«ԱՐՑԱԽԻ ՑԱՎԸ ԻՄ ՑԱՎՆ Է»

verjnakan
Արցախի ազգային-ազատագրական շարժման 30-ամյա տարելիցին էր նվիրված Ստեփանակերտի Մ. Մաշտոցի անվան հանրապետական գրադարանում կազմակերպված հանդիպումը գրող Ժաննա Հակոբյանի հետ: 25 գրքերի հեղինակի ստեղծագործական կյանքի անբաժանելի մասն են կազմում Արցախին նվիրված հայրենասիրական երկերը («Ղարաբաղի ճակատագիրը», «Արյան վրեժ», «Արյան հիշողություն», «Չսպիացող հոգիների ցավը», «Ապրիլյան հերոսամարտ»):
Գրադարանի տնօրեն Անահիտ Բաղրյանը իր խոսքի մեջ ընդգծեց, որ գրողի գրչի տակ այնպես են կենդանի շունչ առել պատերազմի մասին պատմող զրույցներն ու երկխոսությունները, զինվորների հերոսական արարքներն այնպիսի հոգեբանական խորությամբ են ներկայացված, որ կարծես կինոժապավենի պես տեսանելի են դառնում պատերազմների սարսափելի պատկերները: ԼՂՀ վաստակավոր դերասան Սամվել Եվրիյանը նշեց, որ Հակոբյանն իր զորեղ կամքի ու տաղանդի շնորհիվ նվաճել է ընթերցողների սերը, և որ նրա ներշնչանքի աղբյուրը ծննդավայր Արցախն է: Արցախի ԿԳ նախարարության կրթության բաժնի պետ, հոգեբան Լուսինե Ղարախանյանը, անդրադառնալով Հակոբյանի ստեղծած կերպարների հոգեբանական վերլուծությանը, նշեց, որ գրողը, ունենալով հուզական ընդարձակ աշխարհ, իր գրքերում որպես արհեստավարժ հոգեբան է ներկայացրել մեր հայ քաջորդիների ներաշխարհը, հուզումները, տագնապները, սխրանքները, ինչպես նաև սերունդների՝ հայրերի ու որդիների կապը, հայրենիքի սահմանները անառիկ պահելու նրանց ձգտումը: Նրա համար տպավորիչ էր զինվորներից մեկի՝ Վարդանի աղոթքն առ Աստված, որից մեջբերեց հետևյալ տողերը. «Ամենազոր Տե՛ր, քո հոգևոր սպառազինությամբ լցրու հոգիս սուրբ հայրենյաց քաջ պաշտպանը լինելու վճռականությամբ: Միշտ տոկուն պահիր զինակիցներիս, հրամանատարներիս ու ինձ…»: «Ստեփանակերտ» թերթի խմբագիր, գրող Սոֆյա Սարգսյանը, բարձր գնահատելով Հակոբյանի հայրենասիրական ավանդը, հպարտությամբ նշեց. «Ներկա սերունդն իր հերոսություններով իրականում ապացուցեց, որ միմիայն կյանքի գնով կարող է պահպանվել հայրենի հողը»: Բանաստեղծուհի, լրագրող Սիրվարդ Մարգարյանը, կարևորելով գրողի դերը ժամանակակից հայ գրականության մեջ, շեշտեց, որ առանց հուզականության հնարավոր չէ ընթերցել արձակագրի գրքերը, քանի որ գեղարվեստական պատկերները և հերոսների կերպարները ներկայացնելիս մեր առջև հառնում է հուզառատ բանաստեղծուհին: Այնուհետև իրենց հետաքրքիր ելույթներով հանդես եկան բանաստեղծ Գագիկ Բեգլարյանը, Անուշ Հարությունյանը, Գայանե Ծատրյանը: Շնորհակալական խոսքով ելույթ ունեցավ Ժաննա Հակոբյանը: Նա մասնավորապես նշեց. «Որտեղ էլ գտնվեմ, իմ սիրտը մշտապես բաբախում է Արցախի կարոտով, քանզի Արցախի ցավն իմ ցավն է, հայրենիքիս ուրախությունը իմ ուրախությունն է»:
Վարսիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.