Գերհագեցման աղետը գրականության մեջ / ՄԱՆԱՍԵ

Մեծ սողանքներին ականատեսները նկատել են` փլուզումը սկզբից տպավորում է առանձին շարժուն պատկերագծերով, ասես կարողանում են տարբերել քայքայումը հրահրող ներքին նստվածքների գծագրումը, հողի ճեղքումները դրսից, բայց քանի մեծանում է սահքի արագությունը, քանի դառնում է սրընթաց, տպավորությունը «պղտորվում է», արտաքին ճաքվածքները լղոզվում են, առանձին քարաբեկորները կորչում են հողե հեղեղի մեջ: Ահռելի այդ քարաթափը կլանում է նախկինում նկատելի ամենամեծ ապարներն անգամ, անկման հորձանքը բազմապատկվում է` աճող արագությունը փոխանցելով լեռնասողքի բռնած հսկայական զանգվածին:
Երկրաբանության մեջ այս բազմակիորեն թռիչքաձև կոտորակվող-կրկնապատկվող երևույթը` սողանքի աճող արագությունը [մանավանդ, ձնասահքից եթե խոսենք], իր առջևից «պայթեցնում» է այնպիսի արագացում, որի գերագույնը միջուկային ֆիզիկայում նանո-վայրկյանների ընթացքում տեղի է ունենում ուրանի տրոհման հետ: Մաթեմատիկայում սրան էքսպոնենցիալ օրենք անուն են տվել, երբ թիվը 1-ից 2, 2-ից 3, 3-ից 4, 4-ից 5… ու այսպես աստիճանական գումարմամբ չէ, այլ 1-ից միանգամից 15:15-ից` 150:150-ից`1500:
Տեղին չէ, իհարկե, բայց թռիչքաձև «արագացումը», Աստված ոչ անի` ձեզ հանդիպի, կա նաև վաշխառության մեջ, ասենք, Շեյլոկը Անտոնիոյից պարտք գումարի ու տոկոսների դիմաց պահանջեր ոչ թե պարտապանի «մարմնից մի կտոր միս», այլ յուրաքանչյուր ամիս էքսպոնենցիալ հաշվարկ աներ` մայր գումարի տոկոսները առանձին առներ, տոկոսների տոկոսը` առանձին: Մի քանի տարի անց, չեմ չափազանցնում, Անտոնիոն Վենետիկն էլ վաճառեր` Շեյլոկից չէր պրծնելու: Ամբողջ մի գլուխ կնվիրեի Շեյլոկի հնարավոր տարբերակին, բայց մենք ավելի հետաքրքիր տարբերակ ունենք նկարագրված «սողանքի երևույթից», այսինքն՝ ես չէ, այլ Մաքս Բոռնը, որ «Իմ կյանքն ու հայացքներում» անդրադառնում է դրան` ժողովրդագրության ու գիտության մեջ. «…մարդկանց ընդհանուր թիվը աճում է,- ասում է Բոռնը,- կյանքի պայմանների յուրաքանչյուր բարելավման հետ: Եթե շնորհալիների տոկոսը, կոպիտ ասած, հաստատուն է մնում, ապա նրանց բացարձակ քանակն աճում է նույն արագությամբ, ինչ որ բնակչության ընդհանուր թիվը: Եվ ամեն մի տեխնիկական գյուտի հետ նոր տարբերակումների հնարավորությունը մեծանում է…». ահա՛, չեմ ուզում շարունակել: Ինձ հենց այս էր պետք` «շնորհալիների տոկոսը», որի աճը էքսպոնենցիալ աղետի կանխաբերությամբ է սպառնում… չասեմ` արվեստում ընդհանրապես, շատ լայն ընդգրկումներից խուսափում եմ, ասեմ` գրականության մեջ [թող հարազատ միջավայրից չկտրվենք]:
Նախ նկատեք, զանգվածային միջակության գրոհի, «գորշության» թափ առած մասսայի մասին չէ, որ խոսում է Բոռնը, ինչից բոլորն են խոսում ու առաջին հերթին ու հատուկ շեշտվածությամբ՝ հենց «միջակները»:
Բոռնը շնորհալիների տոկոսից է «տագնապում», ընդ որում, ոչ թե տոկոսի նվազումից, այլ հակառակը` գերաճից: Սրանում է նրա ասածի յուրահատկությունը:
Կոնտեքստում «տագնապը» շրջանցված է, քանի որ Բոռնը, այնուհանդերձ, հավատում է, թե շնորհալիների «հաստատուն» ինչ-որ տոկոս պահպանվելու է, բայց ինչպե՞ս, երբ այդ «հաստատունը», «կոպիտ ասած», կցված է «բացարձակ քանակին»: Այդ ի՞նչ «հաստատուն» է, որ լինելով «ընդհանուր գերաճի» համակարգի մեջ, դուրս է մնալու այդ համակարգի «սողանքից»:
Բոռնը իր տեքստում թողել է ենթադրելին, ինչը, աննրբանկատ պետք է լինենք չտեսնելու համար:
Նկատածս չեմ ուզում հուզականացնել` հեշտ ներգործելու համար հոռետեսության հակվածների վրա: Պարզ հաշվարկ արեք:
«Շնորհալիների տոկոսի» վիճակագրությունը ավելի ու ավելի նմանվում է անընթեռնելի տիտրի: Քանի կինոարվեստը նոր էր, հին ֆիլմերում, ինքներդ էլ երևի հաստատեք, տիտրը ընթերցվում էր, գոնե երկու-երեք վայրկյան էկրանի վրա «պահպանվում» էր: Տեսնում էիր անուններ, որոնք արվեստ են ստեղծել: Այժմ մի երկու դերակատարի [այն էլ՝ գլխավոր] անուն ես հասցնում կարդալ էկրանին: Վաղը սրանք էլ են ընկնելու «անընթեռնելի տիտրերի» տակ, եթե արդեն չեն ընկել: Սողանքի էքսպոնենցիալ աճը կանգ չի առնելու: Առանձին քարաբեկորներին, ամենամեծ ապարներին չի՞ վերաբերում, արդյոք, Վալերիի դատավճիռը. «…ամեն հանճար հիմա արդեն սպառված է և այլևս չի կարող ոչնչի ծառայել» [«Էվպալինոս»]:
Տարբերվո՞ւմ է էքսպոնենցիալ աճը էնտրոպիայից: Էնտրոպիայի աճը տանում է ոչնչացման, կազմալուծման, քայքայման: Էքսպոնենցիալ աճը համակարգը ուռճացնում է, հղփացնում է, հասցնում է գերհագեցման:
Հակառակ ծայրերից նրանք նույնանում են մի բանում` ա ր ժ ե զ ր կ մ ա մ բ: Էնտրոպիան դա անում է՝ պատժելով դատարկության քաոսով: Էքսպոնենցիալ աճը` գերհագեցումի քաոսով: «Շնորհալիների տոկոսի» ուղղաձիգ վերընթացքը դառնում է խաբուսիկ: Գոյություն ունի լսողական պատրանքի տեսակ, երբ միաժամանակ հնչող տարբեր երաժշտություններից ծնված խառնաղմուկի մեջ, թվում է, լսում ես այն մեկը, ինչը այդ պահին չի հնչում, ուղղակի ամենաշատը դա է քեզ ծանոթ:
«Շնորհալիների գծային» թռիչքը կարող է անվերջ շարունակվել [ու այդպես էլ լինելու է], բայց արդեն «աղմուկի» մեջ: Այստեղ «լսողականին» փոխարինում է տեսողական պատրանքը: Վերընթաց «ցուցիչը» հաշվարկի իր անիմաստությունից այլևս ավելորդ է դառնում:
Հենց մտածողությունը զրկվում է ինքն իր մեջ «լողալուց», հայտնվում է զանգվածի ամորֆությանը կուլ գնալու վտանգի առաջ: Եթե Սոկրատեսի ու Պլատոնի հետ դա չէր պատահում, պատճառը ոչ միայն, որ նրանք մեծ մտածողներ էին, այլև, որ զանգվածի կլանող շոշափուկների համար այնքան էլ նպաստավոր չէր «մտածելու միջավայրը», ամենուրեք չէին կարող տարածել իրենց ճյուղավորումները: Դա ամեն ինչ միախառնող դոնդողի իսպառ բացակայությունից չէր, այլ Սոկրատեսի ու Պլատոնի «լույսի» կաշկանդող զսպումից էր, որից կծկվում է դոնդողը` անընդունակ տարածվելու: Անտիկ ժամանակներից դեպի նորագույնը ընթացումով «լույսը» կորցնում է իր ներգործումը, կամ եթե ստույգ պատճառից խոսենք, զանգվածի «մտածող» շոշափուկները «լուսադիմացկուն» են դարձել: Ոչ մի Սոկրատես ու Պլատոն ի զորու չէ այլևս ամենահզոր ճառագայթումով ստիպել, որ տեղում «անշարժանա» ամորֆը [Վ. Լունկևիչի «մանրէաբանությունից» օգտվեցինք]: Ամորֆը բազմապատկվում է, ավելի ու ավելի են ճյուղավորվում իր ելուստները, տարածում են Սոկրատես ու Պլատոն «ներծծող» իրենց ընդունակությունը: «Միջավայրն» է արդեն նպաստավոր ու միասեռ:
Հ.Գ.
Ինչքան էլ հավելումներից կարողանաք մաքուր պահել անմիջական շարադրանքի նախօրինակը, անհնար է վերջում գոնե մի անգամ չվերանայեք, ու քանի որ նյութը վերաբերում է ինձ նույնպես, մի այսպիսի լրացում թողնեմ սույն գրությանը:
Կլավդիոս Գալենոսի «Մարդու մարմնի անդամների մասին» ծավալուն կազմախոսության մեջ Միհրդատ 6-րդ Եվպատորի «ինքնաթունավորումներին» առնչվող հիշատակումներ էի փնտրում, երբ գիրք 8-րդում, ուր ուղեղի կառուցվածքից է խոսում Գալենոսը, հանդիպում եմ ողնուղեղը գլխուղեղին կապող հանգույցում մի միջնահատվածի նկարագրության, ինչին տալիս է «գրչափետուր» [«писчее пероե] անվանումը [մարդու մարմնակազմվածքի պատկերավոր այլ նկարագրումներ էլ ունի Կլավդիոս Գալենոսը, ասենք, ողնաշարը` «նավի ողնուցի» է նմանեցնում, կոկորդը` «ֆլեյտայի», կամ գլխուղեղի հետնամասում «գրչափետուրի» ծայրագծերը «Դավթի քնարի» կորություն ունեն]:
Հերոֆիլոս Ալեքսանդրիացին, մի ուրիշ բժիշկ-բնագետ, շատ ավելի վաղ` այդ «գրչափետուրի» մասին խոսել է նույն Գալենոսի վկայությամբ, ու նրան հետևելով է, որ հռովմեացին մարդու գլխի ու ողնաշարի հատման կետում տեսնում է «հոգու կացարան»` կյանքի հանգույցը: Հերոֆիլոսը մարդկային ուղեղը բավականին հերձել էր` «հոգին» ուրիշ տեղ չփնտրելու համար:
Ավա՜ղ… ինչքան էլ ճիշտ են նրանք, այսօր դա ինձ չի սփոփում, անհավանական է թվում նրանց գրեթե գիտական կռահումը:
Այն, որ մեր գլխուղեղի և ողնաշարի «հատման կետում» «գրիչը» ավելի մեծ դեր ունի, քան հոգին, մեզ ավելի է բնորոշում:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.