Գայանե Բաբայանին / Կարինե ԱՇՈՒՂՅԱՆ

Արցունքի աղջիկ
Արցունքի ու լացի աղջիկ,
քո Հաղպատի վայրի հանդի
կաթլուկ մոշը հալվեց շուրթիդ,
դարձավ երազ, ճակատագիր:

Արցունքի ու լացի աղջիկ,
մոշենու պես՝ քաղցրապտուղ,
մոշենու պես՝ սուր փշփշոտ.
դեպի քո կյանքն ու քո հոգին,
դեպի գրած և ավելի՝
քո երազած գիրը դեպի՝
ով քայլ արեց, սիրտն արյունեց,
մրմուռ ցավով և դառնաղի
արցունքով ու լացով լցվեց:

Մոշենու պես՝ քաղցրապտուղ,
Մոշենու պես՝ սուր փշփշոտ:
Բոցկլտում էր քո տողերից
անկեղծության կրակ ու կայծ,
ընդդեմ պիղծի, ընդդեմ կեղծի:
Բառդ՝ բաց նյարդ, բառդ՝ թրթիռ,
բառդ՝ անզարդ ու մորեմերկ,
խիղճ ու հոգի, մարդ էր պեղում,
արցունք պահած սիրտ էր պեղում:

Քո բառերից և քո հուշից
դեռ կաթում է արցունքը տաք,
հետո մնում մեր շուրթերին
որպես կաթլուկ համը մոշի:

Քամուն հանձնված գիր
… Բայց իմ ուզածը բանաստեղծություն
ձոնելը չէր, Գայ,
ես քանի տարի` քամիների հետ
քեզ իմ զրույցն եմ հղում, սիրելիս,
և ուզում էի հարցնել նաև`
քո վերջին, վերջին այն երկվայրկյանին
ո՞նց ժողովեցիր ու քեզ հետ տարար
անկեղծությունը:
Բառի, արարքի`
անկեղծությունը քո բոլորեքյան…
թե՞ քամիներն էլ առաջվանը չեն.
և ես սխալմամբ (իմ Գայ, իմ ԳԲ)
իմ անկեղծության փշուրը փրկված
երախն եմ նետել խեղկատակ քամու:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.