Գառնիկ ՄԱՆՈՒԿՅԱՆ

***
Դու բանաստեղծ ես Տիրոջ կամոք,
Խորունկ հոգի ես, լույսի ճաճանչ,
Կապույտ թռչուն ես ու թռչող գորգ,
Բերկրանքի կոհակ, կարոտի կանչ:

Վայրի ծաղիկ ես, ցող սարսռուն,
Փխրուն թախիծ ես, խնդության բոց,
Արբունքի ճիչ ես, գութի թրթիռ,
Ձյունեղեն կատար, աստղի զնգոց:

Հավատի վեմ ես, հույսի բողբոջ,
Հույզի, երազի, սիրո շաղախ,
Հողմի շառաչ ես, հրեղեն շանթ,
Հավերժի ճամփորդ, հացի մախաղ:

Անգործնական ես ու անարծաթ,
Հեռու ես նյութից, կենցաղ չունես,
Ազատ է ոգիդ ու ինքնիշխան`
Անտուն ու թափառ դերվիշի պես:

Գանձ ու վայելքը ուրիշներին,
Քեզ` լոկ մի գրիչ, մի կտոր հաց,
Եվ բախտ է արդեն, երջանկություն`
Արարման ցավը վերուստ տրված:

***
Դեռ էն գլխից եմ հոգսի հետ եղել,
Եղել ցավի հետ ու տառապանքի,
Բախտն ինձ այնքան էլ երես չի տվել,
Ես քիչ եմ շահել իմ թափած ջանքից:

Ով ճաշակել է հաճույք ու վայելք,
Ես` ընդամենը կորստի լեղի,
Ով շուտ է հասել երազած ափին,
Ես ուժ ու կամք եմ վատնել անտեղի:

Մոլություն ու մեղք,
դավ ու խարդավանք
Եվ ամենուրեք պաշտամունք նյութի,
Ես ըմբոստ սիրտն իմ
դարձրել եմ վահան`
Ապավինելով գորով ու գութին:

Դեռ համառորեն ու համբերատար
Ցորենն եմ զատում որոմից մեկ-մեկ,
Եվ ամեն մի ջանք, անցած ամեն օր
Դառնում է արդեն կորցրած երեկ:

Այսպես կհասնեմ սահմանագծին.
(Կյանք, որ տաժանք է,
համատարած վազք),
Թե ինձնից հետո փորձեք ինձ գտնել`
Դարձած կլինեմ հիշողության հասկ:

ԹԻԹԵՌԸ
Ճախրում է թեթև կապույտ լույսի մեջ,
Ծաղկի թերթեր են թևերը նրա:

Ճախրում է դանդաղ՝
Տանելով իր հետ ցրտող երեկոն
Եվ հոգնությունը ծերացող օրվա:

Իջնում է հողին.
Քամին պոկում է թոշնած թերթերը
Եվ շաղ է տալիս խավարի վրա:

ԱՐԾԻՎԸ
(Բալլադ)
Շատ էր ծերացել լեռների արքան,
Ու մոտ էր մահը,
Հավաքեց մի կերպ ուժերն իր վերջին,
Թռավ իր գահը:

Ու երբ շնչահատ վերստին կանգնեց
Բարձունքին լեռան,
Հպարտ մի հայացք նետեց չորս բոլոր
Ու … խաղաղ մեռավ:

ՔԱՐԸ
Տանում է շոգը, ցուրտը,
Տանում է լուռ ու մունջ,
Տանում է հողմը, անձրևը,
Ու ոչ մի տրտունջ:
Ամրությունը սակայն այդ
Չէ, իրեն պետք չէ,
Թույլ լիներ թող, փափուկ հող,
Միայն կանաչեր:

***
Դաշտերի վրա
Թախիծը ճերմակ շղարշ է դարձել,
Ճերմակ մաքրություն:

Ջրերի կապույտ շուրթերի վրա
Սառչում են երգի բառերը վերջին
Ու մտնում են քուն:

Ճանապարհները տխուր են ու մերկ,
Գնացողները մեկնել են վաղուց,
Էլ երբ ետ կգան:

Հասունացել է կարոտս արդեն
Ու մրգի նման թափվել է գետին,
Հավաքող չկա:

***
Իջավ դեղին թախիծ,
Անձրև իջավ ու մուժ,
Հողմը իջավ հետո,
Փչեց սառը, սառը:

Երազները շքեղ,
Կարոտները թավիշ
Հողմացրիվ եղան
Օրերի մեջ դառը:

Եվ թրթռաց գունատ
Շրթունքներիդ վրա
Հրաժեշտի վերջին,
Վերջին, վերջին բառը:

Սարսուռի դեմ ճերմակ
Ու մենության ցավի
Ես մնացի, մեկ էլ
Տերևաթափ ծառը:

***
Տար ինձ, քեզ հետ տար,
կախարդական գորգ՝
Դեպի մանկության աշխարհը անհոգ:

Դու դեռ բխո՞ւմ ես, անմահական ջուր,
Հոգնախոնջ սիրտս քեզ է անրջում:

Ինչքա՞ն սպասեմ քեզ, երեք խնձոր,
Նեղ արահետը գալարվում է ձոր:

Դու իմ վերջի՜նը, դու, կապույտ թռչուն,
Ասում են՝ հույսը մեռնում է վերջում:

***
Երկնի սիրտը փխրել,
Ձյուն է անվերջ մաղում՝
Մետաքսի պես փափուկ,
Լույսի նման շողուն:

Ո՞ր ծովից է ծնվել,
Ո՞ր արցունքի ցողից,
Որ իջնում է խաղաղ՝
Փոխված ճերմակ դողի:

Քնքշություն է փռում
Հոգնած այս աշխարհին,
Օծում անուրջներով
Ու մաքրությամբ վերին:

Պարուրում է հեռուն
Մի լուսեղեն թախծով
Եվ իջնում է, իջնում
Օրհնանքի պես աստծո:

***
Ջինջ է երկինքը,
Դաշտերի վրա
Մարգարիտներ է մեկը շաղ տվել:

Արևն իրար է հյուսել գույները
Եվ հորիզոնից հորիզոն ձգել
Կոր կամրջի պես:

Թաց դաշտի միջով,
Մազերը փռած ուսերի վրա,
Մի աղջնակ է վազում հեռուներ:

Ո՞ւր է գնում նա՝
Հին առասպելը հերքելո՞ւ համար,
Թ՞ե հաստատելու…

***
Արևի նման ապրել, արևի,
Տրվել անհատույց, բոլորանվեր,
Ու ճահճից կյանքի, ու գորշությունից
Հեռու միշտ լինել ու լինել միշտ վեր:

Խաղաղված հոգով թեքվել մայրամուտ,
Արևի նման գեղեցիկ մեռնել,
Իսկ հետո, հետո, ի՜նչ երջանկություն,
Արևի նման վերստին հառնել:

***
Երբ հոգնեմ անվերջ թափառումներից,
Երբ հեռուները էլ ինձ չթովեն,
Չեմ փնտրի նորից հեքիաթներ ոսկի,
Չեմ անցնի նորից լեռներ ու ծովեր:

Երբ տառապանքը գլխիս ձյուն դնի,
Եվ էլ չմնա ջերմացնող հուր,
Ես վերադարձի ճամփան կբռնեմ,
Ծննդավայրը կգնամ իմ սուրբ:

Կփարվեմ անխոս ու կարոտագին
Երազ օրերի մեր բակի բարդուն,
Ծնկի կիջնեմ մեր մաշված տան շեմին,
Որ ների իր խենթ, շրջմոլիկ որդուն:

Կշոյեմ այտը պաղած մեր թոնրի,
Ու թախիծ, թախիծ կմաղվի նորից,
Կհենվեմ սյունին ու լաց կլինեմ
Ու չեմ ամաչի իմ արցունքներից:

***
Չգիտեմ՝ ինչ հավք է նա,
Թռչնային այդ ինչ զարմից,
Զառ-վառ են փետուրները,
Ոտքերը՝ որդան կարմիր:

Կանգնել է պատշգամբիս՝
Աչքերը դեմքիս հառած,
Ճռվողում է սրտահույզ,
Ճռվողում ինքնամոռաց:

Նրան ի՞նչ, թե ձմեռ է,
Թե արդեն ձյուն է գալիս,
Պարզապես հավքն այդ օտար
Ինձ երգի դաս է տալիս:

***
Ես գիտեմ` կարոտն ինչու տուն չունի,
Ում է կարոտում,
Ինչու են լռում քարերն այսքան շատ,
Եվ ում կարոտն է միշտ սգում քամին:
Գիտեմ՝ բառերից քանիսն են ապրում,
Քանիսն են մեռնում
անզավակ, անհուշ,
Եվ ուր է հանգչում աճյունը նրանց:
Հեքիաթը «լինում, չի լինում» է միշտ,
Գիտեմ` լինում է վերջում լինելու,
Եվ կախարդական գորգն ուր է թռչում,
Որ սրվակում է ջուրն անմահական,
Ու երբ ցած կընկնի երեք խնձորը:
Միայն չգիտեմ ու չեմ իմանում,
Թե դու որտեղ ես և ինչ ես անում:
***
Լավ օր է թե վատ, բարի է թե չար,
Դե օրը օր է, գալիս է, գնում,
Գնում է նախորդ օրերի նման,
Եվ այդ օրվանից ոչինչ չի մնում:

Անցնելուց հետո նոր ես ջանք թափում,
Որ կորցրածը ետ բերես նորեն,
Եթե, մանավանդ, օրն այդ չես ապրել,
Ցավ է պատճառում կրկնակիորեն:

***
Երբ մի օր ես էլ առնության հասա`
Երազներով վառ ու հույսերով մեծ,
Երբ սկսեցի իմ կենաց ուղին,
Մի քիչ հեքիաթի ասես նմանվեց

Ճամփաբաժանին նստած ծերունին,
Թվում է, թե հենց ինձ էր սպասում.
-Երկու ճամփա են` լավի ու ճշտի,
Սրանցից ո՞րն ես դու գերադասում:

Ես լավ ապրելու ճամփան ընտրեցի,
Ապրեցի վայելք ու շքեղություն,
Բայց որոշեցի նաև ճիշտ ապրել
Ու վերադարձա ճանապարհով նույն:

Այսպես լավից ճիշտ,
այսպես ճշտից լավ,
Այսպես մեկից մեկ անցա
ողջ կյանքում,
Չգիտեմ` ճի՞շտ էր, սխա՞լ, որ այսպես
Մնացի լավի, ճշտի արանքում:

***
Առաջին տողը հանկարծ կայծակում,
Վրա է տալիս անսպասելի,
Եվ նույն աշխարհն է
տանում ներշնչման,
Նույն տանջանքին է մատնում ինձ էլի:

Էլի լողում եմ բառերի ծովում,,
Հասնում անգոյի հեռավոր ափեր,
Թե ինչքան ճիգ ու ջանք եմ
թափում ես,
Երևի ոչ ոք չի կարող չափել:

Երբ ինքնամոռաց փնտրտուքի մեջ
Երգի բառերն եմ վերջապես գտնում,
Թեթևություն եմ ապրում այնպիսի,
Ասես դժոխքից դրախտ եմ մտնում:

***
Այս թոհուբոհից, կյանքից այս անել
Ոչ մի կերպ խույս տալ հնարավոր չէ,
Այնպես ուզում եմ գտնել մի հնար`
Գլուխս առնել ու հեռու փախչել:

Էլ չապրել հոգս ու ցավով հոգեհան,
Չփնտրել նորից մեղավոր, արդար,
Շատ բան չեմ ուզում`
գտնել մի անկյուն,
Խաղաղ մի անկյուն ու
Տերյան կարդալ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.