ԲՆԱՊԱՏԿԵՐԸ ԵՎ ՐԱՖՖԻՆ / Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Մեր մեծ բնախույզ, հետախույզ, պատմախույզ, մարդախույզ հանճարի զմայլիչ բնապատկերներն իրենց անխախտ կիրառական տեղն ունեն մեր բոլոր ժամանակների դասագրքերում, թելադրության և փոխադրության ձեռնարկներում: Բայց այդ ի՞նչ ուժ ունեն Րաֆֆու գաղափարները, որ երբ անգամ մերկ են արտահայտչամիջոցների պաճուճանքից, ներքին, անբացատրելի մի թովչանքով հմայել, կախարդական քաղցրությամբ իրենց կաշկառոտ, երբեմն դաժան ճշմարտություններից տնքացող հոգևոր ինքնության դաշտն են բերել մի ժողովրդի, որ դեռ նոր-նոր միայն փորձեր էր անում թոթափելու խավարի դարավոր փոշին: «Ով որ չէ ճանաչում իր հայրենիքը, չի կարող ճշմարտապես սիրել նրան»,- ասում է «Կայծերի» հերոսը:
Դեպի մոգական գաղտնիքի լուծումը տանող պարունակներից մեկը բնությունն է՝ Րաֆֆու մեծ հոգու մայր գետը սնուցող այն եզակի երակը, որ մաքուր է, անբասիր է մնացյալ աշխարհի այն աղտեղությունից, որից երբեք իրեն հեռու չէր պահում նա: Ճիշտ հակառակը՝ չէր հապաղում իրեն և իր հերոսներին իրադարձությունների կիզակետում դնել: Գյուտարարի խիզախությամբ փորձանյութը նախ իրեն պատվաստելու պատվախնդրությունը նրա հետ էր մինչև նրա կարճ կյանքի վերջին ակնթարթը:
Րաֆֆին «Սալբիի» «Առաջաբանում» ասում է. «Վիպասանության մեջ հեղինակի պաշտոնը նկարչի պաշտոն է»: Նա «նկարչության ձիրք և ճաշակ է ունեցել», «երիտասարդ տարիքում գեղեցիկ կերպով նկարում էր մարդկանց պատկերներ, ծաղիկներ, աշխարհագրական քարտեզներ և այլն» (Ա. Ավթանդիլյան): Խ. Սամվելյանն իր մենագրության մեջ ասում է. «Հակոբը… խզբզելով ծաղրանկարում էր իրեն դուր չեկած խոսակիցներին և համարձակորեն ցույց տալիս բոլորին»: Այնուհետև այս ձիրքը հզոր կերպավորումներ պիտի ստանար նրա գրականության մեջ: Հիշենք թեկուզ «Կայծերից» եկեղեցու երեցփոխանի նկարագիրը. «Դա մի կարճահասակ մարդ էր, որի ընդարձակ, ալեխառն մորուքը ծածկում էր ամբողջ կուրծքը, հետո, երկու կողմից տարածվելով հասնում էր ուսերին և ապա բարձրանում էր դեպի ականջները և վերջը անհետանում էր մի կեղտոտ, լրջագույն ֆեսի տակ: Նրա մորուքը հնդկահավի բացված պոչի տպավորություն էր գործում, որի միջնավայրում երևում էր մի փոքրիկ, ողորմելի երես՝ նեղ, անհանգիստ աչքերով»:
«Ջրաբերդ» հրաշագեղ զգացական-պատմական ակնարկը, որ Րաֆֆին գրել է 1881 թ.-ի օգոստոսին՝ Արցախում իր շրջագայությունների տպավորության տակ, րաֆֆիական բնապատկերի և ժողովրդի պատմության ձուլումի մի ոգեշունչ գլուխգործոց է: Թարթառ գետի հունը, մեկը մեկից վեհ պատկերները հաջորդում են միմյանց, և քո շունչն էլ է կտրվում, ինչպես կտրվել է մեծ ճանապարհորդի` իր երկրի կրքոտ սիրահարի շունչը. «Ջրաբե՜րդ, այդ անունը լսելիս իմ սիրտը բաբախում էր և՛ ուրախությունից, և՛ տրտմությունից: Ես պիտի տեսնեի այն բերդը, որ շատ անգամ պահել, պահպանել էր մեր հայրերին՝ պարսիկների, թաթարների, արաբների և կովկասյան լեռնաբնակների հարձակումներից»: Այս կուսական անտառի լռության մեջ «Ինչ-որ մի բան խշխշում է, կարծես ուղևորի ականջներին դիպչում է թփերի մեղմ սոսափյունը: Նայում ես քո շուրջը: Եվ ահա բեղմնավոր շլորենու ճյուղերից քարշ է ընկած մի էակ: Երևում է մի կարմիր շապիկ միայն, որ իջել էր մինչև մերկ սրունքները: Հետաքրքրությունը վառվում է: Նայում ես, նայում ես, այժմ նկատվում են կնոջ ծամերի երկայն հյուսեր, որ ծածանվում են ճյուղերի հետ: Այդ ի՞նչ է, որտեղի՞ց հայտնվեցավ այդ անտառային ֆեան: Ի՞նչ գործ ունի նա այդ վայրենի ամայության մեջ, ուր վագրերն անգամ սարսափում են…»:
Այստեղ անդիմադրելի գայթակղություն ունեցա համեմատություն անցկացնելու անտառի թավուտում շլոր հավաքող հայ գեղուհու և Ռոմեն Ռոլանի սալոր հավաքող աղջկա՝ Ադայի միջև: Եթե գոնե փոքր-ինչ հավանականություն լիներ, որ Ռոլանը կարդացել է Րաֆֆու այս պատկերը, կարելի կլիներ ասել, որ կրել է նրա ազդեցությունը: Սալոր հավաքող ֆրանսուհին Ժան Քրիստոֆի առաջին իսկ ակնարկով ընկնում է նրա գիրկը, որից սկիզբ է առնում մի տևական սիրավեպ: Իսկ նրանից մոտ երեսուն տարի առաջ Րաֆֆուն հանդիպած հայ լեռնուհին իր հավաքած սալորները ոչ թե կրծկալի մեջ էր լցնում, տաքացնում իր մարմնի ջերմությամբ, պատրաստում գայթակղելու, այլ «քաղում է կարմիր, հասունացած շլորները և խնամքով լցնում է զամբյուղի մեջ, որ քարշ է ընկած նրա թևքից: Նա մենակ է: Փոքր-ինչ հեռու, գլուխը առջևի թաթերի վրա դրած պառկել է նրա մտերիմ ընկերը՝ մի ահագին շուն: Փորձի՛ր մոտենալ մենավոր աղջկան, այդ գազանը կպատառոտե քեզ… Մի քանի քայլ ևս, և ուղևորը նկատում է այն անտառային կույսերի երկրորդը, երրորդը… Դրանք չեն փախչում. դրանք ճանաչեցին, որ դու նույնպես հայ ես, որպես իրանք: Նայում են քեզ վրա և խորամանկ հեգնությամբ ժպտում են: Ինչո՞ւ, ի՞նչն է շարժում այդ միամիտ շինական աղջիկների ծիծաղը: Նրանք նկատեցին քո դողդոջուն քայլերը, նրանք տեսան, թե ինչպես դու երկչոտ կերպով մագլցում ես ժայռերից և կրիայի նման առաջ ես սողում: Այդ բավական է, որ հրավիրեր երիտասարդի վրա լեռնային աղջկա ծիծաղը: Կարծես մարդ լսում է նրանց ուրախ հանաքները: «Ա՛յ փափկամորթ, սովորել ես կառքերի վրա թեք ընկնել կամ թավշապատ դիվանների վրա ծուլանալ. դե՛, փորձի՜ր մեր սարերի վրա ման գալ, այն ժամանակ կասենք, որ դու էլ տղամարդ ես»… Աղջիկնե՜ր, ի՜նչ իմանայիք, թե քանի անոթի գիշերներ էր անցկացրել այս երիտասարդն իր ասկետական կացարաններում, և թե որքան էլ դեռ տառապելու էր իր կյանքի ընթացքում, թե՝ երբևէ մեկը նրան չէր տեսել կառքերով Թիֆլիսում շրջելիս, փափուկ կյանք վայելելիս կամ գոնե դրա մասին երազելիս: Փոխարենը նա մի անդորրավետ ուրախություն էր ապրում, երբ իր ժողովրդի թշվառ վիճակը տեսնելուց հետո միաձուլվում էր բնության տարերքի հետ կամ գյուղացու հետ վայելում էր նրա իրիկնային վաստակած հանգիստը, պարզ կերակուրը: «Գեղեցի՜կ էր գյուղական երեկոն այդ ծովեզրյա սարավանդի վրա: Խավարի մեջ անգամ նա սքանչելի տեսարան էր ներկայացնում: Բոլոր խրճիթների ճրագները վառվում էին: Գյուղի զառիվեր դիրքի համեմատ՝ այդ ճրագալույցը այնպիսի տպավորություն էր գործում, կարծես թե նրանք օդի մեջ էին վառվում և, աստիճանաբար դեպի վեր բարձրանալով, միախառնվում էին աստղերի հետ: Երկնքի լուսատուները չէին որոշվում գյուղական խրճիթի լուսատուներից»: Վան Գոգի «Աստղալից գիշեր»-ն է (1889 թ.) թռչելով գալիս, հիշեցնում իր մասին:
Իսկ այս տեսարանը, որի առջև չի կարողացել կանգ չառնել Րաֆֆիով հիացած Սերգեյ Սարինյանն իր մենագրության մեջ, էլի վանգոգյան մի բացառիկ պատկեր է հիշեցնում. «Արևը մտնելու վրա էր: Նրա պայծառ ճառագայթները մի առանձին փայլ էին ստանում, շողշողալով ծառերի լայն, հյութալի տերևների վրա: Ինձ թվում էր, որ ամբողջ շրջակայքը ծփում էր, թրթռում էր մի սքանչելի ոսկեզօծության մեջ: Ոսկեզօծ էին երևում կարմիր հարսներն ու աղջիկները, որ պտտվում էին մարգերի մեջ, ոսկեզօծ էին երևում ձիերն ու կովերը, որ ներքևում արածում էին արոտների մեջ, ոսկեզօծ էին երևում այծերն ու ոչխարները, որ վերևում թռչկոտում էին մի ժայռից դեպի մյուսը, ոսկեզօծ էին երևում շինականները, որ երկար գերանդիները ուսերին դրած, վերադառնում էին խոտհունձից»: Վան Գոգը այդ ժամանակ դեռ չէր նկարել իր «Ցորենի դաշտը հնձվորով՝ արևամուտին» կտավը, որի մեջ հնձվորը ողողված է արևի ու ցորենի ոսկով (1889 թ.) կամ «Խոտերի դեզը Պրովանսում» (1888 թ.), ոսկյա երկնքի տակ աճող, շնչող, երգող «Ձիթենիները» (1889 թ.):
Բայց Վան Գոգի, Ռոլանի, տառապող մյուս մեծ հոգիների վրա գոնե ծանրացած չէր իր զգայուն սրտի ողջ մեծությամբ հայրենիքին նվիրվածի տառապանքը: Արսեն Տերտերյանը Րաֆֆու մասին ասել է հետևյալը. «…հայ վիպասանի ռոմանտիզմը ձգտում է ոչ թե անհատի, ինչպես եվրոպականը, այլ հայրենիքի ազատությանը»:
Նրա՝ լեռների, մեծ կամ փոքր գետերի, լճի անզուգական պատկերները հիմնականում շեշտադրում են այն հայրենիքի գեղեցկությունը, որի համար արժե անմնացորդ նվիրաբերել կյանքը: «Ժամանում էր ամառը: Սարերի ներքևում, տափարակների վրա, հասունանում էր նուռը, թուզը, ձիթենին: Ոսկեգույն սաթի նման փայլում էին խաղողի ողկույզները: Եվ շիկահեր կույսերի գիսակների նման ծփում, ծածանվում էին ծանրացած հասկերը: Իսկ այնտեղ՝ բարձրությունների վրա, դեռ նկարված էին ճերմակ գագաթները, և լայն, թանձրախիտ շերտերով մնում էր անշարժ սառնամանիքը ապառաժների հավիտենական խոռոչների մեջ»:
Մի՞թե սարյանական պաննո չէ կամ երաժշտություն՝ հայերենով:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.