«Անհայտ» բանաստեղծուհու հայտնությունը. Էլիչկա ՓՈՍՏՈՅԱՆ

Առայժմ հեռակա մեր ծանոթության միջնորդները իր երկվորյակ թոռնիկներն են` Երևանի Մովսես Խորենացու անվան համալսարանի իմ ուսանողուհիներ Անուշն ու Քնքուշը: Նրանք ինձ նվիրեցին «Հիշողության հուլունքաշար» գրավիչ խորագրով գիրքը. «Մեր տատիկն է գրել,- ասացին հպարտությամբ,- նա հինգ գրքերի հեղինակ է»:
Խոստովանեմ` «նվերն» ընդունեցի թերահավատությամբ: Մեր օրերում քիչ չեն գրամոլությամբ տառապող մարդիկ, ովքեր շքեղակազմ ինքնահրատ իրենց «գրքերը» պարտադրում են «միամիտ» ընթերցողին` բարձրահունչ ձոներգերով: Բայց այդ կանխակալ զգացողությունն անմիջապես փարատվեց, երբ «ներս մտա» մի ծանոթ-անծանոթ աշխարհ, որ հեղինակի ոգեղեն խոհափիլիսոփայական տարերքով, ապրած-դիտարկած կյանքի` «հիշողության հուլունքներով», ակնթարթի, պահի նրբին ընկալումով ու ինքնատիպ երևակումով պարզապես ինձ զարմանք պատճառեց: Իսկ երբ ծանոթացա նրա մեկ ուրիշ` «Կյանքը բանաձևերում» գրքի աշխարհին, վերջնականապես համոզվեցի, որ գործ ունենք մի «անհայտ», բայց բանաստեղծական աստվածատուր շնորհով օժտված ստեղծագործողի հետ, ով, ցավոք, առայսօր ընթերցողական լայն շրջանակների և առավելապես գրական միջավայրի կողմից չի նկատվել ու չի գնահատվել ըստ արժանվույն: Եվ այդ գրքերն էլ փոքր տպաքանակով լույս աշխարհ է բերել մեծ ջանքերի գնով:
Էլիչկա Փոստոյանը ապրում է Վարդենիսում: Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը և երկար տարիներ մայրենի է դասավանդել դպրոցում: Իմ պարտքը համարեցի «Գրական թերթի» ընթերցողներին նույնպես հաղորդակից դարձնել նրա բանաստեղծական աշխարհին` ներկայացնելով սոսկ մի քանի թրթիռ «Հիշողության հուլունքաշարից»:

Լյուդվիգ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Էլիչկա ՓՈՍՏՈՅԱՆ

* * *
Մի երկնային մեղեդի
անձրևն իր թաց լարերի միջով
հանձնում է հողին:
Հետո արևի մանկաբարձությամբ
աշխարհ է բերում
ծաղկունքի տեսքով:

* * *
Երնեկ թե քամին
մի օր ինձ դարձներ
իր մտերմուհին:
Որքան գաղտնիքներ
ես կիմանայի:

* * *
Ծառն իր արմատով
երկրից վերցնում է
այն և այնքան,
ինչն անհրաժեշտ է
երկինք բարձրանալու համար:
Կանգնած է մարդը
ծառի իմաստուն
լռության մեջ
ամոթահար:

* * *
Ես խոտերի հետ սեղան նստեցի
և ամաչեցի իմ կոշտ ուտեստից`
նրանց վրայի ցողը տեսնելով:

* * *
Անտառում մի բացատ կար,
որ ինձ չէր ծաղրում,
ես այնտեղ հավաքում էի
մեռնող տերևներին,
զրուցում նրանց հետ,
և ապա տակնուվրա
քնում էինք միասին,
այսպես ես նրանցից
ապրել սովորեցի:

* * *
«Երկխոսություն թղթի հետ» շարքից
Ես ու թուղթը
ազնիվ փոխանակման մեջ ենք,
ես նրան հանձնում եմ
դեղատոմսեր,
որ բարեգործի առաքելությամբ
բաժանի հիվանդներին,
իսկ նա ինձ փոխանցում է
իր ճերմակ հանգստությունը:

Գրքեր
Պահարանը միշտ լուռ է,
աշխարհի իմաստությունը`
գրքերի բաժանված,
խցկվել է նրա դարակներում
ու մոռացվել…
Այդպես լռում են հանճարները,
որոնց վարքը շատ է նման
պահարանին:

Իրական հրաշք
Ասում են` իբր հրաշքներ չկան,
այդ դեպքում ասա` որտեղի՞ց եկավ
ամպն այս վեհատես
և պահպանարար նահապետի պես
կանգնեց հուշարձան-զինվորի
մեջքին:
Ու ինչո՞ւ, ինչո՞ւ հենց մայրամուտին,
մարող արևի ծիրանին հագին,
հայտնվեց հանկարծ
ամպածին նախնին
հուշաքարի մոտ
մայրամուտ չապրած իր զավակների:

* * *
Լուսինը մի՞թե
մեր գիշերների
երազը չէ խենթ,
մեր հոգիների
խավարացիրը,
որին սիրում ենք
անմտության չափ
պարզ ու խոր սիրով
և երազում ենք
նոր մի հրաշքով
նրան տեր դառնալ
հենց Երկրի վրա,
քանզի նա էլ է
իր խորունկ հեռվից
հալումաշ լինում
Երկրի կարոտից:

* * *
Գիշերով
իմ պարպվելու հաշվին
լիցքավորում եմ բառեր,
որպեսզի օրաբացին
արշալույսվեն:

* * *
Արևը
երկնքի աչքն է,
որ ամբողջ ցերեկ
պայծառություն է
բաժանում Երկրին
և մայրամուտին
հավաքում է լույսն իր
ու մոխրանում
փշրված հավատի
իր հնոցում:
Գիշերը պահպանում է
կենսաբեր մոխիրներ,
որոնցից կրկին
փյունիկվում է
հիշողությունը կորցրած
Արևը:

Հավատարմություն
Ես տառապանքն եմ
գամում ամեն օր
թղթին այս մաքուր:
Լոկ մաքրությունը
կարող է լինել
այսքան զգայուն
և ցավը կրել
այսչափ անտրտունջ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.