«Литературная Армения»-ի առատ հունձքը՝ ըստ ռուսաստանյան գրական մամուլի

Ռուսական հեղինակավոր «Вопросы литературы» գրականագիտական հանդեսը ընդարձակ վերլուծությամբ անդրադարձել է «Литературная Армения» գրական-գեղարվեստական և հասարակական-քաղաքական հանդեսին՝ ներկայացնելով անցյալ տարի իր 55-ամյակը նշած պարբերականի և՛ վերելքի, և՛ դժվար ժամանակների տարեգրությունը: Մի քանի անգամ փակվելու իրական վտանգի առջև հայտնված հանդեսի գոյատևումը, թերևս, պատահական չէ, որովհետև չնայած ԽՍՀՄ փլուզման հետևանքով ստեղծված նոր աշխարհաքաղաքական իրողություններին՝ իրենց մշակութային հետևանքներով հանդերձ, ռուսաց լեզվով պարբերականի անհրաժեշտությունը անգամ լրացուցիչ բացատրության կարիք չունի: Առանց չափազանցության՝ կարելի է պնդել, որ պարբերականի ոչ միայն գոյատևման, այլև բացարձակապես անհույս վիճակից հետո կրկին վերելքի ճանապարհը բռնելու, ինչպես և գրական-գեղարվեստական չափանիշները բարեխղճությամբ պահելու մեջ անգնահատելի է 1987 թվականից հանդեսի անփոփոխ խմբագիր, բանաստեղծ, թարգմանիչ Ալբերտ Նալբանդյանի անձնական դերը: Հոդվածագիրը հույս է հայտնում, որ տարածաշրջանի զարգացման և մրցունակության ռուսաստանյան «Дар» հիմնադրամը կշարունակի աջակցել հանդեսին: Եվ գուցե գտնվեն մշակութասեր նոր հովանավորներ ևս…
Ամփոփելով 2013 թ. հրապարակումների ծանոթությունը, հոդվածագիր Տատյանա Գևորգյանը տարին հանդեսի համար բեղմնավոր և հաջողված է համարում, դրվատանքի խոսք է ասում հանդեսի արտաքին նոր ձևավորման մասին և անցնում է բովանդակությանը: Չորս համարներին էլ բնորոշ է այն, որ նյութերն ընտրված են մեծագույն խնամքով և մեկ շնչով կարդացվող են: Հատկանշական է, որ ասվածը վերաբերում է հանդեսում ընդգրկված բոլոր ժանրերի գործերին: Առաջին համարում տպագրված են Մագդա Ջանփոլադյանի հոդվածը՝ նվիրված Լևոն Մկրտչյանի հոբելյանին, Ռուբեն Մարուխյանի վիպակը, մոսկվայաբնակ Արմեն Սարկիսովի պատմվածքը, Լիլիթ Արզումանյանի «Գրառում աբսուրդի երկրից» հրապարակագրությունը, Նելլի Սահակյանի «Փոքրիկ հայրենիք» էսսեն: Անցյալ տարի հրապարակվել են Ալբերտ Իսոյանի հուշագրությունը Հրանտ Մաթևոսյանի մասին և քյոլնաբնակ Ռուբեն Լիսիցյանի հուշերը իր լեգենդար ընտանիքի՝ Ստեփան Լիսիցյանի, Թամարա Լիսիցյանի, ինչպես նաև Զառա Դոլուխանյանի մասին:
Երկրորդ համարում գերակշռում է գեղարվեստական արձակը՝ Արմեն Շեկոյան, Ռուբեն Հովսեփյան և Վահագն Գրիգորյան: Վերջինիս «Կարճ կանգառ դրախտում» վիպակը անթերի ռուսերեն է թարգմանել Իրինա Մարկարյանը: Շարունակելով թարգմանության թեման, հոդվածագիրն առանձնացնում է Թամար Հովհաննիսյանի և Հրաչյա Թամրազյանի բանաստեղծությունների թարգմանությունները, որ բնագրերին համարժեք, պարզապես «էտալոնային մակարդակով» կատարել է Ալբերտ Նալբանդյանը:
Միշտ հետաքրքիր է հանդեսի հյուրասրահը. երկրորդ համարում ներկայացված է Յուննա Մորիցը՝ նաև իր թարգմանություններով: Արդեն ավանդաբար Երևանում հրավիրվում է ԱՊՀ և Բալթյան երկրների թարգմանիչների ֆորում, որի շրջանակներում Հայաստան այցելած բանաստեղծների ստեղծագործությունները նույնպես տեղ են գտել հանդեսում:
Չորրորդ համարում գերակշռում է արձակը, ընդ որում՝ չթարգմանված, այլ բարձրորակ ռուսերեն բնագրերով, բացառությամբ Խաժակ Գյուլնազարյանի պատմվածքի: Հովհաննես Ազնավուրյանի քնարական պատմվածքները, Գեորգի Հակոբյանի հրապարակագրությունը, Խաչատուր Դադայանի ակնարկը:
Իբրև «Литературная Армения»-ի թույլ կողմ՝ Տատյանա Գևորգյանը նշում է քննադատության և արվեստի բաժինների անկատարությունը, հույս հայտնելով, որ պարբերականի վիճակի կայունացմանը զուգահեռ՝ այն կշարունակի չափանիշները պահպանելով գնալ ժամանակին համընթաց:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.