ԱՍԱ ԸՆԿԵՐԴ ՈՎ Է, ԱՍԵՄ ՈՎ ԵՍ ԴՈՒ / Սամվել ԿՈՍՅԱՆ

Ադրբեջանը և Ուկրաինան պայմանավորվել են իրենց երկիր չթողնել Լեռնային Ղարաբաղում և Դոնբասում արտադրված ապրանքները: Երկու պետությունների ղեկավարները հանձնարարել են իրենց երկրների մաքսային կառույցների ղեկավարներին հանդիպել և քննարկել այդ տարածքներից ստացվող ապրանքների ներկրման հարցը: Կիևի և Բաքվի նման «եղբայրական համերաշխությունը» ձևավորվել է դեռևս 90-ականների սկզբին, երբ Ուկրաինան աջուձախ էր ցրում Խորհրդային Միությունից ժառանգած զինանոցը: Ու թեև Ադրբեջանին նույնպես ահռելի զինամթերք էր բաժին հասել, սակայն դրա զգալի մասն Ադրբեջանը կորցրեց Ղարաբաղյան հակամարտության ժամանակ, և Կիևն էր, որ դարձավ Ադրբեջանի բանակի զինման գլխավոր մատակարարը, մատակարարելով ոչ միայն զինամթերք, այլև բարձրակարգ զինվորականներ: Հետագայում էլ Ուկրաինան շարունակել է զենքի վաճառքը Բաքվին: Եվ այժմ՝ Դոնբասի դեպքերով պայմանավորված, Ուկրաինան ստիպված է ինքը ռազմատեխնիկական հատուկ «երախտագիտություն» ակնկալել Ադրբեջանից, ի հատուցումն այն բանի, որ Պորոշենկոն Բաքվում անձամբ է Իլհամ Ալիևին հավաստիացրել, որ Ուկրաինան չի ճանաչել և չի ճանաչելու Լեռնային Ղարաբաղի անկախությունը, և ողջունում է Ղրիմի հարցով Բաքվի նույնանշանակ կողմնորոշումը: Բաքվում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Միշչենկոյի բնորոշմամբ, երբ Ուկրաինան, որի բանակը մի ժամանակ Եվրոպայի տասը ուժեղագույնների շարքում էր, անհեռատեսորեն վաճառում էր իր զենքն ու մարտական տեխնիկան, Ադրբեջանը հետևողականորեն ամրացնում էր իր ռազմական հզորությունը՝ զարկ տալով ռազմաարդյունաբերական կոմպլեքսի շինարարությանը: Թե որքանով է այս գնահատականը համապատասխանում իրականությանը, երբ աշխարհում Ադրբեջանն ինքը զենքի գլխավոր գնորդներից է, փորձագետների խնդիրն է, թեև Միշչենկոն Բաքվի զինամթերքի տեղական արտադրության մոտ 900 անվանում է հիշատակում: Կիևը, անշուշտ, ծանոթ է հիշյալ տեսականուն և դեմ չէ դրանց ձեռքբերմանը: Պորոշենկոյի հույսը ադրբեջանական անհատույց զենքն է, քանի որ երկիրն այս պահին անվճարունակ է, հաշվի առնելով, որ ԱՄՆ-ի նախագահը կարող է հրաժարվել ռազմական հովանավորությունից, և Եվրոպան, որ սովորաբար առաջնորդվում է Ամերիկայից ստացվող ազդակներով, հնարավոր է՝ նույնպես չեզոք դիրք գրավի: Մինչդեռ հարավարևելյան պատերազմի վերջը մոտ ապագայում էլ կարծես չի նշմարվում: Պորոշենկոն բառացիորեն պատճենում է Ալիևի բռնակալ, ինֆանտիլ ավտորիտարիզմի հասնող դրսևորումները, որի պարագայում ոտնահարվում են բոլոր տեսակի իրավական և բարոյական նորմերը, փոշիացվում է սեփական ժողովրդի հետ երկխոսության հնարավորությունը: Ինչպես Ալիևն է արհամարհում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման միջազգային հանրության ջանքերն ու պայմանավորվածությունները, այնպես էլ Պորոշենկոն զրոյի է հասցրել Մինսկի համաձայնագրի պարտավորությունների կատարումը, որի հիմնական կետը Դոնբասում և Լուգանսկում հրադադարի պահպանումն է: Ինչպես Արցախում, այստեղ էլ համաձայնագրի ընդունման առաջին իսկ օրերից կրակոցներն ու ռազմական գործողությունները չեն դադարել: Հայտնի է կամ ենթադրելի, որ բոլոր դիկտատորները երկվորյակներ են, և որ մեր ժամանակներում նրանց շնորհիվ են ֆեոդալական բարքերը թուլացնում ժողովրդավարության և ամեն տեսակի իրավունքների հիմքերը, որի գերնպատակը սեփական իշխանության ապահովումն է, դրա համար որպես գերակա միջոց ընտրելով արտաքին թշնամու տեսլականը՝ ամենահարմար զսպաշապիկը, որով հնարավոր է մեղմել վտանգավոր ցնցումները: Վերջերս Բելառուսի նախագահը հայտարարեց, որ պայքարում են անկախության համար, և թիրախը Ռուսաստանն է: Ըստ ԶԼՄ-ների՝ Լուկաշենկոյի հայտարարության նախասկիզբը նույնպես պայմանավորված է իշխանության կորստի վախով: Որոշ դիտորդներ ենթադրում են, որ Լուկաշենկոն «անհարմար» է զգում վեցերորդ անգամ նույն սցենարով նախագահ ընտրվել և իշխանությունը պահպանելու նոր ձևեր է փնտրում՝ ապավինելով ալիևյան փորձին՝ արտաքին թշնամու հաղթահարման մարտավարությանը: Եվ որպես թշնամու կերպար է ներկայացվում դաշնակից Ռուսաստանը: Լուկաշենկոյի կողմից Լապշինի արտահանձնումը հենց այդ գործողությունների շղթայում է, որով Լուկաշենկոն սադրում է ոչ միայն Ռուսաստանին, այլև Հայաստանին և ողջ միջազգային հանրությանը: Բելառուս լրագրողը Լապշինի արտահանձնման առիթով գրել է. «Իհարկե, Բելառուսը փչացրեց հարաբերությունները Հայաստանի հետ… Բայց շատ ավելի բարելավեց հարաբերությունները Ադրբեջանի հետ»: Նույնն է Պորոշենկոյի և Նարզարբաևի պարագայում, ինչը լուրջ մարտահրավեր է Հայաստանի անվտանգությանը, ահազանգ, որ առանց նախահարձակ գործողությունների դժվար է խաղաղ ապրելու իրավունքը պաշտպանել:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.