Գոհար ՆԻԿՈՂՈՍՅԱՆ / ԵՎ ԱՐԱԿԱՆ, ԵՎ ՄԵՂՄ

Ես ու բանաստեղծ Սուրեն Դավթյանը հանդիպեցինք, երբ նոր էին լույս տեսել նրա «Ածանցվող երկվությունն» ու իմ «Լրջացող խաղը»:
Գրեցի նրան նվիրված առաջին գրախոսությունը` «Գնալով մեծացող գետը»: Այն անտիպ մնաց: Հիշում եմ, ավելի շատ անկեղծ քննադատ էի, բայց միանշանակ ողջունում էի նրա մուտքը Հայոց Պառնաս, զի զգացել էի ապրում, թրթիռ, շնչառություն, արական հուժկու ասելիք և միևնույն ժամանակ այնքան շատ քնքշանք ու բարություն, ինչքան սովորաբար ունենում է մեղուն նեկտար ամբարելիս, թիթեռը՝ անթառամին փարվելիս և թռչունը՝ դեպի արևը ճախրելիս: Լուսավոր, ջերմացնող, անհանգիստ ու միևնույն ժամանակ աստղաֆիզիկորեն հավասարակշիռ պոեզիա:
Սուրենի հետ զրուցելուց հետո միշտ մտածել եմ. «Երանի քեզ, երջանիկ ու բարի մարդ»: Երբևէ ոչ մեկի տեղը լինել չեմ ուզեցել, բայց հաճախ եմ ինքս ինձ խոստովանել, որ նա անդավաճան բանաստեղծ է, իր ես-ից գրող: Ու որքան շատ է գրում, այնքան պարզ է երևում հոգու խորանում անմար եռանին՝ Հույս-Հավատ-Սերը:
Սուրենի երկրորդ՝ «Ածանցվող երկվություն» գրքի շնորհանդեսին, կարծում էի, նրա հաջորդ գրքերը կլինեն ավելի բարդ լեզվաոճով գրված, շատ բառաբարդումներով, ասելիքի լաբիրինթումներով, դժվար մուտքերով և ելքերով: Բայց այդպես չեղավ: Թեև նա հեղինակ է շատ նորակերտ բառերի, որոնց մեծ մասը հաջողված է, բայց Սուրենը գնալով ավելի հստակեցրեց ասելիքն ու գեղագիտությունը, և խորքում երևաց անսպառ պաշարը հոգեգանձերի:
«Ածանցվող երկվությանը» հաջորդեցին «Նախաժամի ուրվագրերը», «Անընդհանրական կտավը», իսկ «Ազատագրված հիշողությունը» արժանացավ «Հրանտ և Մանուշակ Սիմոնյաններ» գրական մրցանակին: Կարծում եմ, այս խրախուսանքից անմասն չեն նաև նախորդ երեք, ավելի ճիշտ՝ չորս ժողովածուները, քանզի կես-չափածո և կես-արձակ առաջին գիրքը ևս ունի ասելիքի խորություն, շնչառություն, գեղեցիկ բանաձևումներ և ամենակարևորը՝ համոզիչ է: Առհասարակ, ցանկացած առաջին թոթովանք, քերթվածք թե երախայրիք լավագույնս է արտահայտում գրողի էությունը, տալիս նրան բնութագիր, ցուցում հիմնական մուտքն ու ելքը, թրթիռն ու շունչը, զգայնականությունն ու բանական հիերոգլիֆները, գույնն ու երանգը, ուղիներն ու խաչուղիները: Այո՛, յուրաքանչյուր գրող ունի իր մեկնարկն ու իր մեղվուղին: Առաջին գրքում էլ երևում էր, որ գործ ունենք անհանգիստ, միևնույն ժամանակ՝ ներդաշնակության, կատարելության սիրահար բանաստեղծի հետ, ով ոչ մի կերպ չի տեղավորվում իր ես-ում, սակայն ցանկացած լուծումի համար իր ես-ից, արմատից, ինքնություն-հոգեխորքից է ոգեկոչում առաջին անհրաժեշտ օգնությունը, ինքնաբավորեն ինքնակրթվելով և ինքնահաղթահարվելով, որպես Որոնող և Դիտորդ հանդարտվելով, որպես հաշտարար և մարտնչելով որպես Հայր, Որդի, Եղբայր:
Ժամուժամանակի հետ բանակցելով որպես մահկանացու և հավերժի հետ բարեկամանալով որպես տանուտեր, Տիեզերքում իր տեղը գտնելով որպես բանաստեղծ և Մեծարենցյան Հյուղակը պալատներում փայփայելով ու մեծարելով որպես Սպասող…
Նա է մնայուն,//Որ ճեղքում է միտքը պատրական//Ու ժամանակից առաջ է անցնում,//Նա, որ ցնորվում է բառաշաղախից//Ու արմատի համն ունի այն,//Որ բանաստեղծն է ծամում ծխախոտի հետ,//Որ չմեռնի, երբ ցուրտ է, երբ մոտ է երկնքին,//Որտեղ թվում է՝ ինքն է աղավնին՝//Արարչի ձեռքերից թռած,//Ու իր կտուցին է Լույսը,//Լույսը, որ սրտից պոկվել//Ու ժամանակից առաջ էր անցել…
Ճիշտ են ասում՝ լավ պոեզիան ունի շնչառություն, ապրում և Ռոմանտիզմ: Առանց ռոմանտիկի, վերացականի, վիրտուալի Բանաստեղծը, ըստ իս, չի կարող արարել: Սուրենը թեև դեռ ունի կատարելության հասնելու կարիք թե՛ խոսքի պրկության առումով, թե՛ ոճապես, և սակայն պարզ է մի բան՝ նրա միտքը խորն է, սիրտը՝ համապարփակ, և նրա պոեզիան, մեկ բառով, գեղագիտակ սիմֆոնիա է: Վկան լուսնային թռչունն է, այս պարագայում, որի մոտիվով ծնվել է արդեն չքնաղ մի երգ:
Երգիր թռչուն, լուսնային թռչուն,//Քուն բեր թափառական իմ հոգուն://Ես կարող եմ ցավն այնպես ապրել,//Որ արյունն իմ ցնդի այդ տապից,// Եվ կարող եմ այնպես անցնել,//Որ չզգաս ներկայությունը իմ,//Երգիր, անթև հուշերի թռչուն,//Քուն բեր պատուհաններին իմ բու…
Սուրենը նաև շատ աշխատասեր է: Բնածին շնորհից բացի, ցանկացած ստեղծագործողի անհրաժեշտ է աշխատասիրությունը, նաև՝ ինքն իր հանդեպ խիստ լինելը, ինքնագովեստով չտառապելը: Սուրենը հատուկ հարգանք, ես կասեի՝ հոբբի ունի բառերի նկատմամբ: Պատահում է՝ ստեղծում է հոյակապ բառեր կամ պեղում է բառարաններից, հայ հարուստ գրական ժառանգությունից և դնում ճիշտ տեղում: Նա կարողանում է Բառին ապրեցնել հայտնաբերելով և ապրումին էլ կրկնակի կյանք տալ՝ բառեղեն դարձնել կատարյալ նրբանկատությամբ, լինելով և Արական-հուժկու, Սարի և Երկնքի պես հուսալի և միևնույն ժամանակ՝ նրբանկատ, նրբազգաց, մեղմ…
Կարծում եմ, նրան հարգել ու սիրել կարող են բոլորը, բայց շողոքորթել, խաբել կամ մոլորեցնել՝ ոչ մեկը: Ամուր ողնաշարը Բանաստեղծի թիվ մեկ հոնորարն է: Հենարանը, ներողություն:
Սուրենը գիտե զգույշ վարվել բառի հետ: Նա բառ աղավաղողներից չէ, սերմանողներից է: Անկեղծ և զգույշ՝ միաժամանակ: Յուրաքանչյուր բանաստեղծություն շնչում է, թրթռում, շարունակվում գրքից դուրս: Ինքս սպիտակ բանաստեղծության սիրահար չեմ, բայց եթե բանաստեղծությունը հաջողված է, մի պահ մոռանում էլ ես հանգուանհանգի մասին, բռնում ներքին ռիթմը, զարկերակի նման, և վայելում ես, տարվում, անէանում:
«Ազատագրված հիշողության» մեջ բանաստեղծի մենության տամարը ներթափանցված է բնապաշտությամբ, արարչասիրությամբ: Այն առկա է նաև նախորդ գրքերում:
…հայրերի անեծքը չի ավարտվում որդիների օրհնությամբ
Եվ կյանքը կարելի է ծաղրել կրելով դիմակը ճշմարտության
…որտեղ մարդու և ոչնչի միջև չկա անջրպետ
…այստեղ ավարտվում է ջահելության կարկաչուն գետը
…երջանկությունը Սիրո անսահմանության մեջ է կատարելություն
…ֆիզիկականի հոլովույթը կանգ է առել հոգևորի հրավառությունից…
Քանզի սերն՝ ուրախությամբ, թախիծը տառապանքով կանցնեն կգնան,
Ո՛չ սիրո մաճառը կմնա սափորում, ո՛չ գինին ցավի,
Միայն հուշի մոխրագույն գետը ինչ-որ տեղ կպտղավորվի…
Սուրենը «Ազատագրված հիշողություն» է անվանում իր ապրումները, որոնումները, մտախոկումները, մուտքերն ու ելքերը, որոնք, այնուամենայնիվ, հենց այդ հիշողության շնորհիվ են կենսա­թրթիռ: Ցանկալի է, որ հիշողությունը ազատագրվի ինչի՞ց: Գուցե հենց խճճված ներկայի՞ց և կամ անորոշ ապագայի՞ց, դառնալու համար մի ժամանակ, որում Անցյալից եկած ողջ Բարին դեռ կա տանուտեր:
…Հոսում են ջրերը, քարերը, ավազն ու մտքերը…//Բառերն ու խաղալիքները…իմ միջով//Դեպի հավերժի գագաթները Արարչագործության…
Յուրաքանչյուր տողում, տողատակում հնչեղ են արյան շառաչը, ավյունի կանչն ու ժառանգված կյանքի սերուցքը: Ժահրը չքացած է, ու սա նաև ազատա­գրված Ներկա է, որպես Անցյալ դարձող ժամանակ և նաև՝ ազատագրվելիք Ապագա, որպես կորստահամ մի Գալիք-անցյալ: Բանաստեղծները զգայուն են, զգայուն՝ ինչպես երկինքը:
Շատերի նման ես էլ չիմացա իմ տեղն ու ժամը,//Անվերջ փնտրեցի իմ մեջ, ինձնից դուրս…//Ու դեռ փնտրում եմ Այբն ու ավարտը անավարտության…
Նրանք գուցե թե կցանկանային ազատագրվել ես-բռնապետից, սրտմաշուք հանգույցներից ու անցանկալի անակնկալներից: Բայց ավաղ… Ամենը, ինչ ապրեցիր, քո խաչն էր՝ վիթխարի-տառապյալի, թե՞ ոսկեփոքրիկ: Նրանից ո՛չ ազատագրվել է հնարավոր և ո՛չ էլ շրջանցել այն:
Խաչակնքվելն անիմաստ է,//Երբ կրկնվում է խաբկանքը…//Երբ սպասման ծրարը դատարկ է,//Երկտող գրողը հաստատ փիլիսոփա է,//Եվ նրա սևագիր միտքը//Դու չես կարող գուշակել,//Էլ ուր մնաց հոտոտելով որոշես//Ծրար փակող մատների բույրը…//Որ տանջում է չգիտես ինչու…
Բարի մարդու պոեզիան Լույս է: Ու Լույսը ավելորդ չի լինում երբեք: Գուցե ամենը, ինչ ասվում է որպես բանաստեղծական խոսք, օգնում է ազատագրվե՛լ, հենց հեղինակին, սիրտ կեղեքող ավելորդ ապրումից, ծիածանից, ջերմությունից, Լույսի՛ց ավելորդ: Չէ՛: Չէ՛, Լույսը ավելորդ չի լինում երբեք:
Մեկ-մեկ վախեցիր սուտը պնդելիս,// Անշունչ մատներով խաչակնքելիս…մանուկ գրկելիս,//Ինքնաճանաչման վիրապ մտնելուց…//Ու կապրես հաշտված խաղաղության մեջ առանց վախերի…
Սուրենի պոեզիայում ամեն մի ֆրազ սրտից ու մսից, մաշկից է քերված, պոկված ու պլոկված: Նա ամբողջովին իրենով է թաթախված և խոսում է ոչ միայն ազատագրվելու ավելորդ խոհից, այլ ի մի գալու և կողմնորոշվելու, նաև գալիք ժամանակը ապրելու մասին ըստ արժանվույն: Նրա պարագայում և՛ Սպասողն է հավասարակշիռ ու երջանիկ, և՛ առաջ շարժվողը, հանձին իրեն, ետ նայողը… ետ նայողը այն ամենին, ինչը ազատագրված է որպես հիշողություն:
Քանդում են հին տները…//Չգիտեմ՝ ուրախանամ, թե տխրեմ կառուցվող նորի//Ու աղբանոց թափվող մանկության համար… /էջ 38/
Երբ միտքը փոխի իրականության իմ ընկալումը,//Էլ ցավ չեմ ապրի, երբ կոշիկներով անցնեն իմ միջով… /էջ 18/
Շարժում
Արևկաթից//Պտղավորվել էր հողը…//Գարուն էր…//Աղջիկը վազում էր երազում…//Անձրևից ստինքները կաթով էին լցվել…//Ամառ էր…//Ծառը//Շողում էր բերկրալի բարուրով…//Աշուն էր… //Սուրբ էր ճերմակ սավանը հաշտության,//Արարման նիրհ էին մտել սիրտ ու տիեզերք…//Ձմեռ էր… /էջ100/
Իրիկնամուտի հեքիաթ /էջ 88/
Արևի թռչունն իջավ Ծով-սարին…// Խղճուկ տներում լույսը թրթռաց…//Սոճին խնկափեշ անցյալը հիշեց…//Ես ժայռերի հետ աչքս պարզեցի հազարան հավքին…//Նա ծովը թողեց//Ու հորիզոնը իմ մենակության կարմիրով ներկեց՝//Թողնելով ջրում մի ոսկե փետուր//Եվ ափին ծնկած անծանոթ կնոջ//Տեսիլքը լուսնոտ ավազե մահճին…
Ես զեղեցի՝ վերստին ազատագրելով ամենը, ինչ ինձ շատ է դուր եկել:
Հիմա ինձ ի՞նչ է մնում անել: Առաջինը՝ հիշեցնել Սուրենին, որ մեծ-մեծ բառերը չպետք է չարաշահվեն: Օրինակ՝ Աստված, տիեզերք, սեր և այլն: Ավելորդ կրկնությունները թուլացնում են պոեզիան: Շատ չեն, բայց դեռ կան որոշակի ոճական թերություններ: Բայց քանի որ Սուրենը ազնիվ է նախ ինքն իր նկատմամբ և լեցուն դրական էներգիայով, լավատեսությամբ, համոզված եմ, նրա գնալով մեծացող գետ-պոեզիան անպայման օվկիանոս կհասնի:
Սուրեն Դավթյանը դեռ շատ ասելիք ունի, շատ ապրում՝ իր սպիտակ բանաստեղծությունների, անկանոն շարված, համաչափ շնչող տողատակերում ամբարված:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.