի թակարդ կա: Բանվորների մեծ մասը այլ տեղերից են, ապրում են Առաջին մոսկովյան լքված առողջարանում կամ սենյակներ են վարձում Ջերմուկում: Բնակիչները անհանգստություն են հայտնում, որ «բերված» բանվորները մեկ տարուց ավելի չեն աշխատելու, քանի որ երկար աշխատելու դեպքում հաշմանդամների կվերածվեն: Նրանց կփոխարինեն նորերով: Իսկ տեղի բնակչությունը ավելի լավ է չընդգրկվի այս աշխատանքներում, քանի որ բազում գաղտնիքների արտահոսք տեղի կունենա: Ոմանք նույնիսկ կանխատեսումներ են անում, որ դրսից եկած աշխատավորների թիվը կբազմանա, կփոխվի քաղաքի մթնոլորտը, նոր, անկառավարելի, անցանկալի բարքեր կառաջանան, և մեծ վնաս կհասնի երիտասարդությանը:
Այսուհանդերձ, քիչ չեն իրենց քաղաքը սիրող մարդիկ, որ չեն հեռացել ու ոչ մի պայմանով չեն հեռանա այստեղից: Այս օրերին, ավելի քան երբևէ, նրանց մեջ խոսում է երկրի տերը լինելու գիտակցությունը: Նրանց մի մասը հիմա ակտիվիստներ են. հարկ եղած դեպքում պատրաստ են փակելու Ամուլսար տանող ճանապարհը: Ահա թե ինչ ասաց նրանց մասին Ջերմուկի հնաբնակներից Մակեդոն Ալեքսանյանը (հնչում է, չէ՞), որ դեռ սովետի տարիներից բարձր պաշտոնյա լինելով, հսկել, թույլ չի տվել, որ քաղաքի անտառածածկ հատվածներից, պուրակներից մի թուփ անգամ պակասի. «Ոչ թե նրանք են ակտիվ, այլ մյուսներն են պասսիվ: Ավելի ճիշտ կլինի «ակտիվիստի» փոխարեն նրանց անվանենք Հայաստանի Հանրապետության իսկական քաղաքացի»: Երբ սկսվեց Ամուլսարի պատմությունը, Ջերմուկը դեռ ընդգրկված չէր ազդակիր բնակավայրերի շարքում: Ջերմուկում բոլոր գործատուները իշխանության մոտ կանգնած մարդիկ էին, ոչ ոք չէր կարող իր մտածածը բարձրաձայն արտահայտել: Միայն Մ. Ալեքսանյանն էր, որ համարձակվեց դիմում գրել վարչապետին, և Ջերմուկը ընդունվեց որպես ազդակիր քաղաք: «Ես ուսումնասիրել եմ Աշխատանքային օրենսգիրքը,- ասում է նա,- այնտեղ ոչ մի բան չկա ի շահ աշխատավորի, ամեն լավ բան միայն գործատուի համար է: Մտածում էի՝ ամեն ինչ մեզանում դեֆորմացված է՝ ո՛չ մտավորականն է մտավորական, ո՛չ բանվորն է բանվոր, ո՛չ էլ նույնիսկ գողականը՝ գողական: Հիմա իրավիճակը փոխվել է: Ամեն ինչ կարծես թե պատրաստ էր դրա համար: Նիկոլը միայն լուցկին վառեց»:
«Ջերմուկը կարելի է այնպիսի առողջարանային կենտրոն դարձնել,- համոզված ասաց Ռուբեն Մարկոսյանը,- որ բազմապատիկ ավելի շատ եկամուտ կբերի հանրապետությանը, քան ոսկին:
Քաղաքապետ Վ. Հովհաննիսյանը նույնպես վստահում է այսօրվա իշխանություններին. «Չէ՞ որ հավատում ենք նրանց, ուրեմն՝ ինչպես որոշեն, այնպես էլ կլինի»:
«Բայց դուք եք համայնքի ղեկավարը: Մանավանդ, այս փոխված իրավիճակում, եթե նույնիսկ իշխանությունները սխալ դիրքորոշում ունենան, դուք պետք է պաշտպանեք համայնքի շահերը»:
Անընդհատ կրկնելով, որ ինքը վստահում է իշխանություններին, այսուհանդերձ, քաղաքապետը մի շատ կարևոր միտք հայտնեց. «Հանքատերերը հավաստիացնում են, որ բարձր տեխնոլոգիաներով հնարավոր է առանց բնությանն ու մարդկանց վնաս հասցնելու իրականացնել հանքավայրի շահագործումը: Բայց ես վստահ եմ, որ մեր երկրում հնարավոր չէ այդ չափորոշիչները պահպանելը, այնպես որ, այս գործը գլուխ չի գա»: Ահա և լավատեսություն արտահայտող մի հոռետեսական կանխատեսում պաշտոնյայի կողմից:
Իրավիճակ է փոխվել, հանգի՛ստ եղիր, Ամուլսար ջան, ինչպես որ հանգիստ ես հիմա, երբ աժդահա կրծքիդ վրա արդեն արյունահոսող վերքեր են բացվել: Իրավիճակ է փոխվել: Չենք թողնի, որ եզը երդիկից հանեն: Թեև, իհարկե, ճիշտ չարեցինք, որ քեզ նման գեղեցիկ լեռը եզան հետ համեմատեցինք, բայց, դե, ժողովրդական իմաստուն խոսք է, իսկ եզն էլ մեր խելոք, աշխատավոր, հորովելներում երգված եզն է…

Մեկ մեկնաբանություն

  1. Շնորհակալություն։ Իսկական մտավորականին վայել ազնվություն և սրտացավություն։ Տակավին հույս ենք փայփայում, որ երկրում իրավիճակ է փոխվել։ Եվ Ամուլսարը իսկական փորձաքար է։ Եթե պիտի թույլատրվի նախորդ իշխանությունից մահացու “ժառանգություն” մնացած հանցավոր գործարքի իրականացումը` մահացու աղտոտելով մեր երբեմնի մեծ երկրից մեզ մնացած այս փոքրիկ հատվածը, մեր հողն ու ջուրը, ինչը կբերի առհասարակ կյանքի քայլ առ քայլ վերացման… այդ դեպքում էլ ո՞րն էր “իմ քայլի”` բոլորիս քայլի իմաստն ու նպատակը։ Վերջապես, զբոսաշրջությունը և անողոք հանքարդյունաբերությունը անհամատեղելի բաներ են։ Դա հասկանալու համար առանձնապես ջանքեր պետք չեն։ Մեր կողմից այդքան քննադատվող (և տեղին) խորհրդային իշխանությունները նույնիսկ ժամանակին դա հասկացել էին և նախընտրել էին առողջարանների կառուցումը..

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.