ԱԶԱՏ ԱՆԿՈՒՄ / Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Այս նենգ հիվանդությունը գողունի թափանցեց օրգանիզմիս մեջ, երբ դեռ, ինչպես ռուսներն են ասում, ձիու վրա էի: Ձիս քշում էի ոնց ուզեի, ուր ուզեի, թուրս ճոճում էի թե՛ աջ, թե՛ ձախ, առաջ կամ ետ՝ իմ նախնի հայ ռազմիկների հանգույն: Կյանքերիցս մեկում, գրված է՝ իշխանական տոհմից զորավար եմ եղել: Ե՞րբ և ինչո՞ւմ եմ թերացել, որ իմ այս կյանքում ու յոթ այլ կյանքերից երեքում կին եմ ծնվել: Սրա մասին մտածելիս գլխացավս ուժեղանում է: Զավեշտական է, նաև՝ վիրավորական, որ զորավարի ձիրքս նախնիներիս մեղքերի պատճառով բարակել-բարակել ու որպես ճակատագրի հեգնանք, ինձ պատմության ուսուցչուհի է վիճակել: Դեռ լավ է, որ՝ պատմության, որ իմանայի մեծ զորականների պանծալի կյանքերի մասին, նրանց հետ նույնանայի, ռազմավարություն մշակեի, նաև՝ կարողանայի պարտվել: Առաջին պարտությունս զգացի, երբ դասղեկական դասարանիս «լիդերը» ինձ կատաղության հասցրեց: Այդ օրն առաջին անգամ ճոճվեցի ուրիշների աչքի առաջ: Մինչև այդ տանն էի ճոճվել, ընկել էի: Սամվելը, գլուխը կորցրած, ինձ հասցրեց հյուրասենյակ, պառկեցրեց բազմոցին: Դողում էր, որ հանկարծ չմեռնեմ, բայց ինքը մեռավ:
Արուսը քույրս է, բայց երբեմն հատուկ եմ տանջում նրան: Ոչ թե չարանում եմ, թե ինչո՞ւ է նա ոտքի վրա, աշխույժ վազվզում է, իսկ ես առանց իրեն ոչինչ եմ, այլ երևի հին զորավարական ձիրքիս փշուրներն եմ կիրառում մեկի հանդեպ, որ ինձնից ուժեղ է, հաղթանդամ: Հաճախ ինձ գրկած է տանում սենյակից սենյակ: Ինքն է մեղավոր, որ այս վիճակին եմ հասցրել իրեն: Շատ է ենթարկվում, չի վիճում հետս, չի դժգոհում, անտրտունջ կատարում է՝ ինչ ասեմ: Լուռ լսում է ինքնագովություններս: Եթե կասկածի մի շող նկատեմ աչքերում, հարյուր ապացույց եմ բերում: Թեև երբեմն ինձ էլ անհավանական է թվում իմ ապրած շողշողուն կյանքը, հատկապես, երբ հիմարություն եմ ունենում ներկա վիճակիս հետ համեմատելու:
Երբ արդեն ո՛չ դեղահաբերն են օգնում, ո՛չ մերսումները, Արուսը բերում, առաջս է շարում հին լուսանկարներս, իմ կյանքը՝ սկսած պիոներական ճամբարից մինչև նախկին կենտկոմական ամուսնուս մահը: Հարցեր է տալիս, թեև պատասխաններն ինձնից լավ գիտի. «Էս փղի վրա ո՞նց ես բարձրացել, սանդուղքո՞վ: Չվախեցա՞ր»: «Էս Վանիկն ու Սիրուշը չե՞ն: Սրանց հարսանիքի քավոր, քավորկինը չէի՞ք»: «Էս Գանգեսում չէ՞ր, որ խեղդվում էիր, Սամվելը քեզ փրկեց»: «Էս գլխարկը Փարիզից էիր բերել, չէ՞, հետո ինձ տվեցիր: Մինչև հիմա կա, երևի մեկին տանք»: «Էս Գյուլիքևխյանը չի՞ ձեզ հետ՝ Փարիզում: Ինչո՞ւ չես զանգում, մի քիչ խոսես, փոխվես»:
Ամեն օր գնում է եկեղեցի: Սիրտս մի քիչ թեթևանում է, երբ ստիպված է լինում տնից դուրս գալ, հանգստանալ իմ հիստերիաներից: Մի անգամ հաշվեցի՝ մի ժամվա ընթացքում 98 անգամ ոտքերս բարձրացրեց աթոռակին, 98 անգամ իջեցրեց անտրտունջ: Երբեմն հեռախոսով փորձում է խոսել մեր զարմուհու հետ, բայց ես թույլ չեմ տալիս: «Կանչո՜ւմ է,- լսում եմ նրա ձայնը,- գալի՜ս եմ, եկա»: Չի եղել մի դեպք, որ ասի. «Մի րոպե չե՞ս կարող սպասել, նախադասությունս վերջացնեմ, գամ»: Մեր հորն ու մորն էլ ինքը խնամեց, նույնիսկ՝ սկեսրոջս, քանի որ ես միշտ աշխատանքի ու ճամփորդությունների մեջ էի: Երեխաներիս պահեց, մեծացրեց: Այս հարցում ինձ լրիվ անճարակ էր համարում: Սամվելին էլ հիմնականում ինքն էր տիրություն անում:
Թող ոտքը եկեղեցում կախ գցի, ճամփին ծանոթի հանդիպի, խոսի, մի փոքր փոխվի կյանքը, թեկուզև տուն գալուց հետո գոռգոռոցս դնեմ. «Ո՞ւր մնացիր, մեռա: Ուրեմն, եթե քո հույսին եմ մնացել, էսպե՞ս են վարվում մարդու հետ»:
…Ոչ թե ես զանգեցի Հայկ Գյուլիքևխյանին, այլ Արուսին կարգադրեցի զանգել, ասել, որ վատ եմ, ուզում եմ իրեն տեսնել: Եթե այս պահին Երևանում է ու չգա, ամոթ իրեն: Մենք չլինեինք, նա չէր հասնի այդ բարձունքներին: Սամվելն է կարգադրել նրա բոլոր արտասահմանյան վերապատրաստումներն ու գործուղումները: Սամվելի շնորհիվ է, որ հիմա տուն ունի Գերմանիայում, մի ոտքը Երևանում է, մյուսը՝ Քյոլնում:
Խեղճ քույրս հավատաց, թե վատ եմ: Թեև տեսնում է՝ նույնն եմ, ինչ որ երեկ, առաջին օրը և նախորդ բոլոր օրերին՝ արդեն մեկ տարի երեք ամիս, երկու օր, բայց մտքում հաստատ ասել է. «Հանկարծ ու շատ վատ է, ու սա քրոջս վերջին ցանկությունն է»: Զանգեց: Պատասխանել էր. «Շատ եմ զբաղված, բայց անպայման կգամ»: Այսօր նրա գալուն ենք սպասում: Բայց Արուսը կարծես դեռ չի հավատում, թե Հայկի նման աշխարհահռչակ բժիշկը կգա իմ տուն, ինձ հետ զրուցելու: «Ուզո՞ւմ ես՝ գրազ գանք»,- ասացի Արուսին: Նա երբեք չի համաձայնում ինձ հետ գրազ գալ: Գիտի՝ եթե մի բան պնդում եմ, ճիշտը ես եմ: Միշտ այսպես է եղել: Խեղճ Սամվելը խաչբառ լուծելիս երբեք չէր կասկածում, թե ամեն ինչ գիտեմ. եթե տառերը վանդակներին չէին համընկնում, համոզված էր, որ կազմողներն են սխալվել: Հավատում էր աշխարհի մասին իմ ամենաանհավանական կանխատեսումներին: Սովետի փլուզումը, իհարկե, մտքիս ծայրով էլ չէր անցնի, բայց անկախացումից հետո բոլոր ասածներս ճիշտ դուրս եկան: Սամվելին ասում էի՝ կապիտալիզմն է տիրապետելու: Ասում էր. «Ի՞նչ ես խոսում, դա նույնն է, թե քարե դար վերադառնանք»:
Թե մեզանից ո՞վ մնաց քարե դարում, չգիտեմ, բայց արդեն հոգնել եմ իմ վիճակից: Այս նենգ հիվանդությունն այսպես է՝ ո՛չ տանում է, ո՛չ թողնում: Հատկապես ինտելեկտուալներին է կպչում: Եթե երբևէ կասկածել եմ իմ ինտելեկտին, հիմա գիտեմ, որ այդ կողմից ամեն ինչ կարգին է, որովհետև պետք եղած բոլոր հեռախոսահամարները հիշում եմ, աշխարհի մասին բոլոր լուրերը ծամում, մարսում, ինքս ինձ քաղաքական վերլուծություններ եմ անում: Թեև ինձ ո՞վ է հարցնում, օրինակ, որ ասեմ, թե ոչ մեկը աշխարհաբաժանման այս մրցավազքում չի հաղթելու: Բոլորը պարտված են դուրս գալու. և՛ ամենահզորները, և՛ ամենաթույլերը, և՛ Արևմուտքը, և՛ Արևելքը:
Ինտերնետով ինձ գրողներ գրեթե չկան: Միայն մերոնք են ամիսը մեկ Տյումենից իրենց նկարներն ուղարկում: Դրանց նայելով կարելի է մտածել, թե հենց Սիբիրն է այն վայրը, որտեղ մարդ կարող է իսկապես անհոգ ու ինքնագոհ ժպտալ: Մեկ էլ տարբեր հաջողակներից եմ նամակներ ստանում, որ անհասկանալի պատճառներով ուզում են բոլորին հայտնած լինել միլիոնատեր դառնալու իրենց գաղտնիքները: Ահա ինքնակոչ բարեգործներից մեկը, որ համակարգչիս էկրանից շողշողում է վստահություն պարտադրող իր ժպիտով: Պատմում է. «Մի անգամ Հարավային Ամերիկայում գիդին հարցրի, թե ո՞նց չի ձանձրանում ջունգլիներով անցնելիս ամեն անգամ նույն բաները կրկնելով, և նա գիտե՞ք ինչ ասաց. «Չեմ ձանձրանում, որովհետև ամեն օր նորանոր գյուտեր եմ անում: Օրինակ՝ տեսնում եմ, որ կենդանի արարածներից ոչ թե ուժեղներն են դիմացել գոյության կռվին, այլ թույլերը, որովհետև ուզած-չուզած հարմարվել են»: Ես հեշտ շփոթվողներից չեմ: Նույնիսկ եթե երազումս ստիպեն առանց լոգարիթմական քանոնի եռանկյունաչափական խնդիր լուծել, մի բան կմտածեմ: Բայց այս պարադոքսը ինձ մի քիչ շփոթեցրեց ոչ թե իր անսպասելիությամբ, այլ, թե որքան ճիշտ է կյանքիս այս հատվածում: Ուրեմն՝ թույլ եմ, և իմ անելիքն այսուհետև, մինչև կյանքիս վերջը, հարմարվելն է: Թեև հարմարվելու համար էլ խելք, կամքի ուժ, նաև որոշ խորամանկություն է պետք:
Արուսը ուշանում է: Չեմ ուզում զանգել ձեռքի վրա, «վայ-վույս» դնել: Փորձեմ հենց այսօրվանից կյանքին ինքնուրույն հարմարվել: Մարդկանց մի խումբ էլ կա, որ բոլորին առողջ կյանք վարելու իր գաղտնիքներն է բացահայտում. «Նրանց համար, ովքեր դեռ ողջ են և ուզում են առողջանալ հոգով, ֆիզիկապես, նյութապես»… Մի րոպե, մի րոպե… Նյութականս առողջ է: Աղջիկս ու որդիս Տյումենից միշտ ավելացնում են իմ ապրուստի միջոցները, նույնիսկ առաջարկեցին դայակ վարձել, եթե պետք է, նույնիսկ՝ երկուսը: Խեղճ քրոջս թվաց, թե ինքը չի կարողանում կարիքներս կարգին հոգալ, իրար անցավ: «Ինչների՞դ է պետք դայակ, էն էլ երկուսը: Մինչև դրանց ասեմ. «Էս արա, էն արա», ինքս ավելի շուտ կանեմ»: Զոհաբերումը նրա տարերքն է: Նրա ամբողջ կյանքը նվիրված է Աստծուն, ինձ, իմ զավակներին: Որեմն, քանի որ ֆիզիկապես առողջանալու էլ ոչ մի հույս չեն տալիս բժիշկները, իմ հոգևոր առողջության ու աճի մասին մտածելու իսկական պահն է: Սրա համար ժամանակ, ինչքան ասես, ունեմ: Ուժ էլ առանձնապես պետք չի:
Դուռը բացվեց, բայց չհասցրի բացել փնթփնթոցներիս տոպրակը: Արուսը մենակ չէր, հարգալից խոսքեր էին փոխանակվում միջանցքում: Հաստատ մուտքի մոտ հանդիպել է Հայկին, միասին են բարձրացել:
Արուսը սեղան գցեց: Հարիսան հոյակապ էր, թեև ուրիշի ներկայությամբ առանց թափթփելու ուտելն ինձ համար տաժանք է: Փորձեցի հետո ինքնուրույն հասնել մինչև բազկաթոռս: Հասա: Իսկ զրուցելու ուժ չէր մնացել: Ոտքերս մղկտում էին: Հայկի մոտ չէի ուզում անօգնական երևալ, բայց անկախ ինձնից կպա Արուսից ու չկարողացա դադար առնել: Ոտքերս իջեցրեց, բարձրացրեց, տրորեց: Ցավս դադարել էր, բայց էլի ու էլի ստիպում էի շարունակել նույնը: Երևի ցույց էի տալիս իշխանությունս: «Գնա՛, միրգ կտրատի՛ր, բեր ուտենք»,- ասացի Արուսին: «Շատ է տանջվում»,- նրա հետևից խղճահարությամբ նայելով՝ ասաց Հայկը: «Ոչինչ,- ասացի,- ես մեղավոր չեմ, որ այս վիճակում եմ հայտնվել»: Թեև, գիտեմ, բոլորովին այլ բան պետք է ասեի:
…Այսօր էլի հյուրի ենք սպասում, էլի՝ Հայկին: Երևում է՝ նրան տհաճություն չենք պատճառել դժբախտության մեջ հայտնված երկու կանայքս: Նրա բերած անանասով Արուսը կարկանդակ է թխել: Հիմա ինքը եկեղեցու ճանապարհին է: Ուզում եմ, մինչև Հայկի հայտնվելը, ուժերս հավաքել, նրա ներկայությամբ Արուսին գոնե քիչ տանջել: Չնայած՝ քույրս իր հաղթ ձեռքերով ամեն ինչ այնքան սիրուն է անում, որ հյուրին կարող է նույնիսկ գեղագիտական թվալ մեր նիստուկացը: Եկան երկուսով: Էլի մուտքի մոտ են հանդիպել: Չհասցրինք մի փոքր տրորել ոտքերս: Ոչինչ: Կդիմանամ:
…Ինձ շատ լավ պահեցի հյուրի մոտ: Գնաց: Արուսը ուրախ էր, որ գովեցինք իր կարկանդակը: Մի քիչ կոնյակ խմեցինք: Գուցե դրանի՞ց էր, որ ցավերս երեկ չէին նեղում: Սրանից հետո միշտ օրվա մեջ մի-մի բաժակ կկոնծենք:
«Արո՛ւս, արի՛ մի քիչ կոնյակ խմենք»,- կանչում եմ քրոջս: Խմում ենք: Տրամադրություններս բարձրանում է: Արուսը աչքիս առաջ վերափոխվում է, չարաճճի կատակներ է անում պամպերսիս թեմաներով: Հարց է տալիս. «Էս Անգելա Մերկելը, քո կարծիքով, խելքը գլխի՞ն է»: «Ինչո՞ւ է էդ հարցը քեզ հետաքրքրում»:- Ուզում եմ ստուգել՝ կոնյա՞կն է տվել գլխին, թե՞ իսկապես է ուզում կարծիքս իմանալ: «Գերմանիան լցնում է փախստական իգիլներով, երբ արդեն կրակն է ընկել թուրքերի ձեռքին, մեկ էլ ուզում է Եվրոպային մարդասիրություն սովորեցնել: Ո՞ւմ է ուզում ինչ ապացուցել»,- ասում է: Փորձում եմ գտնել իմ գեներալական տոնը. «Քո ինչի՞ն է պետք Եվրոպան»: «Ո՞նց թե,- զարմանում է քույրս,- աշխարհում կա՞ երկու կամ երեք բան, որ փոխկապակցված չլինեն: Հա՛, Եվրոպան միշտ էլ օրինակ է ծառայել աշխարհին, բայց մի գեղեցիկ օր նրանից միայն թաղանթն է մնալու: Ափսոս կլինի, իհարկե: Ու մեզ էլ մերը կհասնի,- ասում ու հորանջում է քույրս:- Իրաքում զանգվածային ոչնչացման զենք էին փնտրում՝ չգտան: Էդ ինչո՞ւ Հյուսիսային Կորեայում չփնտրեցին, հը՞: Էդ խեղճ Ասադի՞ց ինչ են ուզում: Էդ ազնվական մարդուց»… Մեխանիկաբար մերսում է ոտքերս, մեխանիկաբար ուղղում է շալս: Մի տեսակ մտահոգ նազանք է իջել վրան: Ինքն իրեն ժպտում է: Կոնյակն է: «Բան ասեմ, ծիծաղի՛ր»,- ասում է, թեև ի՞նչ պիտի ասի, որ այս հալիս սրտանց ծիծաղեմ: «Քո էդ Հայկը աչք է դրել վրաս»: Իմ ծիծաղը չի գալիս: «Հա՛, հենց քո էդ Հայկը երեկ ինձ ամուսնության առաջարկ արեց, ինչի՞ց ես տեղյակ,- ասում է ու ծիծաղում:- Ոնց որ ձեռ առնի, իմ էս տարիքում, իր նման մարդը… «Ես լուրջ եմ ասում,- ասում է,- քեզ նման բարի հրեշտակ չեմ տեսել»:
Իմ ունեցած խելքը գլխիցս թռել է, իսկ սա ծիծաղում է: Կոնյակն է… «Դու ի՞նչ ասացիր»: «Ի՞նչ պիտի ասեի: Ոչ մի բան: Սուսուփուս դուռը վրան փակեցի»:
Ոտքերիս ցավը կարծես օտարվել է ինձնից… Զարմանքից շփոթահար եմ: Եթե այսպես մի ժամ էլ շարունակվի, կարող է կաթվածը մի անգամ էլ խփի: Հեռախոսազանգ: Հայկն է: Արուսը իրեն չսազող նազանքով է խոսում հետը: «Հա՛, եկեք, Ելենան շատ ուրախ է լինում, որ նստում, խոսում եք: Ե՞ս, ես ի՞նչ»: Հաստատ հարցրել է. «Իսկ դու ուրախ չե՞ս լինում»: «Հա՛, եկե՛ք, մոտավորապես ե՞րբ կգաք»: Ծեքծեքում է: Կոնյակն է:
Գնում է եկեղեցի: Չի հարցնում. «Խանութից ի՞նչ բերեմ»: Իսկ ես ուզո՞ւմ եմ, որ Հայկը այսօր էլի գա: Առաջարկությո՜ւն է արել քրոջս: Իմ քույրիկին, որ արդեն 58 տարեկան է, բայց ամուսնական ոչ մի առաջարկ չի ընդունել: Ուզո՞ւմ եմ ուժերս հավաքել, խոսքուզրույց վարել: Լուսահոգի Սամվելը քչախոս էր, ավելի շատ լսողի դերում էր: Հայկի հետ հանդիպելիս հիմնականում ես էի խոսողը: Քչփորում եմ հիշողությունս, ուզում եմ հիշել, թե Հայկի մեջ կնամոլության պես մի բան նկատե՞լ եմ: Չեմ նկատել: Նույնիսկ, երբ ինձնից անկախ կոկետացել եմ հետը, ներողամիտ ժպտացել է: Այ քեզ բան: Չեմ հասկանում՝ կին լինելու երջանկությունից վաղուց ձեռ քաշած իմ քրոջ մեջ ի՞նչ հայտնաբերեց աշխարհահռչակ այս նյարդավիրաբույժը, տարիքի համեմատ շատ լավ պահպանված, բոյբուսաթով այս տղամարդը: Իմ աչքով եմ տեսել, թե նրա շուրջը ոնց էին թիթեռնիկի պես պտտվում սիրուն կանայք, ջահել աղջիկներ, մանավանդ, երբ իմանում էին, որ վաղուց բաժանված է կնոջից: Ա՜յ քեզ հրաշք: Հանելուկ, որ ոչ մի կերպ չի հասնում բարդ մտքերի սովոր իմ ուղեղին: Արուսը ճիշտ է արել՝ մերժել է: Այս տարիքից հետո ի՞նչ ամուսնություն:
Դռան չխկոց է: Արուսը եկավ: Միջանցքից, սակայն, մտնողը Արուսը չէ, այլ՝ Հայկը, ձեռքին՝ ծաղկեփունջ: «Էս ո՞ւր է քույրիկդ»,- հարցնում է, ու Արուսին պատկանող ծաղկեփունջը դնում գոգիս: Տեղավորվեց իմ դիմաց դրված աթոռակին, ձեռքերս առավ ափերի մեջ, սկսեց Արուսի նման տրորել: Ուզում է սիրաշահել. «Այսօր տեսքդ լավ է»: Ապուշի վիճակում էի, բայց նայում էի ուղիղ աչքերի մեջ: «Համոզի՛ր Արուսին, թող իմ կինը դառնա»,- ասում է: Փորձում եմ չհավատալ ականջներիս, բայց ասում եմ. «Դու ուզում ես նրան երջանկացնե՞լ: Ինչո՞ւ»: Հայկը չկարողացավ պատասխանել իմ այս պարզ հարցին: «Իսկ իմ մասին մտածո՞ւմ ես,- ասացի՝ գրեթե վհուկ կտրած,- ես ի՞նչ եմ առանց Արուսի»: Նրա բոլոր փաստարկներին ի պատասխան՝ որպես հաղթաթուղթ, նետեցի. «Նա չի՛ համաձայնի»:
Արուսը ներս մտավ շնչակտուր, գոգիցս վերցրեց ծաղիկները, տեղավորեց ծաղկամանի մեջ, անցավ խոհանոց: Հայկը մի քիչ էլ ձեռքերս պահեց իր փափուկ ափերի մեջ, մեկ-մեկ համբուրեց աջն ու ձախը, շոյեց ուսս, գնաց Արուսի մոտ:
…Հայկի գնալուց հետո Արուսն ավելի երկար մերսեց ոտքերս ու ձեռքերս, պառկեցրեց փորիս վրա, մեկիկ-մեկիկ տրորեց ողերս: Երբ արդեն պառկեցրել էր քնելու, համբուրեց այտերս: Ինձ էլ, Հայկին էլ հայտնել է իր որոշումը՝ ինքը դեռ պետք է մտածի: Իսկ ես չեմ կարողանում աշխատել իմ հոգևոր աճի ուղղությամբ: Այսօր Արուսին ասացի. «Մինչև ե՞րբ ես մտածելու՝ քրոջդ թողնե՞ս բախտի քմահաճույքին, թե՞ չէ»: «Արդեն մտածել եմ: Իմ մեկ հատիկ քրոջը չեմ թողնի բախտի քմահաճույքին, մինչև վերջ նրա հետ կլինեմ»: Էլի պաչպչեց այտերս:
…Արուսին այսօր եկեղեցում ընկերացել է Հայկը: Մի քիչ հետո կվերադառնան: Փորձեմ հասնել պատշգամբ, տեսնեմ՝ ո՞նց են Հայկի շքեղ ավտոմեքենայից իջնում հարս ու փեսայի պես: Հասա: Հենվեցի բազրիքին, նայեցի ցած՝ փողոցի երկարությամբ: Ոչ ոք չի երևում: Գլուխս ծանրանում է: Թեև չեմ գլորվել 9-րդ հարկից, բայց փորձում եմ զգալ իմ ազատ անկման թեթևությունը, երբ արդեն ինձ չպատկանող մարմինս ջախջախված, փռված կլինի մայթին: Ուզում եմ սառնասրտորեն առաջ կամ հետ մղել մարմինս՝ դեպի ազատ անկում կամ դեպի հոգևոր աճ: Բայց քարացած եմ: Կարծես կողքից տեսնում եմ վախից չռված աչքերս:
Ինձ այս վիճակում գտան:
…Արդեն ինտերնետում փնտրում եմ դայակների: Քիչ հետո գալու են երկուսը: Չգիտեմ, այդ ինչ բարձրակարգ հոգեբան-դայակներ պետք է լինեն, որ դիմանան ինձ: Արուսի մտքով էլ չի անցնում, թե իր քույրիկն ընդունակ է զոհողության: Համոզված է, որ զոհողությունն իր մենաշնորհն է: Գոհ է իրեն այցելած երջանկությունից, որի մասին չի էլ երազել, երբ իրեն ոչ ոք երբևէ չի զրկել երազելու իրավունքից: Արդեն ուժերս բավական կուտակել եմ: Ուզում եմ հոգևոր աճ ապրել:
Հետո ինչ ուզում է լինի:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.