Ազգային-պետական մտածողության կորուստը որպես ազգային անվտանգության սպառնալիք / Հովիկ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

20-րդ դարասկզբին Ղազարոս Աղայանն իր հոդվածներից մեկում գրել է, թե Եվրոպայից մի ահավոր հրեշ է գալիս, որի անունը «ես» է: Երևի ստեղծված իրավիճակն էր գրողին այդպիսի մտքեր ներարկում: Իհարկե, դա իր մեջ ճշմարտություն էր պարունակում. Եվրոպան արդեն դարձել էր մարդկային հարաբերությունների ու հոգևոր արժեքների սրբագրման կենտրոն: Եվրոպան էր աշխարհին թելադրում կեցության ու բարոյականության օրենքները: Եվ այդպես է մինչև այսօր: Սակայն այդ ահավոր հրեշը Եվրոպայում չի ծնվել: Այն մարդու ստեղծման օրվանից դրված է նրա գենետիկայի մեջ և տարբեր ժամանակներում արթնանում, վտանգավոր է դառնում՝ տարբեր ազգերի ու կայսրությունների վերելքների ու անկման ժամանակ: Բոլոր ազգերն ու ժողովուրդները եթե կարողանում են միասնական դառնալ, հզորանալ, հզոր պետականություն ստեղծել, «հրեշը» նույնպես հզորանում է և առաջնորդներին դարձնում հանցագործ: Իշխելով սեփական ժողովրդին` անընդհատ մտածում են հարևաններին իշխելու, ապա համաշխարհային իշխանության մասին: Եվ բոլորի վերջը նույնն է լինում, բայց «եսը» թույլ չի տալիս պատմությունից դասեր քաղել: Նա անընդհատ նոր ձևեր է ընդունում և ապականում մարդկային հասարակությունները:
Այդ հրեշը վտանգավոր է նրանով, որ դրսևորվում է տարբեր տեսքով ու ձևերով՝ անձնական «ես», ընտանեկան «ես», խմբակային, կուսակցական, հոգևոր, պետական…
Կախված իրադրությունից՝ ազգերի ու ժողովուրդների մոտ առաջնային են դառնում «եսի» տարբեր դրսևորումները, ինչն էլ մարդկային հասարակությունը տանում է կատակլիզմների, մոտեցնում «աշխարհի վերջի» գալուստը, դառնում ազգերի կործանման ու պատմությունից ջնջվելու պատճառ:
Այսօր մարդկությունը կանգնած է կործանման վտանգի առջև: Մարդկությունն ընդհանրապես… Բայց յուրաքանչյուր ազգ ու ժողովուրդ, որ կարողացել է հազարամյակներով պահպանել իր պետականությունը կամ նոր պետականություն ստեղծել, բոլորը, համընդհանուր աղետից բացի, ունեն նաև սեփական խնդիրներ: Մեկը տառապում է աշխարհին տիրելու հիվանդությամբ, մյուսը՝ գոյապահպանության: Մենք, որպես փոքրաթիվ, կորցրած պետականությունը հրաշքով վերականգնած ազգ, կանգնած ենք ամեն ինչ, նաև հավաքական ամբողջությունը վերջնականորեն կորցնելու վտանգի առջև:
Ինչո՞ւ ենք հասել այս վիճակին: Իհարկե, աշխարհաքաղաքական դիրքը, ավազակ հարևանները և բազմաթիվ պայմաններ նպաստել են: Բայց հիմնական մեղավորը մենք ենք: Մեր «եսը» մանրանալով՝ պետական-ազգայինից ձևափոխվել է հատվածայինի, խմբակայինի, ընտանեկան, ապա վերջնականորեն անձնականի, անհատականի: Մեր ազգի հիմնական մասը հիվանդ է, տառապում է «եսի» կործանարար հիվանդությամբ: Պետական մտածողությամբ միայն անհատներ են մնացել, որոնք ընդհանուր շփոթի մեջ չեն երևում:
Մանրացման գործընթացը վաղուց է սկսվել: Այդ ահավոր հրեշը մեզ տիրել է նահապետական ժամանակաշրջանի ավարտից հետո: Նահապետական ժամանակներում ազգի առաջնորդը նրա հայրն էր, ազգը՝ նրա սեփական զավակը: Հետո սկսվեց օտարացումը, տարբերակվել «իմն ու քոնը»: Իշխաններից յուրաքանչյուրն ուներ իր սեփականությունը՝ հող ու ժողովուրդ: Զատվում էին թագավորն ու իշխանները: Եվ սկսվեց առաջ գալ իշխանությունը պահպանելու համար սեփական թագավորի դեմ օտարին ծախվելու հիվանդությունը: «Եսը» սկսեց ավերածություններ գործել: Խոր անդունդ առաջացավ ժողովրդի ու իշխանների, իշխողների ու իշխվողների միջև: Սա նոր և անհասկանալի երևույթ էր: «Եսը» հանդես էր գալիս նոր, դժվար ըմբռնելի ձևով: Եթե մինչ այդ գոյություն ուներ արտաքին թշնամի, ապա պարզվեց, որ ժողովրդի համար գոյություն ունի նաև ներքին թշնամի:
Ստեղծված օտարացումը, հակամարտությունը խորացավ հատկապես նոր կրոնի պետականորեն ընդունման հետևանքով: Պարզ էր, որ մի ժողովուրդ չէր կարող մի օրվա մեջ ջնջել հազարավոր տարիների պաշտամունքը, կենսաձևը և ընդունել նորը: Իսկ քրիստոնեություն քարոզողները, ինչքան էլ խոսում էին սիրո ու խաղաղության մասին, ստիպված էին դիմել ինքնահաստատման ուժային եղանակներին: Ծնվում էր «եսի» արտահայտման նոր՝ հոգևոր դրսևորումը: Ծնված վիշապն ավելի վտանգավոր ու ահարկու էր, քանզի երկու երես ուներ: Մի կողմից սեր էր քարոզում, չսպանել, ներել թշնամուն, բայց ինքն ատում էր հակառակորդին, սպանում, ավերում: Նորահայտ, մարդկանց անծանոթ կրոնը խոսում էր Հիսուս Քրիստոսի խոսքերով ու պատգամներով, բայց առաջնորդվում էր Կտակարանի Աստծու փիլիփոսայությամբ: Հոգևոր «եսն» ահավոր էր: Սպանում էր ու վերացնում իր ճանապարհին կանգնած ամեն ինչ. հին կրոնի քրմերին, տաճարները, գիրը, գրքերը, խորհրդանիշերը, պատմությունը, ամեն ինչ, հաստատում իրենը:
Այդ ամենի համար հարկավոր էր իշխանություն ունենալ: Եվ հին քաղաքակրթության ավերակների վրա հաստատեց իրենը: Քաղաքակիրթ մի ազգի զրկեց սեփական պատմությունից, մշակույթից: Իսկ առանց անցյալի չկա ապագա: Ազգի առաջընթացն անհնարին է առանց այն հոգևոր կուտակումների, որոնք ստեղծվել են հազարամյակների ընթացքում: Եկեղեցին իր գոյությունն ապահովելու համար պետք է իշխանություն ունենար: Եվ այն ձեռք բերելու համար ոչ մի միջոցից չէր խորշում, նույնիսկ սեփական երկրին դավելն ու ազգասեր թագավորներին դավաճանաբար սպանելը: Ի վերջո հասավ նրան, որ եկեղեցին, լինելով հոգևոր հարստություն, սկսեց որոշել ազգի ու պետության ճակատագիրը, ինչը, բնականաբար, բերեց պետականության կորստի:
Անցել է երկու հազարամյակ, բայց եկեղեցին չի փոխել իր բնույթը: Պատմական Հայաստանի քարտեզին նայելով տեսնում ես, որ ողջ տարածքը պատված է եկեղեցիներով, ամրոցներն ու բերդերը զիջում են եկեղեցիներին: Պետականության կորստի պատճառներից մեկն էլ դա է:
Այսօր էլ կաթողիկոսարանը զարկ է տալիս եկեղեցաշինությանը: Նույնիսկ հասել են նրան, որ վերացնում են մայրաքաղաքի զբոսայգին՝ եկեղեցի կառուցելու համար: Հոգևոր «եսը» հասել է կործանարար աստիճանի: Ո՞ւմ են պետք շքեղ, թանկարժեք եկեղեցիները, եթե դատարկ են: Չէ՞ որ եկեղեցին հավատացյալ ժողովուրդն է: Եթե աղոթող չկա, այն դառնում է պարզապես շինություն: Ո՞ւր են Արևմտյան Հայաստանի բազմահազար եկեղեցիներն ու վանքերը: Շատերի տեղն էլ հայտնի չէ: Քրդերն ու թուրքերն այդ եկեղեցիների խաչքարերով տուն, անգամ գոմ են պատել… Լուսահոգի Վազգեն կաթողիկոսն ասել է. «Ես քրիստոնեությունն ընդունում եմ այնքանով, որքանով այն ծառայում է իմ ազգին»: Եթե այդպես մտածեին հոգևոր առաջնորդներից շատերը, մենք այսօր այլ կարգավիճակում կլինեինք: Խելացի ազգերն այդպես էլ անում են: Կրոնն օգտագործելով որպես հզոր զենք՝ ընդլայնում են իրենց տարածքները, ամրապնդում ու հզորացնում պետությունը, տեր ու հովանավոր դառնում մեզ նման խաբված ազգերին:
Հոգևոր էգոիզմն ամենասարսափելի հիվանդությունն է: Դրանից զերծ չէ նույնիսկ Աստվածաշունչը: Պատմահայր Խորենացին բողոքում է. «Եվ այս հայտնի լինի ամենքին, թե դժվարագյուտ ու տաժանելի է ժամանակագրություն կազմել սկզբից մինչև մեր ժամանակները… մանավանդ, որ Սուրբ գիրքը յուրայիններին զատելով իբրև իր սեփական ազգ, մյուսներին լքեց»:
Սակայն երբ հազարամյակների ընթացքում ժողովուրդները դարձան ավելի կրթված ու խելացի և կրոնի դերը նսեմացավ, «եսը» դրսևորման նոր, ավելի նողկալի ձև ընդունեց: Առաջացավ կուսակցական «եսը»: Դարձավ ավելի ահավոր «իմն ու քոնը»: Անցյալ դարասկզբից հայ ազգը վարակվեց ու մինչև այսօր տառապում է այդ անբուժելի հիվանդությամբ: Ստեղծված մի քանի կուսակցությունները վերջնականորեն կոտորակեցին առանց այդ էլ պետականությունը կորցրած, առաջնորդներից զրկված ժողովրդին և յուրաքանչյուրը դառնալով մի հատվածի առաջնորդ՝ թշնամություն սերմանեցին հասարակության մեջ: Հակամարտությունն այնքան խորացավ, որ սեփական «եսը» պահպանելու համար մասնատեցին նաև եկեղեցին: Գաղթօջախներում եկեղեցիները բաժանված են ըստ կուսակցությունների. դաշնակցականը չի հաճախում ռամկավարների եկեղեցին, և այդպես…
Կուսակցական «եսը» ավելի ուռճացավ հատկապես 20-րդ դարավերջի անկախության հռչակումից հետո: Պետական միջոցները հափշտակելու համար, բացի ավանդական կուսակցություններից, մեկը մյուսի ետևից սկսեցին ստեղծվել հարյուրից ավելի կուսակցություններ, առանց այդ էլ պատերազմներից ու ցեղասպանությունից մաշված ազգը հարյուր կտոր արեցին՝ խորացնելով հատվածայնությունը:
Տպավորությունն այնպիսին է՝ կարծես մի անտեսանելի ձեռք խառնում, խառնակում է մեր ազգին, վախենալով նրա միասնական լինելուց: Իհարկե, վաղուց արդեն գաղտնիք չեն մասոնների, սիոնիստների, աշխարհը ղեկավարող գաղտնի իշխանության մասին պատմությունները: Իհարկե, այդ ամենը կա: Բայց մի՞թե միայն մեզ համար է: Ընդունենք, որ այդ ուժերը կան, գործում են, բայց ողջ մեղքը չգցենք նրանց վրա: Ինչ էլ լինի, հիմնական մեղքը մերն է: Ուրիշներին մեղադրելով՝ մեզ անգործության ենք մատնում: Ես չեմ հավատում երկրային ինչ-որ ուժերի ամենազորությանն ու անպարտելիությանը: Այդ լեգենդները տարածում են իրենք՝ խուճապ առաջացնելու, մարդկանց կամքը թուլացնելու և տիրելու համար: Աշխարհում ամենահզոր ուժը միասնությունն է: Ոչ ոք չի կարող գրավել այդ ամրոցը:
Տիրելու և կառավարելու համար այդ ուժերն աշխատում են ազգերին ամբոխացնել, զրկել միությունից և իշխել ոչխարի անդեմ հոտի նման: Անհատին ավելի դժվար է ստրկացնել, քան միասնականությունից զրկված ամբոխին: Ցանկացած ժամանակ, ցանկացած ազգի մեջ կգտնվեն անհատներ, ովքեր կծառայեն այդ ուժերին և ավելի դաժան կվարվեն իրենց ազգակիցների հետ, քան՝ թշնամին: Ցանկացած ազգի մեջ կան անհատներ, ովքեր դիրքի, փառքի, դրամի համար պատրաստ են ծախվելու: Ով օգտագործում է այդ գիտելիքը, նա հասնում է իր նպատակին: Իսկ երբ ազգը կոտորակված է եկեղեցիների, կուսակցությունների, տարբեր միությունների միջև, այդպիսի անհատների թիվը բազմապատկված է:
Ի վերջո հատվածային մտածողությունն աղետի առաջ է կանգնեցնում ցանկացած ազգի: Դրա հետևանքն էր ազգային-պետականության կորուստը, ցեղասպանության ենթարկվելը, վերջնականորեն խաղալիք դառնալը հարևանների ու հեռավորների ձեռքին: Քանզի մեծագույն աղետի պահին անգամ չկարողացանք ազատվել արդեն բնավորության գիծ դարձած «եսի» կապանքներից: Երբ թշնամին հարձակվում էր մի հատվածի վրա, մյուսները կարծես խուլ ու համր լինեին, կարծես համբերությամբ սպասում էին իրենց ժամանակին՝ իրենցը չհամարելով ոչնչացվող հատվածը: Այդպես անում էին գյուղերը, քաղաքները, մարզերը, կուսակցությունները, եկեղեցին: Ինչո՞ւ կաթողիկոսարանը կարգադրեց հնչեցնել եկեղեցիների զանգերը, երբ թշնամին հասել էր Էջմիածնի պատերի տակ: Երբ կուսակցությունները պառակտում էին թշնամու դեմ ելած հայ կամավորներին ու նորաստեղծ պետության բանակը, մեկը մյուսի ետևից թշնամուն էին հանձնվում բերդաքաղաքներն ու գյուղերը: Ինչո՞ւ եկեղեցիների զանգերը չհնչեցին, երբ դեռ կարելի էր կռվել Վանի համար, երբ դեռ առանց կրակոցի թուրքերին էին նվիրում անառիկ ամրոց, զինապահեստ Կարս քաղաքը:
Չէ՞ որ նույն ազգն էր, նույն ժողովուրդը, որ ոտքի ելավ և խայտառակ պարտության մատնեց Կարսի պահեստներով հզորացած թշնամուն: Ինչո՞ւ Սարդարապատում չկարողացան միջամտել ո՛չ մասոնները, ո՛չ սիոնիստները, ո՛չ ցարական Ռուսաստանը: Նույն ամբոխացած ազգը կարողացավ ոտքի կանգնել Արցախյան ազատամարտի ժամանակ: Միավորվեց և խայտառակ պարտության մատնեց թվաքանակով և զինվածությամբ մի քանի անգամ գերազանցող թուրք ջարդարարներին: Այս անգամ չկարողացավ միասնականությամբ հզորացած ժողովրդին հաղթել նույնիսկ ռուս-թուրքական դաշնությունը: Ուրեմն՝ մի անգամ ևս հաստատվում է, որ մեր վիճակի համար մենք ենք մեղավոր: Պետք չէ մեղքը գցել արտաքին ինչ-որ անպարտելի, ամենակարող ուժերի վրա:
Հետհեղափոխական երկու տասնամյակի ընթացքում, սակայն, վիշապն ավելի հզոր է, քան եղել է երբևէ: Իզուր չեն ասում, թե երբ պատերազմ է, հայերը միավորվում են, երբ խաղաղություն է՝ տրոհվում: Այժմ վիշապն ավելի հզոր է, քան երբևէ եղել է: Միջկուսակցական գզվռտոցներից և հազար ու մի հասարակական կողոպտիչ, ապազգային կազմակերպություններից զզված և հուսահատ հասարակությունը վերջնականորեն քայքայվեց, նորից մեջտեղ եկավ դարերով հաստատված անհատական «եսը», որը հեղափոխության տարիներին ծպտվել էր՝ նահանջելով դեպի հոգու խորքերը: Այդպիսին է իրավիճակն այսօր: Զանգվածային ատելության մթնոլորտն ազգին տանում է կործանման: Անարժան, անհայրենիք իշխանությունները ոչ մի կապ չունեն սեփական ժողովրդի ու պետության հետ: Իշխանություններից հույսը կտրած բնակչության յուրաքանչյուր անհատ մտածում է իր մասին, լավագույն դեպքում՝ սեփական ընտանիքի: Այսօր Հայաստանի Հանրապետությունում համարյա թե քաղաքացի չկա, կան բնակիչներ: Իսկ բնակչի համար միևնույն է, թե ինչ կկատարվի իր երկրի հետ: Նա նույն հաջողությամբ կարող է արտագաղթել և դառնալ ցանկացած երկրի բնակիչ: Նույնը կարող է անել իշխանավորը՝ ցանկացած պահի կարող է լքել երկիրը: Պատահական չէ, որ նրանցից շատերը դղյակներ ու բիզնեսներ ունեն տարբեր երկրներում, և շատերի ընտանիքները բնակվում են հայրենիքից դուրս: Ազգն առանձին անհատներից կազմված միասնական մարմին է: Երբ անհատները լքում են միասնական մարմնի բնակության վայրը, որը կոչվում է Հայրենիք, և մարմնի ու հոգու փրկություն են փնտրում ուրիշի հայրենիքում, փրկում են միայն իրենց մարմինը: Հոգևոր էգոիզմն սպառնում է ոչ միայն նրանց, այլև ազգային-միասնական հոգուն: Եվ ազգը դատապարտվում է մահվան:
Անքաղաքացի երկրի իշխանությունները, բնականաբար, չեն կարող ապրել երկրի և այդ երկրում ապրողների հոգսերով: Քանի որ նրանք ոչ մի առնչություն չունեն սեփական ժողովրդի հետ: Հետևաբար նույնպես մենակ են ու անուժ, նաև՝ անապահով: Իսկ այդպիսի իշխանությունները շատ են անհրաժեշտ հզորներին: Հզորներին խամաճիկներ են հարկավոր: Այսօր մեր իշխանությունները ողորմելի խամաճիկ են Արևմուտքի ու Արևելքի ձեռքին, հատկապես՝ Ռուսաստանի: Եթե իշխանությունները խամաճիկ են, ապա ազգը նույնպես խամաճիկ է: Իսկ խամաճիկ ազգը զրկվում է նույնիսկ երազելու իրավունքից: Եթե մարդ ես, զրկվում ես սեփական եսից, դեմքից ու դիմագծից: Եթե ազգ ես ու խամաճիկ ես՝ ավելի թշվառ ես:
Այսօր մեծ պետությունները փոքրերին, իբր թե հովանավորելով, զրկում են ինքնուրույնությունից, որպեսզի անտրտունջ կատարեն իրենց հրամանները: Իսկ այդ հովանավորությունները միշտ եղել են և լինելու են: «Օտարի օգնությունից մեզ շահ չկա: Դժբախտ է այն ազգը, և դժբախտ կմնա, որն օտարի օգնության կարոտ կլինի: Ոչ ոք իր հոգու համար մեզ չի օգնի: Նա պետք է տասը բան առնի, որ մեկը տա» (Րաֆֆի):
Եթե ազգ ես ու պետականություն ունենալու հավակնություն ունես, պետք է հույսդ դնես քեզ վրա: Ավելի գերադասելի է սեփական ուժերով ձեռք բերված քիչը, քան թե ուրիշի հովանավորությամբ՝ շատը, որովհետև դու քո հովանավորի խամաճիկն ես, և նա ցանկացած ժամանակ կարող է քեզնից վերցնել այդ շատը, եթե հանկարծ փորձես կտրել թելերը, որոնցով նա ղեկավարում է քո շարժումները:
Եթե մենք ցանկանում ենք նորից ձեռք բերել նախկին հզոր պետականությունը, պետք է աստիճանաբար կտրենք այդ թելերը, որոնք մեզ կապում են մեզ հովանավորողների հետ:
Դրան կարելի է հասնել միայն սեփական ուժերին ապավինելով, միակամությամբ և միասնությամբ: Սակայն դա պետք է արվի պետականորեն: Մանկապարտեզից պետք է սկսվի քաղաքացի դաստիարակելու աշխատանքը: Յուրաքանչյուր անհատ պետք է մեծանա հավաքական-ընդհանրական գիտակցությամբ: Մարդու գիտակցության մեջ պետք է ծնված օրվանից սերմանվի ընդհանուր հայրենիքի գաղափարը, որպեսզի առաջնորդից մինչև շարքային քաղաքացի ապրեն հայրենագիտության գաղափարով: Հայրենիք, պետություն, որոնց հանդեպ մարդն ունենա ոչ միայն իրավունք, այլև՝ պարտականություն:
Անհատները, ինչքան էլ հանճարեղ ու նվիրական լինեն, չեն կարող, դա իշխանությունների պարտականությունն է: Սակայն այսօրվա մեր իշխանությունը պարզապես կապ չունի սեփական երկրի ու ժողովրդի հետ: Այսօր նրանք ավելի մեծ ուշադրություն են դարձնում ոստիկանական ուժերին, քան երկրի անվտանգության երաշխավոր բանակին: Պատճառը իշխանության և ժողովրդի միջև առաջացած անդունդն է: Այն պարզապես վերաճել է թշնամության: Նրանք ավելի շատ վախենում են սեփական ժողովրդից, քան՝ արտաքին թշնամուց: Ժողովրդավարական հորջորջվող պետությունը վաղուց վեր է ածվել ոստիկանապետության: Իշխանությունները վաղուց արդեն մտածված կերպով խթանում են բնակչության արտագաղթը, պառակտում, բաժանում են տարբեր կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, հայաստանցիների ու ղարաբաղցիների, աղքատների ու հարուստների, մերոնց և ուրիշների… Ինչքան մասնատված, ինչքան կոտորակված, ինչքան օտարացած, թշնամացած, այնքան անմիաբան: Ինչքան անմիաբան, այնքան թուլացած: Ինչքան թուլացած, այնքան կառավարելի: Այդպես ձեռնտու է և՛ իշխանություններին, և՛ նրանց հովանավորներին: Համաշխարհային տիկնիկային թատրոնի տնօրեններին և նրանց ծառայողներին պետք չէ ուժեղ, միասնական հասարակություն: Կոտորակվելով, արտագաղթելով փոքրանում, անուժ է դառնում ազգը: Փոքր Մհերն ավելի է փակվում քարանձավում: Քաղաքացիներից զուրկ հասարակության մեջ մեռնում է ազգային-պետական մտածողությունը, ինչը մեծ սպառնալիք է ազգային անվտանգության համար:
Հազարավոր նվիրյալների կյանքի գնով ստեղծված ազգային անկախ պետության գոյությունը վտանգված է: Դա ցույց տվեց Ապրիլյան քառօրյա պատերազմը, ինչի շնորհիվ շատ ստեր ու կեղծիքներ բացահայտվեցին: Բայց իշխանություններն անգամ դրանից չսթափվեցին և հետևություններ չարեցին: Նրանք մեծ հաջողությամբ շարունակում են խաբել, հիմարացնել սեփական ժողովրդին: Նրանք այնքան են զրկվել ազգային-պետական մտածողությունից, այնքան են կոռումպացված, այնքան են սերտաճած հանցագործ աշխարհի հետ, այնքան են հիվանդացած կուսակցական, խմբակային, անձնական «եսի» անբուժելի հիվանդությամբ, որ այլևս ետդարձն անհնարին է:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.