ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ՀՈՎՀԱՆՆԵՍԸ / Նելլի ՍԱՀԱԿՅԱՆ

ԹումանյանԴսեղում Հովհաննես Թումանյանին դիմում էին՝ Հովհաննես Աղա: Լոռիում նույն կերպ ասում էին նրա պապին` բարձրահասակ, գեղեցկատես, մի շարք պատերազմների մասնակցին, նրան սիրում ու նրա խորհուրդներին ականջալուր էր ողջ Լոռին: Ինչպես գրում է բանաստեղծի դուստրը` «…ասում են` և՛ արտաքինով, և՛ բնավորությամբ Թումանյանը նման էր պապին»: Առավել մեծ հռչակ է վայելել մեծ պապը` Հովակիմ Յուզբաշին, Լոռու ամենախիզախ իգիթներից մեկը: Խ. Աբովյանը «Վերք Հայաստանի» վեպում նրա մասին էր գրում. «Միայն դսեղցի Հովակիմ Թումանյանի անունն արդեն ստիպում էր դղրդալ լեռները»:
Պապը հյուրասեր մարդ էր, սեղանի շուրջ ծավալվող խոսք ու զրույցի սիրահար: Այնքան էր սիրում տանը հյուր ընդունել, որ կարգադրել էր տան պատերի երկայնքով 12 տաշած սալաքար տեղադրել, որոնց վրա նստում էին գյուղացիները, ու նրանց հոգեպարար զրույցը ձգվում էր ժամերով:
Այդ ամենը կրկնվեց ու նույնիսկ ավելի մեծ թափ ստացավ մյուս «աղայի»` մեկի թոռան ու մյուսի ծոռի մոտ, ով համայն հայության համար «աղա» էր բոլոր իմաստներով:
Թումանյանների գերդաստանը ճանապարհներ էր գցում Լոռվա անանցանելի կիրճերում, կառուցում կամուրջներ, մատուռներ, որոնց փլատակներն այսօր էլ դեռ կան: Գերդաստան, որը սկիզբ է առել Տարոնում: Ինչպես նշում էր բանաստեղծը` նրա նախնիները դեռևս 10-րդ դարում թողել են Տարոնն ու բնավորվել Դսեղում:
Հովհաննես աղա… Հայ նորագույն գրականության աղա:
Լոռի: Վայրեր կան, որոնք բարձր են աղոթքի հանգույն: Այդ երկրամասի բարձրուղեշ ուրվագծին Արարչի ձեռքն առավել նկատելի է: Այդ բարձունքից նայելով ամպերի անկրկնելի գեղեցկությանը` հասկանում ես, որ Աստված բանաստեղծ է:
Լեռնաշխարհի ոգեշունչ մարմինը… Եվ արդեն չգիտես` մե՞նք ենք նայում այդ գեղեցկությանը, թե՞ գեղեցկությունը` մեզ:
Թումանյանը սոսկ բարետես չէր, նա գեղեցի՛կ մարդ էր: Ես կասի՝ շեշտված ազգային արտաքինով: Բնությունը նրանում կիզակետել էր ազգային հատկանիշների ամբողջական փունջը և այդ ամենը հարստացրել էր հանճարով: Չէ՞ որ բնությունը կարող է (երբ ուզում է) անասելի շռայլ լինել: Անասելի, բայց ոչ` չպատճառաբանված:
Ո՞րն է այս դեպքում պատճառաբանությունը: Երևի թե գեները ինչ-որ բան էին կուտակել: Տարոնի նախապապերի գեները: Ահա պատահականության խաղը, որը երբեք պատահական չի լինում: Կեցցե՛ս, տարոնցի գերդաստան, որը հետագայում դարձավ լոռեցի: Եվ ի՜նչ ծիլեր տվեց…
Թումանյանը ժամանակից վաղ ճերմակող հայի տեսակից էր: Թեև, ո՞ր մի հայը շուտ չի ճերմակում… Ընդամենը 54 տարի: Ահա հայոց վիշտը: Բայց քիչ է ապրել միայն Հովհաննեսը, նրա պապերը երկարա­կյաց են եղել: Նրանցից մեկը ապրել է 108 տարի ու վերջին պահին հոգոց է հանել. «Արժե՞ր ծնվել մի երկու օր ապրելու համար»… Զարմանալի՞ է, որ այդ պապերը Բանաստեղծ թոռ պիտի ունենային:
Թումանյանը Դսեղում երկու տարի սովորել է ծխական դպրոցում, երեք տարի` Թիֆլիսի Ներսիսյան սեմինարիայում: Այսքանն է նրա ուսումնառությունը: Այնուհետև նա՛ է սովորեցրել: Կուզենայի, որ հիմա ինձ լսեին երկու-երեք բարձրագույն կրթության դիպլոմ ունեցողները: Նախնական կրթության ինչ-որ փշրանքներ,- և գրականության մեծագույն ժանրերից մեկի` քառյակների, ապշեցուցիչ գոհարներ: Իսկ դուք ասում եք` բոլոնյան դպրոց… Այդ քառյակները Թումանյանն անվանել է «իր հոգու կենսագրությունը», այդ ժանրը համարել է «նուրբ ճաշակ պահանջող բանաստեղծական մանրանկարներ»: Հանճարի ամենանվաճ միտքը… Ասենք, նրան հասու էր ամեն ինչ: Երբեմն գիրքը մակագրելն ավելի դժվար է, քան այն գրելը: Այդ արվեստը ամեն մեկին չի տրված: Եվ ի՞նչ… 1915 թ. մեծ դերասան Հովհաննես Աբելյանի 50-ամյակին կանաչ կազմով իր միհատորյակին մակագրել է. «Քո դարիկեսին` Հովհաննեսե Հովհաննեսին»: Ե՛վ հանգ, և՛ հանգախաղ…
Կյանքի վերջին երկու ամիսներին Թումանյանին տանջում էին լյարդի ցավերը, ու միայն քյամանչայի նուրբ հնչյուններն էին փոքր-ինչ մեղմացնում նրա տառապանքը, երբ գալիս էր Սաշա Օգանեզաշվիլին: «Աստվածային Սաշա»,- ասում էր Թումանյանը հայի ու վրացու զավակ, Թիֆլիսի ամենահայտնի քյամանչա նվագող Օգանեզաշվիլուն, ում նվագն իրոք աստվածային էր: Ի դեպ, դեռևս Ամիրդովլաթ Ամասիացին է խորհուրդ տվել երաժշտությունը օգտագործել որպես բուժական միջոց: Եվ հատկապես` լարային գործիքների կատարմամբ, որպես ամենամեղմն ու քնքուշը…

Մեկ մեկնաբանություն

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։