Անուշ ՎԱՐԴԱՆՅԱՆ

ՀՐԵՇՏԱԿԸ ՍՐՏՈՒՄ
Անտիկ իրերի առևտրական Իոսիֆն
Ամուսնացավ հարուստ վաճառականի
դուստր Սիրան Բեժանովայի հետ,
Եվ հայ մշակույթը աշխարհին
Տվեց քեզ` օ՜, Փարաջանո՛վ
Սարգիս, եղբա՛յր իմ հեգ…
Թիֆլիսյան, մանթաշովյան շարքերի
խորշերից հորդում էին գույներ,
բույրեր և հնչյուններ ապշեցնող…
Լավագույն քո նկար-կադրերը
վերարտադրում են հուշերը մանկության…
Թիֆլիսի ազգային լոսկուտներից
կազմված կարպետը քոնն էր ընդմիշտ:
Դու ոսկերիչ, վաճառող, նկարիչ
արտիստների մարտն էիր տանում:
Քո կյանքը դարձրիր բեմ փորձարարական,
ուր ռեժիսորն ու արտիստը դու էիր,
քո հորինած աշխարհը հիասքանչ է,
Օ՜, Փարաջանո՛վ` մարդ
հրեշտակը սրտում…
– Քեզ դիպել էր հրեշտակը սիրո՝
իր նրբին թևով, երբ դեռ մանուկ էիր ժիր,
և դա ընդմիշտ է.
Բոլոր-բոլոր ժամանակների համար
Փոքրիկ ծրարով մազերդ ուղարկեցիր
ընկերոջդ.
– Եթե չհասնեմ
Հայաստան, մազերս
թաղիր հողում մեր…
Թիթեռի թևը, նուրբ ծաղկաթերթը
զարդարում էին կոլաժները, որ
հասնում էին կնոջդ` դատապարտյալի հեռավոր
էտապներից:

ՊԱՏԿԵՐ
Սերը.
Ինչ հեշտ է սիրելը,
Սերը ինչպես խաղ.
Խաղ` համակարգչային:
Սկսում և ավարտվում ես,
Երբ քեֆդ տա:
Բայց ինչո՞ւ է սիրտն իմ նվվում
Սեր խաղից:
Օ՜, սիրտ խաղալիքը
կոտրվել է…

ՆՎԻՐՈՒՄ
Այս գիրք-տետրը ինձ
հասել է հեռավոր ափերից
Կալիֆոռնիա,
նվիրեցիր դու, քո՛ւյր իմ հեգ,
Եվ պատգամ որպես հնչեց
խոսքդ.
– Կգրես բանաստեղծություններ,
Երբ ձեռքս վերցրի
տետրը, առաջին բանաստեղծությունը
քո և քո դստեր մասին է…
Մի ահասարսուռ պահի
որպես աղավնի ճերմակ
Իրինա-աղջիկը թռավ`
անկատար թողած իղձերը,
բանաստեղծությունները, երգերը,
Իմ հե՛գ քույր, երբ բացեցի
տետրը և գրիչ վերցրի.
գրվեց այս բանաստեղծությունը
քո դստեր` Իռայի համար…

ՊԱՏԿԵՐ
Երբ բացվեցին աչքերս,
զգացի, որ շուրթերս
ձգում է ժպիտը,
Ժպիտը չեշիրյան կատվի…
Այն բազմախոստում է,
այն խորհրդավոր… է,
Այս վիրահատությունը 3-րդն է:
Ես պառկած եմ ճերմակ
սեղանին, շնչառությունս
հանդարտ է, շուրջը բժիշկ–
բուժքույրերը խոսք ու զրույցով
կարկատում են ինձ:
Ամենը դիտում եմ
ուշադիր-վերևից:
Ասես միջնադարյան բժիշկների
լինոտիպային նկար գորշ
մարմինն իմ տարածված է
ԱՆ-ԿԵՆ-ԴԱՆ…
Դեմքս գունատ է,
մազերս թափված են
խառնիխուռն…
Երբ դուրս եկա
անզգայացում-ծանր
քնից, ժպիտով ողջունեցի.
որդիներիս, կողակցիս, քույրերիս…

ՓԱՌԱԲԱՆՈՒՄ
Առավո՛տ բարի, ժամն է
Ջրտուքի, ծարավ են
վարդենիները բազմագույն,
Սերկևիլն ու սալորը դեղին…
Մոռացել եմ թուղթն ու գրիչը,
միայն բնության խորհուրդն է
ինձ հուզում.
Ահա թիթեռներն են ճախրում
Տուղտածաղկի վրա,
մյուսը` շունիկն ու փիսիկն են
շուրջս վազվզում,
Նշի տերևները դեղնել են,
Դեռ ժամանակը չէ, ուրեմն
անհրաժեշտ է քիչ ավել
ջրել նուշ-անուշիկ
ծառն իմ նախընտրելի…
Այս կողմից ծիրանենիներն են
ճչում, բա մե՞նք…
Այս Ամառը սկսվեց
Fructus armenicus-ի
հաղթարշավով,
բերքը շատ էր, լավորակ.
Ահա թուզը համեստ
սպասում է իր հերթին.
Օ՜, բնության Աստվա՛ծ
Պան, քո սրինգը հնչում է
հաղթական…

ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Ինչ ամոթ եմ ապրում
Սևանի ճանապարհը
հատելիս…
Դարավոր բլուրները
վիրավոր են, վիրավոր
մահացու…
հանք օլիգարխների
բրիչները լազերային
աղում-մաղում են
բլուրները:
Բլուրները քայլում էին
դանդաղ աշխարհով հայոց
ասես փղեր.
հանդիսավոր ու լուռ.
Այսօր ո՞վ պիտ փրկի
նրանց…
Բաց հանքերը պեռլիտի,
ավազի և այլն,
ոտքի տակ թափված են
Ճխա՛, սիրտ ժլատ,
Ուրախացի՛ր, արդյունաբերող-սպառող
Ողջ հասարակությունը
հայ սպառող է,
Աչքերս մշուշում են
արցունքները…
Պատկերը բլուրների
դառնում են աղոտ, և
ասես չկան
մրջյունների պես
վխտացող բեռնատարները
չարագույժ,
կարծես երազ է
մեր կյանքը:
Կյանքը սպառողի…
ՖԻԿՈՒՍ
Տարաշխարհիկ, չքնաղ
բույսը ծաղկամանում կավե:
Նրան խնամում եմ
շատ ուշադիր,
Ահա սպունգով մաքրում եմ
տերևները լայն, տերևները
կապտականաչ…
Բունը թույլ է, սաղարթը՝
լայն, տերևները՝ փարթամ,
այգուց մի շիվ պոկեցի և
հարմարեցրի որպես հենակ:
Մեկ ամիս անց
բույսը տարաշխարհիկ
մնացել էր նույնը, շիվ-հենակը
բողբոջել և ապրում էր
համառությամբ սերմի,
Սերմի`
Վայրի-ազատ և հարազատ
բնաշխարհին… հայոց…

ԷԼԵԳԻԱ
Ես արջ եմ, արջ ճերմակ,
Ես արջ եմ, արջ բևեռային…
Ինչքա՞ն է մնացել մոլորակին
Երկիր.
1 միլիոն տարի՞, թե՞ 100 000-ը,
Միայն թե արջը` ճերմակ, մեծ,
թմփլիկ…
Նա գլորվում է սառույցին,
հանց սրբիչ, սառույցը ներծծում է ջուրը,
Գնալով տաքանում է բևեռը
Հյուսիսային,
Ամուր սառույցները հաստաբեստ
Ասես լազերային դանակներով
կտրտվում են, և
տարօրինակ սառցալեռ
կղզիներ են լողում օվկիանոսում,
նրանց շուրջ ջուրը փայլում է
լազուր և արծաթ.
Ջուրն այդ նախաստեղծ է,
մաքուր՝ որպես Արարչի
արցունքը…
Արցունքները հոսում են
աչքերիցս
Ես արջ եմ, վերջին
արջը բևեռային…

ԺԱՄԱՆԱԿԻ ՄԵՔԵՆԱ
Ես անցնում եմ ժամանակի միջով
հանց պողպատե լարը կարագի խորանարդի,
Ինձնից է կախված հիշելը.
Ահա Տաթևի համալիրի կամարի մեջ
կանգնած` ողջ ուժով ճչում եմ…
Ձայնը գնում, ծավալվում է մինչև սահմանը
անսահմանի…
Հանկարծ ինձ տեսա 6-ամյա որդուս
հայացքով.
Հնչում էր Իգլեսիասի «Նոստալգին»,
Ես ու դու պարում էինք, պարում
ինքնամոռաց…
Բացվեց օդապարիկը, և
հայտնվեցի ամպերի մեջ:
Ջրի միջով լողում էր նավակը` շարժիչով
քաշելով պարանները…
Բարձրում` ամպի մեջ, ջրի կաթիլները
վերածվեցին ծակծկող, մանր բյուրեղների.
հորիզոնը հեռացավ,
Սև ծովի ծիծղուն ջրերը
զվարթ ծփում էին…
Վերհիշում եմ առաջին համբույրը…
Քաղաքային այգու մութ անկյուններից
մեկում, նստարանին անշարժացել էինք`
կենդանացնելով Ռոդենի
«Համբույրը» քանդակը…
Մուգ կապույտ երկնքից կախված էր
լուսնի եղջյուրը, նրա զվարթ
լույսը թռչում էր ծառերի կատարների
վրայով…
Նստած եմ ֆիլհարմոնիկի սրահում,
սիրտս ճմլվում է. Պենդերեայի
«ծառերը»… մե՛կ ընդհատվում, մե՛կ զրնգում է,
Երաժշտությունը և հուզմունքը
խեղդում է:
Հիշողության պատառիկները՝
ասես գույնզգույն ապակիներ,
հավաքված խճանկարը
կամայական է, գունագեղ…
ես վերածվել եմ մանկան,
որ վերցնում է կապույտ
ապակե գնդիկը` դնելու կարմիրի կողքին…

Մեկ մեկնաբանություն

  1. Pingback: Հունվար — 2018 (Հաշվետվության ևս մի տեսակ) | Մայրամուտից առաջ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.