Արթուր ՄԻԿՈՅԱՆ

Քրոմոֆոբիա. գույների
ազատականացումը

Հերի՛ք է, ազա՛տ թողեք գույներին: Խլթխլթացող խավարի ու լույսի միջակայքում հազիվ ճերմակին էր տալիս ձանձրույթից ծանրացած խաղը: Լույսը սահեց խաղին ընդառաջ, խավարը փոքր եղբոր խանդով կրկնօրինակեց նրան: Խաղը լույսին ու խավարին մերձեցրեց միմյանց և շարժման մեջ դրեց նրանց: Լույսի և խավարի խաղից էլ առաջացան գույները: Տաք օդում առաջացած գույները՝ ջերմացած անուշ բույրերով, հազարամյակներ շարունակ ապրում էին խաղաղ ազատության մեջ: Սակայն մի օր մի ինչ-որ անհայտ փռչոտ լույսի պատվերով սկսեցին գունավորել մեր երկրագնդի բոլոր պարագաները: Եվ անտեսանելի խավարի մեջից, գույների մեջ մարդիկ ճանաչեցին միմյանց: Անգույն ծաղիկները, խոտերը, բոլոր առարկաները, իրերը գունավորմամբ վերականգնեցին իրենց արժանապատվությունը: Մարդիկ, իրենց մաշկի գույնին սիրահարված, աստվածային որոտի գալարափողերի նման, բարձր երգում էին: Բոլորն ազատագրվում էին խավարից, և փոխարենն աստիճանաբար գերեվարվում էին երանգները: Յուրաքանչյուր գույն կորցնում էր ինֆորմացիան իր իսկ մասին և ապրում էր կատարյալ ընդարմացած ստրկության մեջ: Այդ ժամանակ կարկուտը զարկում էր հողին, և հողը ճչում էր իրենց եսը մոռացած գույների ականջին: Այդ ճիչը զսպում էր քամու հրաձգությունը և լղոզում ցերեկվա դիմաներկը: Այդ ժամանակ գույները հիշում էին երբեմնի իրենց եսի մասին: Եվ գույները հասկանում էին, որ արժե վտանգի գնալով՝ զոհել բոլոր գույներին, թեկուզ մեկ գույնի փրկության (ազատության) համար: Դրա համար անհրաժեշտ էր ամեն գույն ունեցող բան՝ անշունչ թե շնչավոր, վախենար իր իսկ գույնից, հարկավոր էր համատարած քրոմոֆոբիայով վարակել բոլորին: Որոշ ժամանակ անց, մարդիկ արթնանալով իրենց տաք անկողիններում՝ սրտխառնոց զգացին իրենց մարմնի և շրջապատող գույների նկատմամբ: Տաք շոկոլադը դադարեց համեղ թվալ նարնջագույն բաժակում: Վարդագույն ըմպելիքները կորցրին իրենց տպավորիչ քաղցրությունը: Եվ գույների ընկալումը թուլանալով՝ կորավ մարդկանց ուղեղից: Տեխնիկապես նրանք դադարեցին գոյություն ունենալ: Առարկաները, իրերը անօգնական փլվել էին խոտերի վրա: Ծաղիկները փակել էին իրենց կոկոմները՝ անշարժանալու հույսով: Խավարը խտանում էր, և համատարած վախի ազդեցության տակ գույները հետզհետե անկախանում էին: Վայրկյանները զգացումների պատառիկների սեղմ խառնապտույտի մեջ ձայնային շեշտադրմամբ հաստատում էին իրենց միլիվայրկյան դառնալը: Համատարած տխրությունը դանդաղ, կոկորդային արտաբերումով հնչում էր տիեզերքից կախված ռադիոյով: Գույները երկարաձգում էին իրենց տերերի հետ հրաժեշտի արարողությունը: Ժամանակի ընթացքում ստրուկը համակրանք էր զգում իր իսկ տիրոջ նկատմամբ: Բոլոր կենդանիները, մարդիկ, անշնչավորները հուզված դանդաղկոտությամբ բաժանվում էին իրենց երանգներից: Եվ որպես առաջնորդ՝ բառերն ուղեկցում էին անգունացածների տառապանքներին: Հսկա հերբարիումը՝ մեկտեղված քաղքենիական սովորականությանը, ինչ-որ աներևակայելի հնչողության երաժշտության էր վերածվում: Այդ պահին իրավացիության աներեր զգացում էր մտնում ամեն անգույնի մեջ: Արևը, պատճենելով շրջակա աշխարհի անգունությունը, կորցնում էր իր ճառագայթների երանգները: Եվ ամեն ինչ կարծես փակվում էր ներքին բանտերի մեջ: Այլևս ոչինչ չկար, բացի Տիեզերքի թվացյալ անվերջությունից դուրս թափառող ազատ գույներից: Երկրագնդի գունազրկմամբ ամեն ինչ կորցրեց իր նախկին գրավչությունն ու բովանդակությունը: Միատեսակ խստաշունչ տարածությունում մարդիկ ընդմիշտ կորցրին միմյանց: Առարկաները կորցրին իրենց նշանակությունը: Ծաղիկները կարկամած ատեցին հողը ծեծող կարկուտը, խոտերն ուրախացան չհնձվելու մտքից, կենդանիները, թռչունները թմրաբեր հոգնածությամբ գամվեցին խորը քնի մեջ: Մարդիկ, կորցրած իրենց ամբողջ էլեկտրատեխնիկան, երազում էին իրենց սմարթֆոնների գունավոր լուսաբացների մասին: Ժամանակը դադարել էր կարգավորել բնության, մարդկանց շարժը և վարակված համատարած քաոսով՝ մարդկանց պատառոտված լուսանկարների միջից նայում էր անշարժ տարածության մեջ ազատականացած գույներին: Վերջիններս, երկրային մտքերով իմաստավորված, անհոգ ճախրում էին: Մտքերից առանձնացող տարբերաձև տառերը մտնում էին նրանց մեջ, սակայն չէին ներծծվում, և նրանց մեջ տպվում էր մի ինֆորմացիա. «Դուք ազատություն ստացաք աշխարհի գունազրկման հաշվին, ուստի` ձեր երազներում երբ կենդանիները կպռճոկեն խոտերը և թռչունները, գարնանային անձրևներից հոգնած, խորը երկնքում պատուհաններ կսարքեն, դուք նորից ետ կվերադառնաք երկիր՝ մարդկանց հոգիների շշուկներից գայթակղված: Սկզբում ջրերը ձեզ կառնեն իրենց մեջ և հանդարտեցնելով՝ կսովորեցնեն յուրաքանչյուր չնչին տարածության մեջ գտնել անսահմանություն»:
Գույները լսում էին այդ ամենը, և զարմանալիորեն գայթակղիչ էր թվում բառերին հաջորդող պահի լռությունը:

Զգացմունքային մանիպուլյացիա

Ուշադիր ի՛նձ նայիր, աչքերդ մի՛ փակիր: Ականջներդ մի՛ փակիր, լսի՛ր ինձ: Քո սիրտը շարունակ թրթռում է ակաջիդ լսվող իմ ձայնից: Քեզ հետ եմ, քո մեջ: Քեզ հանդիպող մեծատառով սկսվող ամեն մի բառի մեջ: Ամեն անգամ այդ բառը կարդալիս դու ակամայից շուրթերով դիպչում ես դեմքիս: Դու տնքում ես ամեն մի բառի մեջ աճող բավականությունից: Ես մեծացել եմ ու ներսումդ ավելի եմ արմատավորվել քո՝ մեծատառով ընթերցված ամեն մի բառի հետ: Ահա քրտնաշաղախ մարմինների միջից ես քայլում եմ դեպի քո գլուխը ու մաքրամաքուր շղարշ եմ փռում քո հենց նոր փայլեցրած ուղեղի վրա: Այդ ժամանակ քո մտքերը հստակ են դառնում երազներից քամված անվտանգ գույների նման: Այդժամ քո գլուխը լի է իմ հիշողության պատկերների անուշահոտ հյուլեներով: Ես բռնում եմ քո ձեռքը, որպեսզի դու մագլցես իմ հիշողության էջերը՝ դուրեկան լռության ոլոր-մոլոր ճանապարհին հայտնվելու համար: Երկար մազերս փաթաթել եմ հորիզոնից անդին՝ զով զեփյուռի անբիծ քողին և օգնում եմ՝ օրորելու պատուհանիդ դիմացի երեկոյան լամպերից կախված քնաբեր հեքիաթները: Դու հիմա ապշահարվում ես, բայց ծառերն իրենց փոշին են նստեցնում գիտակցությանդ, որ անսահման հրաշքը թեթև տանես ու բերանդ բաց ու խուփ անելով՝ երջանկությունից չզառանցես: Հորիզոնից անդին, իմ սիրտը հեքիաթի թևով թևավորված՝ ճախրում է քո ականջներում, ու հայացքդ պտույտ է գալիս սրտիս զարկերին համընթաց, ինչպես մայրն է շարունակ հետևում իր նոր քայլող երեխային: Երկրագունդը, քո պտտվող հայացքից տպավորված, մի պահ կանգ է առնում ու լսում սրտիս զարկերը, բարձրաձայն կրկնելով վերադառնում իր ուղեծիր: Այդ հառաչը փակվում է քո հայացքի մեջ, ու դու մայրական սիրառատությամբ նայում ես ինձ: Ուշադիր ի՛նձ նայիր, աչքերդ մի՛ փակիր: Ականջներդ մի՛ փակիր, լսի՛ր ինձ: Քո սիրտը շարունակ թրթռում է ականջումդ լսվող իմ ձայնից: Քեզ հետ եմ, քո մեջ: Դռան բռնակը բաց թող ու նայիր վառարանում ճտճտացող փայտին. այդ ես եմ մրմնջում քո անունը: Քո անվան մրմունջն արտասովոր կերպով եմ ձայնավորում. փորձիր կարդալ քո անվան առաջին տառի մեջ փորագրված սեպագրերը: Գլուխդ ավելի մոտեցրու վառարանին: Տեսնո՞ւմ ես սեպագրերում ծնկաչոք աղոթողներին: Նրանք խորհրդավոր մարդու պատկերն են պաշտում. դա ես եմ: Նկատեցի՞ր ինձ: Դե գլուխդ ետ տար, թե չէ կվառվես: Լսի՛ր հեռվից եկող լացի ձայնը: Այդ ես եմ ողբում սավառնող մտքերի հերթական տաճարի փլուզումը: Ես տաճարն էի, իսկ դու ծունկդ իմ հատակին զարկողը: Ես ճմռթում եմ դողդոջուն ձայնապատկերներս և գնդիկ սարքած շպրտում երազող քո կոպերի տակ: Դա միակ ձևն է քո երազներից տեղափոխվելու և ապրելու քո հայացքի ներքո: Մեր հայացքները միախառնվում են իրար, և քո ծանրացած կոպերից անդին անցյալը աչքերը փակ, գլուխը երաժշտության տակ տմբտմբացնելով՝ անհամաչափ պտտվում է իր առանցքի շուրջը: Այդ ժամանակ հին սերերը դանդաղ թափվում են մի դառն զգացողության մեջ, և ներկայի ուրվագծերը ծանրանում են ու նոր կյանքի հետ ծամածռություններ անելով՝ թաքնվում անհամար մրջյունների եռման ճոճքի մեջ:
Ձեռքիս ափով հարվածում եմ պատմվածքիս ու անցյալը ջնջում մեր միջից, քանզի լիակատար պատմվածք գրելու համար անցյալի սև էակներին պիտի թողնես դզզացող երաժշտասերների տմբտմբացող գլուխների շարասյան ճոճքի մեջ: Չգիտեմ, ինչպես այս մի քանի նախադասությունները կարողացան հեռացնել ինձ քո կոպերից, բայց ես նորից շարունակում եմ իմ որոնումը խունացած, ցիրուցան եղած տառերի միջով: Խլվլացող շուրթերիս արևահամ ջերմությամբ կապում եմ տառերը միմյանց և տառից տառ թռչելով՝ հասնում եմ աչքերիդ ու նստում կոպերիդ. հիմա, որ ընթերցում ես այս պատմվածքը: Գուցե հիմա երկրի ձգողականությունը շարունակում է լռության թմբիրում իմ արևաբույր բառերը փնտրել, սակայն ես լվանում եմ հագուստս ու ճչում քո կոպերի մեջ ու ձգողականությանը խրտնեցնում լվացքաջրի քիմիաբույրով: Ես, կոպերիդ դիմաց նստած, պատմում եմ գունագեղ բառերով պատմվածքներ երևակայությանս անկյունների առաջին հիշողության մասին: Դու սրում ես լսողությունդ ու լսում, թե ինչպես է նոսրացող դատարկության մեջ քամին խուտուտ տալիս տանդ բույսերին ու թաքնվում օդի՝ բերանիս ջրով եփված թաքստոցներում: Նախադասություններս տենչում են գոնե մի ակնթարթ մենակ մնալ իրենց անընդհատ նայող քո հայացքից, բայց չես թեքվում՝ չցանկանալով գլխիդ ստվերով մարդկանց դեմքերը զրկել արևի ջերմությունից: Ես քո ներսում եմ, նայի՛ր: Այստեղ սպասասրահ եմ գտել ու ստեղծում եմ բնակչության վերահսկողությունից դուրս մի խճանկար, որը դատապարտված է իր հավերժ լինելիության մեջ քեզ մշտապես օրգազմի հազարավոր կաթիլների զգացումը ներարկել: Եվ երբ քո օրգազմը հասնում է ծայրակետին, հաճույքի սարսուռը շարժում է խճանկարի քարերը, որոնք, իրար բախվելով, ամեն անգամ արձանագրում են քո հերթական խայտացող զգացման ավարտը: Իմ սպասասրահի տարածությունը գնալով փոքրանում է ու ինձ աստիճանաբար դուրս մղում այնտեղից: Ես միանում եմ քո վերևում շարժվող անսպասելի մշուշի հետ ու ժայթքում աչքերիդ մեջ: Ու դու լացում ես ու զարմանում քո լացից: Ես հավասարապես նստում եմ քո երկու աչքերի կոպերին ու թարթիչներդ թափահարելով իմ վաղուց պրկված շնչափողով՝ տանում մեզ ճանապարհորդության իմ գլխապտույտ հույզերի աշխարհը: Դու տեսնում ես զեփյուռի զովությունից կրճատվող ինքնագլուխ աշխարհների մտորումներով լի արտառոց ժամանակի հոսքը, որ, նկատելով մեզ, մտնում է կոպերիդ անհաղթահարելի տարածությունների սրճագույն ոտնահետքերը և վախեցած կուչ գալիս թանձր մառախուղում գալարվող տերևների շրշյունից: Շփոթված ժամանակը քիչ մնաց կանգ առնի այդ վախից՝ վտարված հրեշտակների արծաթափայլ բյուրեղացած շնչահևքերում: Ահա, տես՝ մենք անցնում ենք երկինք համբարձված խորտակված նավերի անհասանելի անձավներով, որոնք, ջրասեր սովորությունով պարփակված, դելֆիններ են փնտրում ամպերում, որ բռնեն նրանց պոչից ու լողալով՝ իրենց կմախքացած մարմինները հասցնեն օվկիանոսների կենտրոնում դարերով սպասող իրենց նավապետերի ուրվականներին: Ես ոտքերս տնկում եմ ու դելֆինի պոչի նման թափահարում: Խորամանկությունս արդարացնում է նպատակս, և նավերն իմ պոչից բռնած՝ գալիս են իմ ետևից: Այժմ քո աչքերը մշտապես խոնավ են, քանի որ օվկիանոսները գտել են իրենց նավերին ու ամեն առավոտ լուսաբացները դիմավորում են կոպերիդ մեջ: Ջրի խորքում սահում է կերպարանավորված երկու լաբիրինթոս. դրանք իմ զույգ մոխրագույն աչքերն են, որ անդադար նայում են քեզ. դեռ ինձ չճանաչեցի՞ր: Ես հավերժ կմնամ քո աչքերում, որովհետև քո կոպերում բնավորված «Օվկիանիոսը» մեծատառով է գրվում: Նավապետերի ուրվականները, գլուխները վստահ շարժելով, հաստատում են ասածս.
«Այո՛, աչքերդ բա՛ց պահիր, ականջներդ մի՛ փակիր, նա հիմա իսկապես քո մեջ է»:
Շվեյցարիա, Բեռշվիլ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։